Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/256

Այս էջը սրբագրված չէ

սանկյուններից, բացահայտվել Հայկական հարցի և հայերի ցեղասպանության սկզբնավորման ու նրա հետագա գործընթացի հայտնի ու գաղտնի նենգ դիտավորությունները, որոնք սկիզբ են առնում օսմ. աոաջին սուլթանների «խաղաղ» ֆերմաններում, համիղյան բռնապետության «զուլումի» քաղաքականության որոգայթներում, կոտորածներում և, վերջապես, արդեն զանգվածային ցեղասպանության ծրագիր դառնում երիտթուրքերի գործողություններում։

Հայ ազգ-ազատագրական շարժման և հայկական հարցի առաջ բերած խնդիրների պատասխաններն ու լուծումն է որոնել իր ամբողջ ստեղծագործական կյանքում պատմավիպասան և հրապարակախոս Րաֆֆին (Մելիք-Հակոբյան Հակոբ. 1835-88)։ Իր բազում հոդվածներում, «ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրությունում, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և անհեռանկար դիտելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին աոաջադրել է ագգագատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայերի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այդ ծրագրի գեղարվեստական արտահայտությունն են «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ Րաֆֆին մերկացնում է թուրք, քաղաքականության խարդավանքները, հետևողականորեն բացահայտում այն մտայնության պատրանքայնությունը, թե հնարավոր է փրկությունը ապագա «քաղաքակրթված» Թուրքիայում։ «Այղ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է. բայց քաղաքակրթվելուց հետո կդաոնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա… Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը։ Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված։ Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատավարության դատակնիքը»։ 1878-ին Բեռլինի կոնգրեսում եվրոպական տերությունները կարողացան դիմակայել ռուս-թուրքական պատերազմում հաղթած Ռուսաստանի հզորացմանը՝ դրանով իսկ մերժելով արևմտահայերի պահանջատիրությունը։ Նման պարագայում Րաֆֆին առաջարկում է քարոզիչներ ուղարկել արևմտյան Հայաստան, որոնք հայ ժողովրդին կուսուցանեին ազգային մաքառման գիտությունը, կցանեին գաղափարական այն կայծերը, որոնցից կբռնկվեին արևմտահայության ազատագրության համար համազգ. պայքարի կրակները։ Այն ժամանակ, երբ հայ քաղաքական շրջանները Բեռլինի կոնգրեսից առաջ և նրանից հետո հաճախ անհետևողականություն էին հանդես բերում, տարուբերվում հարափոփոխ իրավիճակներում, Րաֆֆին շարունակում էր հավատ չընծայել եվրոպական դիվանագիտությանը և, ապավինելով Ռուսաստանի ազատագրական առաքելությանը, միաժամանակ առաջ էր քաշում Հայաստանի ազատագրությունը սրով ու զենքի ուժով ձեոք բերելու համարձակ ծրագիրը։ 1879-ին Րաֆֆին գրել է. որ արևմտահայերը «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրենց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում։ Այդ հանքը մեզ շատ չի շլացնում։ …Մենք մի հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր, դա կոչվում է ն ախապատրաստվածութ յ ո ւ ն։ Եվ Տաճկաստահայոց խնդիրը պետք է կայանար այսուհետև անդադար եվ անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը»։ Այս գաղափարախոսության վրա խարսխվեց 1880-90-ական թթ. հայ ազգ-ազատագրական պայքարը, ժամանակաշրջան, երբ տակավին հայկական հարցի լուծման, թուրք, բարբարոս տիրապետությունը թոթափելու հիմքում համառորեն դրվում էր Ռուսաստանի գործոնը. ռուս պետականության օգնությամբ փրկվելու հնարավորությունը։ Սակայն 1880-ական թթ., հատկապես 1883-84ին. երբ ակներև եղավ ցարիզմի բացասական դիրքորոշումը հայկական հարցի լուծման հանդեպ, և բացահայտ դարձավ նրա հալածական քաղաքակա նությունը հայ ժողովրդի դպրոցական-եկեղեց. ինքնավարության նկատմամբ (1885-ին փակվեցին կովկասահայ դպրոցները), Րաֆֆին փոխեց իր վերաբերմունքը պաշտոնական Ռուսաստանի նկատմամբ։ Նա դժգոհ էր, որ Ռուսաստանը հետևողական չէր հայկական հարցի լուծման գործում, ավելին՝ հայերի մոտ մեկղարյա արտակարգ զոհողությունները ռուսական զենքի հաջողության համար ցարական սատրապների կողմից չարժանացան որևէ փոխհատուցման։

Իր այս տեսակետով Րաֆֆին ջանում էր ներազդել Գրիգոր Արծրունու վրա, որը հարմարվում էր ցարական կառավարության քաղաքականությանը։ Արծրունին իրավացի էր, որ չէր հավատում եվրոպական տերությունների արևելյան քաղաքականության անկեղծությանը, սակայն մոլորվում էր, երբ մեկ ուրիշ նվաճողի՝ ցարական Ռուսաստանի օգնությամբ էր հնարավոր համարում Թուրքիայի լծից հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ազատագրումը։ Նա գտնում էր, որ լավ կլինի, եթե արևմտյան Հայաստանը միանա Ռուսաստանին, բայց եթե իրավիճակը այլ ընթացք ստանա, և արևմտահայերի ցանկությունը չիրականանա, ապա «որքան և աննպաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությունը, այնուամենայնիվ լավ է, թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը»։ Արծրունին այս անգամ էչ հայերի միակ հույսը Ռուսաստանն էր համարում, քանզի Ռուսաստանի համար «ավելի լավ է որպես հարևան ունենալ մի փոքրիկ անկախ Հայաստան, քան թե Անգլիայի պես նենգավոր, եսական, հարստահարող և միշտ թշնամի հարևան»։ Պատմությունը, ինչպես հայտնի է. հակառակ ընթացավ Արծրունու կանխատեսումներին և ակնկալություններին։ Թուրքիան պատերազմից հետո մնաց կանգուն, և ցարիզմը բոլորովին բարյացակամ չգտնվեց հայերի նկատմամբ։ Ոչ մի լավ գալիք չգուշակելով «հիվանդ մարդու» համար, առավել ևս նրա գարշապարի տակ հեծող արև-