Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/452

Այս էջը սրբագրված չէ

Ռասթկելենյան, Հարություն Իմիրգյան, Լևոն էղբերլերյան, Արմենակ Աթարյան և Խորեն Քյուփելյան։ Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն։ Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ 2000 մարդ, հիմնականում՝ պատանիներ և աղջիկներ։

Հայերի թաղամասը, որն ուներ բարձր դիրք, ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը։ Հոկտ. 1-ին հակառակորդը անցել է հարձակման։ Կատաղի կռվից հետո թշնամին, տալով 300 սպանված, նահանջել է։ Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտ. 2-ի լույս 3-ի գիշերը։ Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերազանց ուժերին, զինվորական խորհուրդը վճռել է կեղծ նահանջ կատարել, թույլ տալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա հարձակվել թիկունքից և ոչնչացնել նրանց։ մահմեդական խաժամուժը, տեսնելով. որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել թալանը։ Օգտվելով հակառակորդի անհոգությունից՝ հայ ինքնապաշտպանները հարձակման են անցել ե ոչնչացրել մոտ 1200 թուրքի։ Հոկտ. 6-ին Հալե պից Ուրֆա է բերվել մոտ 11 հգ. զինվոր՝ թնդանոթներով և գնդացիրներով, թուրք, շտաբի պետը գերմ. սպա էր։ Սկզբում բոլոր գրոհները ինքնապաշտպանները հերոսաբար հետ են մղել, սակայն հակառակորդը, շնորհիվ հրետանու, աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Հերոսամարտի վերջում հայկական թաղամասի 2300 տնից միայն 50 էր կանգուն մնացել։ Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը հայկական դիրքերի վրա, պաշարման օղակը սեղմվել է աստիճանաբար։ Հրետանին քարուքանդ էր արել հայկական բոլոր ամրությունները, և զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու հարմար շինություններում։ Ի վերջո թուրքերին հաջողվել է հոկտ. 23-ին ճնշել ընդդիմության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները անձնվիրաբար կռվել են մինչև նոյեմբ. կեսը, բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Մ. Յոթնեղբայրյանը, թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպանություն են գործել։ Մոտ 15 հազար կին և երեխա աքսորվել են։ Միայն Հալեպում սովից և վարակիչ հիվանդություններից օրական մահացել են 150-200 տարագիր հայեր։

Ինքնապաշտպան, մարտերի ընթացքում թուրքերի կորուստները, ըստ գերմ. աղբյուրի, կազմել են 50 սպանված և 120-130 վիրավոր, ըստ Ջ. Բրայսի՝ 7 սպա և 400 զինվոր սպանված. ըստ թուրք, աղբյուրի՝ 20 սպանված և 50 վիրավոր, անգլ. հրամանատարությանը ներկայացված տվյալներով՝ 3000 սպանված, իսկ հերոսամարտի մասնակից Օ. Թիթոյանի տվյալով՝ 2000 սպանված։

Ուրֆայի հերոսական պաշտպաններին բարձր են գնահատել ժամանակակիցները։ Ֆ. Նանսենը գրել է. որ Ուրֆայի հայերը զոհվեցին բազում անգամ թվով գերազանց թշնամու դեմ կատաղի պայքարից հետո, իսկ Անրի Բարբին գրել է.«… Ուրֆայում հայերը մի իսկական կռվի մեջ մտան թուրք ջարդարարների դեմ և տեղի տվեցին միայն կառավարության կողմից ուղարկված զորքերի բազմաքանակությանը»։

Ուրֆայի հայերի արիությունը ընդունեց նաև թշնամին՝ Ֆահրի փաշան. «Ինչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին, մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային»։ Ուրֆայի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է։

Գրականություն

Սահակյան Ա, Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները, Բեյրութ, 1954։ Ո ր բ ե ր յ ա ն Զ., Ուրֆայի վերջին օրերը 1915-ին (դյուցազներգություն), Բեյրութ, 1961։

Ռ.Օ. Սահակյան