Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/100

Այս էջը հաստատված է

100 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

և ա֊յան դիալեկտիկական փոխկապակցությունը, դրանք քննվում են իրական հարաբերություններից դուրս։ Ա. և ա֊յան գիտական ըմբռնումը առաջին անգամ փորձել է տալ Սպինոզան, ըստ որի մարդկանց գործողությունների ազատությունը որոշվում է նրանց բանական լինելու աստիճանով։ Հարցի մշակման ուղղությամբ, թեև օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, նշանակալի առաջընթաց կատարեց Հեգելը, որը ազատությունը բնորոշեց որպես ճանաչված անհրաժեշտություն և բացահայտեց դրանց դիալեկտիկական միասնությունը։

Մարքսիստական փիլիսոփայությունը, բացահայտելով Ա. և ա֊յան դիալեկտիկան, ցույց տվեց, որ ազատությունն իրականության օբյեկտիվ օրենքների, անհրաժեշտության ճանաչումն է և գործնական կիրառումը։ Մարդկային արարքները կույր են, տարերային, եթե դրանք չեն հիմնավորված անհրաժեշտության, երևույթների կապի և զարգացման օրինաչափությունների իմացությամբ։ «Ազատությունը ոչ թե երևակայական անկախություն է բնության օրենքներից, այլ այդ օրենքների իմացությունն է և այդ իմացության հիման վրա օրենքները պլանաչափորեն որոշ նպատակների ծառայեցնելու հնարավորությունը» (Էնգելս Ֆ., Անտի֊Դյուրինգ, Ե., 1967, էջ 152)։ Մարքսիստական փիլիսոփայությունը հետևողական դետերմինիզմի տեսանկյունից դիտելով Ա. և ա֊յան կատեգորիաները, գտնում է, որ մարդկային գիտակցությունն ու կամքը «չնչին մեծություն» չեն անհրաժեշտության առջև ճանաչելով բնության և հասարակության զարգացման օրենքները՝ մարդիկ կարող են իրենց նյութատեխնիկական հնարավորությունների սահմաններում դրանց գործողությունները ենթարկել հասարակության շահերին։ Կոմունիզմը, որպես նախորդ հասարակական ֆորմացիաների արմատական հակադրություն, «…մարդկության թռիչքն է անհրաժեշտության թագավորությունից դեպի ազատության թագավորությունը» (նույն տեղում, էջ 381)։ Գ. Մխիթարյան

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ» («Liberté; Egalité; Fraternité»), XVIII դ. ֆրանսիական բուրժ. հեղափոխության լոզունգը։ Ձևակերպվեց ֆրանս. լուսավորիչների՝ մարդու «բնական իրավունքների» տեսության հիման վրա։ Նրա բովանդակությունն արտահայտվել է «Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա»֊ի (1789) մեջ։ Նպաստեց ժողովրդական զանգվածների և բուրժուազիայի զաղափարական֊քաղաքական զարգացմանն ու ակտիվացմանը՝ արտահայտելով դասային անհավասարության և ֆեոդալիզմի դեմ պայքարի նրանց ձգտումը։ Լոզունգի բուրժուական մեկնաբանությունը սահմանափակվում էր քաղաքացիական և իրավական ազատությամբ, հավասարությամբ՝ չշոշափելով մասնավոր սեփականության իրավունքը, սոցիալական անհավասարությունն ու շահագործումը։ Չնայած դրան, «Ա., հ., ե.» XVIII–XIX դդ. հեղափոխականացնող ազդեցություն գործեց մյուս երկրներում ֆեոդալիզմի դեմ հանդես եկող ուժերի վրա։


ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱ (լատ. Magna Charta libertatum, անգլ. The great Charter), հրովարտակ, որ ստորագրեց Անգլիայի Հովհան Անհող թագավորը (1215-ի հունիսի 15-ին)։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։ Ա. մ. խ. սահմանափակեց թագավորի իրավունքները. նա ստիպված ճանաչեց եկեղեցու անկախությունն ու իրավունքների անձեռնմխելիությունը, համաձայնեց «թագավորական ընդհանուր խորհուրդ» գումարել՝ ընդարձակելով նրա իրավասությունները։ Այդ խորհուրդն անգլիական պառլամենտի սաղմն Էր։ Թագավորին արգելվեց առանց խորհրդի միջամտել խոշոր ֆեոդալների ներքին գործերին, հարկ գանձել, կալանավորել, արտաքսել նրանց ևն։ Ստեղծվեց Խարտիայի կատարմանը հսկող մարմին՝ բաղկացած 25 բարոններից։ Ա. մ. խ. գյուղացիությանը ոչինչ չտվեց։


ԱԶԱՐԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից ոչ հեռու։ XX դ. սկզբին ուներ 52 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա֊ում կար Ս. Խաչ եկեղեցի (XVII դ.)։ 1915–1918-ին Ա֊ի բնակիչների մի մասը ոչնչացվեց, փրկվածները գաղթեցին Արևելյան Հայաստան։


ԱԶԱՐԻԱ ԳՐԻՉ, որդի Կարապետի և Սաղդաթի (ծն. և մահ. թթ. անհտ.)։ XV դ. հայ գրիչ։ Ծնվել է Արճեշում։ Գրչության արվեստը սովորել է նախ հոր մոտ, որը Մեծոփավանքի դպրոցի հայտնի գործիչներից էր, ապա Հովհաննես Մանկասարենցի և իր հորեղբոր՝ գրիչ Վարդանի մոտ։ Գրչությամբ զբաղվել է Վանի և Վասպուրականի վանքերում։ Նրանից հայտնի են 10 ձեռագիր՝ 2 Հայսմավուրք, 2 Ճառընտիր, 4 Ավետարան, 1 Մաշտոց, 1 Գանձարան, որոնք ընդօրինակված են 1463–90-ին։ Դրանցից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են (ձեռ. №№ 428, 955, 3857, 4517, 4992)։ Ա. Մաթևոսյան


ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ, Ազարիա Ա (1534–1601), Սսի կաթողիկոս 1584-ից։ Հաջորդել է Խաչատուր Բ Երաժիշտ կաթողիկոսին, որի աթոռակիցն էր։ Հռոմի պապի հետ հայ եկեղեցուն հակոտնյա կրոնական բանակցությունները շարունակելու պատճառով Ա. Ջ. 1586-ին գահազրկվել է՝ աթոռը զիջելով իր հակառակորդ Տիրատուր Ա Սսեցուն։ Այնուհետև Ա. Ջ. մեկնել է Կ. Պոլիս և 1591-ին գրավել Հովհաննես Բ Ուլնեցու պատրիարքական աթոռը։ 1592-ին վերադարձել է Սիս և վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Վատիկանի մատենադարանում պահպանվել են Հռոմի պապի հետ նրա վարած բանակցությունների փաստաթղթերը (ընդօրինակությունները գտնվում են Վենետիկի Մխիթարյան մատենադարանի № 308 ձեռագրում)։ Գրել է «Մեկնութիւն քերականութեան» աշխատությունը։

Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939։


ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ, որդի Երիջանի (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ տոմարագետ։ Ապրել և գործել է XVI դարում, Ջուղայում։ Կազմել է նոր օրացույց՝ հայտնի Ազարիայի կամ Ջուղայեցիների տոմար անունով։ Հիմնականում պահպանում էր հայկական նախկին օրացույցի սկզբունքը՝ տարին անշարժ էր, ուներ 12 ամիս՝ 30-ական օրով ու հավելյալ ամիս՝ 5 օրով։ Նահանջ տարիներին 12-րդ ամիսն ունենում էր 31 օր։ Ա. Ջ֊ու տոմարով տարեսկիզբն օգոստոսի 11-ից տեղափոխված էր աստղագիտական թվահաշիվ՝ գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը։ Ամիսների անունները մեծ մասամբ արաբական էին և հռոմեական (հուլյան) տոմարի համեմատությամբ ունեին հետևյալ պատկերը.

Ազարիայի տոմար Հռոմեական (հուլյան) տոմար
Շամսի 1 Մարտի 21
Ադամի 1 Ապրիլի 20
Շբաթի 1 Մայիսի 20
Նախայի 1 Հունիսի 19
Ղամարի 1 Հուլիսի 19
Նադարի 1 Օգոստոսի 18
Թիրայի 1 Սեպտեմբերի 17
Դամայի 1 Հոկտեմբերի 17
Համերայի 1 Նոյեմբերի 16
Արամի 1 Դեկտեմբերի 16
Օվդանի 1 Հունվարի 15
Նիրհանի 1 Փետրվարի 14
Հավելյացի 1 Մարտի 16

Ջուղայեցիների թվականն ստանալու համար մեր թվականից պետք է հանել 1615, եթե դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ից մինչև հունվարի 1-ը, և 1616՝ հունվարի 1-ից մարտի 21-ը ժամանակամիջոցի համար։ Ա. Ջ. յոթներյակը, վերադիրն ու տոմարական այլ մեծությունները գտնելու համար տվել է իր տոմարին համապատասխան կանոններ (տես Հայկական օրացույց)։ Ազարիայի տոմարը գործածվել է Նոր Ջուղայի և Հնդկաստանի հայկական գաղութներում։

Երկ. Գիրք տօմարաց հայոց, Ազարիայի և հռոմայեցւոց…, Վնտ., 1685։

Գրկ. Անասյան Հ., հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, Էջ 272–76 և 1177–86։ Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Ե., 1964, էջ 103-105։


ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI–XVII դդ. հայ տաղերգու։ Ենթադրվում է, որ նույն ինքը՝ Սսի կաթողիկոս Ազարիա Ջուղայեցին է։ Մեզ է հասել 7 տաղ՝ մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Առավել ուշագրավ է «Տաղ վասն գինւոյ յԱզարիայէ ասացեալ» երկը, ուր հեղինակն արտահայտել է աշխարհիկ տրամադրություններ, օգտագործել ժողովրդական լեզվի ու բանաստեղծության տարրեր։

Գրկ. Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պր. 4, Վաղ֊պատ, 1903։ Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 268—72։


ԱԶԱՐԻԱ ՍԱՍՆԵՑԻ (Հլու, ծն. թ. անհտ. – 1628), հայ տաղասաց, աստղագետ,