Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/103

Այս էջը հաստատված է

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ 103

են բազմազան Ա. խ֊եր։ Միաժամանակ արտաքին գործոնների ազդեցությամբ դրանք հաճախ տեղաշարժվել, միախառնվել ու ենթարկվել են զանազան ազդեցությունների։ Այդ երևույթը հստակորեն արտահայտվել է XIX դարում (արևմտահայերի և պարսկահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան), մանավանդ Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանից ամբողջությամբ տարագրվեց հայ բնակչությունը, և նրա վերապրող Ա. խ֊երը, ցրվելով աշխարհով մեկ, նոր միջավայրում աստիճանաբար կորցրին իրենց նախկին տեղային առանձնահատկությունները՝ պահպանելով, սակայն, հայ ժողովրդի գլխավոր էթնիկական գծերը։ Զգալիորեն փոխվել է Ա. խ֊երի կազմն Արևելյան Հայաստանում։ Ներգաղթերի ու բռնի տեղաշարժերի հետևանքով այստեղ բնակություն են հաստատել վանեցի, սասունցի, մշեցի, բայազետցի և այլ հայեր, որոնք, խառնվելով տեղական հայերին, ստացել են էթնիկական նոր որակ։ Համեմատաբար «անաղարտ» են մնացել Սյունիքն ու Արցախը։ Յուրօրինակ Ա. խ. են Սև ծովի Կովկասյան ափերին բնակվող համշենցիները և Հյուսիսային Կովկասի հայերը, ինչպես նաև հայերին ձուլված հայ բոշաները։


«ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», հայ ազգագրական առաջին պարբերականը (1895–1916)։ Խմբագիր֊հրատարակիչն էր Ե. Լալայանը։ Հրատարակվել է 26 հատոր. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ Խմբագիրը նպատակ էր դրել «ուսումնասիրել ազգը» և հանդեսը դարձնել «ժողովրդական կյանքի մի ճշմարիտ հայելի»։ «Ա. հ.»֊ում տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ «Ա. հ.»֊ի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի (Ե. Լալայան), Բուլանըխի (Բենսե) և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ֊Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։ «Ա. հ.» նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։ Է. Կարապետյան, Ա. Նազինյան


ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱՐԱՆ, ազգագրական նյութեր հավաքելու համակարգ, ծրագիր։ Հայկական Ա. հ֊ի առաջին փորձը (1884) պատկանում է Սրբուհի Երիցյանին։ Այդ հարցարանը, սակայն, լիակատար չէր. ընդգրկում էր սոսկ իրավական սովորույթը։ Տպագրված առաջին Ա. հ. Գ. Խալաթյանի «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887) գիրքն էր։ Դա կարևոր իրադարձություն էր հայ ազգագրության բնագավառում. նյութերի հավաքումն ստանում էր սիստեմատիկ, գիտական բնույթ։ Նպաստել է նոր ազգագրական պարբերականի՝ «Ազգագրական հանդես»֊ի ստեղծմանը, ուր տպագրվել են Ե. Լալայանի՝ ամուսնության և հարսանյաց ծեսերին, Ս. Զելինսկու՝ տղաբերքին և երեխաների դաստիարակությանը, Հ. Կարա֊Մուրզայի՝ արհեստներին վերաբերող հարցարանները։ Ամենաընդարձակը Ս. Լիսիցյանի «Ազգագրական հարցարան»֊ն է (1946), որը կազմված է նախորդների հիման վրա և համակողմանիորեն ընդգրկում է հայ ժողովրդի կյանքն ու կենցաղը։


ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ (մարզ), աշխարհագրական վայր, ուր պատմականորեն համատեղ բնակվող առանձին ժողովուրդների կամ նույն ժողովրդի տարբեր ազգագրական խմբերի տևական և փոխադարձ շփման հետևանքով առաջանում են որոշակի տնտեսա֊մշակութային ընդհանրություններ։ Ա. շ. պատմական կատեգորիա է, ուստի սովորաբար կոչվում է պատմա֊ազգագրական շրջան կամ մարզ։ Օրինակ, Կովկասը համարվում է պատմա֊ազգագրական առանձին շրջան, որի մեջ մտնում են տարբեր լեզվաընտանիքների (իբերո֊կովկասյան, հնդեվրոպական, ալթայան ևն) պատկանող և անցյալում հասարակական զարգացման տարբեր մակարդակ ունեցող մոտ 40 մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք, սակայն, ունեն պատմականորեն կազմավորված տնտեսության, մշակույթի, կենցաղի ու սովորույթների ընդհանրություններ։ Կովկասն ունի նաև միմյանցից զանազանվող երկու ենթամարզ՝ Հյուսիս֊Կովկասյան (ներառյալ Դաղստանը) և Անդրկովկասյան։ Առաջինը բաժանվում է երկու (բուն Հյուսիս֊Կովկասյան և Դաղստանյան), մյուսը՝ երեք (Հայկական, Վրացական և Ադրբեջանական) Ա. շ֊ի։ Դրանք էլ բաժանվում են ենթաշրջանների։ Հայկական բարձրավանդակի Ա. շ. ամփոփում է 8 ենթաշրջան՝ Փոքր Հայք, Ծոփք֊Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Այրարատ, Սյունիք֊Արցախ, Գուգարք, Բարձր Հայք։ Այդ ենթաշրջանները կազմավորվել են հիմնականում գլխավոր բնաերկրագործական գոտիների շուրջը՝ հնագույն տոհմա֊ցեղային խմբավորումների հիման վրա։ Հայկական բարձրավանդակի ենթաշրջանների մեջ անցյալում, հայերի հետ մեկտեղ, մտել են նաև քրդեր, հույներ, ասորիներ, վրացիներ, թուրքեր, պարսիկներ և ուրիշներ, որոնք ընդհանուր առմամբ կրել են տվյալ ենթաշրջանի պատմա֊մշակութային ազդեցությունը՝ որպես տևական համատեղ բնակության արգասիք (տնտեսական զբաղմունքների, նյութական, մասամբ նաև հոգևոր մշակույթի համանուն տարրերի առկայությունը, մայրենի լեզվից բացի, համատեղ բնակվող մեկ կամ ավելի ժողովուրդների լեզվին տիրապետելը ևն)։ Ինչպես տվյալ ենթաշրջանի հայերը, այնպես էլ այլազգիները միաժամանակ ունեցել են իրենց ուրույն մշակութային ու կենցաղային առանձնահատկությունների ամբողջությունը և մայրենի լեզվի բարբառը։

Գրկ. Левин М. Г. и Чебоксаров Н. Н., Хозяйственно-культурные типы и историко-этнографические области, «Советская этнография», 1955, № 4; Вардумян Д. С., Характеристика основных этнографических районов Армении в XIX в., М. 1964. Դ. Վարդումյան


ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ֆրանս. éthnographie, հուն. έθνος + ազգ + γράφω – գրում եմ), ժողովուրդների կենցաղը, սովորույթները, ծագումը, տարաբնակեցումը, էթնիկական յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները հետազոտող գիտություն։ Բուրժուական գիտության մեջ գործածվում է նաև «ազգաբանություն» տերմինը։ Ռուս գրականության մեջ իբրև Ա֊յան հոմանիշ երբեմն կիրառվել է «ժողովրդաբանություն» («народоведение») բառը։ Անգլո֊սաքսոնական երկրներում Ա. ներառվում է մարդաբանության մեջ և կոչվում «մշակութային» մարդաբանություն՝ «cultural anthropology»։ Գերմանացիներն օգտագործում են «ժողովրդագրություն» (volkerkunde) տերմինը։ Ա. սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության և աշխարհագրության հետ։ Հին Եգիպտոսից, Ասորեստանից, Բաբելոնից, Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից մեզ հասած հնագույն ձեռագիր աղբյուրները պարունակում են ազգագրական գիտելիքներ։ Ազգագրական նյութերի բովանդակությամբ առավել ակնառու է Հին Հունաստանի գրականությունը (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն և ուրիշներ)։ Այդ գրականության ավանդույթները պահպանել ու զարգացրել են միջնադարի բյուզանդական (Մավրիկիոս, Պրոկոպիոս Կեսարացի, Կոստանդին Ծիրանածին և ուրիշներ), պարսկական ու արաբական (Իբն֊Խորդադբե, Յակուտ, Իբն֊Բատուտա) պատմիչներն ու աշխարհագիրները։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում (XV–XVI դդ.) որոշակի հետաքրքրություն առաջացավ ժողովուրդների կյանքի նկատմամբ։ Բայց Ա. որպես ինքնուրույն գիտություն ձևավորվեց XIX դ. կեսին, երբ տարբեր երկրներում ստեղծվեցին ազգագրական հիմնարկներ և ընկերություններ, հրատարակվեցին հատուկ հանդեսներ։ Ա֊յան մեջ հանդես եկավ էվոլյուցիոն դպրոցը, որի ներկայացուցիչները,