104 ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ
որպես իդեալիստներ, երկրագնդի տարբեր վայրերի նյութական մշակույթի, սովորույթների, կրոնի նմանությունները բացատրում էին «ընդհանուր օրենքներով», «միակերպ զարգացող մարդկային հոգեբանության» միասնությամբ։ Այդ ուղղությունն իր ավարտուն արտահայտությունը գտավ Է. Թեյլորի երկերում և հաղթահարվեց Լ. Մորգանի ուսմունքով։ Ի տարբերություն մյուս էվոլյուցիոնիստների, Մորգանն առաջընթացի պատճառները բացատրում էր ոչ թե հոգեբանության, այլ նյութական պայմանների զարգացմամբ։ Ֆ. Էնգելսն իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» (1884) աշխատության մեջ լայնորեն օգտագործեց Մորգանի «Հին հասարակություն» (1877) գրքի նյութերը, ընդունեց նրա պարբերացումը, ընտանիքի և ամուսնության զարգացման սխեման, նախնադարյան հասարակության պատմության հարցերը լուսաբանեց պատմական մատերիալիզմի դիրքերից։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա֊յան մեջ ի հայտ եկան հետադիմական ուղղություններ, որոնց տիպիկ արտահայտիչներն էին կուլտուր֊պատմական դպրոցի ներկայացուցիչները (Ֆ. Գրեբներ, Վ. Շմիդ և ուրիշներ)։ Ծայրահեղ հետադեմ նորագույն հոսանքը ֆունկցիոնալ դպրոցն է, որն իրեն կոչված է համարում որոնել գաղութային ժողովուրդների «կառավարման լավագույն եղանակներ»։
Ռուսաստանում ազգագրական գիտելիքների կուտակումը կապված էր նոր հողերի նվաճման և հեռավոր երկրներ կատարվող ճանապարհորդությունների հետ. 1776–77-ին 3 հատորով հրատարակվեց Ի. Գեորգիի «Ռուսական պետությունում բնակվող բոլոր ժողովուրդների նկարագրությունը…» ազգագրական առաջին ընդհանրացնող աշխատությունը։ Կարևոր իրադարձություն էր 1845-ին հիմնադրված «Ռուսական աշխարհագրական ընկերությունը», որն ուներ ազգագրության բաժանմունք։ XIX դ. երկրորդ կեսին ռուսական Ա֊յան զարգացմանը նպաստեցին Մ. Մ. Կովալևսկին, Դ. Ն. Անուչինը, Ն. Ն. Միկլուխո֊Մակլայը, Վ. Ն. Խարուզինը, Լ. Յա. Շտեռնբերգը, Վ. Գ. Բոգորազ֊Տանը և ուրիշներ։ XIX դարի վերջերից սրվեց հետաքրքրությունը նաև նյութական մշակույթի հետազոտության նկատմամբ, ծավալվեց ազգագրական թանգարանների գործունեությունը (Ռումյանցևյան թանգարանը Մոսկվայում, Մարդաբանության և ազգագրության թանգարանը Պետերբուրգում ևն)։
Սովետական Ա. այս կամ այն ժողովրդի մշակույթը դիտում է հասարակության զարգացման պատմական որոշակի պայմանների տեսանկյունից՝ ուսումնասիրելով նրա կազմավորման, առանձին տարրերի ծագման պատմությունը։ Ակնառու են սովետական ազգագրագետների՝ ՍՍՀՄ առանձին ժողովուրդների Ա֊յանը նվիրված հետազոտությունները։ ՍՍՀՄ ազգագրական կենտրոնական գիտական հիմնարկությունը ՍՍՀՄ ԳԱ Ն. Ն. Միկլուխո֊Մակլայի անվան ազգագրության ինստիտուտն է (Մոսկվա), որն ընդգրկում է Մարդաբանության և ազգագրության թանգարանը (Լենինգրադ)։ Ստեղծված են նաև ՍՍՀՄ ժողովուրդների ազգագրության թանգարան (Լենինգրադ) և ազգագրական հիմնարկներ միութենական հանրապետություններում։ Հրատարակվում է «Սովետսկայա էտնոգրաֆիա» («Սովետական ազգագրություն») հանդեսը։
Ազգագրությունը Հայաստանում։ Հայ ժողովրդին վերաբերող ազգագրական ուշագրավ տեղեկություններ հանդիպում են դեռևս անտիկ գրավոր աղբյուրներում (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Տակիտոս ևն) և հայ միջնադարյան մատենագրության մեջ, հատկապես՝ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Եզնիկ Կողբացու, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու, Կիրակոս Գանձակեցու, Թովմա Արծրունու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ), Ստեփանոս Օրբելյանի և ուրիշների երկերում։ Ժամանակի պատմական անցուդարձերի նկարագրության և առավել հնագույն դարաշրջաններից հարատևած առասպելապատումների գրառման միջոցով մեզ են հասել գիտական բարձրարժեք վկայություններ հայ ժողովրդի ծագման ու կազմավորման, կյանքի ու կենցաղի, ընտանիքի ձևերի, կրոնական պատկերացումների ու մտածելակերպի, էթնիկական աշխարհագրության, մարդաբանական տիպի վերաբերյալ։ Ազգագրական հետաքրքիր նյութեր կան Հայաստան այցելած միջնադարյան արաբ մատենագիրների (Իդրիսի, Իբն֊Բատուտա, Աբուլ Հասան, Իբն֊Հաուկալ) և եվրոպացի (Մարկո Պոլո և ուրիշներ) ճանապարհորդների երկերում, ավելի ուշ՝ Ժ. Շարդենի, Հ. Ֆ. Լինչի և մյուսների աշխատություններում։ Արժեքավոր տվյալներ են պարունակում ժամանակագրությունները, վիմական արձանագրությունները, մանրանկարչությունը, գրականությունը և այլ կարգի աղբյուրները։ XIX դ. սկզբներին հայ գրականության մեջ հաճախակի դարձան ազգագրական նյութերի գրառումները (Մ. Թաղիադյան, Խ. Աբովյան, Մ. Բժշկյան, Մ. Էմին, Ղ. Ալիշան և ուրիշներ)։ Սակայն բանահյուսությանը միահյուսված Ա֊յան ձևավորման սկիզբը 60–80-ական թվականներն են։ Գ. Սրվանձտյանցի աշխատությունների շնորհիվ վերագտնվեցին դարեր ի վեր աշխատավոր ժողովրդի ընդերքում անթեղված մշակութային գանձերը «Սասնա ծռեր» դյուցազնավեպը ևն)։ Սրվանձտյանցի աշխատանքների հիման վրա Գ. Խալաթյանը 1887-ին կազմեց ազգագրական նյութերի հավաքման գիտականորեն հիմնավորված «Ծրագիր»֊ը (տես Ազգագրական հարցարան), ըստ որի Ե. Լալայանը ծավալեց ազգագրական նյութերի հավաքման գործը։ Ազգագրական բազմազան նյութեր հրապարակվեցին «Էմինյան ազգագրական ժողովածու»֊ում, «Բյուրակն»֊ում և ժամանակի հայկական գրեթե բոլոր պարբերականներում։ Հայ ազգագրության այս շրջանի աչքի ընկնող ներկայացուցիչներն են՝ Ա. Հայկունին, Ա. Երիցյանը, Գ. Տեր֊Հովհաննիսյանը (Քաջբերունի), Ս. Եղիազարյանը, Խ. Սամվելյանը։
Սովետական շրջանում, նյութերի հավաքմանը զուգընթաց, առավել ուշադրություն նվիրվեց դրանց վերլուծությանն ու ընդհանրացմանը, ժողովրդի կենցաղի ու մշակույթի ուսումնասիրմանը։ Հայ սովետական Ա֊յան զարգացման գործում ավանդ ունեն ինչպես ավագ (Ե. Լալայան, Խ. Սամվելյան, Ս. Լիսիցյան, Սրբ. Լիսիցյան), այնպես էլ նոր սերնդի ներկայացուցիչները (Վ. Բդոյան, Կ. Մելիք֊Փաշայան, Է. Կարապետյան, Վ. Թեմուրճյան, Դ. Վարդումյան, Ա. Օդաբաշյան և ուրիշներ)։ Ուշագրավ են նաև սփյուռքահայ գիտնականներ Վ. Հացունու, Ա. Ալպոյաճյանի և մյուսների ներդրումները։ Ազգագրական հսկայական նյութ են պարունակում սփյուռքահայ հայրենակցական միությունների հրատարակած բազմազան հուշամատյաններն ու տարեգրքերը։ Հայաստանում ազգագրական ուսումնասիրություններն իրագործվում են ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում և Հայաստանի պատմության պետական թանգարանում։
Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965։ Սրվանձտյանց Գ., Մանանա, ԿՊ, 1876։ Նույնի, Համով֊հոտով, Թ., 1904։ Նույնի, Գրոց ու բրոց, ԿՊ, 1910։ Սամվելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1–3, Ե., 1931—41: Վարդումյան Դ. Ս., Լոռեցիների նոր կենցաղը, Ե., 1956։ Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղերը, մաս 1, Ե., 1963։ Նույնի, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972։ Վարդումյան Դ. Ս. և Կարապետյան Է. Տ., Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը, Ե., 1963։ Պատրիկ Ա., Հայկական տարազ, Ե., 1967։ Ղանալանյան Ա., Ավանդապատում, Ե., 1969։ Լիսիցյան Ս., Զանգեզուրի հայերը, Ե., 1969։ Ратцел Ф., Народоведение, пер. с нем., т. 1—2, 4 изд., СПБ, 1904; Морган Л. Г., Древнее общество, 2 изд., Л., 1935; Тейлор Э., Первобытная культура, М., 1939; Косвен М. О., Очерки истории первобытной культуры, М., 1953; Народы мира. Этнографические очерки под общ. ред. Толстова С. П., 15 книг, М., 1954—65; Основы этнографии, под ред. С. А. Токарева, М., 1968; Ковалевский М. М., Закон и обычай на Кавказе, т. 1—2, М., 1890; Лисициан С. Д., Очерки этнографии дореволюционной Армении, Кавказский этнографический сборник, т. 1 (Труды ин-та этнографии им. Н. Н. Миклухо-Маклая, т. 26, 1955); Лисициан С. С., Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1—2, Е., 1958—72; Карапетян Э. Т., Армянская семейная община, Е., 1958; Её же, Родственная группа «Азг» у армян, Е., 1966.
ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ (երաժշտական ֆոլկլորագիտություն), երաժշտագիտության և ընդհանուր ազգագրության ճյուղ։ Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը՝ պատմական զարգացման ընթացքում։ Ա. ե֊ի ուսումնասիրման եղանակներն են՝ անմիջական զննումներ և գիտական փաստագրություն, երաժշտական նմուշների գրառում (XIX դ. 90-ական թթ. նաև մեքենական ձայնագրում՝ հետագա նոտագրմամբ), գրի առնված եղանակների և խոսքերի գաղափարական֊գեղագիտական, երաժշտական֊ոճական և կոմպոզիցիոն