Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/106

Այս էջը հաստատված է

106 ԱԶԳԱՅԻՆ

սահմանափակող տնտեսական պայմանագրեր և ռազմա֊քաղաքական դաշնագրեր։ Երիտասարդ անկախ երկրների հաջող զարգացման կարևոր նախապայմանը բոլոր առաջադիմական ուժերի միասնությունն է՝ իմպերիալիզմի և նեո֊գաղութակալության դեմ մղվող պայքարում։ Այդ պայքարում սոցիալիստական երկրները համակողմանի աջակցություն են ցույց տալիս գաղութային լուծը թոթափած ժողովուրդներին։ Սոցիալիստական երկրների և ամենից առաջ ՍՍՀՄ անշահախնդիր օգնությունը այդ երկրների տնտեսական և քաղաքական անկախության ամրապնդման վճռական պայմանն է։

Գրկ․ Маркс К. и Энгельс Ф., О колониальной системе капитализма (Сб.), М., 1959; Լենին Վ. Ի., Ազգային և ազգային֊գաղութային հարցի մասին, [ժողովածու], Ե., 1957։ Նույնի, Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Երկ., հ. 20։ Նույնի, Սոցիալիստական ռևոլյուցիան և ազգերի ինքնորոշման իրավունքը, Երկ., հ. 22։ Նույնի, Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ. 21։ Բրեժնև Լ. Ի., Հանուն կոմունիստների համախմբվածության ամրապնդման, հանուն հակաիմպերիալիստական պայքարի նոր վերելքի, Ե., 1969։


ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (կամ Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո), ստեղծվել է ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումար֊խորհրդակցությունում (1912)։ Նպատակն էր՝ օգտվել 1912֊13-ի բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը։ Ա. բ֊ի կազմում էին հայ ազգային գրեթե բոլոր կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տիրապետող դիրք էր գրավել դաշնակցական կուսակցությունը։ Ա. բ. սկզբում զբաղվել է Հայկական հարցի պրոպագանդով։ Համաշխարհային պատերազմի տարիներին, ցարական կառավարության հավանությամբ, Կովկասյան ռազմաճակատի համար կազմակերպել է հայ կամավորական ջոկատներ։ Զբաղվել է նաև արևմտահայ գաղթականներին տեղավորելու և պարենամթերքով ապահովելու հարցերով։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո դադարել է գործելուց։

Գրկ․ Լեո, Անցյալից, Թ., 1925։ Նույնի, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. 2, Վնն., 1935։


ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ, քաղաքացիական զինված աշխարհազոր։ Ստեղծվել է 1789-ին, Ֆրանսիայում՝ բուրժ. հեղափոխության սկզբին։ Ընդհատումներով գոյատևել է մինչև 1871։ Ա. գ. կազմվում էր տերիտորիալ սկզբունքով։ Մինչև 1852 նրա սպայական կազմը ընտրովի էր (բացի գլխավոր հրամանատարից)։ 1870֊71-ին Փարիզի Ա. գ., որի մեջ ֆրանս֊պրուսական պատերազմի ժամանակ ընդգրկվեցին ժողովրդական զանգվածները, հեղափոխական մեծ դեր խաղաց։ Նրա Կենտրոնական կոմիտեն դարձավ 1871-ի մարտի 18-ի ապստամբության ղեկավարը և մինչև մարտի 28-ը կատարում էր Փարիզի ժամանակավոր հեղափոխական կառավարության դեր (տես Փարիզի կոմունա 1871)։ Եվրոպայում XIX դարի բուրժ. հեղափոխությունների շրջանում քաղաքացիական աշխարհազոր (Ա. գ., ազգային միլիցիա, քաղաքացիական գվարդիա ևն) գոյություն ուներ Գերմանական միության երկրներում, Իսպանիայում, իտալական պետություններում և այլուր։ ԱՄՆ֊ում այժմ կա բանակի և ռազմաօդային ուժերի Ա. գ., որն իր կազմում ունի 23 հետևակային, զրահատանկային և օդային֊դեսանտային դիվիզիա (300 հզ. մարդ)։ Այն ամերիկյան իմպերիալիզմի ռազմական հենարանն է երկրի ներսում և օգտագործվում է հակապատերազմական ելույթները, նեգրական շարժումները և բանվորական ցույցերը ճնշելու համար։


ԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, քաղաքական իշխանության ձև։ Առաջ է եկել գաղութային լծից ազատագրված, ինքնուրույն, զարգացման ոչ կապիտալիստական ուղի բռնած երկրներում։ Ա. դ. պ֊յան փորձն առաջին անգամ տեսականորեն ընդհանրացվել է Կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների մոսկովյան խորհրդակցությունում (1960) և ՍՄԿԿ Ծրագրում։ «Ազգային դեմոկրատիայի պետության քաղաքական հիմքը այն բոլոր առաջադեմ, հայրենասիրական ուժերի բլոկն է, որոնք պայքարում են ազգային լրիվ անկախության, լայն դեմոկրատիայի համար, հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական, դեմոկրատական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար» (ՍՄԿԿ Ծրագիր, Ե., 1961, էջ 58)։ Ա. դ. պ. հետևողականորեն հանդես է գալիս ընդդեմ իմպերիալիզմի ռազմական բլոկների և գաղութատիրության, տնտեսության մեջ ստեղծում է պետական հատված, իրականացնում սոցիալ֊տնտեսական, կուլտուր֊շինարարական վերափոխումներ։ Դա սոցիալիզմի կառուցում չէ, բայց նախադրյալներ է ստեղծում սոցիալիզմին անցնելու համար։ Նման ուղի են ընտրել ԵԱՀ, Գվինեան, Ալժիրը, Սիրիան, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը (Բրազավիլ), Բիրման և այլն։ Ա. դ. պ֊ներում դեռևս առկա են տոհմա֊ցեղային պարզունակ հարաբերություններ և կիսաֆեոդալական ու ֆեոդալական հաստատությունների մնացուկներ, բայց դրանք կարող են հաղթահարվել։ Այդ երկրները կապիտալիզմը շրջանցելով կարող են սոցիալիստական երկրների տնտեսական և քաղաքական օգնությամբ անցնել սոցիալիզմին։ Վ. Մուսախանյան


ԱԶԳԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ (Ժողովրդական եկամուտ), նյութական արտադրության ոլորտում արտադրված տարեկան հասարակական ամբողջական արդյունքի արժեքի մի մասը՝ նոր ստեղծված արժեքը, որ մնում է նյութական արտադրական ծախքերը (հումքի, վառելիքի, օժանդակ նյութերի, ամորտիզացիայի արժեքը ևն) հանելուց հետո։ Բնաիրային (ֆիզիկական) ձևով Ա. ե. նոր արդյունքն է՝ բաղկացած տվյալ տարում արտադրված անձնական սպառման առարկաներից և արտադրության ընդլայնմանը հատկացվող արտադրության միջոցներից։

Ա. ե. հասարակական բոլոր դասակարգերի ու խմբերի եկամուտների աղբյուրն է։ Նրա աճի չափերով բնորոշվում է տվյալ երկրի տնտեսական զարգացման մակարդակը։ Ա. ե֊ի բնաիրային ծավալն աճում է աշխատանքի արտադրողականության բարձրացման, նյութական արտադրության մեջ կենդանի աշխատանքի քանակն ավելացնելու և արտադրության միջոցները տնտեսելու շնորհիվ։ Վճռական նշանակություն ունի աշխատանքի արտադրողականությունը։ Ա. ե֊ի ֆիզիկական ծավալն ավելի արագ է աճում, քան արժեքայինը, որը մեծանում է միայն կենդանի աշխատանքի քանակն ավելացնելու հաշվին։ Կապիտալիստական հասարակարգում Ա. ե֊ի հիմնական աղբյուրը վարձու աշխատանքն է։ Ա. ե֊ի բաշխումն ունի դասակարգային բնույթ՝ նախապես տրոհվում է բանվորների աշխատավարձի, կապիտալիստների եկամտի և հողային ռենտայի։ Գյուղացիների և արհեստավորների աշխատանքով ստեղծված Ա. ե֊ի մի մասը մնում է իրենց, իսկ մյուսը բաժին է ընկնում կապիտալիստներին, հողատերերին և պետությանը։ Աշխատավորների եկամուտները աշխատանքային են, շահագործող դասակարգերինը՝ անաշխատ։ Տիրապետող դասակարգերի անաշխատ եկամուտները մեծանում են, երբ սկզբնական (հիմնական) եկամուտները վերաբաշխվում են հարկերի, ծառայությունների վճարի, գների և այլնի ձևով։ Վերաբաշխումը հիմնականում կատարվում է պետական բյուջեի միջոցով։ Կապիտալիստական արդի հասարակության մեջ շահագործող դասակարգերը յուրացնում են Ա. ե֊ի կեսից ավելին։ Ըստ բուրժուական տնտեսագիտության և վիճակագրության (ԱՄՆ, Անգլիա ևն), Ա. ե. է ստեղծվում նաև ոչ նյութական արտադրության ոլորտում։ Ամեն մի եկամուտ ստացող դիտվում է որպես Ա. ե. ստեղծող։ Ա. ե֊ի ծավալը կախման մեջ է դրվում ոչ միայն նյութական արտադրության, այլև վերաբաշխման չափերից։ Մթագնվում է Ա. ե֊ի իրական աղբյուրը։

Սոցիալիզմի պայմաններում Ա. ե֊ի արտադրությունը, բաշխումն ու վերաբաշխումը տեղի են ունենում հասարակության շահերին համապատասխան։ Սոցիալիստական վերարտադրությանը բնորոշ են Ա. ե֊ի աճի բարձր տեմպերը։ ՍՍՀՄ Ա. ե. 1970-ին 1965-ի համեմատությամբ աճել է 41%-ով, 1968-ին 1950-ի համեմատությամբ ԱՄՆ֊ում՝ 1,95, Անգլիայում՝ 1,6 անգամ։ Ա. ե. արագ տեմպերով է աճում