108 ԱԶԳԱՅԻՆ
ստեղծումը» (Երկ., հ. 20, էջ 14)։ XIX դ. Ա. հ. հատկապես սրվեց Արևելյան Եվրոպայի բազմազգ պետություններում՝ Ավստրո-Հունգարիայում, ցարական Ռուսաստանում, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում։ Պատմական հարուստ ավանդույթ ունեցող մի շարք ազգերի գաղութացումը և տարբեր պետությունների միջև մասնատումը անհետաձգելի դարձրին նրանց ազատագրման հարցը։ Այսպես հրապարակ եկան իռլանդական հարցը, լեհական հարցը, հայկական հարցը ևն, որոնք դարձան իմպերիալիստական պետությունների սուր տարաձայնությունների և պայքարի առարկա։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա. հ. միահյուսվում է գաղութացված ժողովուրդների ազատագրության ընդհանուր հարցի հետ և վերածվում ազգային-գաղութային հարցի։
Կապիտալիզմն ստեղծեց ազգերի անհավասարության, մեկ ազգի կողմից մյուսին ճնշելու, աշխարհի բնակչության մեծամասնությանը գաղութային կախման մեջ դնելու համակարգ, ուր իշխում են ազգերի թշնամությունն ու հակադրությունը։ Այդ իսկ պատճառով Ա. հ. կապիտալիզմի օրոք կապվում է բուրժուազիայի տիրապետության տապալման և բանվոր դասակարգի ազատագրման ընդհանուր հարցին։ Ա. հ-ի լուծման գլխավոր պայմանը արտադրության միջոցների մասնավոր սեփականության, մարդու շահագործման և հակամարտ դասակարգերի վերացումն է. «Ինչ չափով որ ոչնչացվելու է մի անհատի շահագործումը մյուսի կողմից, այն չափով էլ ոչնչացվելու է մի ազգի շահագործումը մյուսի կողմից։ Ազգերի ներսում եղած դասակարգերի անտագոնիզմի հետ միասին կվերանան նաև թշնամական հարաբերություններն ազգերի միջև» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1968, էջ 104)։
Վ. Ի. Լենինը մշակեց կոմունիստական կուսակցության ազգային ծրագիրը, որն ընկած է մասնավորապես ՍՄԿԿ X և XII համագումարների որոշումների հիմքում և իր կիրառության մեջ հայտնի է որպես կուսակցության լենինյան ազգային քաղաքականություն։ Կապիտալիզմի և կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում այդ ծրագիրն առաջադրում է բոլոր ազգերի ու ազգությունների հավասարության, ազգային արտոնությունների ու սահմանափակումների վերացման, ազգերի ինքնորոշման՝ ընդհուպ մինչև անջատվելու և ինքնուրույն պետություն կազմելու իրավունքի ճանաչման, ազգային լեզուների և կուլտուրայի ազատ զարգացման ապահովման և բոլոր ազգերի աշխատավորների համախմբման ու միասնական հեղափոխական կազմակերպությունների մեջ միավորելու սկզբունքները։
Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ հնարավոր դարձավ այդ սկզբունքներն իրականացնել տասնյակ ազգերի մեջ։ Դրանց ազգային ու սոցիալական վերածնության երաշխիքը հանդիսացավ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմավորումը։ Կապիտալիզմի տապալումից հետո ազգերի իրավական հավասարության հաստատումը հիմք դարձավ նրանց փաստական (քաղաքական, տնտեսական, կուլտուրական) անհավասարության հաղթահարման համար։ Այժմ, ինչպես նշված է ՍՄԿԿ Ծրագրում, բարձրանում է զարգացած սոցիալիստական ազգերի պետական֊քաղաքական, տնտեսական և կուլտուրական զարգացման մակարդակների հետագա համահարթման խնդիրը։ Սոցիալիզմի պայմաններում ազգերի զարգացումն ընթանում է նրանց մերձեցման, փոխօգնության և բարեկամության ուղիով։ Դա դրսևորվում է բոլոր ազգերի համակողմանի ծաղկման և անշեղ մերձեցման՝ փոխադարձորեն միմյանցով պայմանավորվող ձգտումներում։
Արդի դարաշրջանը բնութագրվում է ազգերի, նրանց հոգևոր կյանքի ու ինքնագիտակցության բուռն զարգացումով ամբողջ աշխարհում։ Իմպերիալիզմի համաշխարհային գաղութային սիստեմը հոգեվարք է ապրում։ Գաղութացված ժողովուրդների ճնշող մեծամասնությունը (մոտ 1,5 մլրդ. մարդ) վերջին տասնամյակներում նվաճել է իր ազգային անկախությունը և պայքարելով նեոգաղութատիրության դեմ, որոնում է զարգացման նոր ուղիներ։ Այդ գործում նրանց հուսալի հենարանն են սոցիալիստական սիստեմի երկրների ժողովուրդները և համաշխարհային կոմունիստական շարժումը։
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1968։ Լենին Վ. Ի., Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին, Երկ., հ. 20։ Նույնի, Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, նույն տեղում։ Պարտիայի հերթական խնդիրները ազգային հարցում [ՍՄԿԿ X համագումարի բանաձևը], ՍՄԿԿ-ն բանաձևերում…, հ. 1, Ե., 1954։ Ազգային հարցի մասին, [ՍՄԿԿ XII համագումարի բանաձևը], նույն տեղում։ Շահումյան Ա., Ազգային հարցը և սոցիալ֊դեմոկրատիան, Երկ., հ. 1, Ե., 1955։ Մյասնիկյան Ա. Ֆ., Ազգային հարցի առթիվ, Ընտիր երկ., Ե., 1957։
ԱԶԳԱՅՒՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՆԵՐ, Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մշտական գործող մարմիններ։ Ստեղծվել են 1847-ին։ Նպատակն էր սահմանափակել Կ. Պոլսի Հայոց պատրիարքի և հայ ամիրաների գործունեությունը, տնօրինել համայնքի մշակութային և հոգևոր գործերը։ Հոգևոր ժողովը, բաղկացած 14 եկեղեցականներից, կարգավորում էր կրոնական գործերը։ Գերագույն ժողովը, կազմված բնակչության ընտրած 20 աշխարհականներից, հսկում էր դպրոցները, մամուլը, մշակութային մյուս հիմնարկները։ 1860-ին Ազգային սահմանադրության ընդունմամբ այդ ժողովները վերակազմվեցին որպես տարբեր մարմիններ։
«ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ», Վիեննայի Մխիթարյան միաբանության հայագիտական հրատարակությունների մատենաշար։ Լույս է տեսնում 1890-ից։ «Ա. մ.» ընդգրկում է հայագիտության ամենատարբեր բնագավառների վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ և փաստական հարուստ նյութեր։ Հրատարակված աշխատությունները մեծ մասամբ նախապես տպագրվել են «Հանդես ամսօրյա»֊ում։ «Ա. մ.»-ի հատորները թվահամարված են հայերեն այբուբենով։ «Ա. մ.»-ի 211-րդ հատորը լույս է տեսել 1970-ին։ Բացի Վիեննայի Մխիթարյաններից (Հ. Տաշյան, Գ. Մենևիշյան, Ղ. Հովնանյան, Գ. Գալեմքյարյան, Ն. Ակինյան, Հ. Ոսկյան և ուրիշներ) «Ա. մ.»-ին մասնակցել են հայ և օտարազգի բազմաթիվ այլ գիտնականներ (Գ. Խալաթյան, Ն. Ադոնց, Բ. Կյուլեսերյան, Ա. Սարուխան, Գ. Տեր-Մկրտչյան, Հ. Աճառյան, Խ. Սամվելյան, Հ. Մանանդյան, Թ. Ավդալբեգյան, Ն. Մառ, Ա. Կարիեր, Հ. Հյուբշման, Հ. Մարկվարտ, Հ. Գելցեր, Հ. Պեդերսեն և ուրիշներ)։
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1906, գումարվել է օգոստ. 17–30-ը, Էջմիածնում։ Հեղափոխական իրադրության մեջ և հայ ժողովրդի բուռն բողոքի ճնշման տակ 1905-ի օգոստ. 1-ին Նիկոլայ II հարկադրված թույլատրեց վերաբացել 1897-ին փակված հայկական եկեղեցական-ծխական դպրոցները և եկեղեցուն վերադարձնել 1903-ին բռնագրաված գույքը։ Դպրոցների կանոնադրության նախագիծը քննելու համար Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսը կարգադրեց 1906-ի մայիսին հրավիրել ներկայացուցչական ժողով և ընտրություններ նշանակեց։ Դաշնակցությունն օգտագործեց ընտրությունները՝ ժողովում իր գերակշռությունն ապահովելու համար։ Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Երևանի, Իգդիրի և մի շարք այլ վայրերի ուսուցչական ժողովները կաթողիկոսին բողոքեցին դաշնակցականների կողմից ընտրական սկզբունքների խախտումների դեմ և հրաժարվեցին ուղարկել իրենց պատգամավորներին։ Նշանակված նոր ընտրությունները, որոնց մասնակցում էին նաև կանայք, տեղի ունեցան քաղաքական սուր պայքարի մթնոլորտում։ Բոլշևիկները (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան և ուրիշներ) քննադատում էին դաշնակցությանը՝ ժողովրդական զանգվածների ուշադրությունը հեղափոխական պայքարից շեղելու համար։
Օգոստ. 17-ին Ս. Զավարյանի նախագահությամբ բացվեց Ա. պ. կ. ժ ., որի 57 պատգամավորներից 44-ը դաշնակցականներ էին։ Նրանք ձգտում էին ժողովին տալ սահմանադիր համագումարի բնույթ, իշխանություններից կորզել արևելահայությանը հուզող հարցերը տնօրինելու մենաշնորհ, իրենց կամքը պարտադրել քաղաքական մյուս հոսանքների ներկայացուցիչներին, որոնք, չհանդուրժելով այդ, հեռացան ժողովից։ Ա. պ. կ. ժ. որոշումներ կայացրեց ձրի ուսուցման, դպրոցը եկեղեցուց անջատելու և Ազգային ժողովի տնօրինությանը հանձնելու, եկեղեցական հողերը որպես ազգային սեփականություն համայնացնելու և այլ հարցերի մասին։ Ժողովից դժգոհ ցարական իշխանություններն օգոստ. 30-ին պատգամավորներին պարտադրեցին 24 ժամում հեռանալ Էջմիածնից։ Ա. պ. կ. ժ-ի որոշումները մնացին թղթի վրա։
Գրկ. Շահումյան Ծ., Երկ., հ. 1, Ե., 1955, էջ 249–52, 261—64։ Սպանդարյան Ս., Երկ., հ. 1, Ե., 1959, էջ 98—99, 109–110։ Լեո, Անցյալից, Թ., 1925։ Մուրադյան Դ. Ա., Հայաստանը ռուսական առաջին ռևոլյուցիայի տարիներին (1905–1907), Ե., 1964, էջ 180–92։