Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/110

Այս էջը հաստատված է

110 ԱԶԳԱՅԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ, վարչա֊տերիտորիալ միավոր ՌՍՖՍՀ֊ում: Ինքնավարության իրականացման ձև, որը ապահովում է փոքր ժողովուրդների ազատ զարգացումը։ Ա. օ֊ները տասն են. կազմակերպվել են 1925–37-ին և մտնում են երկրամասի կամ մարզի մեջ։ Ա. օ֊ի պետական իշխանության մարմինն աշխատավորների դեպուտատների օկրուգային սովետն է։ Գործավարությունը տարվում է ազգային լեզվով։ Յուրաքանչյուր Ա. օ. ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում ունի մեկ դեպուտատ։

ՌՍՖՍՀ Ա. օ֊ներն են՝ Թայմիրի կամ Դոլգանո֊Նենեցական և Էվենկյան (Կրասնոյարսկի երկրամաս), Նենեցական (Արխանգելսկի մարզ), Ուստ֊Օրդինսկի Բուրյաթական (Իրկուտսկի մարզ), Կորյակյան (Կամչատկայի մարզ), Չուկոտյան (Մագադանի մարզ), Ագինսկոյեի֊Բուրյաթական (Չիտայի մարզ), Կոմի֊Պերմյակյան (Պերմի մարզ), Խանտի֊Մանսիական և Յամալո֊Նենեցական (Տյումենի մարզ)։

ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ, մասնավոր արտադրական ձեռնարկությունների, արդյունաբերության ամբողջական ճյուղերի, հողի ևնի պետականացում։

Սոցիալիստական Ա֊ման նպատակն է ոչնչացնել բուրժուազիայի տնտեսական տիրապետությունը և պրոլետարական պետության ձեռքը կենտրոնացնել ժողովրդական տնտեսության իշխող բարձունքները՝ խոշոր արդյունաբերությունը, բանկերը, տրանսպորտն ու կապը, արտաքին առևտուրը ևն՝ դարձնելով համաժողովրդական սեփականություն։ Ա֊ի իրագործման մեթոդներն ու տեմպերը պայմանավորված են յուրաքանչյուր երկրի զարգացման տնտեսական, քաղաքական, պատմական և այլ առանձնահատկություններով, դասակարգային պայքարի սրությամբ և մասնավորապես սոցիալիստական վերափոխումների նկատմամբ շահագործող դասակարգերի ունեցած վերաբերմունքով, ինչպես նան միջազգային իրադրությամբ։ Սկզբունքորեն հնարավոր են սոցիալիստական Ա֊ման հետևյալ մեթոդները. 1. արտադրության միջոցների անհատույց բռնագրավում, 2. փրկագնում՝ ունեցվածքի արժեքի մասնակի փոխհատուցմամբ, 3. արտադրության միջոցների կապիտալիստական սեփականության վերափոխում սոցիալիստականի՝ պետական կապիտալիզմի տարբեր ձևերով։

ՍՍՀՄ֊ում Ա. հիմնականում իրագործվեց առաջին մեթոդով։ 1917-ի հոկտ. 26 (նոյեմբ. 8)֊ին Սովետների Համառուսաստանյան 2-րդ համագումարը Հողի մասին դեկրետով ազգայնացրեց հողը, նրա ընդերքը՝ անտառների և ջրերի հետ միասին (տես Ագրարային հարց)։ Սովետական իշխանության առաջին խոշոր միջոցառումներից էր բանկերի ազգայնացումը։ 1917-ի հոկտ. 25(նոյեմբ. 7)֊ին բռնագրավվեց Պետական բանկը, իսկ 1917-ի դեկտ. 14(27)֊ին ազգայնացվեցին մասնավոր բանկերը, լուծարքի ենթարկվեցին հիպոթեկային վարկի բանկերը։ Ստեղծվեց Սովետական հանրապետության միասնական ժողովրդական բանկ, և բանկային գործը հայտարարվեց պետական մենաշնորհ։ ՍՍՀՄ֊ում արդյունաբերության համընդհանուր ազգայնացումն իրագործվեց 1918–20-ին։ Սկզբում ազգայնացվեցին առանձին արտադրական ձեռնարկություններ, իսկ 1918-ի մայիսից՝ արդյունաբերական ամբողջ ճյուղեր, 1918-ի հունվ. 20-ին՝ նավթարդյունաբերությունը, հունվ. 28-ին՝ լեռնամետաղագործական, մետաղամշակման, տեքստիլ ձեռնարկությունները և արդյունաբերության խոշոր այլ ճյուղեր, 1917–18-ին՝ տրանսպորտը, տպագրական գործը և կապի միջոցները։ 1918-ի ապրիլի 22-ին սահմանվեց արտաքին առևտրի պետական մենաշնորհ։

Սոցիալիստական ազգայնացումը Հայաստանում սկսվեց 1920-ին։ Այս ուղղությամբ առաջին քայլերը եղան մասնավոր բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը, որն իրականացվեց 1920-ի դեկտ. 20-ին։ Դեկտ. 28-ի դեկրետով ազգայնացվեց հողը։ Հայաստանի Հեղկոմի դեկրետը հողի պետականացման մասին Ռուսաստանում հրապարակված համանշանակ դեկրետի համեմատությամբ ուներ իր առանձնահատկությունները։ Ռուսաստանում հողը, նրա ընդերքը, անտառներն ու ջրերն ազգայնացվեցին միաժամանակ և մի ակտով։ Հայաստանում Հեղկոմը դրանք ազգայնացրեց առանձին֊առանձին։ Հողի և նրա մշակության հետ կապված հեղափոխական միջոցառումները եզրափակեց ջրերի պետականացման վերաբերյալ Հայաստանի Հեղկոմի 1921-ի հունվ. 31-ի դեկրետը, որով սահմանվում էր ջրաբաշխման ու ոռոգման նոր կարգ։ Սովետական իշխանության հետևյալ քայլը քաղաքային բուրժուազիայի ունեզրկումն էր, արտադրության հիմնական միջոցների բռնագրավումն ու պետական սեփականության վերածելը։ Հայաստանում արդյունաբերության ազգայնացման մասին ընդհանուր դեկրետ չհրապարակվեց, բայց 1920-ի դեկտեմբերի վերջերից մինչև 1921-ի օգոստոսի վերջերն ազգայնացվեցին նաև մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունննրը։

Սոցիալիստական մյուս երկրներում հողի ազգայնացումն իրագործվեց կոնկրետ պատմական պայմաններին համապատասխան։ Հողն ամբողջապես ազգայնացվեց ՄԺՀ֊ում, 70%-ով՝ Կուբայում։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում (Լեհաստան, Բուլղարիա ևն) հողի լիակատար ազգայնացման ամենամեծ խոչնդոտը գյուղացիական հողային սեփականությունն էր։ ԿԺԴՀ֊ում և ՎԴՀ֊ում գյուղացիական հողային սեփականությունը թույլ էր զարգացած, բայց գյուղացիները իրենց տնտեսական ազատագրումը կապում էին կալվածատիրական և կուլակային հողերն իրենց սեփականությունը դարձնելու հետ։ Նշված երկրներում ազգայնացվեց հողի միայն մի մասը՝ խոշոր կալվածատիրական և չօգտագործվող հողերը։ Կապիտալիստական արդյունաբերական և առևտրական ձեռնարկությունները, բանկերը, տրանսպորտի և կապի միջոցները մասնակիորեն ազգայնացվել էին դեռևս հեղափոխության բուրժուա֊դեմոկրատական փուլում։ Հեղափոխության սոցիալիստական փուլում ազգայնացումն անցկացվեց աստիճանաբար, ինչպես անհատույց բռնագրավման, այնպես էլ մասնակի փրկագնման ձևով։ Որոշ երկրներում ավելի լայն չափով, քան ՍՍՀՄ֊ում, կիրառվեցին պետական կապիտալիզմի տարբեր ձևերը։ Արտադրության հիմնական միջոցների Ա. խարխլում է կապիտալիստական արտադրահարաբերությունների նյութական հիմքը։ Արտադրողական ուժերի հիմնական զանգվածը ծառայեցվում է սոցիալիզմի շինարարությանը, ձևավորվում է ժողովրդական տնտեսության սոցիալիստական կացութաձևը, որն ի վերջո դառնում է ժողովրդական տնտեսության անբաժան տիրապետող համակարգը։

Կապիտալիստական Ա. հարկադրական, բայց պետության կողմից ունեցվածքի լրիվ հատուցելի օտարում է։ Ըստ էության, դա բուրժուական ռեֆորմ է, որը չի փոխում կապիտալիստական արտադրահարաբերությունների բնույթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպիսի Ա. անցկացվեց Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Իտալիայում և այլ երկրներում։ Ա. իրագործվում է գլխավորապես կապիտալիստներին սնանկացումից փրկելու կամ ռազմաստրատեգիական նպատակներով։ Ազգայնացված ձեռնարկությունների ու ճյուղերի տեր է դառնում բուրժուական պետությունը (տես Պետական կապիտալիզմ, Պետական մոնոպոլիստական կապիտալիզմ), որը ձեռնարկատերերին վճարում է դրանց լրիվ արժեքը, իսկ հաճախ, տարիների ընթացքում՝ նաև տոկոսներ։ Շատ դեպքերում նախկին տերերը շարունակում են ղեկավարել ազգայնացված ձեռնարկությունները՝ ստանալով բարձր ռոճիկ։

Զարգացող երկրներում (Հնդկաստան, Պակիստան, Ցեյլոն, Բիրմա, Մալայա, ԵԱՀ, Ալժիր, Թունիս, Սիրիա, Ուգանդա, Գվինեա ևն) իրագործում են օտարերկրյա ձեռնարկությունների Ա. և պետական ու խառն ձեռնարկություններ ստեղծելու միջոցառումներ։ Օտարերկրյա մոնոպոլիաների ունեցվածքն ազգայնացվում է ինչպես անհատույց բռնագրավման, այնպես էլ փոխհատուցման ուղիով (տես նաև Զարգացող երկրներ

Գրկ․ Национализация промышленности в СССР, Сб. документов и материалов 1917—1920 гг., М., 1954 Ռ. Շախկուլյան


ԱԶԳԱՆՎԵՐ ՀԱՅՈՒՀՅԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հայ կանանց և աղջիկների ընկերություն Կ. Պոլսում։ Հիմնվել է 1879-ի ապրիլի 11-ին՝ Զապել Ասատուրի (Սիպիլ) նախաձեռնությամբ։ Նպատակն էր՝ կրթել Արևմտյան Հայաստանի գավառների հայ աղջիկներին։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից, վիճակախաղերից ևն։ 1880-ին Քղիում բացեց առաջին դպրոցը։ 1895-ի կոտորածի օրերին Ա. հ. ը. դադարեց գործելուց։ Վերաբացվեց 1908-ին։ 1912-ին ընկերությունը գավառներում արդեն ուներ 23 դպրոց՝ 2000-ից ավելի աշակերտուհիներով։ Լուծարքի ենթարկվեց 1915-ի սկզբին։

Գրկ. Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 339—72։