Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/112

Այս էջը հաստատված է

112 ԱԶԳԵՐԻ

Լեսոտո, Սինգապուր անկախ պետությունները և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Մեծ Բրիտանիայի և Ա. բ. հ֊յան երկրների փոխհարաբերությունը կարգավորվում է Վեստմինիստրական ստատուսով (1931), ըստ որի, Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը չի տարածվում անդամ֊երկրների վրա։ Նրանք ինքնուրույն են նաև միջազգային հարաբերություններում և ունեն իրենց ներկայացուցիչները ՄԱԿ֊ում և նրա մասնագիտացված կազմակերպություններում։

1944-ից սկսած կանոնավոր կերպով հրավիրվում են Ա. բ. հ֊յան երկրների պրեմիեր֊մինիստրների խորհրդակցություններ, որոնք չունեն հաստատված օրակարգ և չեն ընդունում անդամ֊երկրների համար պարտադիր որոշումներ։ Հրավիրվում են նաև արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության և մատակարարման մինիստրների խորհրդակցություններ։

Ա. բ. հ֊յան երկրները (բացի Կանադայից) մտնում են ստեռլինգային գոտու մեջ (տես Վալյուտային գոտիներ), և նրանց ու Մեծ Բրիտանիայի առևտրական հարաբերություններում գործում է պրեֆերենցիալ (արտոնյալ) մաքսերի համակարգը, որը սահմանվել է 1932-ին՝ Օտտավայի պայմանագրով։ Համակարգը թույլատրում է Ա. բ. հ֊յան երկրներից ներմուծվող ապրանքների մուտքը Մեծ Բրիտանիայի շուկան, առանց քվոտային սահմանափակումների և համեմատաբար ավելի ցածր մաքսերով, քան գանձվում է այլ պետություններից ներմուծվող նույնատիպ ապրանքների համար։ Դրանով անգլիական մոնոպոլիստները հայթայթում են էժան հումք ու սննդամթերք և, միաժամանակ համանման զիջումներ ստանալով Ա. բ. հ֊յան մյուս երկրներից, ապահովում իրենց տիրապետությունը նրանց շուկաներում։

Չնայած դրան, ԱՄՆ֊ի մոնոպոլիաներն արագորեն ներթափանցում են այդ երկրների և հենց իրեն՝ Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ, որը սրում է անգլո֊ամերիկյան հակասությունները։ Սրվում են հակասությունները նաև Ա. բ. հ֊յան ներսում։ Դա հատկապես հստակորեն դրսևորվեց պրեմիեր֊մինիստրների 17-րդ խորհրդակցությունում (1969-ի հունվար, Լոնդոն)։ Հակասությունները կապված են ազգային֊ազատագրական պայքարի դեմ անգլիական իմպերիալիզմի հարուցած խոչընդոտների, Ա, բ. հ֊յան տարբեր երկրներում հետադիմական վարչակարգերի ստեղծմանը նպաստելու, դրանք հովանավորելու հետ (Գայանա, Արաբական թերակղզու հարավային մասի ֆեոդալական իշխանություններ ու շեյխություններ ևն)։ Ա. բ. հ֊յան անդամ ասիական և աֆրիկյան երկրները քննադատում են Մեծ Բրիտանիային՝ Աֆրիկայի որոշ երկրներից ասիական ծագում և բրիտանական անձնագիր ունեցող անձանց ներգաղթը Անգլիա սահմանափակելու, ռասայական խտրականության և հատկապես Հարավային Ռոդեզիայում սպիտակամորթ փոքրամասնության ստեղծած բռնակալական վարչակարգի հետ գործակցելու համար։ Հակասությունների սրման պատճառներից մեկն էլ Անգլիայի՝ «Ընդհանուր շուկա»֊ի մեջ մտնելու հանգամանքն է, որն սպառնում է վերացնել պրեֆերենցիալ մաքսերը։ Սուր հակասություններ կան նաև Ա. բ. հ֊յան առանձին երկրների միջև բրիտանական գաղութատիրությունից ժառանգություն մնացած տերիտորիալ վեճերի պատճառով (օր. Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությունը Քաշմիրի հարցում)։

Ա. բ. հ. իր ներքին հակասություններով հանդերձ մնում է որպես բրիտանական իմպերիալիզմի նեոգաղութատիրական քաղաքականության գործիք։

ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ազգի պետական կազմավորման, իրավակարգի, ներքին և արտաքին քաղաքականության հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու իրավունք։ Ա. ի. ի. ապահովում է նաև ուրիշ ազգերի հետ միավորվելու ազատություն՝ ֆեդերատիվ հիմունքներով կամ ինքնավարության ձևով։ Որպես սկզբունք ծագել է XVIII–XIX դդ. բուրժուա֊դեմոկրատական հեղափոխությունների շրջանում։ Իմպերիալիզմի օրոք ազգերի ինքնորոշման հարցն աշխարհի բնակչության մեծամասնության համար դարձավ ճակատագրական։ Սկսվեց ազգային անկախ պետություններ ստեղծելու համար գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդների պայքարի նոր շրջան։ Մարքսիզմ֊լենինիզմը Ա. ի. ի. դիտում է որպես ազգային հարցի լուծման հիմնական պայման։ Ա. ի. ի. արտացոլված է ՍՄԿԿ Ծրագրում և համագումարների ու կոնֆերանսների որոշումներում։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) Վ. Ի. Լենինի ջանքերով Ա. ի. ի. մտցվեց կուսակցության ծրագրի մեջ՝ որպես պրոլետարիատի պահանջ։ Սովետական պետությունը Ա. ի. ի. ընդունեց իբրև ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը։ Սովետական կառավարությունը ճանաչեց նախկին ռուսական կայսրության ժողովուրդների՝ իրենց քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Կոմունիստական կուսակցությունն ապահովեց բոլոր ազգերի, այդ թվում՝ հայ ժողովրդի Ա. ի. ի.։ 1917-ին Վ. Ի. Լենինը գրել է. «… մենք պարտավոր ենք իսկույնևեթ բավարարել ուկրաինացիների և ֆինլանդացիների պահանջները, ապահովել նրանց, ինչպես և բոլոր այլացեղերին Ռուսաստանում, լիակատար ազատություն, մինչև անջատման ազատությունը, կիրառել այդ նույն բանն ամբողջ Հայաստանի նկատմամբ…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 26, էջ 57–58)։ «Թուրքահայաստանի» մասին դեկրետում հռչակվեց Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։

Սովետական պետության մեջ Ա. ի. ի., սահմանադրական սկզբունք է։ ՍՍՀՄ սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր միութենական հանրապետություն ունի ՍՍՀՄ֊ից դուրս գալու իրավունք։ Ա. ի. ի. աստիճանաբար վերաճել է միջազգային֊իրավական սկզբունքի, ստացել պետությունների համընդհանուր ճանաչում, մտել միջազգային իրավունքի բազմաթիվ գրավոր աղբյուրների, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ։ Յուրաքանչյուր ազգ միջազգային իրավունքի պաշտպանությունն է վայելում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ա. ի. ի. իրավական նորմա է, պարտադիր ոչ միայն ՄԱԿ֊ի անդամ, այլև ոչ անդամ պետությունների համար։ Հետևաբար, որևէ ազգի ինքնորոշման իրավունքը ոտնահարելը միջազգային հանցագործություն է, որի համար մեղավոր պետության նկատմամբ պետք է կիրառվեն սանկցիաներ։

Գրկ․ տես Ազգ, Ազգային հարց հոդվածների գրականությունը։


«ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», Վ. Ի. Լենինի աշխատությունը՝ նվիրված ազգային հարցում կոմունիստական կուսակցության տեսությանը, ծրագրին և քաղաքականությանը։ Հրատարակվել է 1914-ին, «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրում։ Վ. Ի. Լենինը բազմակողմանիորեն հիմնավորել է կուսակցության ծրագրային դիրքորոշումն ազգերի ինքնորոշման իրավունքի հարցում՝ ընդհուպ մինչև անջատումը և ինքնուրույն պետության ստեղծումը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին օպորտունիստները հարձակվում էին հատկապես կուսակցության ծրագրի § 9-ի վրա, ուր հռչակվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նրանք փորձում էին կուսակցության ծրագրին հակադրել Ռոզա Լյուքսեմբուրգի «Ազգային հարցը և ինքնավարությունը» հոդվածի մի քանի ոչ ճիշտ դրույթները։ Նշելով Ռոզա Լյուքսեմբուրգի՝ որպես հեղափոխականի տարբերությունն օպորտունիստներից, Վ. Ի. Լենինը ոչ մի զիջում չի անում սկզբունքային հարցերում և հետևողականորեն բացահայտում է նրա բոլոր սխալները։ Վերլուծելով կապիտալիզմի դարաշրջանում ազգերի զարգացման պրոցեսը՝ նա ցույց է տալիս դրա սոցիալ֊տնտեսական հիմքերը։ Վ. Ի. Լենինը նշում է, որ մարքսիստները չեն կարող աչքաթող անել ազգային պետություն ստեղծելու ձգտում ծնող տնտեսական գործոնները։ «Այս նշանակում է,– գրում է Վ. Ի. Լենինը,– որ մարքսիստների ծրագրում «ազգերի ինքնորոշումը» պատմա֊տնտեսական հայեցակետից չի կարող այլ նշանակություն ունենալ, բացի քաղաքական ինքնորոշումից, պետական ինքնուրույնությունից, ազգային պետություն կազմելուց» (Երկ., հ. 20, էջ 498)։

Ազգերի ինքնորոշման իրավունքը բխում է ոչ միայն բազմազգ պետության մեջ ճնշվող կամ գաղութային լծի տակ գտնվող ժողովուրդների, այլև իշխող ազգի պրոլետարիատի արմատական շահերից։ Ազատագրելով ճնշված ազգությանը՝ իշխող ազգի պրոլետարիատն ինքն է ազատագրվում, որովհետև, ինչպես նշում է Մարքսը, չի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որ ճնշում է այլ ժողովուրդների։ Ճնշված ազգի ազգային֊ազատագրական շարժման մեջ կա համադեմոկրատական բովանդակություն, որը պաշտպանում են մարքսիստները, սակայն նրանց նպատակն ազգերի մեկուսացումը չէ, այլ բոլոր ազգերի աշխատավորների