Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/114

Այս էջը հաստատված է

114 ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ազգային քաղաքականության սկզբունքներով, որոնք արտացոլված էին Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայում և Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիայում: Ա. գ. ժ. կ֊ի գլխավոր խնդիրներն էին՝ նպաստել ազգային շրջաններում սովետական իշխանության հաստատմանը, պետական կառուցվածքի նոր ձևերի և սկզբունքների զարգացմանը։ Ներկայացնում էր ինքնավար հանրապետությունների և մարզերի շահերը բյուջետային և օրենսդրական հարցերի քննարկման ժամանակ, պաշտպանում ազգային փոքրամասնությունների իրավունքները, հավաքում և ուսումնասիրում ազգությունների ու ցեղերի կյանքին վերաբերող նյութերը, նոր ինքնավար միավորներ կազմավորելու մասին առաջարկություններ մտցնում ՌՍՖՍՀ Կենտգործկոմ և ժողկոմսովետ։ Ա. գ. ժ. կ. ծայրամասերի ճնշված ժողովուրդներին աջակցում էր թոթափելու շահագործողների լուծը։ 1917-ի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողկոմսովետի որոշմամբ Ա. գ. Ժ. կ֊ի կազմում ստեղծվել են 6 կոմիսարիատներ՝ բելոռուսական, լատիշական, լեհական, հայկական (տես Հայկական գործերի կոմիսարիատ), հրեական ու մահմեդական և 12 բաժիններ՝ գերմանական, զիրյանական, էստոնական, կալմիկական, կիրգիզական, Կովկասի լեռնցիների, հարավային սլավոնների, մարիական ժողովուրդների, չեխոսլովակների, չուվաշական, վոտկինյան և ուկրաինական։ Համառուսաստանյան Կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի որոշման մեջ նշված է, որ Ա. գ. ժ. կ. հիմնականում ավարտել է ազգային հանրապետություններ և մարզեր կազմավորելու և նրանց ՍՍՀՄ կազմում միավորելու նախապատրաստական աշխատանքները։ 1924-ի ապրիլի 9-ին Ա. գ. ժ. կ. վերացվեց։ Ա. գ. ժ. կ֊ի ժողկոմ է եղել Ի. Վ. Ստալինը։ Հայկական գործերի կոմիսարիատը գլխավորել է Վ. Ա. Ավանեսովը։

Գրկ. Լենին Վ. Ի., Երկ., հ. 26, էջ 289–315։ Ալիխանյան Ս. Տ., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը, Ե., 1958։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1970։ Народный Комиссариат по дедам национальностей, шесть лет национальной политики Советской власти и Наркомнаца, 1917—1923 гг. (вместо отчёта), М., 1924. Справочник Народного Комиссариата по делам национальностей, М., 1921.

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎԵՏ, ԱՍՀՄ Գերագույն սովետի երկու իրավահավասար պալատներից մեկը, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար մարզերի ու ազգային օկրուգների ներկայացուցչական մարմին։ Ընտրվում է 4 տարին մեկ, հետևյալ սկզբունքով․ յուրաքանչյուր միութենական հանրապետությունից՝ 32, ինքնավար հանրապետությունից՝ 11, ինքնավար մարզից՝ 5 և ազգային օկրուգից՝ 1 դեպուտատ։ Ա. ս֊ի ղեկավար մարմինը նրա նախագահն ու 4 տեղակալներն են։

ԱԶԳՈՒՐ Զաիր Իսաակովիչ (ծն. 1908), բելոռուս քանդակագործ։ ԲՍՍՀ ժող. նկարիչ (1944)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է հունվարի 2(15)֊ին։ Սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1925-ից) և Կիևի գեղարվեստական ինստ֊ում (1928–29)։ Կերտել է Ա. Ֆ. Մյասնիկյանի (1934), Ֆ. Է. Ձերժինսկու (1947), Ռ. Թագորի (1956) դիմաքանդակները, Յա. Կուպալայի (1949, Մինսկ), Ա. Մ. Բուտլերովի (1952, Մոսկվա), Վ. Ի. Լենինի (1957, Կաշինո) հուշարձանները ևն։ Ա֊ի ոճին հատուկ է կերպարի ռեալիստական մեկնաբանումը, մի քանի մանրամասներով մարդու խառնվածքի խոր բացահայտումը։

Գրկ. Рогинская Ф. С., Заир Исаакович Азгур, М., 1961.


ԱԶԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիա քաղաքից շուրջ 30 կմ հարավ֊արևելք։ XIX դ. սկզբին ուներ 150 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Ա֊ից 2–3 կմ հեռավորության վրա, Հրեշտակապետ կոչված գեղատեսիլ վայրում կար մի մենարան՝ քարաշեն, գմբեթավոր տաճարով, փայտաշեն եկեղեցով։ Ա֊ի բնակիչների մեծ մասը զոհվեց 1915—16-ին։


ԱԶԴԱՄԻՋՈՑ, ռետորսիա, պետության կողմից կիրառվող սահմանափակիչ միջոցառում, ի պատասխան այլ պետության համանման քայլի՝ նպատակ ունենալով ստիպել մյուս կողմին հրաժարվել դրանից։ Որպես Ա. մի պետությունն արգելում է մյուսի քաղաքացիների մուտքն իր տերիտորիան, նրա իրավաբանական անձանց հետ գործարքներ կնքելը, բարձրացնում ապրանքի մաքսերը ևն։ Օրինակ, ՍՍՀՄ֊ի նկատմամբ կիրառվող առևտրական խտրականության կապակցությամբ որպես Ա. սովետական կառավարությունը 1930-ին սահմանափակումներ մտցրեց առանձին կապիտալիստական երկրների հետ ունեցած առևտրական հարաբերություններում։ Ա. միջազգային իրավունքին չհակասող գործողություն է։ Տես նաև Փոխճնշում:


ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մեծ հեռավորությունների վրա տեսանելի ազդանշաններ հաղորդելու համար օգտագործվող պիրոտեխնիկական խառնուրդներ (տես Պիրոտեխնիկա)։ Պարունակում են օքսիդիչ, այրվող և գույն տվող նյութեր։ Ա. բ. լինում են կրակային (գիշերային) և ծխային (ցերեկային)։ Առաջինները պարունակում են նիտրատներ (60–70%), մագնեզիում (11–18%) և կապակցող խեժեր, երկրորդները՝ օքսիդիչ (35–40%), սուբլիմվող, ջերմակայուն օրգանական ներկեր (40–45%) և օրգանական վառելանյութեր (20–25%)։ Նատրիումի աղերը բոցը գունավորում են դեղին, ստրոնցիումինը՝ կարմիր, բարիումինը՝ կանաչ։ Ա, բ. օգտագործվում են տրանսպորտում, ռազմական գործում և հրավառությունների համար։


ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, գլխուղեղում արտաքին և ներքին ազդեցություններից առաջացող նյարդային պրոցեսների և ժամանակավոր կապերի համակարգ։ Ապահովում է օրգանիզմի հարմարվողականությունը շրջապատի պայմաններին։ Ա. հ. հասկացությունը սահմանել է Ի. Պ. Պավլովը։ Բարձրագույն նյարդային գործունեությունը խարսխվում է Ա. հ֊ի վրա։ Ստորաբաժանվում է առաջինի և երկրորդի։ Առաջին Ա. հ֊ի շնորհիվ կենդանական աշխարհի պայմանա֊ռեֆլեկտորային գործունեությունը հիմնվում է միայն կոնկրետ, բացարձակապես առարկայական բնույթի ազդանշանների՝ ձայնային, տեսողական, լսողական, շոշափելիքի և այլ գրգռիչներից ստացված ինֆորմացիայի վրա։ Այս խմբի պայմանական ոեֆլեքսներին բնորոշ են՝ շրջապատի տարբեր իրավիճակներ արտահայտող սննդային, պաշտպանական կամ սեռական կոնկրետ ազդանշանների ոչ պայմանական ամրացումը և նպատակադրված հարմարվողական ռեակցիայի կենսաբանական բնույթը։ Երկրորդ Ա. հ. կապված է մարդկային խոսքի, մտածողության և լեզվի հետ։ Երևույթի կոնկրետ ազդանշանին փոխարինող մարդկային խոսքը վերացական ազդանշան է և ազդում է ոչ թե ձայնային էֆեկտով, այլ դրա գիտակցական բովանդակությամբ։ Խոսքի միջոցով առաջացող պայմանական ռեֆլեքսները կապված են մարդկային գիտակցական գործունեության հետ։ Մարդու բարձրագույն նյարդային գործունեության մեջ Ա. հ֊երի տարբեր փոխհարաբերությունների հիման վրա Ի. Պ. Պավլովն առանձնացնում է նյարդային գործունեության երկու տիպ՝ գեղարվեստական և մտածող։ Նյարդային գործունեության երկրորդ տիպի մոտ Ա. հ. ավելի ցայտուն է արտահայտված։

Գրկ. Майоров Ф. П., История учения об условных рефлексах, М.—Л., 1954; Коган А. Б., Основы физиологии высшей нервной деятельности, М., 1959. Ա. Հայրապետյան


ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ (պահլավ. azd — լուր և nishan — նշան), որևէ լուրի, հրամանի, նախազգուշացման հաղորդումը պայմանական նշանների՝ ազդանշանների օգնությամբ։ Ա. լինում է տեսողական֊առարկայական և հնչյունային։ Վաղ ժամանակներից տեսողական֊առարկայական Ա֊ման միջոց են եղել կրակը, ծուխը, ձեռքերի, գավազանի շարժումները, դիմախաղը ևն։ Հնում աթարի դեզի վրա տնկած ավելը նշան էր, թե ամուսնացնելու աղջիկ ունեն։ Խնամիներին ուղարկած կարմիր խնձորը հրավեր էր և նորահարսի կուսության ավետիս։ Հնչյունային Ա. սկզբում իրագործվել է կոկորդային հնչյուններով ու կանչերով, ապա ստեղծվել են հնչեղ գործիքներ։ Հայերն օգտագործել են թմբուկ և փողային գործիքներ (օր. XIX դ. զեյթունցիները գործածում էին եկեղեցում օծած հատուկ թմբուկ)։ Հետագայում տեխնիկայի զարգացման շնորհիվ սկսեցին կիրառել կատարելագործված Ա., ինչպես ծովային Ա., երկաթուղային Ա., դիսպետչերական Ա. (տես Դիսպետչերացում), լուսային մնեմոնիկ սխեմաները, Ա. ճանապարհային նշաններով, օպտիկական սարքերի օգնությամբ (տես Օպտիկական քվանտային գեներատորներ)։ Հնչյունային Ա. (սիրենաների, շչակների միջոցով ևն) կիրառվում է գլխավորապես տրանսպորտում։ Ըստ նշանակման Ա. լինում է վթարային (տես Վթարային Ա.), հրամանային, հրշեջ (տես