Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/117

Այս էջը հաստատված է
ԱԶԻԶԲԵԿՈՎԻ 117

2°C-ից մինչև 10°C, հունվարին բարձրադիր մասերում՝–10°C, ցածրադիր վայրերում՝ —5°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 12° և 26°C, բացարձակ նվազագույնը՝ —35°C, առավելագույնը՝ 41°C։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 90–210; Տարեկան տեղումները՝ 500–800 մմ։ Խոշոր գետը Արփան է՝ Փշոնք, Դարբ, Հեր֊Հեր ևն վտակներով, ջրերն օգտագործվում են էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման համար։ Նշանավոր է Ջերմուկի ջրվեժը: Ա. շ֊ի տերիտորիայի 60,5% ծածկված է քարքարոտ հողերով։ Չոր տափաստանային շագանակագույն հողերը դեպի վեր փոխվում են սևահողերի, ավելի բարձր՝ ենթալպյան լեռնամարգագետնային դարչնագույն հողերի։ Բուսականությունը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության՝ չոր տափաստանայինից մինչև ձյունամերձը։ Ա. շ. ունի 5632 հա անտառ (կաղնի, հացենի, գիհի և վայրի պտղատու ծառատեսակներ), 712 հա թփուտներ, հիմնականում Ջերմուկ առողջարանի և Սարավան–Հեր֊Հեր–Արտավան գյուղերի շրջակայքում։ Վայրի կենդանիներից հանդիպում են՝ վարազ, գորշ արջ, գայլ, աղվես, մուֆլոն, կան սողուններ, զանազան թռչուններ; Արփան հայտնի է կարմրախայտով։ Օգտակար հանածոներից են՝ շինարարական քարը (ֆիլզիտային տուֆ, բազալտ), ավազը, հրաբխային խարամը։ Կան ոսկու, ծարիրի, արծաթի, բազմամետաղների, մանգանի հանքավայրեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։ Հարուստ է հանքային ջրերով (Ջերմուկ)։

Բնակչությունը: Ա. շ֊ում բնակվում է (առանց հանրապետական ենթակայության Ջերմուկ քաղաքի և վարչականորեն նրան ենթարկվող Կեչուտ գյուղի) 14974 մարդ (1972), հայեր (80%), ադրբեջանցիներ (19%)։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 12,8 մարդ։ Ունի 21 (1970) բնակավայր, որոնցից քաղաքատիպը Ազիզբեկովն է։

Պատմական ակնարկ։ Ա. շ֊ի տերիտորիան հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ՝ կազմելով Վայոց ձոր գավառի արլ. հատվածը։ Եղեգնաձորի հետ Ա. շ. IX–X դդ. Սյունիքի կենտրոնական շրջաններից էր։ Այստեղ նախ տնօրինում էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը, իսկ XI–XIV դդ.՝ Օրբելյան ու Պռոշյան իշխանները։ XIX դ. Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Շարուր֊Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում Սուլեմա քարավանատնից և Արաքսի հովտից Արփայի ափով եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյուղում։ Արփայի հովտից ճանապարհը Որոտանի լեռնանցքով տանում էր Զանգեզուր, ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Խանքենդ (Ստեփանակերտ) և Եվլախ (այժմ՝ Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս–Ստեփանակերտ–Եվլախ խճուղին)։

Մինչև սովետական կարգերի հաստատումը Ա. շ. Հայաստանի առավել հետամնաց շրջաններից էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր և երկրագործությունը։

Սովետական իշխանության հաստատումից հետո մեծ ջանքեր էին պահանջվում Ա. շ֊ի տնտեսական և մշակութային շինարարության ասպարեզում։ Սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերն ընդհատվեցին դաշնակցականների 1921-ի Փետրվարյան խռովության հետևանքով։ 1921-ի հունիսին Ա. շ֊ում վերջնականապես հաստատվեց սովետական իշխանություն; Այն ժամանակ և մինչև 1929 Ա. շ. մտնում էր Դարալագյազի գավառի մեջ որպես Փաշալուի գավառակ, իսկ կուսկազմակերպությունները՝ Դարալագյազի գավառային կուսկազմակերպության մեջ։ Ա. շ֊ի տերիտորիայում առաջին կուսակցական բջիջները ձևավորվել են Բարձրունի (Սուլթանբեկ), Հորատիս (Գորադիս), Մարտիրոս, Զառիթափ (Փաշալու), Խնձորուտ (Ալմալու), Սերս գյուղերում, 1921-ի մայիս֊հունիս ամիսներին։ 1931-ին Դարալագյազի շրջանի լիկվիդացումից և Ա․ շ֊ի կազմավորումից հետո ձևավորվեց շրջանային կուսկազմակերպությունը։ 1931-ի հոկտեմբերին Ա. շ֊ի կուսակցական կազմակերպությունն անջատվեց Դարալագյազի շրջանային կազմակերպությունից: 1935-ի հունվարին շրջանում կար 24 կոլտնտեսություն, որոնք միավորում էին 1359 տնտեսություն կամ շրջանի բնակչության 40,3%։ Կոլեկտիվացումը հիմնականում ավարտվեց 1936-ին։ 1937-ի սկզբին կոլեկտիվ տնտեսություններն արդեն միավորում էին բոլոր տնտեսությունների 97%:

Կոլտնտեսությունների տնտեսական ու կազմակերպչական ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ ՄՏԿ֊ի կազմակերպումը (1938)։

Մինչև 1930-ական թթ. կեսերը հիմնականում վերացավ անգրագիտությունը։ Եթե 1931-ին գրագիտության տոկոսը 21,4 էր, ապա 1935-ին հասավ մոտ 90-ի։ 1922-ին կար մեկ պետական դպրոց Զառիթափում՝ մի քանի տասնյակ աշակերտներով, իսկ 1936/37 ուս. տարում դրանց թիվը հասավ 31-ի (1 լրիվ միջնակարգ, 11 ոչ լրիվ միջնակարգ և 19 տարրական)՝ 3535 աշակերտով։ Բացի դպրոցներից ձմռան ամիսներին բոլոր գյուղերում գործում էին լիկկայաններ։ 1935-ին կար 9 խրճիթ֊ընթերցարան՝ գրադարաններով, երեք կոլտնտեսային ակումբ և 5 մանկապարտեզ։ Առաջին հիվանդանոցը՝ 25 մահճակալով, բացվեց Զառիթափում։ Գործում էին նաև բուժկայան և ախտահանիչ կայան։ 1924–1928-ի երկրաբանական հետազոտությունները հայտնաբերեցին արծաթակապարային ամբողջ հանքաշերտեր Գյումուշխանա նախկին բնակավայրի, մոտ գտնվող հանքավայրում, որը հայտնի էր և մասամբ շահագործվում էր դեռ պարսկական տիրապետության ժամանակներից։ Սակայն արդյունաբերությունը մնում էր թույլ զարգացած։ Զգալի չափով բարելավվեցին հաղորդակցության ճանապարհները։ Սովետական կարգերի հաստատումից հետո կառուցվեց 64 կմ երկարությամբ Միկոյան