Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/120

Այս էջը հաստատված է

120 ԱԶՆԱՎՈՒԼ

ստորոտին։ Շրջկենտրոնից՝ 35 կմ հս֊արմ.։ 1670 բն. (1971), հայեր։ Ա֊ի կոլտնտ֊ը միավորում է նաև Ազնաբերդի Թազաքենդ, Խինջաբ գյուղերը։ Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղն ունի գինու նախնական մշակման կետ։ Գործում են հայկական միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք։ Շրջակայքում կան քարհանքեր։ Ա. էլեկտրիֆիկացված և ռադիոֆիկացված է, օգտվում է հեռուստատեսային հաղորդումներից և հեղուկ գազից։ Գյուղի պահպանված պատմական հուշարձաններից են եկեղեցին (XVII դ.)» վանքը, մատուռները, հին գերեզմանները։ Տարածքում կան կիկլոպյան ամրոցներ։


ԱԶՆԱՎՈՒԼ, գյուղ Իրանում, Իսպահանի նահանգի Փերիա (Ֆրեյդան) գավառում, Սպահան քաղաքից 140 կմ արևմուտք։ 1946-ին ուներ 52 հայ, 22 թուրք և պարսիկ ընտանիքներ։ Ա. հիմնադրել են XVIII դ. երկրորդ կեսին Փերիա գավառի Աղգոլ գյուղից և Քյարվանդի շրջանից գաղթած հայերը։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Հովհաննես), որին կից 1865-ին կառուցվեց վարժարան։ Ա֊ի հայ բնակչությունն զբաղվում էր հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և գորգագործությամբ։ 1946-ի օգոստոսի 24-ին Ա֊ի հայերը ներգաղթեցին Սովետական Հայաստան և բնակություն հաստատեցին Արտաշատի ու Արարատի շրջաններում։


ԱԶՆԱՎՈՒՐ (Ազնավուրյան) Գևորգ Վիգենի (1861–1920), հայ բուսաբան։ Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Կ. Պոլսի և նրա շրջակայքի բույսերից Ա. հավաքել և ստեղծել է հարուստ հերբարիում։ 1896-ից եղել է Ֆրանսիայի բուսաբանության ընկերության անդամ։ 1897–1918-ին ուսումնասիրել է Կոնիայի, Մերզիֆոնի, Սիրա կղզու, Արևմտյան Հայաստանի շրջանները։ Ա. նկարագրել 193 նոր բույսեր։ Նրա չտպագրված, մեծածավալ հատորները (ձեռագիրը գտնվում է Էդինբուրգի համալսարանի բուսաբանության ամբիոնում) նվիրված եև Կ. Պոլսի և նրա շրջակայքի բուսական աշխարհին։ Ա. մահացել է նոյեմբ. 11-ին, Կ. Պոլսում։


ԱԶՆԱՎՈՒՐ Շառլ (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի, ծն. 1924), հայազգի ֆրանսիական երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան։ Ծնվել է մայիսի 22-ին, Փարիզում։ Ծնողների շնորհիվ մանկությունից ծանոթացել է Սայաթ֊Նովայի, հայ տաղերգուների, Օմար Խայամի ստեղծագործություններին։ Գրել է ֆրանսերեն բանաստեղծություններ, 1944-ին ստեղծել իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ»։ 1946-ին Է. Պիաֆի հովանավորությամբ «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ համերգային շրջագայություն է կատարել Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Երգեր է գրել երգիչներ Է. Պիաֆի, Ժ. Բեկոյի, Է. Կոնստանտինի և այլոց համար։ 1953-ին Է. Պիաֆի խմբի հետ մեկնել է Մարոկկո, որտեղ մեծ ընդունելություն է գտել։ 1959-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում հաջող ելույթից հետո Ա. արժանացել է համընդհանուր ճանաչման։ Իր նվագախմբով ելույթներ է ունենում աշխարհի շատ բեմահարթակներում։ 1964-ին համերգներ է տվել Երևանում։

Ա֊ի ստեղծագործությունը բանաստեղծության, երգ֊երաժշտության (նուրբ գործիքավորմամբ), դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է։ Ա֊ի երգերն ակունքներով կապված եև ֆրանսիական շանսոնների և հայկական տաղերի ու երգերի հետ։ Ա֊ի երգերի թիվը հազարից ավելի է։ Դրանք անկեղծ են, ճշմարտացի («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Տուր մեզ այսօր», «Երկու կիթառ» ևն), որով և բացատրվում է նրա երաժշտության արտասովոր կենսականությունը։ Բեմահարթակում Ա. իր տարբեր երգերով բազմազան նովելների մի ամբողջ շարք է ներկայացնում՝ օգտագործելով դերասանական յուրօրինակ արտահայտչամիջոցներ։ Ա֊ի ձայնը համարվում է «նոր ժամանակների ձայնական ամենակարևոր իրողությունը»։ Ա. արժանացել է «Ֆրանսիական երգի պատվո ժապավեններ» մրցանակին։ Ա. իր ստեղծագործական֊արտիստական անհատականությամբ ստեղծել է ինքևատիպ դպրոց, որն ունի իր հետնորդները։ Որպես բաևաստեղծ Ա. ռեալիստ է։ Նրա պոեզիային բնորոշ են պատկերների ու զգացողության թարմությունը, հոգեկան պոռթկումները («Իսկ ես անկյունում», «Եվ սակայն», «Պետք է գիտնալ», «Քաղաքը», «Գնաց ուրիշ սիրո հետ», «Հավերժության ճանապարհը» ևն)։

Ա. համբավավոր կինոդերասան Է։ Նրա կերտած կերպարները չարին անհաղորդ, բարոյապես մաքուր, հեշտ խոցվող «փոքր» մարդիկ են։ 1959-ին նկարահանվել է «Գլուխը պատը» կինոնկարում, շահել «Բյուրեղյա աստղ» մրցանակը (1959)։ Ուշագրավ դերերից են նաև՝ դաշնակահարը («Կրակեցեք դաշնակահարի վրա», 1960), ռազմագերի Ռոժեն («Հռենոսի անցումը», 1960), զինվոր Շառլը («Թոբրուք տանող տաքսին», 1961), մատուցողը («Սատանան և տասը պատվիրանները», 1961), փոստատարը («Փոստատարը գնում է պատերազմ», 1966) ևն։ Ա. 1961-ին արժանացել է «Ֆրանսիայի լավագույն դերասանը» մրցանակին։

Երկ. Սեր սրտի չափով, թրգմ. Ա. Ալիքյանի, Ե., 1968: Présentation par Ives Salgues, P. 1964. Aznavour par Aznavour, P., 1970.

Գրկ. Բրուտյան Ց., Սփյուռքի հայ երաժիշտները, Ե., 1968։ Երզնկյան Յու., Էկրանի Ազնավուրը, «ՍԱ», 1969, № 6։ Ց. Բրուտյան


ԱԶՆԱՎՈՒՐ-ԹԵՓԵ, ուրարտական հուշարձան Վանից հյուսիս (տես Պատնոց


ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ Արուս Միսակի (ծն.1904), հայ սովետ․ դերասանուհի։ ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1967)։ Ծնվել է հունվ. 16 (29)֊ին, Թիֆլիսում։ Բեմ է բարձրացել 1920-ին, Թիֆլիսի Զուբալովի ժող. տան դրամատիկական խմբում։ 1920–30-ական թթ. խաղացել է Հ. Աբելյանի, Հ. Ոսկանյանի շրջագայող խմբերում։ Փառանձեմ բեմական անունով մասնակցել է նաև երաժշտական կոմեդիաների ներկայացումներին։ Ա. կատարել է կատակերգական, բնութագրային և դրամատիկ դերեր, որոնք աչքի են ընկել իրենց անմիջականությամբ ու անկեղծությամբ: 1930-ից աշխատում է Լենինականի Ա. Մռավյանի անվ. թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Շպպանիկ, Ջավահիր (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Սողոմե, Մարթա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան»), Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»)։


ԱԶՆԱՈՒՐՆԵՐ (վրաց. ազնաուրի–տոհմի որդի կամ տոհմիկ), ազնվականական դաս հին Վրաստանում։ Եղել են տոհմիկ և ոչ տոհմիկ, բաժանվել երեք կարգի՝ թագավորական, իշխանական և եկեղեցական։ Ա. ունեին կալվածքներ, կատարում էին պարտադիր զինվորական ծառայություն՝ կազմելով բանակի հեծելազորը։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ա. իրավահավասարվեցին ռուսական ազնվականությանը։


ԱԶՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Ակնի գավառում, Եփրատից ոչ հեռու։ XIX դ. վերջին ուներ մի քանի հարյուր հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և հայկական վարժարան։ Ա. ավերվել է 1895-ի ջարդերի ժամանակ։


ԱԶՆԻՎ ԳԱԶԵՐ, տես Իներտ գազեր։


ԱԶՆԻՎ ՀՐԱՉՅԱ, տես Հրաչյա Ազնիվ։


ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆԵՐ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ա. մ. են՝ ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները։ Օգտագործվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում (ավելի հաճախ՝ համաձուլվածքների ձևով), ոսկերչության մեջ, ատամնատեխնիկայում, ինչպես նաև որպես վալյուտային մետաղ։


ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տիրապետող արտոնյալ դաս ֆեոդալական դարաշրջանում։ Ներառել է խոշոր հողատեր արիստոկրատիային