Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/121

Այս էջը հաստատված է
ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 121

և մանր ու միջին կալվածատերերին։ Ա֊յան տնտեսական ն քաղաքական հիմքը հողատիրությունն էր։

Հայաստանում աշխարհիկ Ա֊յան վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տերիտորիալ հզորությունը՝ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»՝ օժտված ժառանգական արտոնություններով, և տոհմի հնությունը։ Շնորհվել է նաև արքայից՝ հավատարիմ ծառայության համար։ Ազնվական ընտանիքի անդամները ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականում՝ ռազմական) և կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ։

Արշակունիների թագավորության շրջանում Ա֊յանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը և կրտսերի կախվածությունն ավագից։ Արքայից հետո Ա֊յան վերնախավը կազմել են բդեշխները, նախարարներն ու հոգևորական բարձր պաշտոնյաները, որոնք իրենց հզորությանն ու դիրքին համապատասխանող «գահերը» կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգևորականները՝ վեհարանում)։ Կրտսեր կամ մանր ազնվականները կոչվել են ազատներ, սեպուհներ, ոստանիկներ։ Ա֊յան վասալական կախվածությունը Հայաստանում անվանվել է «ծառայություն», իսկ սյուզերենը՝ «տեր»։ Աշխարհիկ բարձր Ա. տիրոջ՝ արքայի հանդեպ կատարել է զինվորական և քաղաքացիական ծառայություն, պատերազմների ժամանակ նրան տրամադրել է իր զինվորական ուժերն ու ամրությունները, իսկ խաղաղ պայմաններում վարել որոշակի պետական պաշտոն՝ գործակալություն: Հայ աշխարհիկ Ա. գերազանցապես զինվորական դաս էր, և նրանից էր կազմվում ազատազորքը: Բարձր Ա. իր տիրույթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զորք, դրոշ, վարչական նորմեր ևն։ Նա միաժամանակ կենտրոնախույս ուժ էր պետության մեջ, ձգտում էր հավերժացնել ավատատիրական մասնատվածությունը։ Արշակունիների անկումից (428) հետո Մարզպանական Հայաստանի Ա. պահպանում էր իր իշխանական գրեթե բոլոր իրավունքները և նույն վասալական ծառայությունը կատարում Սասանյան արքաների հանդեպ։ Պարսից արքաներ Հազկերտ II (իշխել է 438–457) և Պերոզի (իշխել է 457–484)՝ հայ Ա֊յան ինքնավարությունն ու արտոնությունները փոփոխության ենթարկելու փորձերը, վճռական դիմադրության հանդիպելով, խափանվեցին (տես Վարդանանց պատերազմ 450–451 և Վահանանց պատերազմ 481–484): Վաղարշ թագավորը հարկադրված եղավ Նվարսակի՝ պայմանագրով (484) հրաժարվել իր նախորդների քաղաքականությունից և ճանաչել հայ Ա֊յան տոհմիկ իրավունքները։

Բյուզանդական մասի Հայաստանի Ա֊յան արտոնյալ վիճակը շարունակվեց պահպանվել մինչև Զենոն կայսրը (իշխել է 474–491)։ Վերջինս վերացրեց նախարարների ժառանգական իրավունքը։ 529-ին Հուստինիանոս I կայսրը հատուկ հրովարտակով Արևմտյան Հայաստանում բյուզանդական զորակայան ստեղծեց և հայ Ա֊յանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ Հուստինիանոսը 536-ին նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՛ սեպուհներին, թե՛ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր Ա֊յան կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը։ Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները։ Օգտվելով արաբ նվաճողների VII դ. երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից՝ հայ Ա. վերականգնեց իր հին իրավունքները։ Սակայն VIII դ. սկզբից արաբները, իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար, վարում էին ընդդիմադիր հայ Ա֊յան և նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն։ 705-ին շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են Նախճավան, իբրև ռոճիկ վճարելու, և բոլորին կոտորում։ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո հայ Ա֊յան նախկին արտոնությունները լուծարքվեցին, նրանք ևս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների և հողատարածությունների համեմատ։ Հայ Ա. հետզհետե նվազում, քայքայվում է։ Շատ ազնվականներ VIII դ. գաղթում են Բյուզանդիա՝ համալրելով կայսերական բանակի և իշխող քաղաքական դասի շարքերը։ Հայտնի են բյուզանդական շուրջ 30 կայսրերի, հարյուրավոր բարձրաստիճան զորահրամանատարների, քաղաքական գործիչների, գիտնականների ու արվեստագետների անուններ, որոնք սերված էին հայազգի Ա֊ից։ Հայրենի տիրույթներին կառչած հայ ազնվականների որոշ մասն էլ աշխատում էր հարմարվել արաբ տիրապետողներին։ Համակերպվողներից ոմանք կրոնափոխվում էին, ոմանք ընդունում արաբական անուններ (Աբուլ֊Աբաս, Աբու֊Մրվան, Աբու֊Սահակ, Աբու֊Մուսե ևն), ոմանք խնամիանում արաբ իշխանավորների հետ ևն։ Սնանկացած և մանր ազնվականները այնուհետև ձգտում էին իրենց գոյությունը ապահովել նվաճողների հետ լեզու գտած և իրենց հզորությունը պահպանած մի քանի իշխանական տների հովանու ներքո։ Հին ազնվական տներից իրենց հզորությունը համեմատաբար պահպանել էին Բագրատունիները, Արծրունիները և Սյունիները: IX դ. առաջին կեսին նրանք համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրավունքներն ու արտոնությունները, այլև երկրի պետական անկախությունը։ Առավել ակնառու էր Բագրատունիների հզորացումը, որոնք իրենց ձեռքն էին գցել Հայաստանի կառավարման բարձրագույն պաշտոնները (Հայոց իշխանի և սպարապետի)։ Նրանց իշխանությունը տարածվում էր Շիրակի, Արշարունիքի, Աշոցքի, Տայքի, Տարոնի և այլ շրջանների վրա։ Իրենց շուրջը համախմբելով բոլոր ազնվականներին, ստեղծելով 40֊հազարանոց հզոր բանակ՝ Բագրատունիները Աշոտ Ա֊ի գլխավորությամբ IX դ․ երկրորդ կեսին վերստեղծեցին հայկական պետականությունը։ Նոր թագավորությունում վերականգնվեցին Ա֊յան՝ Արշակունիների ժամանակաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր իրավունքներն ու «գործակալությունները», գահերեցության կարգն ու վասալական կախվածությունը՝ կրտսերը ավագից։ Աշխարհիկ խոշոր ազնվականներն այս շրջանում կոչվում էին գահերեց իշխաններ։ Նրանց ներսում նախկին սեպուհներից շատերն անջատվել էին և դարձել առանձին ավատատերեր։ Սրանք կոչվում էին գահակալ իշխաններ և գահերեց իշխաններից հետո կազմում էին Ա֊յան երկրորդ շերտը։ Ա֊յան ստորին դասը խոստակդարներն էին։ Վերջիններս հետամտել են առևտրի ծավալմանը, արհեստների ու քաղաքային արտադրության զարգացմանը, ձգտել են թոթափել խոշոր ավատատերերի կապանքները և ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով նրանք երբեմն հարել են թոնդրակյան շարժմանը։ X դ. տնտեսական և ռազմա֊քաղաքական զգալի հզորության հասած ազնվական տներից մի քանիսը մասնատում են Բագրատունիների պետությունը և անջատ թագավորություններ հիմնում Վասպուրականում (908), Վանանդում (962), Սյունիքում (973), Գուգարքում (988)։ Սակայն նրանք ճանաչում էին Անիի Բագրատունիների ավագությունը և արտաքին վտանգի ժամանակ համախմբվում նրանց շուրջը։

XI դ. առաջին կեսին Բյուզանդիան, այնուհետև սելջուկ֊թուրքերի հորդաները նվաճում են Հայաստանը, կործանում նրա պետականությունը։ Հայաստանում առաջացած սելջուկ֊թուրքական ամիրայությունները վարում են հայ Ա֊յան ոչնչացման և նրա կալվածների բռնագրավման քաղաքականություն։ Երկրում ստեղծված անտանելի կացության հետևանքով հայ Ա. մատնվում է զանգվածային արտագաղթերի։ Շատ արքայական և իշխանական տոհմեր իրենց վասալների հետ միասին տեղափոխվում են Փոքր Ասիայի արևելյան շրջանները, հատկապես Կիլիկիա։ Այդ շրջանները նրանք մաքրում են բյուզանդացիներից և հիմնում հայկական իշխանություններ։ Նրանցից մեկը՝ Ռուբինյանների հիմնած իշխանությունը, գոյատևեց շուրջ 300 տարի (1080–1385)՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև հայ Ա֊յան բարգավաճման համար։ Կիլիկյան Հայաստանում Ա֊յան ավագանին կազմել են ավելի քան 70 խոշոր ավատատերեր, որոնք ընդարձակ ժառանգական կալվածների, վասալական մանր իշխանությունների, զորքերի, ամրությունների տերեր են հանդիսացել և կրել են «իշխան», «տեր», «պարոն», «բերդատեր» բարձր ազնվականական տիտղոսները («պարոն» տիտղոսը կրել են նաև ազնվազարմ կանայք)։ Սրանք իրենց տիրույթների լիիրավ գերիշխաններն են եղել և վասալական ծառայություն կատարել թագավորի (մինչև 1198-ը՝ Ռուբինյան իշխանների) հանդեպ։ Առանձին հզոր իշխանական տոհմեր երբեմն անհնազանդություն են ցուցաբերել՝ խանգարելով պետության կենտրոնացումը։ Մանր ազնվականները՝ ձիավորները կամ հեծվորները, կազմել են թագավորի կամ բերդատեր պարոնների զորքերի հիմնական