Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/122

Այս էջը հաստատված է

կորիզը և նրանց հանդեպ կատարել զանազան ծառայություններ։ Զգեստավորվել ու զրահավորվել են եվրոպական խաչակիր-ասպետների նման և ստացել զինվորական հատուկ կրթություն։ Կիլիկիայում Ա. (աշխարհիկ թե հոգևոր) ապահարկ է եղել։ XIV դ. վերջին, Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո, Ա., հետզհետե քայքայվելով, դուրս է մղվում քաղաքական կյանքից։ Նվաճողներին անհնազանդ իշխանական տներից շատերը հաստատվում են Տավրոսի լեռնային շրջաններում (Զեյթունում, Հաճընում ևն), որոնց շառավիղները իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին մինչև XIX դ. վերջերը։

Մայր Հայաստանում, սելջուկյան նվաճումներից հետո՝ XI–XII դդ., իրենց գոյությունը պահպանել էին Լոռու և Սյունիքի թագավորությունները, Արցախում՝ Խաչենի իշխանությունը, Սասունում՝ Թոռնիկյանները, Ռշտունիքում՝ Արծրունիների մնացորդները ևն։ Հայ Ա–յան մի զգալի մասը XII դ. տեղափոխվեց Վրաստան։ Վրաստանի Բագրատանյաց թագավորությունում XII-XIV դդ. կարևոր դեր են խաղացել հայկական ազնվականական զորագնդերն ու զորահրամանատարները։ Սարգիս Զաքարյանը 1186-ին նշանակվում է զորքերի ամիրսպասալար, որի մահից հետո այդ պաշտոնն անցնում է որդուն՝ Զաքարե Բ Մեծին։ Մյուս որդին՝ Իվանեն, նշանակվում է արքունի վեզիր, ապա՝ աթաբեկ։ Նրանց գլխավորությամբ հայ–վրացական բանակը XII դ. վերջին և XIII դ. սկզբին ազատագրում է Հայաստանի Գուգարք, Տայք, Սյունիք, Այրարատ նահանգները, Տուրուբերանի հյուսիսային և Բարձր Հայքի արևելյան շրջանները։ Ազատագրված հայկական հողերի կառավարումը Թամար թագուհին (իշխել է 1184-1213) հանձնում է Զաքարյաններին՝ նրանց դարձնելով լիիրավ տիրակալներ։ Զաքարյանների ինքնավար իշխանություններում ոչ միայն վերակենդանանում են հայ հին Ա–յան մնացորդները (Պահլավունիներ ևն), այլև գոյանում են նորերը (Վաչուտյաններ, Օրբելյաններ, Խաղբակյաններ, Դոփյաններ, Շահուռնյաններ, Մահևանյաններ և ուր.)։ 1236–45-ին մոնղոլ–թաթարները, նվաճելով Հայաստանը, հայ ազնվականական ուժերին պարտադրում են մասնակցել իրենց արշավանքներին, վճարել բարձր հարկեր, եկվորներին զիջել լավագույն հողերը ևն։ XIV–XV դդ. հայ աշխարհիկ Ա. վերջնականապես դուրս է մղվում քաղաքական կյանքից։ XV դ. առանձին լեռնային շրջաններում (Արցախում, Սյունիքում, Համշենում, Սասանում, Զեյթունում ևն) հայ Ա–յան հյուծված մնացորդները թեպետ պահպանում էին իրենց գոյությունը, բայց նրանք հեռու էին երկրի քաղաքական կյանքի վրա ներազդելուց։ Հայ հոգևոր Ա. հիշյալ շրջանում ունեցել է համեմատաբար զորեղ դիրքեր։ Օգտագործելով իր ունեցած արտոնությանը՝ նա ընդարձակ կալվածների տեր է դարձել։ Հոգևորականների արտոնյալ կացությունը աշխարհիկ Ա–յանը դրդում էր կամ իր կալվածները «հոգու փրկության» պատրվակի տակ «նվիրել» վանականությանը և փրկել դրանք նվաճողներից, կամ էլ դառնալ հոգևորական՝ հոգևոր պաշտոնը դարձնելով իր տոհմի ժառանգական արտոնությունը (Օրբելյանները՝ Տաթևում, Պահլավունիները՝ Հավուց Թառում, Երկայնաբազուկ–Զաքարյանները՝ Սանահինում ևն)։ Ա–յան որոշ մասն էլ «Բեյթ–ուլ–մալի» օրենքի հարկադրանքով մահմեդականություն էր ընդունում և համալրում տիրող վերնախավի շարքերը։

XVII–XVIII դդ. Արցախում և Սյունիքում պահպանված աշխարհիկ Ա–յան մնացորդները, որոնք կոչվում էին մելիքներ, զգալի դեր խաղացին հայ ազգային–ազատագրական շարժման մեջ։ Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Վանում, Հեքյարում, Մուշում «իշխան», «մելիք», «քեհյա» կոչումով հայ ազնվականները էական դեր խաղացին XIX դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժումների ժամանակ։

XVIII–XIX դդ. հայ Ա–յան խլյակներն ընտրում էին արդյունաբերության կամ վաճառականության ուղին։ Հայկական հողի վրա զարգացման նպաստավոր պայմաններ չգտնելով՝ նրանք սովորաբար գաղթում էին օտար երկրներ։ Երբեմն ոմանց հաջողվում էր արտասահմանյան պետություններում հավաստագրել իրենց ազնվազարմությունը և բարձր դիրքերի հասնել։

Եվրոպական երկրներում Ա. վերջնական ձևավորում ստացավ բացարձակ միապետության դարաշրջանում, երբ ավատառու բոլոր ազնվականները համախմբվեցին հատակ դասի մեջ և նրանց ժառանգական արտոնությունները (տերունական իրավունք «ցածր» խավերի նկատմամբ, որոշակի ծառայություն արքունիքում կամ բանակում, ապահարկություն ևն) իրավաբանորեն հաստատվեցին։ Օրինակ, Ռուսաստանում Պետրոս I բացարձակ միապետության հաղթանակն ուղեկցվում էր Ա–յան դասի, նրա կառուցվածքի ու իրավունքների ձևակերպումով (1714-ին՝ միաժառանգման մասին օրենքը, 1722-ին՝ աստիճանների մասին աղյուսակը)։ XVIII–XIX դդ. հետևողականորեն ընդարձակվում էին Ռուսաստանի, երբեմն նաև որոշ ոչ ռուս ազգությունների Ա–յան իրավունքներն ու արտոնությունները։ Ազնվականներն ունեցել են համապատասխան տիտղոսներ, օրինակ, Անգլիայում բարձրագույն տիտղոսներ էին՝ դուքս, մարքիզ, կոմս, բարոն։ Եվրոպական երկրներամ նույնպես բնորոշ էր մանր ու միջին ազնվականների վասալական կախվածությունը խոշորներից, օրինակ, լեհական շլյախտիչները՝ մագնատներից, անգլիական ասպետները՝ բարոններից ևն։ Պետության կենտրոնացման ընթացքում Ա–յան շերտերի դերը տարբեր է եղել։ Մանր ու միջին Ա. նպաստում էր պետության կենտրոնաձիգ քաղաքականությանը՝ արժանանալով թագավորական միահեծան իշխանության խրախուսանքին։ Խոշոր Ա. սովորաբար կենտրոնախույս ելույթների սնող աղբյուր էր, պահպանողական։ Ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորման ժամանակաշրջանում Ա–յան հասարակական կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների։ Եթե հին, տոհմիկ Ա. կառչում էր զուտ ֆեոդալական շահագործման եղանակին և արագ սնանկանում, ապա մանր ու միջին Ա. հարմարվում էր կապիտալիստական տնտեսաեղանակին և սերտաճում բուրժուազիայի մեջ։ Վերջիններս եվրոպական մի շարք երկրներում մասնակցեցին բուրժուական հեղափոխություններին։ XIX դ. Ռուսաստանում ֆեոդալական հին կարգերի դեմ եռանդուն պայքար մղեցին ազնվական հեղափոխականները՝ դեկաբրիստները, հեղափոխական–դեմոկրատները, նարոդնիկները։ Մինչև 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Ռուսաստանում պահպանվում էր Ա–յան մեկուսի կազմակերպությունը, ինչպես նաև տիրապետող դիրքը երկրի ղեկավարման մեջ։ XX դ. սկզբին հեղափոխական շարժումների դեմ մղվող պայքարում Ա. մնում էր ցարիզմի գլխ. հենարան։ Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց Ա–յան հողատիրությանն ու դասային արտոնություններին։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) Ա. պայքարում էր սովետական իշխանության դեմ՝ լրացնելով հակահեղափոխական սպիտակ բանակների շարքերը։ Ա–յան զգալի մասը վտարվեց Ռուսաստանից։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն «Հայոց, Տփղիս, 1909։ Փավստոս Բազանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մխիթար Գոշ, Դատաստանագիրք Հայոց, Վաղ-պատ, 1880։ Սմբատ Գունդստաբլ, Դատաստանագիրք, Էջմիածին, 1918։ Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։ Մանանդյան Հ. Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934։ Նույնի, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1-2, Ե., 1957–1960, հ. 3, Ե., 1952։ Սամվելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։ Джавахов И., Государственный строй древней Грузии и древней Армении т. 1 СПБ, 1905; Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; (արտատպ. Ե., 1971) Микаелян Г., История Киликийского армянского государства, Е., 1952.

ԱԶՆՎԱՁՈՐ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Վանա լճից հվ–արմ.։ XIX դ. վերջին ուներ 11 հայկական և 4 քրդական գյուղ։


ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, անհատի բարոյական հատկության, մտածելակերպ և վարվելակերպ՝ մարդկանց, մարդկային ընդհանրությունների և իր նկատմամբ։ Ա. ոչ թե ժառանգական, բնածին, այլ ձեռքբերովի բարոյական որակ է՝ պայմանավորված մարդկանց հասարակական գործունեության օբյեկտիվ անհրաժեշտությամբ ու պահանջներով, հասարակական պրակտիկայով, դաստիարակությամբ։ Ա. նշանակում է խոսքի և գործի, մտածելակերպի և գործելակերպի, նպատակի և միջոցի, երևույթի և էության ներդաշնակություն, ճշմարտացիություն, սկզբունքայնություն և անկեղծության։ Հակամարտ հասարակարգերում Ա. դասակարգային հասկացողություն է։


ԱԶՈԽ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 38 կմ հյասիս–արևելք։ 583 բն. (1968), հայեր։ Միավորված է Մեծ Թաղլարի անասնապահական սովետական տնտեսության հետ։