Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/123

Այս էջը սրբագրված է

Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։ Ա–ում է ծնվել ավիացիայի գեներալ–գնդապետ Ս. Ա. Սարդարովը։ Ա–ում գտնվող քարայրում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու մնացորդներ, հին քարի դարի հարուստ շերտեր, ձեռքի բազմաթիվ հատիչներ, կոպիտ քերիչներ, այժմ գոյություն չունեցող կենդանիների (նախնադարյան ցուլեր, ձիեր ևն) ոսկորներ։ 1968-ին Ա–ի քարայրի մուտքի մոտ, հատակից 7 մ խորության վրա, հայտնաբերվեց նախամարդու ծնոտի մի մաս, որ բավականին տարբերվում է այժմյան մարդու ծնոտից։ Ա–ի պեղածո մարդը, քարե գործիքները ունեն 300 հզ. տարվա անցյալ և պատկանում են հին քարի դարի աշելյան փուլին։ Հնագետների կարծիքով, նեանդերթալյան մարդու՝ Ա–ում գտնված տիպը ցարդ հայտնի է աշխարհի հնավայրերից միայն չորսում՝ Սիդի–Աբդեռահմանում (Մարոկկո), Շտայնհայմում (ԳՖՀ), Սվանոկոմբրում (Անգլիա) և Սեդիա–դել–դիաբոլոնում (Իտալիա)։

ԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկու ածխաջրածնային ռադիկալների միացած ազոխումբ՝ ։ Գունակիր ազոխմբի առկայության պատճառով գունավոր են։ Ա. մեծ մասամբ կայուն, պինդ նյութեր են, թորվում են առանց քայքայվելու։ Բնության մեջ չեն հանդիպում։ Ա–ից պարզագույնը ազոմեթանն է՝ որը պայթուցիկ, անկայուն նյութ է։ Կարևոր են արոմատիկ Ա., որոնք ջրում չլուծվող, ջերմակայուն, չեզոք, բյուրեղական նյութեր են։ Դրանց պարզագույն ներկայացուցիչն ազոբենզոլն է՝ (նարնջակարմիր բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 68°C, եռմանը՝ 295°C)։ Արոմատիկ Ա. ստացվում են դիազոմիացությունները համակցելով ջրածնի շարժուն ատոմ պարունակող արոմատիկ միացությունների (ամիններ, ֆենոլներ ևն) հետ՝

։

Հիմնային կամ թթվային խմբեր պարունակող Ա. օգտագործվում են որպես ներկանյութեր (տես Ազոներկանյութեր


ԱԶՈՅԱՆ Բաղդասար Մարտիրոսի (1905–1972), կոլտնտեսային շարժման ակտիվ գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Ծնվել է մայիսի 15 (27)–ին, Արևմտյան Հայաստանի Զանձախ գյուղում։ 1938–55-ին եղել է Վաղուդի (ՀՍՍՀ Սիսիանի շրջ.) կոլտնտեսության վարչության նախագահ։ Ոչխարաբուծության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար Ա–ին 1949-ին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ 1955-ից ղեկավարել է Սիսիանի շրջանի մսամթերման գրասենյակը, աշխատել տարբեր հիմնարկներում։ Ա. պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է դեկտեմբերի 10-ին։


ԱԶՈՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐ, մոլեկուլում մեկ կամ մի քանի ազոխումբ պարունակող օրգանական ներկեր՝ ազոմիացություններ։ Լինում են ամենատարբեր գույների և երանգների (դեղին, կարմիր, կապույտ, սև ևն)։ Գույնը, լուծելիությունը և գործվածքաթելերի հետ փոխազդելու բնույթը կախված են նրանց մոլեկուլի կառուցվածքից։ Ա. լինում են՝ թթվային, հիմնային, ուղղակի, արծնիչային, պիգմենտներ, լաքեր են։ Ստացվում են դիազոմիացաթյանների ազոհամակցումով։ էժանության և օգտագործման պարզության պատճառով շատ տարածված են (օրինակ, թթվային նարնջագույնը, խրիզոիդինը, կոնգո կարմիրը, ճարպային նարնջագույնը, մեթիլօրանժը ևն)։ Կիրառվում են գործվածքաթելեր, կաշի, թուղթ և որոշ պլաստմասսաներ ներկելու համար։


ԱԶՈՎ, քաղաք, ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Ազովի շրջանի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Դոն գետի վրա։ Երկաթուղային կայարան։ 63 հզ. բն. (1972)։ Ունի դարբնոցա–մամլիչային ավտոմատների, առևտրական սարքավորման, շինանյութերի արտադրության, ձկնորսական նավաշինության ձեռնարկություններ, ձկան կոմբինատ, պահածոների գործարան, գուլպայի և կոշիկի ֆաբրիկաներ։ Ա. հիմնադրվել է հին հունական Տանաիս քաղաքի տեղում։ X դ. եղել է Կիևյան պետության կազմում։ XI դ. տիրել են պոլովցիները, իսկ 1471-ին՝ թուրքերը և վերածել ամրոցի։ 1696-ին Պետրոս I զորքերը գրավել են Ա. (տես Ազովյան արշավանքներ 1695–96)։ 1711-ին Ա. վերադարձվել է թուրքերին։ Վերջնականապես Ռուսաստանին է միացվել Քյուչուկ–Կայնարջիի պայմանագրով (1774)։ XIV դ. առաջին կեսից Ա–ում գործում էր հայկ. եկեղեցի (Ս. Գրիգոր), որը վկայում է հայ գաղութի գոյությունը։ Ա. Ալպոյաճյանը ենթադրում է, որ Ա. եղել է Աստրախանից Ղրիմ գաղթած հայերի առաջին հանգրվանը (Պատմություն հայ գաղթականության, հ. Բ., էջ 363)։ Ա. նավահանգիստը Ղրիմի հայ վաճառականության գլխավոր առևտրավայր էր։ Ռուսաստանի շուկաների հետ սերտորեն կապված Ա–ի հայերի միջոցով թաթար փաշաները երբեմն դիվանագիտական հարաբերություններ են վարել ռուսական իշխանությունների հետ։ Ա–ի հայերը հաճախ փրկագնել են քրիստոնյա ռուս գերիներին և վերադարձրել հայրենիք։


ԱԶՈՎԻ ԾՈՎ (հին հուն. Μαιώτις Մեոտիսյան, հին ռուս. Сурожское– Սուրոգյան լիճ), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով ՍՍՀՄ եվրոպական մասի հարավում։ Կերչի նեղուցով միանում է Սև ծովին։ Մակերեսը 38 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 14 մ։ Ափերը հարթ են, ավազոտ և առաջացնում են ցամաքալեզվակներ։ Հս–արլ–ում Տագանրոգի, հվ–արլ–ում Տեմրյուկի ծոցերն են, արմ–ում՝ Սիվաշը։ Ա. ծ. են թափվում Դոն և Կուբան գետերը։ Կլիման ցամաքային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 23,5°C-ից 24,5°C, առավելագույնը՝ 40°C, հունվարին և փետրվարին՝ - 1°C–ից -6°C, նվազագույնը՝ -30°C։ Տարեկան տեղումները՝ 312–528 մմ։ Գերիշխում են հս–արլ. քամիները։ Սառցակալվում է դեկտեմբերից մարտ ամիսներին։ Հիմնական ծովային հոսանքը սկիզբ է առնում Տագանրոգի ծոցից և շրջապտույտ կատարում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Ջուրը պղտոր է։ Ջրի ջերմաստիճանը ձմռանը 0°C–ից ցածր է, ամռանը՝ 25°C, 30°C, աղիությունը՝ 2–11‰։ Կենդանական աշխարհը բազմատեսակ չէ, բայց քանակապես հարուստ է։ Զարգացած է ձկնորսությունը (թառափազգիներ, սուդակ, բրամ ևն)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Տագանրոգը, Ժդանովը, Եյսկը, Բերդյանսկը։


ԱԶՈՎՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ 1695–96, Պետրոս I կազմակերպած արշավանքներ, որոնք ձեռնարկվեցին Ռուսաստանի համար դեպի Սև ծով ելք բացելու նպատակով։ Առաջին արշավանքը (1695-ի մարտսեպտեմբեր) անհաջողությամբ վերջացավ՝ բանակի և նավատորմի թերի պատրաստության պատճառով։ Երկրորդի ժամանակ (1696-ի ապրիլ–հուլիս), ծովից և ցամաքից ենթարկվելով ռմբակոծության և չդիմանալով ռուսական զորքերի գրոհին, հուլիսի 19-ին թուրքական Ազով ամրոցն անձնատուր եղավ։


ԱԶՈՏ (< հուն, άξωος – անկենդան, լատ. Nitrogenium), բորակածին, N, տարրերի պարբերական համակարգի V խմբի քիմ. տարր, կարգահամարը՝ 7, ատոմական զանգվածը՝ 14,0067։ Ա. P տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p3։ Բնական Ա. բաղկացած է 2 կայուն իզոտոպից՝ 14N(99,635%) և 15N(0,365%)։ Հայտնաբերել է շոտլանդացի գիտնական Դ. Ռեզերֆորդը (1772)։ Ա. օդի հիմնական բաղադրիչն Է՝ 75,6 զանգված.% (4.1015 տ)։ Երկրի կեղևում (0,02%) գտնվում է միացությունների ձևով, որոնցից տարածված են նատրիումական (չիլիական) և կալիումական (հնդկական) բորակները։ Ա. են պարունակում նաև քարածուխը (1–2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները։ Ա. սպիտակուցների կարևոր բաղադրիչն է (մինչև 17%)։ Հայտնաբերվել է նաև Արեգակի մթնոլորտում և միգամածություններում։ Անգույն, անհոտ, ջրում քիչ լուծվող գազ է, հալման ջերմաստիճանը՝ -209,86°C, եռմանը՝ -195,8°։ Ա–ի մոլեկուլը երկատոմ է (տես պատկեր): Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով սովորական պայմաններում քիմիապես քիչ ակտիվ է և նյութերի մեծ մասի հետ (բացի Li և Ca) չի միանում։ Բարձր ջերմաստիճաններում, երբ քանդվում են միջատոմական կապերը, Ա. ակտիվ է։ Թթվածնի հետ միանում է 4000°C–ում՝ առաջացնելով Ա–ի մոնօքսիդ՝ NO (տես Ազոտի օքսիդներ):

Ա. ջրածնի հետ առաջացնում է Ա–ի ատոմների շղթաներ պարունակող բազմաթիվ միացություններ՝ NnHn+2, NnHn, NnHn-2 և NnHn-4 ընդհանուր բանաձևերով, որոնց մեծ մասը հայտնի են միայն օրգանական ածանցյալների ձևով (տես նաև Հիդրազին, Ազոտաջրածնական թթու)։ Նրանցից ամենակարևորն ամոնիակն է։ Ա. հալոգենների և ծծմբի հետ անմիջականորեն չի միանում։ Հայտնի են, սակայն, նրանց անկայան, պայթուցիկ միացությունները՝ NX3 և XN3 (X=F,Cl,I), N4S4 և N2S5։ Ա. շիկացրած ածխի հետ առաջացնում է ցիան, մետաղների հետ՝ նիտրիդներ, կալցիումի կարբիդի հետ՝ կալցիումի ցիանամիդ (տես Ցիանամիդ), ացետիլենի հետ՝ ցիանաջրածին ևն։