Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/124

Այս էջը սրբագրված է

Բազմաթիվ են Ա. պարունակող օրգանական միացությունները՝ ամինաթթուներ, ալկալոիդներ, հակաբիոտիկներ, ներկանյութեր, դեղանյութեր ևն։ Արդյունաբերության մեջ Ա. ստացվում է հեղուկ օդի կոտորակային թորումով։ Լաբորատորիայում Ա. կարելի է ստանալ ամոնիումի նիտրիտը կամ բիքրոմատը տաքացնելով՝ ։ Ա–ի հիմնական սպառողն ամոնիակի արդյունաբերությունն է։ Օգտագործվում է նաև որպես իներտ միջավայր՝ հեղուկ վառելանյութերի մղման, ջերմաչափեր լցնելու, որոշ քիմիական ռեակցիաներ տանելու համար։ Ավելի հաճախ Ա. օգտագործվում է միացությունների ձևով (ազոտական թթու, ազոտական պարարտանյութեր, նիտրատներ ևն)։ Նյութերի շրջանառությունը երկրի վրա տեղի է ունենում Ա–ի մասնակցությամբ։ Բույսերը Ա. հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով. հողն աստիճանաբար աղքատանում է կապված Ա–ով։ Անհրաժեշտ է դառնում ազոտական պարարտանյութերի կիրառությունը։ Կենդանիներն Ա. ստանում են բույսերից։ Տ․ Ղազանչյան

ԱԶՈՏԱԲԱԿՏԵՐ (Azotobacter), ազատ ապրող աերոբ բակտերիաների ցեղ։ Ա., ֆիքսելով մթնոլորտային ազոտը, առաջացնում է սպիտակուցներ։ Բջիջների երկարությունը՝ 4–7 միկրոն, ունեն մտրակ։ Շարժուն ձողիկներ են՝ ծածկված հաստ լորձաշերտով։ Ագարային միջավայրում առաջացնում է քիչ փայլուն, սև, դեղին, կանաչավուն գաղութներ։ Ա. են՝ Az. chroococum-ը, Az. agile–ն, Az. vinelandii-ն և այլն։ Ա–ները մթնոլորտային ազոտը փոխարկում են ազոտային միացությունների՝ մատչելի դարձնելով մյուս միկրոօրգանիզմների ու բույսերի համար։ 1 հա հողում տարեկան ֆիքսում են մի քանի տասնյակ կգ ազոտ։ Հողի մեջ արհեստականորեն Ա. մուծելիս բերքատվությունը բարձրանում է 10–15%-ով։ Ա–ից ստացվում է ազոտաբակտերին պարարտանյութը։ Ա–ով հարուստ են Հայաստանի սև և գորշ շագանակագույն հողերը, աղքատ՝ լեռնային լվացված ու մարգագետնային թթու հողերը։


ԱԶՈՏԱԲԱԿՏԵՐԻՆ, մանրէային պարարտանյութ։ Պատրաստում են ազոտաբակտերի ակտիվ և կենսունակ բջիջներից։ Օգտագործում են հողն ազոտով հարստացնելու, բույսերի (բացառությամբ թիթեռնածաղկավորների) ազոտական սննդառությունը բարելավելու համար։


ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ, բորակաթթու, , ուժեղ միահիմն թթու՝ անգույն, ուրույն հոտով հեղուկ։ Արաբ ալքիմիկոս Ջաբիր իբն Հայյանը առաջինն է նկարագրել Ա, թ–ի ստացումը (VIII դ.)։ Տաքացնելիս և լույսի ազդեցության տակ խիտ Ա. թ. քայքայվում է՝ անջատելով ազոտի օքսիդներ, այդ պատճառով տեխնիկական Ա. թ. սովորաբար դեղնավուն է։ Անջուր Ա. թ–ի խտությունն է 1522 կգ/մ³ (15°C), եռման ջերմաստիճանը՝ 86°C (քայքայվելով), հալմանը՝ -41°C։ Ջրում լուծվում է բոլոր հարաբերություններով։ Ա. թ–ի 68,4% ջրային լուծույթն ազեոտրոպ խառնուրդ է (եռման ջերմաստիճանը՝ 121,9°C); Ա. թ–ի կառուցվածքային բանաձևն է (տես պատկեր)

Նոսր լուծույթներում լրիվ դիսոցվում է և իոնների։ Խիտ Ա. թ. շատ ուժեղ օքսիդիչ է։ Օքսիդացնում է մետաղների մեծ մասը (բացի ևն, որոնք լուծվում են արքայաջրում), նաև ծծումբը, ֆոսֆորը, ածխածինը ևն՝ անջատելով ազոտի օքսիդներ։ Օքսիդի պաշտպանական շերտով պատվելու պատճառով ալյումինը, երկաթը, քրոմը չեն լուծվում Ա. թ–ի խիտ լուծույթներում, թեև լուծվում են նրա նոսր լուծույթներում։ Ա. թ. փոխազդում է օրգ. միացությունների հետ՝ առաջացնելով նիտրոմիացություններ կամ օրգ. թթուներ։ Ա. թ. թունավոր է, այրում է մաշկը։ Կարելի է ստանալ նրա աղերի՝ նիտրատների և խիտ ծծմբական թթվի փոխազդմամբ։ Արդյունաբերության մեջ ստանում են ամոնիակից՝ օքսիդացնելով այն օդի թթվածնով՝ կատալիզատորի առկայությամբ։ Ստացված օքսիդը թթվածնի ավելցուկի հետ առաջացնում է , որը լուծելով ջրում ստանում են նոսր Ա. թ. և ապա խտացնում։ Տեխնիկական Ա. թ. պարունակում է 50–98% ։ Ա. թ. օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի, ծծմբական թթվի, ներկանյութերի, նիտրոմիացությունների արտադրության մեջ, գունավոր մետալուրգիայում, հրթիռային տեխնիկայում (որպես օքսիդիչ) և այլուր։

Մ. Դարբինյան


ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, ազոտ պարանակող նյութեր, օգտագործվում են հողերի բերրիությունը բարձրացնելու համար։ Ա. պ. բաժանվում են նիտրատային, ամոնիումական, ամոնիումանիտրատային և ամիդային խմբերի։ Կարևորագույններն են՝ ամոնիումի բորակը՝ 33–35%, ամոնիումի սուլֆատը՝ 20–21% նատրիումական (չիլիական) բորակը՝ 15–16%, կալցիումական (հնդկական) բորակը՝ 13–14%, կալցիումի ցիանամիդը՝ 18–21%, միզանյութը՝ 45–46% , հեղուկ ամոնիակը՝ 82%, ամոնիակաջուրը՝ 20–21% ազոտի պարունակությամբ ևն։ Ա. պ. 80% ամոնիումական պարարտանյութեր են, որոնք լավ են լուծվում ջրում, ունեն ֆիզիոլոգիապես թթու ռեակցիա, կիրառվում են չեզոք և հիմնային հողերում։ Ա. պ. օգտագործվում են հիմնական, նախացանքային, ցանքակից պարարտացման, ավելի շատ՝ սնուցումների ձևով։ Միջին քանակը (ազոտի հաշվով) կախված է մշակվողբույսի տեսակից, հողի և ագրոտեխնիկայի բնույթից, կլիմայական պայմաններից, ցանքաշրջանառության տիպից և կազմում է (1 հա-ին կգ-ով). հացաբույսերի համար՝ 45–60, ճակնդեղի՝ 60–90, կարտոֆիլի՝ 60–75, բամբակենու՝ 90–120, խաղողի՝ 60–80 ևն։ Ա. պ. սկսել են արտադրել XX դարի սկզբին, ՀՍՍՀ–ում՝ 1934-ից (Կիրովական)։

Գրկ. Դավթյան Գ. Ս., Ազոտական պարարտանյութերը ն նրանց կիրառումը, Ե., 1947։


ԱԶՈՏԱՅԻՆ ԹԹՈՒ, միահիմն, անկայուն, թույլ թթու։ Հայտնի է միայն նոսր լուծույթներում։ Տաքացնելիս ն ուժեղ թթուների կամ օքսիդիչների առկայությամբ քայքայվում է՝ ։ Կախված փոխազդող նյութից Ա. թ. օքսիդիչ կամ վերականգնիչ է։ Ա. թ–ի կառուցվածքային բանաձևն է՝ ։ Ստացվում է ջրում լուծելիս՝ , նաև նիտրատների և թթուների փոխազդմամբ։ Ա. թ. և նրա աղերը՝ նիտրիտները, օգտագործվում են ազոներկանյութերի արտադրության մեջ և օրգանական սինթեզում։


ԱԶՈՏԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ, կենդանի օրգանիզմի վիճակ, երբ սննդանյութերի (սպիտակուցային միացություններ) հետ ընդունված և արտաթորության օրգաններով հեռացված ազոտի քանակը հավասար է։ Հասուն օրգանիզմը բնականոն պայմաններում գտնվում է Ա. հ–յան վիճակում։ Ազոտային հաշվեկշիռը դրական է, եթե ընդունված ազոտի քանակը գերակշռում է արտաթորվածին։ Այս վիճակը հատուկ է աճող օրգանիզմներին։ Իսկ երբ օրգանիզմից ավելի շատ ազոտ է հեռացվում, քան ընդունվում, ազոտային հաշվեկշիռը բացասական է։ Մարդուն անհրաժեշտ է օրական 13–16 գ ազոտ (80–100 գ սպիտակուց)։ Տես նաև Սնուցում։


ԱԶՈՏԱՋՐԱԾՆԱԿԱՆ ԹԹՈՒ, ազոիմիդ, , միահիմն, թույլ թթու։ Կառուցվածքային բանաձևն է ։ Անջուր Ա. թ. սուր հոտով, անգույն, թունավոր նյութ է, հալման ջերմաստիճանը՝ –80°C, եռմանը՝ 37°C։ Թույլ հարվածից, շփումից և տաքացումից պայթում է։ Նոսր ջրային լուծույթներում կայուն է։ Օքսիդիչ է։ Գործնական կիրառություն ունեն միայն Ա. թ–ի աղերը՝ ազիդները։


ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐ, ազոտի միացությունները թթվածնի հետ։ Հայտնի են ազոտի ենթօքսիդը, օքսիդը, ազոտային անհիդրիդը, երկօքսիդը և ազոտական անհիդրիդը։

Ա. օ. կենսաբանական ակտիվ նյութեր են. ենթօքսիդի մեծ քանակն առաջացնում է շնչահեղձություն, օքսիդն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի և արյան բաղադրության, երկօքսիդը՝ թոքերի վրա։ Երկօքսիդի մեծ քանակն առաջացնում է ուռուցք, իջեցնում արյան ճնշումը։ Ա. օ–ի տևական պարունակությունն օդում առաջացնում է խրոնիկական հիվանդություններ։

Ազոտի ենթօքսիդը՝ , անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է, եռման ջերմաստիճանը՝ -89,5°C, հալմանը՝ -102,4°C։ Օդի հետ ներշնչելիս «հարբեցնում է» (այստեղից էլ՝ «ծիծաղեցնող գազ» անունը)։ Ջրի, թթուների և հիմքերի հետ չի փոխազդում։ 500°C բարձր տաքացնելիս քայքայվում է և օքսիդիչ է։ Բժշկության մեջ օգտագործվում է որպես թմրեցնող միջոց։

Ազոտի օքսիդը՝ , անգույն գազ է, եռման ջերմաստիճանը՝ -51,8°C, հալմանը՝ -163,6°C։ Օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով երկօքսիդ։ Ազոտական թթվի արտադրության հիմնական ելանյութ է։ Ստացվում է ամոնիակի օքսիդացումից կամ բարձր ջերմաստիճանում (Վոլտյան աղեղում) թթվածնի և ազոտի անմիջական միացումից։