Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/126

Այս էջը սրբագրված է

Ա. գրել է խոհական–քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ։ Ղարաբաղի բարբառով գրված գործերում («Մոր նամակը», «Լաց մի լինիլ», «Չոբանն ու Կարաբսաշը») պատկերված են Ղարաբաղի հայության դառը կյանքը, աշխատավոր մարդկանց առաքինությունները։ Ա. զոհվել է 1918-ի մարտի 20-ին, Բաքվում, ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս։

Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1970։ Գրկ. [Մյասնիկյան Ա.], Օտար և հարազատ, «Աշխատանքի դրոշակ», 1918, 21 հուլիսի, № 28 (Ա. Մարտունի ծածկանունով)։

ԱԹԱԲԵԿՅԱՆՑ Հովսեփ Ներսեսի (1870–1916), հայ սոցիալ–դեմոկրատ, հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես։ Ծնվել է հոկտեմբերի 20-ին, Ղազախի գավառի Դաղքիսաման գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Ղազախի շրջ.)։ Ավարտել է Թիֆլիսի առաջին արական գիմնազիան, երկու տարի սովորել Պետերբուրգի համալսարանում, ապա՝ Հոհենհայմի գյուղատնտեսական ակադեմիայում (Գերմանիա)։ Գերմանիայամ ուսանելու տարիներին ծանոթացել է գիտական սոցիալիզմի ուսմունքին։ 1893-ին Շտուտգարտում սերտ կապեր է հաստատել գերմանական սոցիալ–դեմոկրատիայի ականավոր գործիչներ Կ. Կաուցկու, Կ. Ցետկինի և Հ. Պարվուսի հետ։ Ա–ի մասնակցությամբ Կաուցկին և Պարվուսը կազմել են Թուրքիայամ հայկական ջարդերը դատապարտող կոչեր, որոնք հրապարակվել են գերմանական և ավստրիական մամուլում։ 1894-ին մեկնել է Իտալիա, ուսումնասիրել երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքը և այդ մասին Atb. ստորագրությամբ հրապարակախոսական հոդվածներ տպագրել Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության «Նոյե ցայտ» («Neue Zeit») հանդեսում (1895, №№ 27–33)։ Ա–ի գլխավորությամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆ. Էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որը հրատարակվել է 1894-ին «Գիտական սոցիալիզմ» խորագրով։ Նույն թվականին նրա մասնակցությամբ պատրաստվել է նաև Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»–ի հայերեն թարգմանությանը, որը մնացել է անտիպ։ Ա. նամակով դիմել է Էնգելսին (1894-ի նոյեմբ. 1-ին), տեղեկություններ հաղորդել հայոց պատմության, հայերի ազգային–ազատագրական շարժման մասին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»–ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսն Ա–ին նամակով պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առաջաբան գրել չի կարող։ Նա միաժամանակ այն միտքն է հայտնել, որ հայ ժողովրդի ազատագրությունը պայմանավորված է միայն ռուսական հեղափոխության հաղթանակով։

Ա–ի հետագա գործունեությունը չի ընթացել քաղաքական պայքարի հունով։ Նա եկել է Հայաստան և զբաղվել հոր կալվածքով։ 1904-ին զորակոչվել է բանակ, ծառայել Կարսում և տեղի կայազորի կողմից ընտրվել 2-րդ Պետական դումայի անդամ։ Կարսին քաղաքային ինքնավարության տալու խնդիրը Դումայում օրենսդրական կարգով անցկացնելու նպատակով հարել է կադետական ֆրակցիային։ Դուման ցրվելուց հետո Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Ա. նախագծել ու իրականացրել է մի շարք հիդրոտեխնիկական կառուցումներ, ստացել խաղողի նոր փոփոխակներ, գրել ուսումնասիրություններ։ 1914-ին նորից զորակոչվել է բանակ՝ որպես սպա։ Ինքնասպան է եղել հունվ. 15-ին, Կարսում։

Գրկ. Եղիազարյան Ա., Հովսեփ Աթաբեկյան, «ՊԲՀ», 1959, № 2-3։ Иоаннисян А. Г., Письмо Иосифа Атабекянца Ф. Энгельсу по поводу перевода на армянский язык «Коммунистического манифеста», նույն տեղում։ Ա. Եղիազարյան


ԱԹԱԲԵԿՈՎ Գրիգոր Հովսեփի (1908–1966), հայ սովետական էլեկտրատեխնիկ, տեխ. գիտ. դ–ր (1943), պրոֆեսոր (1943)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ծնվել է մայիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1946-ից վարել է Մոսկվայի ավիացիոն ինստ–ի էլեկտրատեխնիկայի ամբիոնը։ Հեղինակ է մի շարք գյուտերի (բարձրհաճախային պաշտպանության, հեռապաշտպանության բնագավառներում ևն)։ Արժանացել է ՍՍՀՄ պետական (1950) և Յաբլոչկովի անվան (1959) մրցանակների։ Մահացել է հունիսի 16-ին, Մոսկվայում։

Երկ. Дистанционный принцип защиты дальних электропередач, Е., 1953; Теория линейных электрических цепей, М., 1960; Теоретические основы электротехники ч. 1-3, М., 1966 (соавт. С. Д. Купалян, А. Б. Тимофеев и С. С. Хухриков)


ԱԹԱԹՅՈՒՐՔ (Atatürk) Մուստաֆա Քեմալ (1881–1938), Թուրքիայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Թուրքական Հանրապետության հիմնադիրը և առաջին պրեզիդենտը (1923–38)։ Ծնվել է Սալոնիկում, մանր առևտրականի ընտանիքում։ Զինվորական բարձրագույն կրթությունն ստացել է Ստամբուլում։ Մասնակցել է 1908-ի երիտթուրքական հեղափոխությանը, իտալա–թուրքական (1911–12) և 2-րդ Բալկանյան (1913) պատերազմներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստացել է գեներալի աստիճան ու Փաշայի կոչում, վարել հրամանատարական բարձր պաշտոններ կովկասյան (1916–17) և պաղեստինյան (1917–18) ռազմաճակատներում։ 1919-ից Ա. ղեկավարել է թուրքական բուրժուազիայի գլխավորած ազգային շարժումը, որը նրա անունով էլ կոչվեց քեմալական։ 1920-ի ապրիլին ընտրվեց Անկարայում գումարված Ազգային մեծ ժողովի նախագահ։ Ա–ի նախաձեռնությամբ 1922–34-ին Թուրքիայի ներքին կյանքում կատարվեցին մի շարք բարեփոխումներ, վերջ տրվեց սուլթանությանը (1922-ի նոյեմբերի 1), հռչակվեց հանրապետություն (1923-ի հոկտեմբերի 10), վերացվեց խալիֆայությունը (1924-ի մարտի 3)։ Վերակառուցվեց պետ. ու վարչ. ապարատը, արդարադատության սիստեմը (1926), արաբական այբուբենը փոխարինվեց լատինականով (1928), վերացվեցին տիտղոսները և մտցվեց ազգանունը (1934)։ Այդ ժամանակ էլ նա ընդունեց Աթաթյուրք (թուրքերի հայր) ազգանունը։ 1923-ին ստեղծեց իր բնույթով բուրժուա–կալվածատիրական՝ ժողովրդական (1924-ից՝ ժողովրդական–հանրապետական) միակ լեգալ և կառավարող կուսակցությունը, որի նախագահը ցմահ ինքն էր։

Սակայն Ա–ի ձեռնարկած բուրժուական–վերնախավային բնույթի բարենորոգումները չէին լուծում երկրի սոցիալ–քաղաքական հիմնական խնդիրները։ Ա. ճնշեց բանվորական ելույթները։ 1921-ի հունվարին նրա ցուցումով Տրապիզոնում ձերբակալվեցին և ոչնչացվեցին Թուրքիայի կոմկուսակցության ղեկավարները, կոմկուսը անցավ ընդհատակ (1923)։ Չթեթևացավ գյուղացիության վիճակը, միակ կարևոր քայլը ֆեոդ․ բնատուրքի՝ տասանորդի (աշար) վերացումն էր (1925)։

Ազգային հարցում Ա. վարում էր ծայրահեղ հետադիմական, ազգայնամոլ քաղաքականություն։ Շարունակելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Ա. իրականացնում էր ոչ թուրք ժողովուրդների բռնի ձուլման և ֆիզիկական ոչնչացման ծրագիր, որի զոհը դարձան տասնյակ հազարավոր հայեր Մարաշում, Հաճընում, Զեյթունում (1919–21) և Զմյուռնիայում (1922)։ Դաժան հալածանքի ենթարկվեցին հույները։ Ճնշվեց քրդական շարժումը։

Ա. 1920-ին ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով գրավել Արևելյան Հայաստանը։ Քեմալական ագրեսիայի հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց մոտ 24 հզ. կմ² տերիտորիայից և տվեց 198 հզ. նոր զոհ։ Ա–ի քաղաքականության հիմքում ընկած էր թուրքականության (թուրք. türkçülük) գաղափարախոսությունը, որը տեսական հիմնավորում ստացավ նրա նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիայի պաշտոնական պատմության՝ «Թարիհի» մեջ։ Արտաքին քաղաքականության բնագավառում Ա. ձգտում էր բարեկամական հարաբերություններ պահպանել Սովետական Ռուսաստանի հետ, որն անշահախնդիր օգնություն ցույց տվեց թուրք ժողովրդին նրա հակաիմպերիալիստական զինված պայքարում, ինչպես նաև ազգային տնտեսության զարգացման ասպարեզում։ 1921-ի մարտի 16-ին բարեկամության պայմանագիր կնքվեց Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հոկտեմբերին՝ Անդրկովկասի սովետական հանրապետությունների և Թուրքիայի միջև (տես Կարսի պայմանագիր 1921), 1922-ի հունվարին՝ Սովետական Ուկրաինայի և Թուրքիայի միջև։ Սակայն Ա–ի նման դիրքորոշումն ան–