Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/127

Այս էջը սրբագրված է

անցողիկ բնույթի էր և բացատրվում էր թուրք․ ազգ. բուրժուազիայի թույլությամբ, երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու համար ժամանակ շահելու նրա ձգտումով։ Ա–ի կառավարման վերջին տարիներին Թուրքիան սկսեց մերձենալ արևմտյան տերությունների հետ և մասնակցություն ունեցավ հակասովետական մի շարք գործարքներում (1936-ի Մոնտրյոյի կոնֆերանս և 1937-ի Սաադաբադի պակտ)։ Ռ. Սահակյան

ԱԹԱԼԻԿՈՒԹՅՈՒՆ (թուրք. աթալըկ – հայրություն), տոհմատիրական կարգերի սովորույթ, երբ ունևոր ծնողները նորածիններին հանձնում էին և իրենց վասալների կամ ծառաների խնամակալությանը։ Երեխան հայրենի տուն էր վերադառնում արդեն չափահաս, և դարձը նշվում էր հանդիսավորությամբ։ Ա. տարածված է եղել հին կելտերի, արաբների, Կովկասի ժողովուրդների մեջ։ Վաղ միջնադարում հայ թագավորների երեխաները դաստիարակվում էին վասալ իշխանների ընտանիքներում։ Ֆեոդալական հարաբերությունների կործանումով Ա. վերացավ։


ԱԹԱԽ, Աթթախ, գյուղաքաղաք և բերդ Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։ Կառուցվել է հավանաբար IV դարում։ Կարևոր ամրացված կետ էր Հայաստանի 387-ի բաժանման սահմանագծի վրա, հռոմեական մասում։ Ա. երբեմն հիշատակվում է որպես քաղաք, երբեմն՝ գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ՝ բերդաքաղաք։


ԱԹԱՅԱՆ Արշակ Գևորգի (1877–1937), հայ գրող, թարգմանիչ, մանկավարժ։ Ծնվել է հունիսի 20-ին, Մեծ Թաղլար գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում), սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895-ից քնարական ոտանավորներ է տպագրել «Աղբյուր», «Տարազ» և «Մուրճ» ամսագրերում։ Շրջել է Սալմաստի հայկական գյուղերը, գրել «Սալմաստ» տեղագրական ուսումնասիրությունը (1906)։ Ուսուցչությամբ է զբաղվել Համադանում և Նոր Ջուղայում։ 1922-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Առաջինը նա է հայերեն թարգմանել Մ. Գորկու «Դանկոյի սիրտը», «Կլիմ Սամգինի կյանքը» և «Մայրը»։ Բնագրից թարգմանել է նաև Օմար խայամի քառյակները։ 1921-ին, Թեհրանում և 1922-ին, Ալեքսանդրապոլում բեմադրվել է նրա «Սասունցի Դավիթ» դրաման, որը հրատարակվել է 1925-ին։

Երկ. Թույնը, Բաքու, 1897։ Զգացմունք, Բաքու, 1898; Սիրո հովիտը, Թ., 1904։


ԱԹԱՅԱՆ Ռաֆայել Արշակի (ծն. 1907), հայ սովետ. գրող, գրականագետ, մանկավարժ։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Ծնվել է հոկտ. 30-ին, Նոր Ջուղայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1927)։ Մինչև 1945-ը աշխատել է հանրապետության տարբեր թերթերի խմբագրություններում։ 1945-ից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 1962-ից մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստ–ի հայ գրականության սեկտորի վարիչն է։ Առանձին գրքերով լույս է ընծայել «Զարթոնք» (1958), «Սպարտակ» (1962), «Մրրիկի թևով» (1964) պատմավեպերը, «Դպրոցական այգի» (1963) մանկավարժական ուսումնասիրությանը։


ԱԹԱՅԱՆ Ռոբերտ Արշակի (ծն, 1915), հայ սովետ, երաժշտագետ, կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ծնվել է նոյեմբ․ 1 (20)–ին, Թեհրանում։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը (1941), ուր և 1944-ից դասավանդում է երաժշտական–տեսական առարկաներ։ 1962-ից երաժշտության տեսության և ստեղծագործության ամբիոնի վարիչն է։ Ուսումնասիրել է հայկական միջնադարյան երաժշտությունը և խազային նոտագրությունը, կազմել ու խմբագրել Կոմիտասի աշխատությունների ակադեմիական հրատարակություnը։ Հայտնի են Ա–ի կամերային–գործիքային, վոկալ ստեղծագործությունները, ժողովրդական երաժշտության, տաղերի մշակումները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկ. Ձեռնարկ հայկական ձայնագրության, Ե., 1950։ Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959։ Армянская народная песня, М., 1965; Armenische Chasen, «Beiträge zur Musik-wissenschaft» (Berlin), 1968, Heft ½.


ԱԹԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 32 կմ հարավ–արևելք։ 544 բն. (1970), հայեր։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսություն է։ Ունի ութամյա դպրոց, մանկապարտեզ, բուժկայան, կինո։ Ա. հիմնադրել են Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիները XIX դարի երկրորդ կեսին։


ԱԹԱՆԱՆ, Անթանանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճի արևելյան ափին, Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում։ Ա. 1909-ին ուներ մոտ 310 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հիմնականում երկրագործությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Գյուղն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի (կառուցված XV դ.) և վարժարան։ Ա–ի բնակիչները գործուն մասնակցություն են ունեցել Վանի 1915-ի հերոսամարտին։ Կենդանի մնացած բնակիչներն ապաստան են գտել Սովետական Հայաստանում։

Նկարում` Ա. Գ. Աթայան Նկարում` Ա. Ն. Աթանսայան


ԱԹԱՆԱՍ ՏԱՐՈՆԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), VI դարի հայ տոմարագետ։ 584-ի Դվինի ժողովի որոշմամբ աղեքսանդրյան (Էասյան) տոմարի հիման վրա վերակազմել է հայոց շարժական հին տոմարը։ Մեզ է հասել նրա՝ հետագայում խմբագրված ժամանակագրությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռ. № 2679)։


ԱԹԱՆԱՍՅԱՆ Աշոտ Նահապետի (1870–1941), հայ գյուղատնտես, խմբագիր–հրատարակիչ, երգիծաբան։ Ծնվել է փետրվարի 15-ին, Երևանում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1895)։ Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Աշխատանք», ապա «Նոր աշխատանք» շաբաթաթերթերը (1906–07) և Անդրկովկասում՝ հայկական առաջին մասնագիտական «Գյուղատնտես» հանդեսը (1909-17)։ Աշխատել է ՀՍՍՀ Հողժողկոմատում (1922–31)։ Ա. «Մուրճ», «Մշակ» և այլ պարբերականներում Ստորա–Կետ, Սալ–Ման, Դոն–Պեդրո և այլ կեղծանուններով տպագրել է (1903–20) ֆելիետոններ, ծաղրել ժամանակի բարքերը։ Գրել է նաև «Ջրվեժ» (1915) և «Սևան» (1932) պատմական պիեսները։ Մահացել է մարտի 22(ապրիլի 4)–ին, Երևանում։

Գրկ. Իշխանյան Ս. Թ., Հայ դեմոկրատական մամուլի պատմությունից, Ե., 1962։


ԱԹԱՐԱ հայկական, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Օչամչիրայի շրջանում, Կոդոր գետի ափին։ Հիմնադրել են Օրդուից գաղթած հայերը (1902–03)։ Շրջկենտրոնից՝ 32 կմ հյուսիս–արևմուտք։ 2126 բն. (1968), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ և 3 տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կինո։


ԱԹԱՐԲԵԿՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի (1892–1925), սովետական պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1908-ից։ Ծնվել է դեկտեմբերի 2 (14)–ին, Էջմիածնում։ 1910-ին ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան, 1914-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Ա. պրոպագանդիստական աշխատանք է տարել Էջմիածնում, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, Պ. Արվելաձեի, Բ. Ղարիբջանյանի, Ի. Կորոստիլենկոյի, էդ. Ամատունու հետ ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը։ Եղել է «Նոր կյանք» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ և «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի Ալեքսանդրապոլի թղթակից։ 1918-ի գարնանը, որպես Սուխումի ռազմա–հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է Վրաստանի մենշևիկյան իշխանությունների դեմ Աբխազիայում բռնկված ապստամբությանը։ Նույն թվականի ամռանը նշանակվել է Հյուսիսային Կովկասի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1919-ին աշխատել է որպես Աստրախանի երկրամասի արտակարգ հանձնաժողովի նախագահ, ապա 11-րդ բանակի հատուկ բաժնի պետ, միաժամանակ լինելով Կասպից–Կովկասյան ռազմաճակատի հատուկ բաժնի պետ։ Այնուհետև նշանակվել է Մամոնտովյան (ներքին) ռազմաճակատի հատուկ բաժնի պետ և տրիբունալի նախագահ Հարավային ռազմաճակատում։ 1920-ին, իբրև Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր, Կուբան–Սևծովյան մարզում ղեկավարել է Վրանգելի սպիտակ–գվարդիական լրտեսական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնուհետև եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձ–