Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/130

Այս էջը սրբագրված է

Նկարում` Աթենք–Պիրեա

շրջանների հետ Ա–ի ճարտարապետական տեսքին հաղորդել են անկրկնելի ինքնատիպություն։ Ա–ի տարերային հատակագծով կառուցապատումը սկսվել է մ. թ. ա. VII դ․ վերջին։ Քաղաքի պատմական կորիզը՝ Ակրոպոլիսի ժայռը, դարձավ պաշտամունքային կենտրոն, Ագորան (Ակրոպոլիսից հյուսիս–արևմուտք), Արեոպագոս և Պնիկս բլուրները՝ հասարակական և քաղաքական կենտրոններ։ Ակրոպոլիսում և նրան հարակից մասերում են անտիկ արվեստի հուշարձանների մեծ մասը։ Պերիկլեսի օրոք (մ. թ. ա. 444/443–429) ստեղծվեցին Ակրոպոլիսի հիմնական կառույցները, որոնք պարսիկների կողմից ավերված միջնաբերդը դարձրին աշխարհի գեղեցկագույն ճարտարապետական անսամբլներից մեկը։ Այն լուծված էր ազատ հատակագծման սկզբունքով, որը, զուգորդելով համամասնության և անհամամասնության տարրերը, դիտողի առջև հաջորդաբար պարզում էր ճարտարապետական մի շարք համայնապատկերներ։ Պերիկլեսի օրոք Ակրոպոլիսի կառուցապատման ընդհանուր ղեկավարությունը իրականացրեց Ֆիդիասը։ Ակրոպոլիսի կարևորագույն հուշարձաններն էին՝ շքամուտք ծառայող Պրոպիլեյները (մ. թ. ա. 437–432, ճարտ․ Մնեսիկլես), Նիկե Ապտերոսի տաճարը՝ պարսպապատի ելուստին, Պրոպիլեյների դիմաց (ավարտվել է մ․ թ․ ա․ մոտ 420, ճարտ․ Կալլիկրատես), Ակրոպոլիսի գլխավոր կառույց Պարթենոնը (մ․ թ. ա. 447–438, ճարտ. Իկտինոս և Կալլիկրատես, քանդակագործական հարդարանքը ստեղծել են Ֆիդիասի խմբի վարպետները մ․ թ. ա. 432-ին), Էրեքթեոնը (մ. թ. ա․ 421–406)։ Քաղաքի տարածքում գտնվում են տարբեր վիճակում պահպանված մեծ թվով հին հունական և հռոմեական ժամանակաշրջանների կառույցներ՝ Օլիմպիական Զևսի տաճարը (սկսվել է մ. թ․ ա. 175–164, ճարտ․ Կոսսուտիոս, ավարտվել է մ. թ․ 129–132), Հեփեստոսի տաճարը (մ. թ. ա. V դ․ 2-րդ կես), Լիսիկրատեսի խորեգիական հուշարձանը (մ. թ. ա. մոտ 335), «Հողմերի աշտարակը» (մ. թ. ա. I դ. կես), Ֆիլոպապպոսի մահարձանը (մ. թ. 114–116)։ Անտիկ Ա–ի գլխավոր դարպասների՝ Դիպիլոնի մոտ է Դիպիլոնյան դամբարանադաշտը մ. թ. ա. V–IV դդ. տապանաքարերով։ Միջին դարերից պահպանվել են գլխավորապես բյուզանդական ժամանակաշրջանի եկեղեցական ճարտարապետության հուշարձաններ՝ Այոս–Էլեֆթերիոս (XI դ.), Այի–Ապոստոլի (Ագորայում, XI դ.) եկեղեցիները։ XIX դ. գլխ. հրապարակների (Մինտագմա և Օմոնիա) ու Փողոցների (Պանեպիստիմիու, Ստադիու, Պատիսիոն) կանոնավոր հատակագիծը ստեղծվել է ճարտ․ Ս. Կլեանթիսի և գերմ. ճարտ. Է. Շաուբերտի 1832-ին առաջարկած նախագծի (մշակել է գերմ. ճարտ. Լ. Կլենցեն) հիման վրա։

Քաղաքի այս նոր կենտրոնում նեոկլասիցիզմի ոճով կառուցվել են հասարակական շենքեր՝ Հին թագավորական պալատը (այժմ՝ պառլամենտ, 1834–38, գերմ. ճարտ. Ֆ. Գերտներ, Լ. Կլենցեի մասնակցությամբ), Ազգային գրադարանը (1832) և համալսարանը (1837, երկուսն էլ դանիացի ճարտ. Խ. Կ. Հանսեն), գիտությունների ակադեմիան (1859, դանիացի ճարտ. Թ. Է. Հանսեն, ավարտվել է 1885)։ Մինչև XX դ. սկիզբը բնակելի շենքերը գերազանցապես 1–3 հարկանի էին։ Ժամանակակից քաղաքը կառուցվում է խիստ երկրաչափական հատակագծով՝ կենտրոնական փողոցներից տարածվելով բոլոր ուղղություններով։ XX դ. խոշոր շենքերից են՝ Հիլտոն–օթելը (1959–63), ԱՄՆ–ի դեսպանատան շենքը (1957-61)։

Ա–ի հայկական համայնքը հնագույններից է Հունաստանում։ Հայերի թիվն այստեղ սկսեց ավելանալ 1895–96-ի հայկական կոտորածներից հետո և հատկապես՝ 1914–18-ին ու 1922-ին։ XIX դ. վերջերից համայնքն ապրել է աշխույժ հասարակական–քաղաքական կյանքով, հրատարակվել են պարբերականներ և գրքեր, եղել են դպրոցներ, մշակութային միություններ։ 1970-ին Ա–ում բնակվում էր շուրջ 8 հզ․ հայ։ Գործում են Գալփաքյան վարժարանը (1956-ից), ՀԲԸՄ մասնաճյուղը, 60 հոգուց բաղկացած երգչախումբը, «Արարատ» մշակութային–մարզական միությունը և այլ հասարակական կազմակերպություններ։ Վ. Հարությունյան, Պ. Մարտիրոսյան

ԱԹԵՆՔ Հին, քաղաք–պետություն (պոլիս) Ատտիկայում։ Խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի (տես Հունաստան Հին) պատմության մեջ և մշակութային կյանքում։ Ըստ ավանդության, Պոլիսն առաջացել է սինոյկիսմոսի (համաբնակեցման)՝ աթենական ակրոպոլիսի շուրջը Ատտիկայի մեկուսի տոհմական համայնքների միավորման շնորհիվ, որը տևել է մի քանի հարյուրամյակ։ Այդ միավորումը վերագըր–