Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/131

Այս էջը սրբագրված է

վում է Թեսևս թագավորին։ Նրան է վերագրվում նաև աթենական համայնքի բնակչության բաժանումը եվպատրիդների, գեոմորների և դեմիուրգների։ Խոշոր հողատարածություններն աստիճանաբար կենտրոնանում էին տոհմական ազնվականության (եվպատրիդների) ձեռքում, իսկ ազատ բնակչության մեծ մասը կախման մեջ էր ընկնում նրանից։ Զարգանում էր պարտային ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Ա–ում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ։ Պահպանվում էր դեմոսի բաժանումը ֆիլաների, ֆրատրիաների և տոհմերի։ Ա. կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Գույքային անհավասարության աճին զուգընթաց խորանում էին սոցիալ–տնտեսական հակասությունները, և սրվում պայքարը տոհմային ազնվականության ու դեմոսի միջև։ Սովորութային օրենքներն առաջին անգամ գրի առնվեցին մ. թ. ա. 621-ին, արքոնտ Դրակոնի օրոք։ Դա որոշ չափով սահմանափակեց դատավոր–արիստոկրատների կամայականությունները։ Մ. թ. ա. 594-ին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոլոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք էապես փոխեցին Ա–ի սոցիալ–քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ. թ. ա. մոտ 560-ին Ա–ում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում․ հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Ա. իր ազդեցությունը տարածեց Եգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլեսպոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Կառուցվեց ջրմուղ։ Պիսիստրատոսի և նրա որդիների օրոք արքունիք հրավիրվեցին լավագույն արվեստագետներ։ Պիսիստրատոսի մահից (մ. թ. ա. 527) հետո իշխանությունն անցավ նրա երկու որդիներին, սակայն նրանք այն երկար պահել չկարողացան։ Ինչպես և ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Ա–ում կարճատև եղավ։ Իշխանությունը գրավելու տոհմային ավագանու փորձը պատճառ դարձավ դեմոսի ապստամբության՝ Կլիսթենեսի գլխավորությամբ։ Հաղթանակն ամրապնդվեց բարենորոգումներով, որոնց շնորհիվ ոչնչացվեցին տոհմական կարգերի վերջին մնացորդները, պետությունը դարձավ ստրկատերերի դասակարգի տիրապետության գործիք։ Հույն–պարսկական պատերազմներում (մ. թ. ա. 500–449) առաջատար դերը պատկանում էր Ա–ին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից էր, որոնք պաշտպանեցին հոնիական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ. թ. ա. 490), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Սալամինի ճակատամարտը (մ. թ. ա. 480), որը բեկում առաջացրեց պատերազմում, տեղի ունեցավ աթենացիների նախաձեռնությամբ և ամենից առաջ նրանց ու ստրատեգոս Թեմիստոկլեսի շնորհիվ ավարտվեց պարսիկների նավատորմի լրիվ ջախջախմամբ։ Հաջորդ տարիներին Ա., գլխավորելով Դելոսյան միությունը, որը շուտով վերածվեց աթենական ծովային տերության, ամբողջովին իր ձեռքը վերցրեց ռազմական գործողությունների ղեկավարությունը։ Ա. թևակոխեց իր առավելագույն վերելքի ժամանակաշրջանը։ Զարգացած արհեստագործության, առևտրի և ծովագնացության հիման վրա, օլիգարխիական (Արիստիդեսի, ապա Կիմոնի գլխավորությամբ) և դեմոկրատական (Թեմիստոկլեսի, հետագայում Եփիալտեսի և Պերիկլեսի գլխավորությամբ) խմբավորումների միջև սուր պայքարի պայմաններում Ա–ում հաստատվեց այն ժամանակների համար առավել առաջադիմական պետական կարգը՝ ստրկատիրական դեմոկրատիան, որը բարձր զարգացման հասավ հատկապես Պերիկլեսի օրոք (այսպես կոչված Պերիկլեսի ոսկե դարը)։ Ա–ում էին ապրում և ստեղծագործում Հերոդոտոսը, Անաքսագորասը, Ֆիդիասը, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, Արիստոֆանը։

Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Ա. բախվում էր հունական պոլիսների մի այլ խմբավորման՝ Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության հետ, որը և հանգեցրեց ամբողջ Հունաստանի համար կործանարար Պելոպոնեսյան պատերազմին (մ․ թ. ա. 431–404)։ Պարտություն կրելով Ա. ընդմիշտ կորցրեց իր առաջատար դերը Հունաստանում։ Մ. թ. ա. 338-ին Քերոնեի ճակատամարտում աթենական քաղաքական գործիչ Դեմոսթենեսի գլխավորած հակամակեդոնական կոալիցիայի պարտությունից հետո Ա. և հունական մյուս պոլիսները ենթարկվեցին Մակեդոնիայի գերիշխանությանը։ Մ. թ. ա. 146-ին Ա., ինչպես և ամբողջ Հունաստանը, ընկավ Հռոմի տիրապետության տակ։ Մ. թ. ա. 88-ին Ա. հարեց Միհրդատ VI Պոնտացու հակահռոմեական շարժմանը։ Մ. թ. ա. 86-ին Կոռնելիոս Սուլլայի զորքը գրոհով գրավեց Ա. և կողոպտեց քաղաքը։ Միայն անցյալի նկատմամբ ունեցած հարգանքից դրդված՝ Սուլլան ձևական ազատություն շնորհեց նրան։ Ա. վերջնական անկում ապրեց մ. թ. III դ. սկսած, երբ բարբարոսները ներխուժեցին Բալկանյան Հունաստան։

ԱԹԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից մոտ 36 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափին։ XX դ. սկզբին ուներ մոտ 200 հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Աթերցիները մասնակցել են Վանի 1915-ի հերոսամարտին։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները ապաստան են գտել Արևելյան Հայաստանում։


ԱԹԵՐՈՄԱՏՈԶ, հյուսվածքի փոփոխություն, երբ ի հայտ է գալիս ճարպային զանգվածից, խոլեսթերինի բյուրեղներից և կրային աղերից բաղկացած կազմափոխման օջախ։ Հաճախ հանդիպում է աթերոսկլերոզի ուժեղ արտահայտված ձևերի ժամանակ։ Ճարպակերպերը, կաթիլների կամ բյուրեղների ձևով ներդրվելով զարկերակների ներքին թաղանթում, առաջացնում են աչքով տեսանելի կետավոր, բծավոր դեղնավուն նստվածք։ Առավել արտահայտվում է աորտայի աթերոսկլերոզի դեպքում (աորտայի աղեղում, վայրէջ և որովայնային հատվածներում)։ Ա–ից հաճախ վնասվում են սրտի պսակաձև անոթները և ուղեղի զարկերակները։ Հիվանդության զարգացման որոշ շրջանում կազմափոխման օջախը փափկում է, պատռվում, և պարունակությունը թափվում է արյան անոթի լուսանցքը՝ առաջացնելով աթերոմատոզային խոց։


ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ (հուն. άθήρα – խյուս, σκλήρωσις – կարծրացում), քրոնիկական հիվանդություն, որին բնորոշ է արյան անոթների պատերի հաստացումը, կարծրացումը, առաձգականության կորուստը, լուսանցքի նեղացումը և դրանց հետևանքով օրգանների արյունամատակարարման խանգարումը։ Ա–ով հիվանդանում են հատկապես մեծահասակները, տղամարդիկ 3–5 անգամ ավելի, քան կանայք։ Ա–ի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյարդահոգեկան գերլարվածությունը, աղմուկը, աշխատանքային անբարենպաստ պայմանները ևն։ Ա–ի զարգացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, օրգանիզմի անհատական առանձնահատկությունները, շաքարախտը, պոդագրան, ճարպակալումը, լեղաքարային հիվանդությունը ևն։ Կենդանական ճարպերով հարուստ սննդանյութերի ընդունումը Ա–ի զարգացմանը նախատրամադրող գործոն է, բայց ոչ՝ սկզբնապատճառ։ Ճարպային նյութերի (խոլեսթերին) փոխանակության խանգարման հետևանքով խոլեսթերինի քանակն արյան մեջ պարբերաբար կամ տևականորեն բարձրանում է։ Իջնում է խոլեսթերինի օգտաթափման (ուտիլիզացիա) աստիճանը, դանդաղում է սննդի հետ ընդունած խոլեսթերինի ավելցուկի հեռացումն օրգանիզմից և արագանում նրա սինթեզը։ Իալեսթերինը, խյուսանման զանգվածով նստելով արյան անոթի պատերին, առաջացնում է աթերոսկլերոզային թիթեղներ։ խոլեսթերինի կուտակումն առաջ է բերում երկրորդական փոփոխություններ, աճում է շարակցական հյուսվածքը, հետագայում կրային աղերը կուտակվելով՝ կարծրացնում են արյան անոթների պատերը, որոնք կորցնելով առաձգականությունը՝ սեղմվում են և դժվարացնում արյան հոսքը, խանգարվում է հյուսվածքների և համապատասխան օրգանների սնուցումն ու գործունեությունը։ Անոթի պատերի լուսանցքի անհարթությունը նպաստում է թրոմբի առաջացմանը, որից խանգարվում է արյան շրջանառությունն ընդհուպ մինչև լրիվ ընդհատումը։ Թրոմբի առաջացմանը նպաստում են նաև արյան մակարդելիության խսւնգարումները։ Ըստ որոշ գիտնականների, արյան անոթի պատի վրա կուտակվում է թրոմբային զանգված, որը հետագայում ճարպակալվում է, խոլեսթերինը քայքայվում է և առաջացնում շարակ–