ցական հյուսվածքի աճ։ Սիրտը սնող պսակաձև զարկերակների Ա–ից կարող է առաջանալ պսակաձև զարկերակների անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ և կրծքային հեղձուկ։ Ուղեղը սնող զարկերակների Ա. առաջացնում է մտավոր գործունեության խանգարումներ (հատկապես թուլացնում է հիշողությունը), իսկ ուժեղ արտահայտված ձևերի ժամանակ՝ տարբեր բնույթի անդամալուծություն։ Երիկամները սնող զարկերակների Ա. բնորոշ է կայուն հիպերտոնիայով։ Ստորին ծայրանդամների Ա. առաջացնում է շարժողական օրգանների խանգարումներ (ընդմիջվող կաղություն), խոցեր, երբեմն՝ գանգրենա, աորտայի Ա.՝ պարկաձև անևրիզմա։ Ա–ի կանխման և բուժման համար անհրաժեշտ է խուսափել նյարդային և հոգեկան գերլարումներից, չափավորել սնունդը, կրճատել կենդանական ճարպերի օգտագործումը։
ԱԹԹԱՐ Ֆարիդ–ադ–դին Մոհամեդ բեն Իբրահիմ (մոտ 1119–մահ. թ. անհտ.), իրանա–տաջիկական բանաստեղծ, սուֆիական գրականության հիմնադիր (տես Սուֆիզմ)։ Ստեղծագործության թեման միստիկական բարոյախոսությունն է, դերվիշական աստվածաբանությունը և բանահյուսությունը։ Ա–ի գլուխգործոց «Թռչունների զրույցը» պոեմը (մոտ 1175) ազդել է Ալիշեր Նավոիի ստեղծագործությունների վրա։
ԱԹԻԼԱ (Attila, ծն. թ. անհտ. – 453), հոների առաջնորդ 434-ից (եղբոր հետ)։ 445-ին սպանելով իր եղբորը՝ Բլեդային, դարձավ միահեծան տիրակալ։ Հենվելով ներկայիս Հունգարիայի տերիտորիայում գտնվող հոնական զորակայանների վրա՝ սկսեց իր նվաճումները։ Ա–ի օրոք հոների պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ա. իրեն ենթարկեց Կովկասից մինչև Հռենոս և Դանիական կղզիներից մինչև Դանուբ ընկած երկրները, ներխուժեց Արևելա–Հռոմեական կայսրություն և Գալիա, ավերեց Հյուսիսային Իտալիան և փրկավճար վերցրեց Հռոմից։ Բայց 451-ին Կատալաունյան դաշտում պարտվեց Արևմտա–Հռոմեական կայսրության զորքերից։ Ա–ի մահից հետո հոների ռազմական միությունը քայքայվեց։
ԱԹԼԵՏԻԿԱ (հուն. άδληθις - մարտ), 1. ֆիզիկական վարժությունների կատարման և մրցումների միջոցով մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն և մարզական այլ բարձր հատկանիշներ զարգացնելու արվեստ։ Ժամանակակից հասկացությամբ, ֆիզիկական դաստիարակության բնագավառում «Ա.» տերմինը ձևականորեն պահպանվել է ծանր աթլետիկայի և թեթև աթլետիկայի անվանումներում։ Սակայն Ա. որոշ չափով հատուկ է գրեթե բոլոր մարզաձևերին։ 2. Կրկեսային արվեստի տեսակ, ընդգրկում է ուժ և ճարպկություն պահանջող վարժություններ։ Ա. Հին Հունաստանում հասել էր դասական աստիճանի, կիրառվել օլիմպիական խաղերում: Հայաստանում հայտնի է դեռևս հեթանոսական շրջանից (տես Նավասարդյան խաղեր)։ Սկսած XIX դարից կրկեսային ներկայացումներում մտցվեցին ուժային շարժաձևեր ցուցադրող համարներ։
ԱԹՄԱՃՅԱՆ Գեղամ Միհրանի (Ա. Սեմա, 1910–1940), հայ գրող, խմբագիր: Ծնվել է նոյեմբերի 18-ին, Թուրքիայի Բաֆրա քաղաքում: Մեծ եղեռնից փրկվելով՝ ապաստան է քտել որբանոցներում (Կ. Պոլիս, Կորֆու): Ապրել է Հալեպում: 1929-ին փոխադրվել է Փարիզ, հետևել Սորբոնի համալսարանի գրական ու սոցիոլոգիական դասընթացներին։ Մ.Մանուշյանի հետ հրատարակել է «Ջանք» (1930), ապա, մենակ՝ «Մշակույթ» (1935–37) գրական ամսագրերը: Ա. գրել է բանաստեղծություններ («Զրահավոր գարուն», ժողովածու,1936), թատերական երկեր («Շամիրամ»,1938, «Պարոն Կալունի», 1937), պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Ա–ի ստեղծագործությունները տոգորված են խոր հայրենասիրությամբ։ Զոհվել է 1940-ի մայիսի 19-ին մարտի դաշտում, Ֆրանսիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Երկ. Երկեր, Ե., 1966։ Գրկ. Լուսամատյան բանաստեղծ Ա. Սեմայի (Գեղամ Աթմաճյան, 1910–1940) հիշատակին, կազմ. Մ. Աթմաճյան, Փարիզ, 1970։
ԱԹՄԱՃՅԱՆ Մառի Միհրանի (ծն. 1913), հայ բանաստեղծուհի, գրական–հասարակական գործիչ սփյուռքում։ Ծնվել է մարտի 19-ին, Թուրքիայի Բաֆրա քաղաքում։ Տպագրվել է «Ջանք» գրական–հասարակական ամսագրում, ապա եղբոր՝ Գ. Աթմաճյանի «Մշակույթ» հանդեսում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում Ա. պատկերել է սփյուռքահայության կյանքը։ Լույս են տեսել «Գողգոթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Ոսկի գեղոն» (1967), «Հրեղեն աշտարակ» (1970) և այլ ժողովածուներ։ Ա. ֆրանսահայ գրողների միության նախագահն է։
ԱԹՇԻ–ԲԱԳԱՎԱՆ, Բագավան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։ Տեղադրությունը որոշվում է գավառի կենտրոն Բագավան (պարսկերեն ու արաբերեն՝ Բաջարվան) անունով։ Ա–Բ. հետագայում բնակեցվել է թալիշներով։ «Աթշի» մասնիկը ցույց է տալիս, որ այս վայրը եղել է զրադաշտական պաշտամունքի կենտրոն։
ԱԹՈՅԱՆ Հակոբ Թադևոսի (1895-1937), հայ սովետական ռազմական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է հունիսի 12-ին, Իգդիրում։ Ավարտել է տեղի ծխական դպրոցը, երկդասյան երկրագործական ուսումնարանը և Երևանի երկամյա ուսուցչական դասընթացները։ 1917-ին հեղափոխական աշխատանք է տարել Ալեքսանդրապոլի կայազորում, ընտրվել գնդի կոմիտեի անդամ։ 1920-ին Երևանում մասնակցել է Մայիսմեկյան ցույցերին։ Եղել է Հայաստանի կարմիր բանակի գնդի կոմիսար, ապա՝ հրամանատար։ 1925–28-ին սովորել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (Մոսկվա)։ 1931–37-ին 76-րդ Հայկական Կ. Վորոշիլովի անվ. լեռնահրաձգ. դիվիզիայի հրամանատար–կոմիսարն էր։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և Հայկական ՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Ա. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, Անդրկովկասյան Ֆեդերացիայի, ՀՍՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների անդամ։ Մահացել է հոկտեմբերի 5-ին։ ՍՍՀՄ Մինիստրների սովետը Ա–ին ետմահու շնորհել է գեներալ–մայորի կոչում։
ԱԹՈՌԱՄԱՍ, վանքամաս, եկեղեցական հարկ Հայաստանում XVI–XVII դդ.։ Ա. գանձվում էր ամուսնացողներից՝ դրամով կամ իրեղեն արժեքներով, մուծվում առաջնորդական աթոռի կամ վանքի գանձանակը։ Ա. չի ունեցել որոշակի չափ։
ԱԹՈՍ (Άθως) Ագիոն օրոս (Άγιον όροs– սուրբ լեռ) Աֆոն, Արևելյան Հունաստանի Քաղկեիդիկյան եռաթև թերակղզու արևելյան ելուստը։ 50 կմ ձգվում է Եգեյան ծովի մեջ. լայնությունը 10 կմ է։ Ա–ի հարավ–արևելյան մասում բարձրանում է Աթոս լեռը (բարձ. 2033 մ)։ Ա. Հունաստանի ինքնավար մարզն է ուղղափառ միաբանության տիրույթը, որ կազմված է ժայռերի մեջ ընկած 20 պարսպապատ վանքերից (հունական, բուլղարական, ռուսական ևն)։ Կառավարվում է վանքերի ներկայացուցիչների՝ «սուրբ համայնքի» կողմից։ Բարձրագույն եկեղեցական իրավասուն Կ. Պոլսի հույն պատրիարքն է։ 1946-ին Ա–ում հաշվվում էր 4900 վանական։
Հին հունական աղբյուրներում գերազանցապես հայտնի է «Սուրբ լյառ» հորջորջումով։ Վաղ միջնադարում քրիստոնեական ճգնակեցության կենտրոններից էր։ 830-ին արաբներն ավերեցին Ա.։ Մի քանի տարի անց Եվթիմեոս Կրտսերի, Հովսեփ Հայազնի ու այլոց ջանքերով անա–