ված էին առանց շաղախի միմյանց վրա շարված հղկած քարասալերից՝ զարդարված խորադիր երկրաչափական նախշերով, մարդկանց ու կենդանիների սխեմատիկ պատկերներով։ Ա–ի IV–V դդ. կիրառական արվեստը ներկայացված է, հիմնականում, ակնագործակսւն ոսկյա և արծաթյա առարկաներով՝ զարդարված կիսաթանկարժեք քարերով կամ ապակով։ Ավելի ուշ հայտնվեցին թռչունի գլխիկներով զարդարված կախիկներ և այլ զարդարանքներ։ VII–IX դդ. տարածվել են մարդակերպ ձուլածո քանդակներ, հեծյալների ֆիգուրներ, բրոնզյա դրոշմած վահանակներ՝ երկրաչափական նախշով, որոնցով զարդարում էին հագուստը և ձիու հարդարանքը։ Ա–ի արվեստի զարգացման բարձր մակարդակն են վկայում Զմեյան դամբարանադաշտից (Հյուսիսային Օսեթիա) պեղված առարկաները՝ սրի պատյանները, ոսկեզօծ վահանակները, հագուստը, հարդարանքի պարագաները, ձիու եզակի ոսկեզօծ դիմակալը, սիրամարգի ձեռագործված պատկերներով և հյուսվածքներով զարդարված կաշվե սթարների բեկորները (X–XII դդ.)։
Ա. կարևոր դեր են խաղացել Հյուսիսային Կովկասի հնագույն ժողովուրդների մշակույթի ձևավորման գործում։
Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Кулаковский Ю., Аланы по сведениям класических и византийских писателей, Киев, 1989; Еремян С. Т., Расселение горских народов Кавказа по Птолемею и Армянской географии VII века «Труды VII Международного конгресса антропологических наук, Москва, 1964», т. 8, М., 1970.
ԱԼԱՆՏՈԻՍ (հուն.άλλανδοειδής - լցված աղիքի տեսք ունեցող), տես Սաղմնային պարկ։
ԱԼԱՇԱՆ, անապատ Չինաստանում, Ալաշան լեռնաշղթայի, Ժոշույ գետի, Նանշան լեռների և Գալբին–Գոբի տափաստանների միջև։ Տարածությունը մոտ 1 մլն. կմ²։ Ալիքավոր հարթավայր է՝ դեպի հյուսիս թեքությամբ (1660–820 մ)։ Ծածկված է շարժվող ավազներով։ Տեղ–տեղ կան լճակներ, աղուտներ ու թաքիրներ։ Բուսականությունն աղքատ է։
ԱԼԱՇԱՆ (լեռնաշղթա) (Խելանշան, Ցզյալանշան), լեռնաշղթա Չինաստանում, Գանսու նահանգում։ Ձգվում է Հուանհե գետի ափով՝ նրա հովիտն անջատելով Ալաշան անապատից։ Երկարությունը 270 կմ է, բարձրությունը՝ մինչև 2855 մ (այլ տվյալներով 3600 մ)։ Մակերևույթը մասնատված է, կատարը՝ սրածայր։ Բուսականությունը ստորին գոտում անապատային է, ավելի բարձր անտառներ են և մարգագետիններ։
ԱԼԱՇԿԵՐՏ (թուրք. Էլեշկիրտ, ն. Թոփրակ–կալե), քաղաք Արևմտյան Հայաստանում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), Ալաշկերտի դաշտում, Էրզրում–Մակու (Իրան) ճանապարհի վրա։ Պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի կենտրոնը։ 3988 բն. (1960), քրդեր, թուրքեր։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Ա. հիմնադրել է Հայոց Վաղարշ Ա թագավորը II դ., ուրարտական Անաշե բնակավայրի տեղում։ Նրա անունով կոչվել է Վաղարշակերտ (Վալարշակերտ), հետագայում դարձել Ալաշկերտ։ Ա. Լուսավորչի տան կալվածքն էր, 439-ին անցավ Մամիկոնյաններին։ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ա–ում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը։ Բագրատանիների շրջանում Ա. վերելք է ապրել։ X դ. սկզբին Ա. դիմադրեց երկիր ներխուժած արաբներին և նրանց հետ դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ՝ հակառակորդը «բազում օրեր ամրոցի դեմ մարտեր մղելով ոչնչով չկարողացավ վնասել նրան»։ Ա–ում այժմ հայեր չկան։ Թուրք և քուրդ կեղեքիչների կողմից գործադրվող հարստահարության պատճառով հայերի մի մասը 1829-ին և 1878-ին գաղթել է և տեղավորվել հիմնականում ներկայիս Մարտունու և Հոկտեմբերյանի շրջաններում։ Մնացած մասը բնաջնջվել և տեղահանվել է հայկական կոտորածների տարիներին (1890–95, 1915)։ Ա–ում պահպանվել են Ա. Աստվածածին եկեղեցու (VII դ.), Ս. Կիրակոսի վանքի և հին բերդի ավերակները։
Նկարում` Ալաշկերտի դաշտը։
ԱԼԱՇԿԵՐՏԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաների միջև։ Երկարությունը (արևմուտքից արևելք) մոտ 85 կմ, լայնությունը (հյուսիսից հարավ)՝ մոտ 50 կմ, բարձրությունը՝ մինչև 1900 մ, կենտրոնական մասում՝ 1650 մ։ Ա. դ–ի հիմքում երրորդական դարաշրջանի բազալտային լավաներ են՝ ծածկված գետալճային և կավաավազային նստւխւծքներով։ Օգտակար հանածոներն են ծծումբը և տորֆը։ Կան ջերմուկներ։ Ձմեռը խստաշունչ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -10°C–ից -12°C, նվազագույնը՝ -25°C–ից -30°C, ամառը՝ զով, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ + 16°C–ից +18°C։ Տեղումները՝ մինչև 600 մմ։ Գետային ցանցը խիտ է, ձմռանը գետերից շատերը սառցակալում են։ Գլխավոր գետը Արածանին է։ Ա. դ–ում բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ ալյուվիալ։ Լանդշաֆտը մարգա գետնատափաստանային է, գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։ Ա. դ–ում բնակվող հայերն զբաղվում էին հողագործությամբ (հացահատիկ, բանջարեղեն) և անասնապահությամբ։ Ա. դ. հիմնականում համընկնում է պատմական Բագրևանդ գավառին։ Ա. դ–ի հարավ–արևելյան հատվածը հնում կոչվել է Ձիրավ, իսկ արմ. հիմնական հատվածը՝ Բագրևանդի դաշտ։
ԱԼԱՇԿԵՐՏԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1915, ռուսական բանակի պաշտպանողական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (հուլիս–օգոստոս)։ 1915-ի գարնանը գերմանա–թուրքական հրամանատարությունը փորձում էր ռազմ, ճնշման միջոցով Պարսկաստանն ու Աֆղանստանը ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Թշնամու ծրագիրը ձախողելու նպատակով ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսը (հրամանատար՝ գեն. Օգանովսկի) անցավ հարձակման և հաղթական կռիվներով թուրքական զորքերին դուրս մղեց Պարսկաստանի հս–արմ. շրջաններից, Վանա լճի և Արլ. Եփրատի ավազաններից։ Այդ գործողություններին մասնակցում էր հայ կամավորների Արարատյան ջոկատը Վարդանի հրամանատարությամբ։ Հուլիսի 8-ին 4-րդ կորպուսի զորամասերը հասան Մերգեմերի լեռնանցք–Կոպ–Լիզ–Չուխուր–Նորշեն–Կոտոմ–Շատախ գիծը՝ պատրաստվելով արշավելու Մուշ և Բիթլիս։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար թուրքական 3-րդ բանակի հարվածային զորախումբը (89 գումարտակ, 48 հեծելավաշտ և հարյուրյակ, 6-հազարանոց քրդական անկանոն զորախումբ) Աբդալ Քերիմ փաշայի հրամանատարությամբ հուլիսի 9-ին անցավ հակահարձակման՝ Կոպ–Մանազկերտ–Ալաշկերտ ուղղությամբ։ 4-րդ կորպուսը նահանջեց դեպի Հայկական պարի հարավային փեշերը։ Հայ բնակչությունը տեղահան եղավ։ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ (24 գումարտակ, 1 աշխարհազորային խումբ, 31 հարյուրյակ և հրետանի), որը հուլիսի 22-ին գեն. Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարվածեց Աբդուլ Քերիմ Փաշայի զորախմբի ձախ թևին ու թիկունքին։ Հուլիսի 23-ին զորախումբը 4-րդ կորպուսի նահանջած զորամասերի հետ անցավ հակահարձակման և, Ալաշկերտի հովիտը թուրքերից մաքրելով, օգոստոսի սկզբին գլխավոր ուժերով ամրացավ Մերգեմերի լեռնանցք–Բուրնու–Բալախ–Արճեշ գծին։ Ա. օ–ի ժամանակ թուրքերի կորուստը կազմեց ավելի քան 7000 սպանված և 4000 գերի։ Ա. օ. հեշ–