Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/140

Այս էջը սրբագրված է

Նկարում` Խուդյակովի փողոցը։

Նկարում` Ալավերղի։ «Լալվար» կինոթատրոնի շենքը։

Նկարում` Հոկտեմբերյան հեղափոխության 50–ամյակի հուշարձան–կոթողը։

Վրաստանի մենշևիկյան կառավարության զորքերը։ 1921-ի Փետր. 11-ին «Չեզոք գոտու» աշխատավորները Լոռու հեղկոմի ղեկավարությամբ ապստամբեցին և 11-րդ կարմիր բանակի օգնությամբ, համառ մարտերից հետո, տապալեցին օկուպանտների լուծը։ Ա–ում փետր. 12-ին հաստատվեց սովետական իշխանություն։

Սովետական Հայաստանի կառավարությունը 1921-ի մայիսին միջոցառումներ ձեռնարկեց Ա–ում վերականգնելու պղնձի արդյունաբերությունը, որ խիստ ընկել էր աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Անցկացվեց բանվորների ցուցակագրում, մատակարարվեցին պարեն և այլ ապրանքներ։ Սկսվեց հանքերի վերականգնումը, գործի գցվեցին ձեռնարկությունները։ Մետաղագործ–ինժեներ Ա. Սարգսյանի և լեռնային ինժեներ Հ. Մելիք–Հայկազյանի նախաձեռնությամբ Ա–ու բանվորները Հայաստանում առաջին անգամ 1921-ին թողարկեցին կարբիդ։ Ծավալվեց ծծմբաթթվի, աղաթթվի, պղնձարջասպի, երկաթարջասպի արտադրությունը։ 1924-ին Ա–ում ստացվեց պղնձի առաջին արտադրանքը։ Ա–ու պղնձաձուլական գործարանը հիմնովին վերակառուցվեց 1931–35-ին։ Երկրի ինդուստրացման լենինյան պլանի կենսագործման շնորհիվ Ա. հարստացավ նոր ձեռնարկություններով։ 1934-ին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1939-ին՝ ծծմբաթթվի, 1947-ին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ Ձորագետի հիդրոէլեկտրակայանի կառուցմամբ (1932) ընդլայնվեց Ա–ու արդյունաբերության էներգետիկ հիմքը: Երկրաբանական հետախուզությունների շնորհիվ հայտնաբերվեցին նոր հանքավայրեր։ 1945-ին պղնձարջասպի և ծծմբաթթվի գործարանների միացմամբ ստեղծվեց քիմիական գործարանը։ 1949-ին Ա–ում առաջին անգամ ստացվեց վայերբարսային պղինձ, որը որպես հումք օգտագործվում է հատկապես Երևանի կաբելի գործարանում։ 1957-ին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Ա. մտավ Սովետական Միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնների շարքը։ 1969-ին Ա–ու արդյունաբերական արտադրանքի մոտ 90% տվել են արտադրության այդ ճյուղերը։ ՍՍՀՄ տարբեր շրջաններում և արտասահմանյան տասնյակ երկրներում հայտնի է Ա–ու պղնձարջասպը։ Ա–ում զարգացել է նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը (հացի, պանրի, գարեջրի գործարաններ, տեքստիլ և կարի ֆաբրիկաներ, բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններ)։

Ա–ում կատարվել են քաղաքաշինական մեծ աշխատանքներ։ 1920–30-ին Ա–ու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը։ Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով Ա. աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը (Մադան), Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ ավանով հանդերձ, Ակները (Որնակ)։ Ա–ու հատակագծման աշխատանքներն սկսվել են 1929––30–ին, ճարտարապետ Մ. Մազմանյանի ղեկավարությամբ։ Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946-ին (ճարտ. Հ. Իսաբեկյան)։ 1959–62-ին կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը (ճարտ. Լ. Չերքեզյան)։ Ա. վերակառուցվել ու վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք։

Հաղթահարվել են ռելիեֆով պայմանավորված կառուցապատման դժվարությունները, ստեղծվել տրանսպորտային կապեր քաղաքի՝ տարբեր բարձրությունների վրա գտնվող թաղամասերի միջև։ Դեբեդի ձախ ափին, այսպես կոչված Ճալայում, որտեղ նախահեղափոխական շրջանում ֆրանսիացիների կառուցած բանվորական անշուք բարաքներն էին, բարձրացել է քարակերտ բազմահարկ շենքերի բնակելի թաղամասը։ Կառուցվել են բազմաթիվ հասարակական, արտադրական ու վարչական շենքեր, այդ թվում՝ քիմիական կոմբինատի համալիրը, մշակույթի պալատը, պիոներների պալատը, լայնէկրան կինոթատրոնը, կապի տունը, հանրախանութը, հյուրանոցը, ՀԿԿ Թումանյանի շրջկոմի և շրջսովետի շենքը ևն։ Դեբեդ և Լալվար գետերի վրա կառուցվել են նոր կամուրջներ։ Ա–ում և Սանահինում կառուցվել են 1941–45-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր–հուշսւրձաններ։ Ա–ու բնակելի ֆոնդը կազմում է 157 հզ. մ² (1966)։ Խմելու ջուր է ստանում (1944-ից) Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղի մերձակա աղբյուրներից, բնական գազ (1965-ից)՝ հանրապետության գլխավոր գազամուղից։ Ըստ հատակագծի, բնակարանային և կոմունալ շինարարությունը ծավալվել է Սանահինի սարավանդում, որտեղ կառուցվում է երկու միկրոշրջան՝ 12 հզ. մարդու համար։ Սարավանդը քաղաքի հետ կապված է խճուղով, նախագծվում է 1000 մ երկարությամբ մարդատար ճոպանուղի։

Ա. դարձել է առաջավոր մշակույթի քաղաք. գործում են 11 միջնակարգ և ութամյա դպրոց, 13 մսուր–մանկապարտեզ, 11 ակումբ՝ իրենց գրադարաններով, երաժշտական և սպորտային դպրոցներ, ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկում, տեխնիկական ուսումնարան, լայնէկրան կինոթատրոն, պիոներների պալատ, ձուլողների ու քիմիագործների մշակույթի պալատ, հիվանդանոց, պոլիկլինիկա, մարզադաշտ ևն։ Ա–ում լույս է տեսնում «Լոռի» թերթը։ 1934–51-ին գործել է Ալավերդու պետական թատրոնը, 1959-ից՝ ժողովրդական թատրոնը (այժմ՝ Թումանյանի շրջանային մշակույթի տան ժողովրդական թատրոն)։

Արդյունաբերության վերելքին և քաղաքի զարգացմանը զուգընթաց աճել է Ա–ու բնակչությունը։ 1916-ին նա ունեցել է 1185, 1939-ին՝ 10010, 1959-ին՝ 16805, իսկ 1970-ին՝ 23311 բնակիչ։ 1972-ին Ա–ու ձեռնարկությունների բանվորների թիվն անցնում էր 5 հազարից, աշխատում էին բարձրագույն կրթությամբ ավելի քան 500 մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ ևն։ Ա–ում գործում է Երևանի լեռնա–մետալուրգիական ԳՀԻ–ի բաժանմունքը։

Ա. հարուստ է պատմական հուշարձաններով։ Առանձնապես հայտնի են Սանահինի վանքը և կամուրջը։ Վերջինս կառուցել է Զաքարե Բ Մեծի և Իվանեի քույր Վանենի թագուհին 1195-ին, իր վաղամեռիկ ամուսնու՝ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին։ Կամուրջը միաթռիչք կամարով է՝ կառուցված մուգ կապտավուն բազալտե տաշված խոշոր քարերով։ Կողերից բարձրացող պատերին կան պառկած առյուծների բարձրաքանդակներ։ Ա. տվել է գիտության, մշակույթի և հասարակական–քաղաքական կյանքի ականավոր գործիչներ։ Նրանցից են՝ եղբայրներ Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանները, հնագետ Ալեքսանդր Երիցյանը, գյուղատնտ. գիտ. դ–ր, պրոֆեսոր, անասնաբույժ Խորեն Երիցյանը, սոցիալիստական աշխատանքի հերոս՝ ձուլող Արշակ Ղազարյանը, Սովետական Միության հերոս Կոստյա Խուջիևը։

Գրկ. Կոզմոյան Կ., Ալավերդի, Ե., 1966 (ունի մատենագիտական ցանկ)։