ԱԼԱՎԵՐԴԻ, կաթողիկե եկեղեցի Կախեթիայում (Արևելյան Վրաստան)։ Թելավ քաղաքից 20 կմ հս–արմ.։ Վրացական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Կառուցվել է XI դ. առաջին քառորդին։ Հատակագծում խաչաձև, գմբեթակիր կառուցվածք է, բարձրաձիգ թմբուկով։ Վերակառուցվել է XV դարում։ 1960-ական թթ. բացվել են XV դ. որմնանկարներ։ Եկեղեցու մոտակայքում կան առավել ուշ շրջանի սեղանատան (XVII դ. սկիզբ), զանգակատան, հասարակական բաղնիքի և պալատական տիպի կառուցվածքների ավերակներ։
Ալավերդի տաճարը։ XI դ. 1-ին քառորդ։
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Դերենիկ Հակոբի (ծն. 1906), սովետական տնտեսագետ։ Տնտ. գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ծնվել է օգոստոսի 15-ին, Բաքվում։ 1934-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը, ապա աշխատել Մոսկվայում որպես մարզային մանկավարժական (1937-42) և ֆինանսական (1943-61) ինստ–ների դիրեկտոր։ 1961-ից ՍՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստ–ի դիրեկտորի տեղակալն է։ Ա–ի գիտական հետազոտություններն ընդգրկում են ՍՍՀՄ ֆինանսների տեսության առանձին հարցերը։ Առաջին անգամ Ա. է զբաղվել սոցիալիզմի պայմաններում ազգային եկամտի և ֆինանսների փոխադարձ կապերի վերլուծությամբ։
Երկ. Некоторые вопросы теории советских финансов, М., 1951; Роль финансов в распределении национального дохода СССР, М., 1955; Финансовое планирование в СССР, М., 1966.
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (Մելիք–Ալավերդյան) Լևոն Ալեքսանի (1887-1963), հայ դերասան, ՎՍՍՀ ժողովրդ. արտիստ (1950)։ Ծնվել է մարտի 19(31)–ին, Թիֆլիսում։ Սովորել է ծխական, ապա՝ Ներսիսյան դպրոցում։ Բեմական առաջին քայլերն արել է Ամո Խարազյանի խմբում։ 1907-ից խաղացել է «Հայոց դրամատիկական ընկերության» խմբում (Թիֆլիս)։ 1924-ից աշխատել է Բաքվի հայկական թատրոնում, 1933-ից՝ Թբիլիսիի հայկ. դրամատիկական թատրոնում։ Հիմնականում անձնավորել է բնութագրային դերեր՝ Բրիլիանտով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Բարխուդար, Էլիզբարով, Սաղաթել (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Կրեչինսկի (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Սեմյոն պապ (Բորյանի «Բարձունքներում») ևն։ Մահացել է հունվ. 15-ին, Թբիլիսիում։
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Ռազմիկ Բեհբուդի (1916–1968), հայ սովետ․ ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ. շինարար (1964)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է դեկտ. 4-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետը (1942)։ 1951-ից աշխատել է «Հայարդնախագիծ» ինստ–ում( 1964-ից՝ շինարարական բաժնի գլխ. ճարտարապետ)։ Ա–ի նախագծերով կառուցվել են. Երևանում՝ Հայհիդրոմետծառայության շենքը, ռելեի գործարանի և հանրակացարանի շենքերը, Կիրովի անվ. քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962, Ռ. Իսրայելյանի և Զ. Խանամիրյանի հետ), Սունդուկյանի անվ. թատրոնի շենքը (1966, Ռ. Բադալյանի, Ս. Բուրխաջյանի, Գ. Մնացականյանի հետ, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1970), Կիրովականում՝ հիվանդանոց, ՀՍՍՀ գյուղերում՝ ակումբներ և դպրոցներ։ Մահացել է հուլիսի 30-ին, Երևանում։
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Սիրան Ալեքսանդրի (ծն. 1904), հայ դերասանուհի։ ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1967)։ Ծնվել է հունվարի 9(22)–ին, Բաթումում։ Բեմական գործունեությունն սկսել է 1934-ին, Երևանի Մ. Գորկու անվ. բանվորական թատրոնում։ 1935-ից աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում։ Գլխ. դերերից են՝ Անխելա (Կալդերոնի «Տիկին անտեսանելին»), Մարթա (Շիրվանզադեի «Քաոս»), Էմիլիա (Շեքսպիրի «Օթելլո»), Նատալիա, Էփեմիա, Նատո (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ»), Բարոնեսա Շտրալ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Վարվառա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»)։
Նկարում` Ռ. Բ. Ալավերդյան։ Ս. Կ. Ալավերդյան։
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Ստեփան Կարապետի (Ալավերդով Ստյոպա, 1888–1920), պրոֆեսիոնալ հեղափոխական, ռուսական երեք հեղափոխությունների մասնակից, Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից։ ՌՍԴԲԿ անդամ 1904-ից։ Ծնվել է օգոստոսի 13(25)–ին, Քութայիսում, ծառայողի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում։ 1907-ին ընդունվել և մինչև 1915 ընդմիջումներով սովորել է Մոսկվայի առևտրի ինստ–ի տնտեսագիտական ֆակուլտետում։ Հաջողությամբ պաշտպանել է դիպլոմային աշխատանք «Բնակարանային հարցը Մոսկվայում» թեմայով՝ փաստական հարուստ նյութի հիման վրա մարքսիստական դիրքերից վերլուծելով աշխատավորության համար այդ կարևոր սոցիալական խնդիրը։ Մոսկվայում Ա. կուսակցական–պրոպագանդիստական աշխատանք է տարել Զամոսկվորեցկի շրջանի ուսանողների և բանվորների մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից Ա. կանգնել է պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերում։ 1915-ի աշնանը տեղափոխվել է Թիֆլիս, այնուհետև՝ Սարիղամիշ, որտեղ և վերականգնել է բոլշևիկյան կազմակերպությունը։ 1917-ին Ա. ղեկավարել է Սարիղամիշի բոլշևիկյան կազմակերպությունը, հեղափոխական գործունեություն ծավալել Կովկասյան բանակի, հատկապես՝ Սարիղամիշի կայազորի զինվորների շրջանում, գլխավորել նրա սովետի բոլշևիկյան ֆրակցիան։ 1918-ի հունվարին Բ. Շեբոլդաևի, Ի. Կիասովի, Ֆ. Սոլնցևի, Ս. Պետրենկոյի հետ Ա. մտել է Սարիղամիշի կայազորի ռազմահեղափոխական կոմիտեի մեջ, որը ավելի քան մեկ ամիս իշխանությունը տեղում պահել է իր ձեռքում՝ կայազորը դնելով Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի տրամադրության տակ։ Սերտ կապ է պահպանել ՌՍԴԲ(բ)Կ Անդրկովկասյան երկրային և Թիֆլիսի կոմիտեների հետ, ակտիվորեն աշխատակցել «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթին։ 1918-ի հունվարին Ա. Սարիղամիշի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ էր, իսկ գարնանն ընդգրկվեց ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի կազմում։ Հեղափոխակսւն ակտիվ գործունեության համար նույն թվականի ամռանը մենշևիկյան կառավարությունը ձերբակալեց նրան և արտաքսեց Վրաստանից։ Գալով Երևան Ա. մեծ ջանքեր գործադրեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կազմակերպչորեն ձևավորելու համար։ Հայաստանի բոլշևիկների Սեպտեմբերյան խորհրդակցությունում (1919) նա ընտրվեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի անդամ։ Ա. Մայիսյան ապստամբության (1920) ակտիվ կազմակերպիչներից ու ղեկավարներից էր։ Ապստամբությունը ճնշելուց հետո դաշնակցականները ձերբակալեցին Ա–ին և 1920-ի օգոստ. 14-ին, Բ. Ղարիբջանյանի ու Ս. Մուսայելյանի հետ միասին, գնդակահարեցին Նորքի ձորում։ Ա. թաղված է Երևանում՝ 26 կոմիսարների անվ. այգում։ Ա–ի անունով են կոչվում փողոցներ՝ Երևանում, Լենինականում, Քութայիսում, հրապարակ ու փողոց՝ Թբիլիսիում, դպրոց՝ Երևանում։
Երկ. Жилищный вопрос в Москве, Е., 1961.
Գրկ. Ղարիբջանյան Գ., Ստեփան Ալավերդյան, Ե., 1952։ Նույնի, Բոլշևիկ Ստեփան Ալավերդյանի ռևոլյուցիոն գործունեությունը Սարիղամիշում 1917 թվականին, «Տեղեկագիր ՀՍՍՏ ԳԱ, հաս. գիտ.», 1951, № 11։ Նույնի, Ստեփան Ալավերղյանի ռևոլյուցիոն գործունեությունը Մոսկվայում 1907-1915 թթ., նույն տեղում, 1959, № 2։