Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/143

Այս էջը սրբագրված է

1929-ից։ Ա. պ. հ. ծագումով փոքր խորությունների միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայր է և դասվում է հրաքարային ֆորմացիային։ Հանքադաշտը կազմված է յուրայի հասակի հրաբխային բրեկչիաների, կոնգլոմերատների, տուֆերի, երբեմն՝ լափռների և ավազաքարերի հզոր շերտախմբից, որը հատված է դիաբազային պորֆիրիտների և ալբիտոֆիրների դայկաներով։ Հանքաբեր գոտին գտնվում է հրաբխածին ապարներում Ա հարում է միջօրեականի ուղղության խոշոր բեկվածքին, որի երկայնքով հանք պարունակող ապարները ջարդված են և հիդրոթերմալ կերպով փոփոխված։ Հանքամարմինները ներկայացված են շտոկներով, ոսպնյակներով, ինչպես նան երակներով ու հանքայնացման երակիկացանավոր գոտիներով։ Վերին հորիզոններում գտնվող 40-ից ավելի շտոկները և ոսպնյակներն արդեն մշակված են։ Երակները և երակիկա–ցանավոր գոտիները հայտնաբերվել են վերջերս, հանքավայրի հարավ–արևմտյան թևում և ստորին հորիզոններում։ Ամենախոշոր հանքամարմինների չափերն ըստ տարածման և անկման 100–150 մ են, իսկ հզորությունը՝ 5–30 մ։ Հանքաքարը բաղկացած է գլխավորապես պիրիտից և խալկոպիրիտից, սֆալերիտի, գալենիտի, բոռնիտի, բնածին ոսկու, քվարցի, բարիտի, կալցիտի, սերիցիտի, քլորիտի և այլ միներալների խառնուրդներից։ Պարունակում է 1,5–7% պղինձ, որոշ քանակությամբ՝ ցինկ, կապար, արծաթ, ոսկի, ինչպես նաև սելեն, տելուր։

Գրկ. Грушевой В. Г., Алавердское медное месторождение в Закавказье, «Труды главного геолого-разведочиого управления.», 1930, в. 1; Магакян И. Г., Алавердскнй тип оруденеиня н его руды, Е., 1947; Мкртчян С. С., Паффенгольц К. Н., Хачатурян Э. А., Алавердский руд-ный район, Е., 1968. Է. Խաչատրյան

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԽՄԲԱԿ, ձևավորվել է 1903-ի աշնանը՝ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի պատվիրակներ Մ. Մեյիքյանի և Ա. Կախոյանի ղեկավարությամբ։ Կազմակերպության հիմքը եղել է մարքսիստական այն խմբակը, որ 1903-ի սկզբներին ստեղծել են բանվոր–հեղափոխականներ Ս. Փիրուզյանը, Սեմյոնովը, Լ. Բիչախչևը, Վ. Չելիձեն, Ի. Խաջիևը, Մ. Աղամյանը և Ս. Էվոյանը։ Հայաստանի սոցիալ–դեմոկրատական առաջին կազմակերպություններից էր։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին, որպես մարտական բոլշևիկյան կազմակերպություն, նա ՌՍԴԲԿ Բորչալուի կոմիտեի հետ ղեկավարել է Ալավերդու բանվորական գործադուլները (տես Ալավերդու բանվորների հեղափոխական ելույթներ)։ Ստոլիպինյան ռեակցիայի տարիներին կազմակերպությունը չդադարեցրեց իր գործունեությունը։ Հեղափոխական նոր վերելքի շրջանում և աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին այն աշխատել է բոլշևիկների շուրջը համախմբել բանվորական և գյուղացիական զանգվածներին։ Ա. ս–դ. խ. կարևոր դեր է խաղացել Ալավերդում սովետական կարգերի հաստատման համար մղվող պայքարում։ Վ. Ներկարարյան


ԱԼԱՎԵՐԴՈՒ ՇՐՋԱՆ, Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանի նախկին (մինչև 1969) անվանումը։


ԱԼԱՐԵՔՍ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Փամբակի աջ վտակը։ Երկարությունը՝ 22,5 կմ, ավազանը՝ 115 կմ²։ Սկիզբ է առնում Գուգարաց լշ–ի Բովաքար գագաթի արևելյան լանջից՝ 2815 մ բարձրությունից։ Միջին հոսանքում անցնում է անտառապատ ձորով։ Սնումն առավելապես ձնա–անձրևային է. հորդանում է մայիս–հունիսին:


ԱԼԱՐԻՔ I (Alaricus, Alarich) (մոտ 370–410), վեստ գոթերի թագավոր (395-ից)։ Արշավել է Թրակիա, գրավել Աթենքը, ավերել Կորնթոսը, Արգոսը, Սպարտան։ Հռոմի Արկադիոս կայսրը Ա. I հետ հաշտություն կնքեց, նրան շնորհեց բանակի մագիստրոսի տիտղոս և նշանակեց Իլլիրիայի կուսակալ (396)։ 401-ին Ա. I ապստամբեց և ներխուժեց Իտալիա, բայց պարտվեց։ 410-ի օգոստոսի 24-ին գրավեց Հռոմը, կողոպտեց ու ավերեց այն։ Դա «հավերժական քաղաքի» առաջին գրավումն էր, որը դարձավ բարբարոսներից Արևմտյան Հռոմեական կայսրության նվաճման սկիզբը և մեծ տպավորություն գործեց ժամանակակիցների վրա։ Ա. I մահացել է Հարավային Իտալիայում՝ դեպի Սիցիլիա և Աֆրիկա արշավանքի պատրաստվելիս։


ԱԼԱՐՈԴՆԵՐ, ցեղ, որ, ըստ Հերողոտոսի, բնակվում էր Աքեմենյան աշխարհակալության XVIII սատրապության մեջ մտնող Այրարատ նահանգում։ Ա–ի մասին ուրիշ հիշատակություններ մեզ չեն հասել։ Ենթադրվում է, որ Ա. ուրարտացիների մնացորդներն էին, որոնք հայերի հետ ձուլման ճանապարհին էին գտնվում։ Ա–ի կամ արաբաների էթնիկական անունից է առաջացել Այրարատ նահանգի անունը։


ԱԼԱՓԱՐՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում։ Շրջկենտրոնից 18 կմ հվ–արմ.։ 2189 բն. (1970), հայեր։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկայան, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղը հնում կոչվել է Այլաբերք, որը տեղական բարբառում Ա. է դարձել։ 1828–30-ին Ա–ում վերաբնակվել են Մակուից և Խոյից եկած գաղթականներ։ Գյուղի կենտրոնում է գտնվում 901-ին Գրիգոր իշխանի կառուցած Վարդան զորավար եկեղեցին, որը վերակառուցվել է XIX դարում։


ԱԼԱՓԱՐՍԻ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է 1870–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թթ. սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907-ին՝ 21 աշակերտով։ 1913-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը` աղջիկ), 1921-ին՝ քառամյա։ Ա. դ–ի և 1929-ին բացված կոլտնտեսական երիտասարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրւս 1930-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935-ից միջնակարգ է։ Ա. դ. 1970–71 ուս. տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։


ԱԼԱՔԻԼԻՍԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում, Սեբաստիա քաղաքից մոտ 60 կմ արևելք։ XX դ. սկզբին ուներ ավելի քան 700 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ Ս. Մինաս եկեղեցի, Նարեկյան անունով երկսեռ վարժարան՝ 120 աշակերտով։ Մեծ եղեռնին թուրքերը տեղահան արեցին և կոտորեցին Ա–ի բնակիչներին։


ԱԼԲԱ (Alba) Ալվարես դե Տոլեդո (Alvarez de Toledo) Ֆեռնանդո (1507–1582), իսպանական զորավար և պետական գործիչ, դուքս։ Մոլեռանդ կաթոլիկ էր և միապետական, վայելում էր Ֆիլիպ II թագավորի վստահությունը։ 1567-ին նշանակվեց փոխարքա ապստամբ Նիդերլանդներում, արյան մեջ խեղդեց հեղափոխական շարժումը։ Սակայն նրա դաժան քաղաքականությունն ու մտցրած հարկերը 1572-ին առաջ բերեցին նոր ապստամբություն, որը ջախջախելու փորձերը հաջողություն չունեցան, և 1573-ին Ա. ետ կանչվեց Իսպանիա։ 1580-ին նրա հրամանատարությամբ իսպանական բանակը նվաճեց Պորտուգալիան։


ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ shqiptár – շքիպթար), ազգ, Ալբանիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Հարավսլավիայում, Իտալիայում, Հունաստանում, ՍՍՀՄ–ում և այլ երկրներում։ Ա–ի ընդհանուր թիվն ավելի քան 3,0 մլն. է, Ալբանիայում՝ շուրջ 1855 հզ. (1966)։ Լեզվի և մշակույթի առանձնահատկություններով բաժանվում են գեգերի (երկրի հյուսիսում և Հարավսլավիայում) և տոսկերի (հարավում)։ Լեզուն ալբաներենն է։ Ըստ ալբան պատմաբանների, ալբան ժողովրդի կազմավորման հիմնական տարրը եղել են իլլիրիացիները և մասամբ՝ թրակիացիները։ Հավատացյալ Ա–ի մեծամասնությունը մահմեդականներ են, մնացածը՝ քրիստոնյաներ (մոտ 20%՝ ուղղափառ, ավելի քան 10%՝ կաթոլիկ)։


ԱԼԲԱՆԵՐԵՆ, ալբանացիների, Ալբանիայի Ժողովրդական Հանրապետության պետական լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին՝ կազմելով ինքնուրույն՝ ալբանական ճյուղը։ Խոսողների թիվը՝ մոտ 3 մլն.։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային (գեգյան) և հարավային (տոսկյան), որոնց միջև կան հնչյունաբանական, քերականական և բառային զգալի տարբերություններ։ Ա. գրավոր հուշարձաններով ավանդված է XV դարից։ XIX դարում ձևավորվել է գրական լեզուն, որի գրության հիմքը կազմում է լատինական այբուբենը։ Երբեմն Ա. միավորում են ալբանա–իլլիրիական լեզվաընտանիքում, որն ընդգրկում է նաև իլլիրիերենը, մեսապերենը, վենետերենը։ Այս միավորումը վարկածային բնույթ ունի, որովհետև իլլիրիական լեզուներից մեզ հասած տվյալները խիստ սահմանափակ են և հնարավորություն չեն տալիս խնդիրը որոշակիորեն լուծելու։

Գրկ. Десницкая А. В., Албанский язык н его диалекты, Л.,1968; Meillet A. et Cohen M., Les langues du monde, 2 éd., P., 1952, p. 44-45.