ԱԼԲԱՆԻԱ (Shqipëria), Ալբանիայի ժողովրդական Հանրապետություն («Republika Poppullore e Shqipërisë»), ԱԺՀ։
Բովանդակություն. | |
I. | Ընդհանուր տեղեկություններ |
II. | Պետական կառուցվածքը |
III. | Բնությունը |
IV. | Բնակչությունը |
V. | Պատմական ակնարկ |
VI. | Քաղաքական կուսակցությունները, արհմիություններն ու հասարակական այլ կազմակերպությունները |
VII. | Տնտեսա–աշխարհագրական ակնարկ |
VIII. | Առողջապահությունը |
IX. | Լուսավորությունը |
X. | Գիտությունը և գիտական հիմնարկությունները |
XI. | Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը |
XII. | Գրականությունը |
XIII. | Ճարտարապետությունը և կերպարվեստը |
XIV. | Երաժշտությունը |
XV. | Թատրոնը |
XVI. | Կինոն |
I. Ընդհանուր տեղեկություններ
Ա. պետություն է Եվրոպայում, Բալկանյան թերակղզա արևմտյան մասում, Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Օտրանտո նեղուցով (75 կմ) անջատված է Իտալիայից։ Հյուսիսում և արևելքում սահմանակից է Հարավսլավիսւյին, հարավ–արևելքում՝ Հունաստանին։ Տարածությունը՝ 28,7 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 2,2 մլն. մարդ (1970)։ Մայրաքաղաքը՝ Տիրանա։ Վարչականորեն բաժանվում է 26 շրջանի։ Տիրանա քաղաքը առանձին վարչական միավոր է։
II. Պետական կառուցվածքը
Սոցիալիստական պետություն է։ Սահմանադրությունն ընդունվել է 1946-ի մարտի 14-ին (լրացվել և փոփոխվել է 1950-ին)։ Իշխանության բարձրագույն և օրենսդիր մարմինը՝ Ժողովրդական ժողովը, ընտրվում է 4 տարով։ Ժողովրդական ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում իշխանության բարձրագույն մարմնի ֆունկցիաները կատարում է նրա նախագահությունը (նախագահ, 3 տեղակալ, քարտուղար և 10 անդամ)։ Ժողովրդական ժողովը կազմում է իշխանության գործադիր և կարգադրիչ մարմին՝ կառավարություն (Մինիստրների խորհուրդ)։ Տեղերում իշխանությունն իրականացնում են ժողովրդական խորհուրդները, որոնք ընտրվում են 3 տարով։
III. Բնությունը
Ադրիատիկ ծովի ալբանական ափերը ցածրադիր են, քիչ կտրտված ոչ խոր ծոցերով (Դրինյան, Դուրես, Վլյորա ևն)։ Օտրանտո և Կերկիրա նեղուցների ափերը լեռնային են։ Ծովափի երկարությամբ տարածվում է 40–45 կմ լայնությամբ կուտակումային դաշտավայրը։
Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է։ Ամռանը արթավայրերում շոգ է ու չոր (միջին ջերմաստիճանը՝ 24°C), ձմռանը՝ մեղմ և խոնավ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 8°C–ից 9°C)։ Լեռներում զով է ու խոնավ, ձյունածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։ Տարեկան տեղումները՝ 1000 մմ-ից ավելի, մեծ մասը թափվում է աշնանը։ Գետերը լեռնային են, արագահոս և ունեն էներգիայի մեծ պաշարներ։ Հարթավայրային լայն հովիտներում նրանց անկումը նվազում է։ Սնումը գլխավորապես անձրևային է, գարնանը՝ ձյունային։ Հոսքն անհավասարաչափ է, ամենամեծ վարարումները լինում են ձմռանը՝ մեծացնելով ճահճակալումը ծովամերձ շրջաններում։ Ամռանը գետերը ծանծաղում են կամ չորանում։ Խոշոր գետերն են՝ Դրինը, Մատին, Շկումբինին, Սեմանին, Վոսան։ Մասամբ Ա–ին են պատկանում Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը։ Ա–ի տերիտորիայի զգալի մասը ծածկված է անտառներով, թփուտներով ու մարգագետիններով։
IV. Բնակչությունը
Մեծամասնությունը ալբանացիներ են (96%), կան նաև հույներ, վալախներ (վլախներ) ևն։
Ա. բնակչության բնական մեծ աճ ունեցող երկիր է (1000 բնակչին՝ 25–30 մարդ)։ Արևմտյան հարթավայրային մասում (տարածության ¼) կենտրոնացված է երկրի բնակչության կեսը։ Քաղաքային բնակչությունը կազմում է ⅓։ Գլխավոր քաղաքներն են՝ Տիրանան, Դուրեսը, Շկոդերը, Վլյորան, Կորչան, էլբասանը։
V. Պատմական ակնարկ
Ժամանակակից Ա–ի տարածքի հնագույն բնակիչներն էին Բալկանյան թերակղզում տարածված իլլիրիական ցեղերը։ Մ. թ. ա. VII–III դդ. հույները հիմնեցին մի շարք գաղութներ։ Մ. թ. ա. II դ․ Ա–ի տերիտորիան նվաճեցին հռոմեացիները։ Մ. թ. 395-ին Ա. մտավ Բյուզանդիայի կազմի մեջ։ V դ. Ա. խուժեցին գոթերը և հոները, իսկ VII դ. սկզբին՝ սլավոնական ցեղերը։ IX դ. Ա. մտնում էր Առաջին բուլղարական թագավորության կազմի մեջ։ 1018-ին Վասիլ II Բուլղարասպան կայսրը Ա–ում վերականգնեց բյուզանդական տիրապետությունը։ XII դ. վերջին, երբ թուլացավ Բյուզանդական կայսրությունը, Ա–ում առաջացավ ալբանական առաջին ինքնուրույն պետությունը (Արբերիական իշխանություն), և սկսեց ձևավորվել ալբան ժողովուրդը։ XIII դ. երկրորդ կեսից Ա. ընկավ ֆեոդալ, զանազան միապետությունների իշխանության տակ։ XIV դ. կեսին ամբողջ երկիրը նվաճեց սերբական թագավոր Ստեֆան Դուշանը։ 1420–30-ական թթ. Ա. ընկավ թուրքական լծի տակ։ Ալբան ժողովուրդը Սկանդերբեգի ղեկավարությամբ ապստամբեց (1443) և ազատագրեց գրեթե ամբողջ երկիրը։ Սկանդերբեգի մահից (1468) հետո ալբան ֆեոդալները պառակտվեցին, որի հետևանքով թուրքերը վերջնականապես նվաճեցին երկիրը (1479)։ Թուրքական լուծը ծանր անդրադարձավ ալբան ժողովրդի տնտ. ու քաղ.
Վարչական բաժանումը (1969)
Շրջան | Տարածությունը (հզ. կմ 2) | Բնակչությունը (հզ. մարդ) 1967-ի տվյալներով | Վարչական կենտրոնը |
---|---|---|---|
Բերատ (Berati) | 1,1 | 104,4 | Բերատ (Berati) |
Գիրոկաստրա (Gjirokastra) | 1,1 | 49,2 | Գիրոկաստրա (Gjirokastra) |
Գրամշի (Gramshi) | 0,7 | 24,0 | Գրամշի (Gramshi) |
Դիբրա (Dibra) | 1,6 | 93,8 | Պեշկոպիա (Peshkopia) |
Դուրես (Durrësi) | 0,9 | 130,4 | Դուրես (Durrësi) |
Էլբասան (Elbasani) | 1,5 | 130,4 | Էլբասան (Elbasani) |
Լեժա (Lezha) | 0,5 | 33,2 | Լեժա (Lezha) |
Լիբրաժդի (Librazhdi) | 1,0 | 42,7 | Լիբրաժդի (Librazhdi) |
Լյուշնյա (Lushnja) | 0,7 | 81,6 | Լյուշնյա (Lushnja) |
Կոլյոնյա (Kolonja) | 0,8 | 18,7 | Էրսեկա (Erseka) |
Կորչա (Korça) | 2,2 | 159,1 | Կորչա (Korça) |
Կրույա (Kruja) | 0,6 | 55,3 | Կրույա (Kruja) |
Կուկես (Kukësi) | 1.6 | 58,9 | Կուկես (Kukësi) |
Մատի (Mati) | 1,0 | 45,3 | Բուրելի (Burreli) |
Միրդիտա (Mirdita) | 0,7 | 22,5 | Ռեշենի (Rresheni) |
Շկոդեր (Shkodër) | 2,5 | 150,3 | Շկոդեր (Shkodër) |
Պերմետի (Përmeti) | 0,9 | 30,3 | Պերմետի (Përmeti) |
Պոգրադեց (Pogradeci) | 0,7 | 42,8 | Պոգրադեց (Pogradeci) |
Պուկա (Puka) | 1,0 | 27,6 | Պուկա (Puka) |
Սարանդա (Saranda) | 1,1 | 58,1 | Սարանդա (Saranda) |
Սկրապարի (Skrapari) | 0,7 | 23,0 | Չորովոդա (Çorovoda) |
Վլյորա (Vlora) | 1,6 | 120,0 | Վլյորա (Vlora) |
Տեպելենա (Tepelena) | 0,8 | 30,8 | Տեպելենա (Tepelena) |
Տիրանա (Tirana) | 1,2 | 72,6 | Տիրանա (Tirana) |
Տիրանա (քաղաք)(Tirana dyteti) | 0,03 | 169,3 | - |
Տրոպոյա (Tropoja) | 1,0 | 25,6 | Բայրամ Ցուրի (Bajram Curri) |
Ֆիերի (Fieri) | 1,2 | 139,2 | Ֆիերի (Fieri) |