Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/149

Այս էջը սրբագրված է

ԱԼԲԻՏ (<լատ. Albus – սպիտակ), միներալ, [h պլագիոկլազների խմբից, ։ Համակարգը տրիկլինային է։ Գույնը սպիտակ է՝ տարբեր երանգներով։ Կարծրությունը 6–6,5 է, խտությունը՝ 2610 կգ/մ³։ Ա. ապար կազմող տարածված միներալներից է։


ԱԼԲԻՏՈՖԻՐ, մագմատիկ ապար, կազմված է դաշտային սպաթներից (գերազանցապես՝ ալբիտ) և մասամբ՝ քվարցից։ Լինում է մոխրագույն, բաց վարդագույն կամ սպիտակավուն։ Ունի պորֆիրային կառուցվածք։ ՀՍՍՀ–ում Ա. կա Թումանյանի և Ղափանի շրջաններում։


ԱԼԲՈՒԿԵՐԿԻ (Albuquerque) Աֆոնսու դ' (1453–1515), պորտուգալացի ծովագնաց, նվաճող–գաղութարար, Փոխարքա՝ Հնդկաստանում (1510–15)։ Նվաճել է Գոան (1510), Մալական (1511), Հորմուզը (1515)։ Ձգտում էր Պորտուգալիայի առևտրական մենաշնորհը հաստատել Հարավային Ասիայում։


ԱԼԲՈՒՄԻՆՆԵՐ (լատ. albumen - սպիտակուց), պարզ սպիտակուցներ։ Գտնվում են կենդանական և բուսակաե հյուսվածքներում։ Հայտնի են՝ օվալբումինը (ձվի սպիտակուցում), սերումալբումինը (արյան շիճուկում), լակտալբումինը (կաթի մեջ) ևն։ Ա. լուծվում են ջրում, թույլ աղային, թթվային և հիմքային լուծույթներում։ Հիդրոլիզի դեպքում առաջացնում են զանազան ամինաթթուներ։ Կարևոր են օրգանիզմների կենսագործունեության համար։ Կարգավորում են ջրի պսւրունակությունը բջիջներում, մի շարք ակտիվ նյութերի հետ առաջացնում են կոմպլեքս միացություններ և մասամբ վնասազերծում օրգանիզմում առաջացած թունավոր նյութերը։ Ա. կիրառվում են սննդի, տեքստիլ արդյունաբերության և բժշկության մեջ։ Մ. Դավթյան


ԱԼԳՈԼ, β Պերսեոսի, աստղ, որի տեսանելի պայծառությունը փոփոխվում է 2,2–3,5 աստղային մեծության սահմաններում։ Ա. խավարուն–կրկնակի աստղ է, որի բաղադրիչները 2 օր 20 ժամ 49 րոպե պարբերությամբ ծածկում են մեկը մյասին։ Նման փոփոխական աստղերը կոչվում են «ալգոլի» տիպի։


ԱԼԳՈԼ, մի շարք ծրագրավորման լեզուների կրճատ անվանումը։ Կազմված է անգլերեն algorithmic (ալգորիթմական) և language (լեզու) բառերի սկզբնատառերից։ Մշակել են տարբեր երկրների մի խումբ գիտնականներ 1958–60-ին։ 1960-ի հունվարին Փարիզում կայացած միջազգային խորհրդակցությունում ընդունված լեզվի վերջնական ձևը ստացել է «Ալգոլ–60» անվանումը (ի տարբերություն նախնականի, որն անվանվում էր «Ալգոլ–58»)։

Ա–ի հիմնական սիմվոլներն են՝ տասնորդական թվանշանները, լատինական այբուբենի փոքրատառերն ու մեծատառերը, կետադրական նշանները, մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների նշանները, այլ հատուկ նշաններ և մի քանի անգլերեն բառեր, մասնավորապես՝ begin և end (սկիզբ և վերջ)։ Ա–ի հիմնական սիմվոլներից որոշակի կանոններով կազմվում են կոնստրուկցիաներ՝ թվեր և արտահայտություններ (թվաբանական, տրամաբանական ևն), նկարագրություններ, ծանոթագրություններ, օպերատորներ, որոնք, իրենց հերթին, հիմնական սիմվոլների զուգակցությամբ կազմում են ավելի բարդ օպերատորներ ևն։ Ա–ով տրված ալգորիթմն անվանում են ալգոլ–ծրագիր։ Հատուկ ծրագրի օգնությամբ այն փոխակերպվում է կոնկրետ թվանշանային հաշվողական մեքենայի լեզվով ծրագրի։

Գրկ. Алгоритмический язык АЛТОЛ-60, пер. с англ., М., 1965; Лавров С. С., Универсальный язык программирования (АЛГОЛ-б0), 2 изд., М., 1967. Ա. Բաղդասարյան


ԱԼԳՈԼՈԳԻԱ (<լատ. alga. - ծովախոտ, ջրիմուռ + հուն. λόγως - ուսմունք), գիտություն ջրիմուռների մասին, բուսաբանության բաժին։


ԱԼԳՈՐԻԹՄ (IX դարի խորեզմցի մաթեմատիկոս ալ–Խորեզմիի արաբական անվան լատիներեն Algorthmi գրադարձումից), մաթեմատիկայի այն հիմնական հասկացություններից (կատեգորիաներից), որոնք չեն սահմանվում ավելի պարզ հասկացությունների միջոցով, այլ անմիջապես վերացարկվում են փորձից։ Ա–ներ են, օրինակ, գումարման, հանման, բազմապատկման և բաժանման թվաբանական կանոնները, Էվկլիդեսի ալգորիթմը ևն։ Ընդհանրապես Ա. ասելով հասկացվում է ամեն մի ճշգրիտ հրամանագրում, որ տալիս է տվյալ Ա–ի համար հնարավոր նախնական տվյալների հավաքածուից վերցրած ցանկացած նախնական տվյալով սկսվող հաշվողական պրոցեսը (այս դեպքում ալգորիթմական կոչվող), այդ նախնական տվյալով լրիվ որոշվող արդյունքն ստանալու համար։ Օրինակ, վերը նշված Ա–ների համար հնարավոր արդյունքներ կարող են լինել տասնորդական համակարգով գրված բնական թվերը, իսկ հնարավոր նախնական տվյալներ՝ այդպիսի թվերի կարգավորված զույգերը։ Այսպիսով, հրամանագրման մեջ ալգորրթմական պրոցեսն իրագործելու հրահանգից բացի պետք է մտնեն նաև՝ 1. հնարավոր նախնական տվյալների (հ. ն. տ.) հավաքածուն և 2. այն կանոնը, ըստ որի արդյունք ստանալու հետևանքով պրոցեսը համարվում է ավարտված։ Սակայն արդյունքի անպայման ստացում չի ենթադրվում. կոնկրետ հ. ն. տ–ի համար Ա–ի կիրառման պրոցեսը կարող է անարդյունք ընդհատվել կամ բոլորովին չավարտվել։ Երբ պրոցեսն ավարտվում է (համապատասխանաբար չի ավարտվում) արդյունք ստանալով, ասում են, որ Ա. կիրառելի է (համապատասխանաբար կիրառելի չէ) դիտարկվող հ. ն. տ–ի համար։

Ա. հասկացությունը ժամանակակից մաթեմատիկայում, ամենից առաջ հաշվողական մաթեմատիկայում, գրավում է կենտրոնական տեղ։ Հաշվողական մեքենաների կատարելագործումը հնարավորություն է տալիս նրանցով իրականացնել շատ բարդ Ա–ներ։ Սակայն Ա. հասկացությունը նկարագրող ձևակերպման մեջ «հաշվողական պրոցես» տերմինը չի կարելի հասկանալ միայն թվանշանային հաշվումների նեղ իմաստով։ Այսպես, կարելի է խոսել մի լեզվից մյուսը թարգմանելու Ա–ի, գնացքների շարժման մասին ինֆորմացիան հրամանների վերածող դիսպետչերի աշխատանքի Ա–ի և կառավարման պրոցեսների ալգորիթմական նկարագրման այլ օրինակների մասին։ Հենց սրանով էլ Ա. կիբեռնետիկայի ամենակարևոր հասկացություններից է։

Ալգորիթմի օրինակ։ Որպես հ. ն. տ. և հնարավոր արդյունքներ թող ծառայեն a և b տառերի (a, b այբուբենից) ամենահնարավոր վերջավոր (այդ թվում դատարկ) հաջորդականությունները։ Պայմանավորվենք x բառի անցումը y բառին անվանել «թույլատրելի» հետևյալ 2 դեպքերում (ստորև P կամայական բառ է)՝ 1. x ունի aP տեսք, իսկ y՝ Pb, 2. x ունի baP տեսք, իսկ y՝ Paba։ Կազմվում է հրամանագրում՝ «վերցնելով որևէ բառ որպես նախնական, կատարիր թույլատրելի անցումները մինչև aaP տեսքով բառի ստացումը և կանգ առ՝ P բառը հենց արդյունքն է»։ Այս հրամանագրումը կկազմի Ա.։ Որպես նախնական տվյալ վերցնենք babaa բառը։ Մի անցումից հետո կստանանք երկրորդից հետո՝ aabaaba։ Ըստ հրամանագրման մենք պետք է կանգ առնենք՝ արդյունքը baaba է։ Որպես նախնական տվյալ վերցնենք baaba բառը։ Հաջորդաբար կստանանք՝ abaaba, baabab, abababa, bababab, babababa,… Կարելի է ապացուցել, որ պրոցեսը երբեք չի ավարտվի (այսինքն երբեք չի առաջանա aa–ով սկսվող բառը, և ստացված բառերից յուրաքանչյուրի համար կարելի է կատարել թույլատրելի անցում)։ Այժմ որպես նախնական տվյալ վերցնենք բառը։ Կստանանք baabb, abbaba, bbabab։ Այնուհետև մենք չենք կարող կատարել թույլատրելի անցումը, և, միաժամանակ, չկա կանգառի ազդանշան։ Տեղի է ունեցել այսպես կոչված «անարդյունք կանգառ»։ Ուստի, այս Ա. կիրառելի է babaa բառի և կիրառելի չէ baaba և abaab բառերի համար։

Ա–ի հիմնական հատկություններն են՝ ա. որոշակիությունը (դետերմինացվածությունը). Ա–ի իրագործման պրոցեսի ճշգրտությունն է, որ տեղ չի թողնում կամայականության համար (միևնույն տվյալներից ելնելով Ա. պետք է աշխատի խիստ միևնույն ձևով), բ. մասսայականությունը. Ա. կիրառվում է որոշակի պայմանների բավարարող բազմաթիվ խնդիրների լուծման համար, գ. արդյունավորությունը. առկա նախնական տվյալների համար վերջավոր թվով տարրական գործողությունների կատարումից հետո որոնելի արդյունք տալը, դ. դիսկրետությունը. Ա–ի բաժանվածությունն առանձին հաջորդական քայլերի, ե. ձևականացվածությունը (ֆորմալիզացումը). Ա. հիմնվում է ձևափոխվող օբյեկտի ձևական կառուցվածքի և ոչ թե նրա «իմաստի» կամ «նշանակության» վրա։

Ա–ներ գիտության մեջ հանդիպում են ամեն քայլափոխի։ Ա–ի հետ մենք փաստորեն գործ ունենք միշտ, երբ ցանկանում ենք այս կամ այն խնդիրը լուծել «ընդհանուր ձևով» (այդ խնդրի փոփոխվող պայմանների մի ամբողջ դասի համար)։ Օրի–