նական գահի թեկնածու Կոնստանտինը, նույնպես եռանդով պայքարում էր թուրքերի դեմ։ Մուրադ III սուլթանը, սպառնալով Լեհաստանի թագավոր Ստեփան Բատորիին, պահանջում էր լուրջ միջոցներ ձեռք առնել Սերպեգա եղբայրների դեմ։ Ա. Ս. դեռ չէր կազմակերպել իր զորքը, երբ նրա դեմ դուրս եկավ թուրքական մի մեծ բանակ։ Թուրքերին միացած տրանսիլվանցիները և վալաքները ներխուժեցին Յասսի։ Ա. Ս. ստիպված էր 2000-անոց զորքով ապաստանել քաղաքում։ Կամենեց–Պոդոլսկ քաղաքի հայ ժամանակագիրը վկայում է, որ Ա. Ս–ի զորքը համառորեն դիմադրել է երկու ամիս։ Բոլորովին զրկված լինելով զինապաշարից՝ Ա. Ս. 1578-ի մարտի 12-ի գիշերը փորձել է ճեղքել պաշարումը, բայց նենգությամբ ձերբակալվել է և յուրայինների հետ Կ. Պոլիս տարվելիս ճանապարհին ցցահան արվել։
Գրկ. Ալիշան Ղ., Կամենից. Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ, Վնտ., 1896, էջ 49։
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ, Լենինական քաղաքի նախկին անվանումը։
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ, ստեղծվել է 1917-ի մարտի 8-ին, Ալեքսանդրապոլի (Լենինական) կայազորի զորամասերի պատվիրակների ժողովում, սկզբում որպես զինվորական սովետ։ Գործկոմը կազմված էր գլխավորապես էսեռներից ու մենշևիկներից։ Հունիսին միավորվեց բանվորական սովետի հետ։ Հուլիսին ստեղծվեց գյուղացիական սեկցիա։ Օգոստոսից սկսեց կոչվել Ալեքսանդրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետ։ Հրատարակում էր «Սոլդատ» («Солдат») թերթը, որը 21-րդ համարից սկսած լույս էր տեսնում «Սոլդատ ի ռաբոչի» («Солдат и рабочий»), իսկ այնուհետև «Ռաբոչի ի սոլդատ» («Рабочий и солдат») անունով։ Սովետի էսեռա–մենշևիկյան մեծամասնությունը վարում էր համաձայնողական քաղաքականություն, հանդես գալիս իմպերիալիստական պատերազմը «մինչև հաղթական վախճանը» շարունակելու օգտին։ Հեղափոխական շարժման վերելքը նրան հարկադրում է միաժամանակ ընդառաջել աշխատավորների և զինվորների որոշ պահանջներին։ Սովետը կալանավորեց Ալեքսանդրապոլի ոստիկանության առանձին ծառայողների, ազատեց քաղաքական բանտարկյալներին, իր տնօրինության տակ վերցրեց զինապահեստները, կազմակերպեց միլիցիա, բանակում վերացրեց ազգային սահմանափակումները, ստեղծեց երկաթուղային կոմիսարիատ՝ վերահսկողություն հաստատելով երկաթուղու վրա, սահմանեց 8-ժամյա բանվորական օր, միջոցներ ձեռնարկեց գների աճի դեմ, կապ հաստատեց Ջուլֆայի, Կարսի, Սարիղամիշի և Թիֆլիսի զինվորական սովետների հետ։
Բոլշևիկները Պ. Արվելաձեի, Բ. Ղարիբջանյանի և մյուսների եկավարությամբ պայքար ծավալեցին սովետը նվաճելու համար։ 1917-ի հոկտ. 15-ի նիստում, չնայած էսեռների, մենշևիկների և դաշնակցականների բլոկի դիմադրությանը, սովետը՝ 181 ձայնով ընդդեմ 43-ի, որոշեց անցկացնել վերընտրություն։ Սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր ընտրվեց ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրոյի անդամ զինվոր Ի. Կորոստիլենկոն, որն այնտեղ քվեարկեց լենինյան դեկրետների օգտին։ Հոկտ. 19-ին տեղի ունեցավ զինվորական, իսկ 29-ին բանվորական սեկցիաների վերընտրություն։ Կազմվեց 87 հոգուց բաղկացած նոր գործկոմ, որտեղ բոլշևիկներն ունեին 21 ներկայացուցիչ (նախկին սովետի 347 պատգամավորներից բոլշևիկներ էին միայն 3)։ Գործկոմի համաձայնողական մեծամասնությանը հոկտ. 30-ին մերժեց ամբողջ իշխանությունը սովետներին հանձնելու բոլշևիկյան բանաձևը, պահանջեց ստեղծել «դեմոկրատական իշխանություն»։
Սովետը քաղաքում և գավառում կատարում էր պետական իշխանության ֆունկցիա։ Նրա գործունեությունն էապես կապված էր Կովկասյան բանակի զորամասերի հետ։ Երբ զորամասերն սկսեցին հեռանալ Ռուսաստան, մերկացնելով Կովկասյան ռազմաճակատը, Ալեքսանդրապոլի սովետը դադարեց գործելուց։
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից։ Ստեղծվել է 1905-ին, Ալեքսանդրապոլում (Լենինական):Հիմնադիրներից են՝ Ա. Գ. Շահինյանը, Ա. Հ. Վարդանյանը, Վ. Հ. Խաչատրյանը։ 1902–05-ին Ալեքսանդրապոլում գործում էր սոցիալ–դեմոկրատական երեք .խմբակ, կայազորում, երկաթուղային դեպոյում և քաղաքում, որոնք և դարձան Ա. բ. կ–յան հիմքը։ 1905–07-ին հեղափոխության ժամանակ կազմակերպությունը հրապարակեց կոչեր և թռուցիկներ, ղեկավարեց բանվորների ու ծառայողների գործադուլները, զինվորների ելույթները։
Ա. բ. կ. կանոնավոր գործել է մինչև1909, ապա ընդհատումներով՝ մինչև 1916։ Այնուհետև վերախմբվել է և դարձել բոլշևիկյան կազմակերպություն։ Անջատվելով մենշևիկներից՝ բոլշևիկները 1917-ի հուլիսի 16-ի համաքաղաքային ժողովում ստեղծեցին իրենց կազմակերպությունը։ Ընտրվեց ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրո, որի մեջ մտան Պ. Արվելաձեն (նախագահ), Բ. Ղարիբջանյանը (քարտուղար), Ն. Լեժավան, Վ. Տարախչյանը, Ի. Շապովալենկոն, Ի. Կորոստիլենկոն, Լ. Հովհաննիսյանը, Ֆ. Ամաշակելին և Սակարովը։ Դեկտեմբերին, երբ Պ. Արվելաձեն տեղափոխվեց Բաքու, բյուրոն գլխավորեց Բ. Ղարիբջանյանը։ Ա. բ. կ. սկսեց հրատարակել «Նոր կյանք» (հունիսից) և «Պրավդա ժիզնի» («Правда жизни», օգոստոսից) թերթերը։ Կազմակերպությունն արագ աճեց, սեպտեմբերին արդեն աներ մոտ 600 անդամ։ Կազմակերպությունն իր ազդեցությունը տարածեց Ալեքսանդրապոլում գործող արհեստակցական միությունների վրա, որոնք ձեռնարկատերերին ստիպեցին ընդունել 8-ժամյա բանվորական օր սահմանելու, աշխատավարձը բարձրացնելու և այլ պահանջներ։ Հոկտ. 7–9, ելույթ ունենալով Ալեքսանդրապոլի աշխատավորների ու զինվորների ժողովներում և գավառի գյուղացիական համագումարում, Ս. Շահումյանը կոչ արեց միացյալ ուժերով պայքարել ժամանակավոր կառավարությունը տապալելու և բանվորների ու գյուղացիների իշխանություն հաստատելու համար։
Ա. բ. կ–յան գործունեությանը նոր թափ հաղորդեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1917-ի նոյեմբերի սկզբին հրապարակած թռուցիկում բոլշևիկները սովետական իշխանությունը պաշտպանելը համարում էին աշխատավորների առաջնահերթ խնդիրը։ Նրանք պայքար ծավալեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ. 1918-ի հունվ. 21-ի ժողովում բացահայտեցին Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների քաղաքականության պառակտողական բնույթը, ցույց տվեցին, որ անջատողական ձգտումները քայքայում են Կովկասյան ռազմաճակատը հօգուտ թուրքերի։ Անդրկովկասը թուրքական ագրեսիայից փրկելու, նրա ժողովուրդների ազգային ու սոցիալ–քաղաքական ազատագրության համար Ա. բ.կ. 1918-ի ապրիլի 6–8 կայացած խորհրդակցությունում առաջարկեց ճանաչել ՌՍՖՍՀ ժողկոմսովետը և երկրամասում հռչակել սովետական իշխանություն։ Ա. բ. կ. տուժեց թուրքական օկուպացիայից։ 1919-ի սկզբներին տեղի բոլշևիկների և Բաքվից ուղարկված բանվոր կոմունիստների ջանքերով կազմակերպությունը վերականգնվեց։ Ա. բ. կ. Ալեքսանդրապոլում Մայիսյան ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարն էր։ Ապստամբության պարտությունը ծանր հարված հասցրեց կազմակերպությանը։ Այնուհանդերձ նա շարունակեց գործել։ Թուրքական զորքերի երկրորդ ներխուժման և Ալեքսանդրապոլի օկուպացիայի ժամանակ (1920 նոյեմբեր – 1921 ապրիլ) Ա. բ. կ. պայքարում էր քաղաքը զավթիչներից ազատագրելու, սովետական կարգեր հաստատելու համար։
Գրկ. Մելիք–Յոլչյան Ե., Հայաստանի բանվորական շարժման պատմությունից, 1903–07, Ե., 1930։ Ղարիբջանյան Գ. Բ., Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917–20 թթ., Ե., 1953։ Աղայան Ծ. Պ., Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–07 թթ., Ե., 1955։ Մելքոնյան Ա. Տ., Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965։
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է Ալեքսանդրապոլում (Լենինական), Շիրակի գյուղացիության ներկայացուցիչների առաջին համագումարում, 1919-ի մարտին։ Հրատարակել է «Շիրակի գյուղացիական միություն» թերթը։ Ա. զ. մ. բոլշևիկների ազդեցության տակ էր։ Հունիսին, իր երկրորդ համագումարում, հանդես եկավ դաշնակցական կառավարությունը տապալելու և սովետական իշխանություն հաստատելու պահանջով։ Ա. գ.մ. ակտիվորեն մասնակցեց Մայիսյան ապստամբությանը, որից հետո կազմալուծվեց։
Գրկ. Ղարիբշանյան Գ. Ք., Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917-20 թթ., Ե., 1953։