Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/157

Այս էջը սրբագրված է

«ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՎԱՐՔ» (այլ անվամբ՝ «Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ»), հունարեն վեպ՝ նվիրված Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի առասպելական պատմությանը։ Գրվել է II–III դդ.։ Հեղինակն անհայտ է։ Ուշ շրջանի աղբյուրները վերագրել են Եզոպոսին, Պտղոմեոսին, Արիստոտելին, Կալիսթենեսին։ Տարածված է եղել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Միջնադարյան Ֆրանսիայում վերամշակվելով դարձել է առասպելական մի շարք վեպերի հիմք։ Ռուսաստանում հայտնի է XI–XII դարերից, ի հայտ է եկել նոր մշակմամբ՝ XV–XVII դդ.։ «Ա. վ.»–ով մեծապես հետանքրքրվել են պարսկալեզու բանաստեղծները։ Ֆիրդուսու «Շահնամե»–ում առանձին գլուխ է հատկացված Ալեքսանդր Մակեդոնացուն, Նիզամի Գյանջևին գրել է «Իսքենդերնամե», Ամիր Խոսրով Դեհլևին՝ «Իսքենդերի հայելին», Ջամին՝ «Իսքենդերի իմաստության մատյան» դրվատական պոեմները։ Վեպի հայերեն թարգմանությունը կատարվել է V դ. և մեզ է հասել բազմաթիվ օրինակներով։ Միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում կա 21 ձեռագիր օրինակ։ «Ա. վ.»–ով հրապուրվել է Խաչատուր Կեչառեցին, արտագրել և յուրաքանչյուր հատվածի վերջում նյութը վերապատմել միջին հայերենով։ Տալով վեպի առանձին դրվագ հերը՝ իրենց վերաբերմունքն են արտահայտել կամ ոտանավոր–կաֆաներ գրել նաև Հովհաննես Երզնկացին, Գրիգորիս Աղթամարցին և ուրիշներ։

Գրկ. Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, Վնտ., 1842։ Տաշյան Հ., Ուսումնասիրութիւնք Ստոյն–Կալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վնտ., 1892։ Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 2, Ե., 1946, էջ 230–44։ Ավդալբեգյան Մ. Թ., Խաչատուր Կեչառեցի, Ե., 1958, էջ 57–86։ Бертельс Е. Э., Роман об Александре и его главные версии на Востоке, М.-Л., 1948.


ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, (արաբ. Ալ–Իսքանդարիա), քաղաք ԵԱՀ հյուսիսում, Միջերկրական ծովի ափին, Նեղոսի դելտայի արևմտյան եզրին։ 1,8 մլն. բն. (1966)։ Տրանսպորտային և առևտրաարդյունաբերական խոշոր կեևտրոն է, երկրի ծովային գլխավոր ավահանգիստը՝ Մահմուդիե նավարկելի ջրանցքով կապված Նեղոսի հետ։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքստիլ, ծխախոտի, բամբակազտիչ, բրնձամաքրիչ, քիմիական, նավթավերամշակման, մետաղամշակման արդյունաբերությունը, կան նավաշինական և նավավերանորոգման ձեռնարկություններ։ Ա–ով է կատարվում ԵԱՀ արտաքին առևտրի փոխադրումների 80% (գլխավորապես՝ բամբակ, բամբակի սերմ և բրինձ)։ Ունի համալսարան (1942), Հունա–հռոմեական հնությունների թանգարան (1891)։ Ա. հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվում է) մ, թ. ա. 332–331-ին՝ Ռակոտիս գյուղակի տեղում, ճարտարապետ Դեյնոկրատեսի հատակագծով։ Մ. թ. ա. 305–30-ին եղել է Պտղոմեոսների հունա–եգիպտական պետության մայրաքաղաքը։ Հելլենիստական աշխարհի, ապա Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների մշակութային և առևտրական գլխավոր կենտրոններից էր։ Հայտնի էին Ալեքսանդրիայի մուսեյոնը և Ալեքսանդրիայի գրադարանը։ I դ. Ա. մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքն էր (Հռոմից հետո)։ 641-ին Ա. անցավ արաբներին։ Թուրքերի նվաճումից հետո (1517) անկում ապրեց։ XIX դ. Ա–ի տնտեսական նշանակության բարձրացմանը մեծապես նպաստեց Սուեզի ջրանցքի բացումը (1869)։ Պահպանվել են այսպես կոչված Պոմպեոսի սյունը, մեծ գերեզմանատներ, կատակոմբներ։ Փարոս կղզու վրա եղել է Ալեքսանդրյան փարոսը։ Ժամանակակից Ա. բաժանվում է հին (խղճուկ տներ, նեղ փողոցներ) և նոր (ասֆալտապատ պողոտաներ, ժամանակակից ճարտարապետությամբ բազմահարկ շենքեր, հարմարավետ մենատներ, գեղեցիկ առափնյակ) մասերի։ Կան շատ մզկիթներ։ Ռաս–էտ–Թին (XIX դ. սկիզբ), Մունթազա (XX դ. սկիզբ) և Մուհամմեդ–Ալիի (XX դ.) պալատներն այժմ թանգարանների են վերածված։ Կենտրոնական հրապարակն է Ատ–Թահրիրը՝ ձիու վրա նստած Մուհամմեդ–Ալիի արձանով։ Ա–ում գործում են 5 թանգարան, Ազգային գրադարանը։

Ա–ում հայերը հաստատվել են քաղաքի հիմնադրման օրերից։ Զբաղվել են հիմնականում արհեստներով (հայտնի են ոսկերիչները) և առևտրով, վարել են պետական պաշտոններ։ V–VI դդ. կրթություն ստանալու համար Հայաստանից Ա. էին մեկնում հայ երիտասարդներ։ Առաջին կազմակերպված հայկական դպրոցները Ա–ում հիմնադրվել են XIX դ. երկրորդ կեսին։ 1851-ից գործում է «Արամյան», հետագայում՝ «Պողոսյան» դպրոցը։ Տարբեր ժամանակներում Ա–ում գործել են Վենետիկի Մխիթարյանների, Հ. Ոսկերչյանի «Հայկազյան», Արծրունու «Թարգմանչաց» դպրոցները, Մելքոնյան մանկապարտեզը։ Հայկական եկեղեցին (Ս. Պողոս–Պետրոս) կառուցվել է 1884-ին։ 1888–1889-ին լույս է տեսել «Նեղոս» շաբաթաթերթը, 1925–65-ին՝ «Արաքս» շաբաթաթերթը և այլ արբերականներ։ XIX դ. վերջին և XX դ. սկզբի հայկական կոտորածներից հետո մեծ թվով հայեր ապաստանեցին Ա–ում։ 1973-ին քաղաքում բնակվում էր շուրջ 5000 հայ։ Համայնքի ազգային, կրթական և հոգևոր կյանքը ղեկավարում են թեմական ժողովը (ընտրվում է ութ տարով) և առաջնորդական փոխանորդը։ Համայնքում գործում են ՀԲԸՄ Ա–ի մասնաճյուղը, «Տիգրան Երկաթ» ու «Հառաջադիմասեր» սրահները և հասարակական այլ կազմակերպություններ (տես նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետություն հոդվածի Հայերը ԵԱՀ–ում բաժինը Հ. Գրգեարյան, Գ. Բեքմեզյան


ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ, հին աշխարհի մշակութային և գիտական հռչակավոր հաստատություն։ Հիմնադրվել է մ. թ. ա. III դ. սկզբին, Ալեքսանդրիայում, Ալեքսանդրիայի մասեյոնին կից, առաջին Պտղոմեոսների ժամանակ։ Ա. գ. գլխավորել են Էրատոսթենեսը, Զենոդոտը, Արիստարքոս Սամոսացին, Կալլիմաքոսը և ականավոր ուրիշ գիտնականներ։ Ունեցել է մոտ 700 հզ. գիրք։ Հին հունական գրական ու գիտական երկերից բացի եղել են գրքեր նաև արևելյան լեզուներով։ Ա. գ–ում հատուկ գրիչներ ընդօրինակում էին գրքերը։ Գրադարանն ուներ գրացուցակ։ Գրքերի մի մասը ոչնչացվեց մ. թ. ա. 47-ին՝ Ալեքսանդրյան պատերազմի ժամանակ, մնացածը գրեթե ամբողջությամբ հրկիզվեց 273-ին, Ավրելիանոս կայսեր զորքերի կողմից ժողովրդական ապստամբությունը ճնշելու օրերին։ Վերջին գրքերը ոչնչացվեցին 642-ին՝ Օմար Խալիֆայի ժամանակ։ Ալեքսանդրիայում ուսանելու տարիներին Ա. գ–ից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում՝ Մովսես Խորենացին։


ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՄՈՒՍԵՅՈՆ, հին աշխարհի գիտական, գրական և կրթական հաստատություն։ Հիմնադրվել է մ. թ. ա. III դ.,Ալեքսանդրիայում, առաջին Պտղոմեոսների ժամանակ։ Ա. մ–ում բնակվել և աշխատել են հելլենիստական ժամանակաշրջանի հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ, գրողներ, ընդ որում՝ Արքիմեդը, Էվկլիդեսը, Էրատոսթենեսը, Կալլիմաքոսը։ Ա. մ–ում զարգացել են մաթեմատիկան, աստղաբաշխությունը, բնագիտությունը, աշխարհագրությունը, բժշկությունը, բանագիտությունը, փիլիսոփայությունը։ Ա. մ–ի ծաղկման շրջանը եղել են մ. թ. ա. III–II դդ.։ Ա. մ–ին կից էր Ալեքսանդրիայի գրադարանը։