Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/158

Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐԻՅՍԿԱՅԱ, գյուղ ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկի շրջանում, Կումա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևմուտք։ 7000 բն. (1968), ոուսներ, հայեր, ուկրաինացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ, ութամյա, գիշերօթիկ, 2 տարրական դպրոցներ, մշակույթի տուն, 3 ակումբ, հիվանդանոց, բուժկայան, դեղատուն, կենցաղային սպասարկման կոմբինատ ևն։ Գյուղը հիմնադրել են Թերեքի կազակները, 1857-ին։ Հայերը եկել են 1916-ին, Թուրքիայից։


ԱԼԵՔՍԱՆԴՐԻՏ (Ալեքսանդր II ցարի անունով), միներալ։ Քրիզոբերիլի հազվագյուտ տարբերակ։ Պարունակում է – 19,8% , – 80,2%։ Քրոմի ( - 0,4%) խառնուրդը Ա–ին տալիս է գորշավուն կանաչ գունավորում։ Արհեստական լույսի տակ ունի բալի կարմիր երանգ։ Համակարգը օրթոռոմբային է։ Կարծրությունը՝ 8,5, խտությունը՝ 3700 կգ/մ³։ Հայտնի են ՍՍՀՄ–ում Ուրսւլի, իսկ արտասահմանում՝ Բրազիլիայի, Ցեյլոնի հանքավայրերը։ Օգտագործվում է որպես թանկարժեք քար։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ Ալեքսանդր Ալեքսանդրի (ծն. 1889), հայ երաժիշտ։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1961)։ Ծնվել է սեպտեմբերի 20-ին, Շուշիում։ Ինքնաշխատությամբ սովորել է ժողովրդական գործիքներ նվազել։ 1902-ին Գ. Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլում թառահար էր, իսկ ավելի ուշ՝ ժող. անսամբլների ղեկավար։ 1921-ին տեղափոխվել է Երևան։ 1930–36-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1936–37-ին ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժող. գործիքների նվագախումբը, 1938–67-ին՝ Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլի ժողովրդական գործիքների խումբը։ Ա–ի ստեղծագործություններից են՝ «Դիլիջան», «Զույգ սև աչեր», «Զուլեյկայի պարը», «Նազելի», «Նաիրյան աղջկա պարը», «Սևանի», «Նունե» պարեղանակները։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ Ռաֆայել Արամի (ծն. 1923), հայ սովետական մաթեմատիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965)։ Ծնվել է մարտի 29-ին, Լենինականում։ 1945-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1963-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ի (այժմ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ.) դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժինը։

Ա–ի աշխատանքները հիմնականում վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը և ֆունկցիոնալ անալիզին։ Ա. հետազոտել է ոչ ստացիոնար եզրային խնդիրների լուծելիությունը Սոբոլևի տիպի մասնական ածանցյալներով հավասարումների համակարգերի համար, ինչպես նաև դրանց լուծումների որակական հատկությունները։ Ա–ի առաջարկած մեթոդը, որը հենված է դիտարկվող տիրույթի եզրագծի հատուկ տոպոլոգիական ավտոմորֆիզմների մանրազնին ուսումնասիրության վրա, հնարավորություն տվեց ստեղծել լարի տատանման համար Դիրիխլեյի խնդրի սպառիչ տեսությունը։ Առաջին անգամ իրականացնելով և հանգամանորեն ուսումնասիրելով հիպերբոլական օպերատորների վերլուծությունը ըստ սեփական ֆունկցիոնալների՝ Ա. նոր ուղղություն է հիմնել դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսության ասպարեզում։ Ա. առաջ է քաշել նաև ընդհանրացրած սեփական ֆունկցիայի գաղափարը, որը լայն զարգացում և տարածում է ստացել։ Ա–ի մշակած յուրահատուկ եղանակով հաջողվել է ստանալ նաև մի շարք ընդհանուր արդյունքներ հիլբերտյան տարածություններում ինքնահամալուծ օպերատորների սպեկտրալ տեսության բնագավառում։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱՅԳՈՒ ԴԵՊՔԵՐ 1918, բանվորական խաղաղ միտինգի գնդակոծումը Թիֆլիսի նախկին Ալեքսանդրյան այգում, փետրվարի 10-ին, Անդրկովկասյան սեյմի բացման օրը։ Ձեռնարկել էին մենշևիկները և Անդրկովկասյան կոմիսարիատում նրանց հետ բլոկի մեջ մտած կուսակցությունները։ Բոլշևիկների նախաձեռնությամբ կազմակերպված միտինգը բողոքի ցույց էր Անդրկովկասի հակահեղափոխության դեմ։ Անդրկովկասյան կոմիսարիատը բանտարկել էր բոլշևիկյան կուսակցության մի շարք ղեկավար գործիչների, փակել «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բրձոլա», «Բանվորի կռիվը» թերթերը։ Ա. ա. դ. շխատավորության մեջ բողոքի բուռն ալիք առաջացրին։ Թիֆլիսում բանվորները գործադուլ հայտարարեցին։ Գործադուլային կոմիտեն պահանջեց չեղյալ համարել Ա. Շահումյանին ձերբակալելու մասին որոշումը, ազատել բանտարկված բոլշևիկներին, ձերբակալել ու դատի տալ գնդակոծումը կազմակերպողներին։ Աակայն գործադուլը ճնշվեց, և շարունակվեցին հալածանքները։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, գրականության մեջ երբեմն այսպես է անվանվում մ. թ. ա. IV դարի վերջից մինչև I դարի վերջը ստեղծված այն մշակույթը, որի կենտրոնը Ալեքսանդրիան էր (Եգիպտոս)։ Ա. մ. կարևոր տեղ է գրավում հելլենիստական մշակույթում։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՈՏԱՆԱՎՈՐ, բանաստեղծական չափ՝ երկու հավասար մասերի բաժանված, տասներկու վանկանի տողերով, որտեղ շեշտված են 6-րդ և 12-րդ վանկերը։ Անունն ստացել է Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված պոեմից՝ գրված XII դ., Ֆրանսիայում։ Կիրառվել է ֆրանսիական կլասիցիզմի և նրա ազդեցությունը կրած գրականությունների մեջ։ Այդ չափով գրվել են էպոսներ, քնարերգական ստեղծագործություններ, չափածո դրամաներ։

Հայ միջնադարյան և նոր պոեզիայում (Ներսես Շնորհալի, Վահան Տերյան, Ազատ Վշտունի, Եղիշե Չարենց) հանդիպում է 12-վանկանոց չափը, թեև չեն պահպանված Ա. ո–ի շեշտադրության բոլոր կանոնները, օրինակ՝


«Նա նայում էր մեռնող արեգակի հրին,
Եվ չգիտեր ինչո՛ւ արտասվում էր լռին»։

(Ե. Չարենց)

ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ (մ. թ. ա. 48–47), Հուլիոս Կեսարի պատերազմը Եգիպտոսի դեմ։ Տեղի է ունեցել հիմնականում Ալեքսանդրիայի տերիտորիայում։ Գահի համար Կլեոպատրայի և նրա կրտսեր եղբայր Պտղոմեոս XIII Դիոնիսիոսի պայքարում Կեսարը նեցուկ կանգնեց Կլեոպատրային։ Նեղոսի մոտ ճակատամարտում (մ. թ.ա. 48-ին) հռոմեացիները հաղթեցին, Պտղոմեոս XIII Դիոնիսիոսն սպանվեց, Կլեոպատրան հաստատվեց եգիպտական գահի վրա։


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՓԱՐՈՍ, «աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկը, «փարոսների նախահայրը»։ Կառուցվել է Ալեքսանդրիա նավահանգստում, հողաթմբով ցամաքին միացված Փարոս կղզու հյուսիս–արևելյան անկյունում, մ. թ. ա. III դ. (ճարտ. Սոստրատես)։ Ա. փ. մոտ 120 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ էր։ Ստորին հարկն ուներ քառակուսի հատվածք (կողմի երկարությունը՝ 30,5 մ), երկրորդ հարկը՝ ութանիստ, վերին հարկը՝ կլոր (որտեղ վառվում էր կրակը)։ Փարոսը նաև դիտակետ էր ու ամրոց։ Աշտարակի վրա եղել են բրոնզե արձաններ, որոնց մի մասը քամուց շարժվելով հողմացույցի դեր է կատարել։ 1303-ի օգոստ. 7-ի երկրաշարժի ժամանակ Ա. փ. մասամբ քանդվել է, իսկ մոտ 1346-ին՝ լրիվ ավերվել։ Ա. փ–ի տեղում այժմ Կայտ–Բեյ ամրոցն է։


ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ Ալեքսանդր Վասիլևիչ (1883–1946), ռուս սովետ, կոմպոզիտոր և խմբավար։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1937), գեներալ–մայոր (1943), ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է ապրիլի 1(13)–ին, Ռյազանի նահանգի Պլախինո գյուղում։ Կազմակերպել (1928) և ղեկավարել է Սովետական բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը (այժմ՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան)։ Ստեղծագործությունները նվիրված են սովետական ռազմա–հայրենասիրական թեմային, կարմիր բանակի պատմությանը։ Ա–ի «Սրբազան պատերազմ» (խոսք՝ Վ. Ի. Լեբեդև–Կումաչի, 1941) երգը դարձավ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի երաժշտական խորհրդանշանը։ ՍՍՀՄ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1942, 1946)։ Մահացել է հուլիսի 8-ին, Բեռլինում, թաղված է Մոսկվայում։


ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ Անատոլի Պետրովիչ (ծն. 1903), ռուս սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից, ՍՄԿԿ Կենտկոմի անդամ 1966-ից։ Ծնվել է հունվարի 31(փետր. 13)–ին, Կիևի մարզի Տարաշչի քաղաքում։ 1946–55-ին ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստ–ը։ 1960-ից Ի. Վ. Կուրչատովի անվ. ատոմային էներգիայի ինստ–ի դիրեկտորն է։ Ա–ի աշխատությունները վերաբերում