Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/161

Այս էջը սրբագրված է

թողիկոսը ձգտում էին Ա. Մ–ի արքունիքի հետ ունեցած կապերն օգտագործել Հայաստանի ազատագրման խնդրում Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական աջակցությունն ստանալու համար։

Գրկ. Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959։ Армяно-русские отношения в XVII в., сб. документов, т. 1, Е., 1953.

ԱԼԵՔՍԻԱՆՈՍ ԲԺԻՇԿ (ծն. և մահ. թթ. անհտ.), միջնադարի հայ բժիշկ։ Ունի 80 գլուխներից բաղկացած դեղաբանական մի անտիպ երկ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 8185)։ Ձեռագիրը ընդօրինակված է XVI–-XVII դդ.։ Ընդգրկում է ներքին («Վասն սրտացաւի», «Վասն ստամոքացաւի», «Վասն լերդացաւի» ևն), նյարդային («Վասն գլխացաւի», «Վասն մոռացկոտի», «Վասն կապած մարդոյ» ևն), վիրաբուժական («Վասն որ մարդոյ կողն կոտրի», «Վասն որ թրի զարկած լինի», «Վասն կրակով այրածի» ևն), մաշկային («Վասն քոսի և չոր քորի», «Վասն կոծիծի» ևն) հիվանդությունները։ Ձեռագրում տեղեկություններ կան նաև անասունների հիվանդությունների մասին։

Գրկ. Անասյան Հ. Ս., հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 403 – 05։ Հ. Անասյան.


ԱԼԵՏՍԻԱՆՈՍ ԳՐԻՉ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի հայ գրիչ։ Աշխատել է Մաքենյաց վանքում։ Մեզ են հասել նրա արտագրած 3 ավետարանները (1496–1499, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 220, 3629, 6648)։


ԱԼԵՔՍԻ–ՄԵՍԽԻՇՎԻԼԻ (Ալեքսեև–Մեսխիև, Լադո Մեսխիշվիլի) Վլադիմիր Սարդիոնի (1857–1920), վրացի դերասան և ռեժիսոր։ ՎՍՍՀ ժող. արտիստ 1930, ետմահու։ Ծնվել է փետրվարի 16 (28)–ին, Թիֆլիսում։ 1890–96-ին ղեկավարել է Թիֆլիսի, 1897–1906-ին Քութայիսի վրացական դրամատիկական թատրոնները։ Ա–Մ–ի արվեստին բնորոշ էր հերոսական–ռոմանտիկական ուղղվածությունը։ Նա արտահայտել է հասարակության առաջավոր խավերի ձգտումները։ Դերերից են՝ Լևան Խիմշիաշվիլի (Էրիսթավիի «Հայրենիք»), Գոչա (Ծերեթելիի «Խարդախ Թամար»), Ռասպլյուն (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Կարլ Մոոր, Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Համլետ, Օթելլո, Ուրիել Ակոստա, Տարտյուֆ (Շեքսպիրի, Գուցկովի, Մոլիերի համանուն պիեսներում) ևն։ Բեմադրել է Շիլլերի «Ավազակներ»–ը, Հաուպտմանի «Ջուլհակներ»–ը։ Հ. Աբելյանի, Վ. Աբաշիձեի հետ պայքարել է հայ և վրաց ազգային թատրոնների գոյատևման համար։ Ա–Մ–ի անունով է կոչվում Քութայիսի դրամատիկական թատրոնը։ Մահացել է նոյեմբ. 24-ին, Թիֆլիսում։

Գրկ. უალავა․, ლალო ძეხიშვილი, თბ., 1957.


ԱԼԹԱՅ (մոնղոլ․ ալթան – ոսկյա), լեռնային համակարգ Ասիայում (ՍՍՀՄ, ՄԺՀ և ՉԺՀ սահմաններում)։ Ձգվում է Արևմտա–Սիբիրական հարթավայրից դեպի հարավ–արևելք, մինչև Գոբի անապատը։ Ա. բաժանվում է Մոնղոլական Ալթայի, Գոբիական Ալթայի և Սովետական Ալթայի (որը սովորաբար անվանում են Ալթայ)։

Սովետական Ա. գտնվում է հյուսիսային լայնության 48° և 52°–ի ու արևելյան երկայնության 82° և 90°–ի միջև, ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում և Ղազախսկան ՍՍՀ Արևելա–Ղազախստանյան մարզում։ Առավել բարձր լեռնաշղթաներն են՝ Կատունը (Բելուխա՝ 4506 մ, Ա–ի ամենաբարձր գագաթը), Հյուսիսային Չույան (Մաաշեյ–Բաշ՝ 4173 մ), Հարավային Չուլյան, Հարավային Ա., Սայլյուգեմը, Չիխաչովի, Շապշալի լեռները։ Ա–ում մեծ տարածում ունեն միջլեռնային գոգավորությունները՝ «տափաստանները» (Աբայի, Ույմոնի, Ուկոկի, Չույայի, Չուլիշմանի ևն)։ Ա. կազմված է պալեոզոյան նստվածքային, հրաբխային և մետամորֆային ապարներից, որոնք տեղախախտվել են կալեդոնյան և հերցինյան ժամանակաշրջանների տեկտոնական շարժումների հետևանքով, իսկ հետագայում (մեզոզոյ, կայնոզոյ)՝ ենթարկվել դենուդացիայի։ Ա–ի լեռնային ժամանակակից ռելիեֆը անթրոպոգենի բարձրացումների, էրոզիայի և սառցապատումների (ենթադրվում է 2 սառցապատում) արդյունք է։ Ա., հատկապես Հանքային Ալթայը (Ղազախ. ՍՍՀ–ում), հարուստ է օգտակար հանածոներով. կան բազմամետաղներ, ոսկի, երկաթ, սնդիկ, հազվագյուտ մետաղներ ևն։ Ա–ի կլիման ցամաքային է. ձմեռը՝ ցուրտ և երկարատև (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -15°C–ից -32°C), ամառը՝ զով և կարճատև (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 14°C–ից 16°C)։ Տարեկան տեղումներն արևմուտքում և հյուսիսում՝ մինչև 2000 մմ, դեպի հարավ–արևելք աստիճանաբար նվազում են մինչև 300 մմ, իսկ Չույայի տափաստանում՝ մինչև 100 մմ։ Ա–ի առավել խոշոր և ջրառատ, գետերն են՝ Կատունը, Բիյան, Բախտարման, Չարիշը։ Ավելի քան 3500 լճերից ամենախոշորներն են՝ Մարկակոլը և Տելեցկոյեն։ ժամանակակից սառցապատման ընդհանուր տարածությունը 800 կմ² է։ Ա–ում որոշակիորեն արտահայտված են հողաբուսական 3 գոտիներ. տափաստանային (հյուսիսում՝ մինչև 500–600 մ, իսկ հարավում՝ 1000–1500 մ բարձրությամբ), անտառային՝ մինչև 1700–2450 մ բարձրությամբ (զբաղեցնում է տերիտորիայի մոտ 70%), բարձր լեռնային՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ և լեռնային տունդրա։ Տափաստաններում տարածված են մանր կրծողները, արծիվը, մանրաբազեն, անտառներում՝ արջը, լուսանը, սամույրը, սկյուռը, խլահավը, անտառակաքավը., մայրահավը, խաչկտուցը, բարձր լեռնային գոտում՝ հյուսիսային եղջերուն, լեռնային այծը, ալթայան ծվծվանը ևն։ Ա–ի տնտեսության մասին տես՝ Ալթայի երկրամաս, Արևելա–Ղազախստանյան մարզ, Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզ։

Գրկ. Սուսլով Ս. Պ., ՍՍՀՄ ֆիզիկական աշխարհագրություն, պր. 1, մաս 1–2, Ե., 1950։ Гвоздецкий Н. А. и Михайлов Н. И., Физическая география СССР, ч. 2, М., 1963.


ԱԼԹԱՅԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ (սխալ անվանմամբ՝ թյուրք – թաթարական լեզուներ), լեզվաընտանիք, որը բաժանվում է երեք խմբի՝ թյուրքական լեզուներ, մոնղոլական լեզուներ և տունգուս–մանջուրական լեզուներ։ Ա. լ., որոնց մի մասի ցեղակցությունը դեռևս հիմնավորապես ապացուցված չէ, բավական մեծ թիվ են կազմում և սփռված են Խաղաղ օվկիանոսից մինչև Փոքր Ասիա։ Որոշ լեզվաբաններ գտնում են, որ Ա. լ. ծագում են մի ընդհանուր հիմք լեզվից, ուրիշները դրանց միջև եղած նմանությունները բացատրում են լեզվական փոխազդեցությամբ, իսկ ոմանք էլ Ա. լ. միավորում են ուգրո–ֆիննական լեզուների հետ, մեկ ընդհանուր՝ ուրալ–ալթայական լեզվաընտանիքում:

Ա. լ. բնորոշվում են համապատասխան լեզվական–քերականական կարգերով ու հատկանիշներով, արմատը հաստատուն հնչյունական կազմով գործածվում է իբրև ինքնուրույն բառ, բառակապակցությունը և բառակազմությունը տեղի են ունենում ածանցների՝ արմատին կցվելու միջոցով, համեմատական աստիճանն արտահայտելու համար սովորաբար օգտագործվում է անվան բացառական հոլովը, շատ լայն գործածություն ունեն բայի անդեմ՝ դերբայական ձևերը, ենթական դրվում է նախադասության սկզբում, ստորոգյալը՝ վերջում ևն։ Ա. լ–ում բացակայում է սեռի քերականական կարգը, բնորոշ չեն նախածանցներն ու նախադրությունները և, ընդհակառակն, սովորական են ետադրությունները, որոնք այս կամ այն հոլովով արտահայտված խնդրառություն ունեն։

Գրկ. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների, Ներածություն, Ե., 1955, էջ 540–44։ Рамсдетд Г. И., Введение в алтайское языкознание. Морфология, пер. с нем., М., 1957. Է. Աղայան


ԱԼԹԱՅԱՆ ՑԵՂ ոչխարի, նրբագեղմ, բրդամսատու ցեղ։ Ստացվել է ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում։ Հաստատվել է 1949-ին։ Այդ ցեղի ոչխարները խոշոր են, ունեն ամուր կազմվածք, պարանոցի վրա՝ 1–3 մաշկային ծալք։ Խոյերի միջին կենդանի քաշը 90–100 կգ է, մաքիներինը՝ 55–65 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 9–11 և 6–6,5 կգ, բրդի երկարությունը՝ 7–10 սմ: Բուծվում է Ալթայի երկրամասում, Աիբիրում, Հյուսիսային Ղազախստանում և Ուրալում։


ԱԼԹԱՅԵՐԵՆ (մինչև 1948՝ օյրոտերեն), ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի Լեռնային Ալթայի ԻՄ ժողովրդի լեզուն, որով խոսում է 49 հզ. մարդ (1970)։ Պատկանում է թյուրքական լեզուների արևելյան ճյուղի կիրգիզա–ղփչաղական խմբին։ Ունի վեց բարբառ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հյուսիսային (տուբա, քումանդինի, չալկանյան) և հարավային (ալթայական, տելենգիտ, տելեատյան)։ ժամանակակից Ա. գրական լեզուն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ բան ալթայական (ալթայկիժի) բարբառի հիման վրա։ Գրության հիմքը 1928–38-ին եղել է լատինական, հետագայում՝ ռուսական այբուբենը։ (Տես նաև Ալթայական Լեզուներ

Գրկ. Дыренкова Н. П., Грамматика ойротского языка, М.-Л., 1940; Баскаков Н. А., Алтайский язык, М., 1958.