Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/164

Այս էջը սրբագրված է

Ծնվել է հոկտեմբերի 20-ին։ Ավարտել է Օրենբուրգի ռուսական դպրոցը, աշխատել որպես ղազախական դպրոցների տեսուչ։ Ռուսական այբուբենով 1879-ին հրատարակել է «Կիրգիզական քրեստոմատիա» և «Կիրգիզներին ռուսերեն ուսուցանելու նախնական ուղեցույց» դասագրքերը։ Մահացել է հուլիսի 17-ին։

ԱԼԹՈՒԲԻՆԱԼ (ն․ Ալթի Բինալուղ), հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փշիշ գետի ձախ աֆին, շրջկենտրոնից 77 կմ հյուսիս–արևելք։ 174 բն․ (1970)։ Մտնում է Գունայկայի թեյագործական սովետական տնտեսության մեջ։ Բնակիչները զբաղվում են նան եգիպտացորենի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղը հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայերը, 1878-ին։


ԱԼԹՈՒՆՅԱՆ (Ալթունտյուրի) եղբայրներ՝ Առաքել (1840–1886) և Ստեփան (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ թատերական գործիչներ։ 1859-ին Կ․ Պոլսի Խասգյուղ թաղամասում հիմնել են Տայկյան թատրոնը, կառուցել հատուկ շենք, Ս․ Պենկլյանի, Մ․ Մնակյանի, Ս․ Էքշյանի, Պ․ Մաղաքյանի մասնակցությամբ բեմադրել հայ պատմական ողբերգություններ։ 1861-ին իրենց նյութական միջոցներով մասնակցել են «Արևելյան թատրոնի» հիմնադրմանը, իտալերենից և ֆրանսերենից կատարած թարգմանություններով («Ալպյանց հովվուհին», «Ֆրանչեսկա դա Ռիմինի», «Հավատք, հույս, սեր», «Պիեռ դ՚Արեցցո», «Ռոբերտ ավազակապետ», «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին» ևն) հարստացրել խաղացանկը։ 1864-ին, կառուցելով նոր շենք, աջակցել են «Արևելյան թատրոնի» վերաբացմանը (1865)։


ԱԼԹՈՒՆՅԱՆ Գևորգ Կարապետի (1881 – 1947), հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ։ Ծնվել է օգոստոսի 10-ին, Ախալքալաքում։ Սովորել է տեղի դպրոցում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1911-ին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Դասավանդել է Գևորգյան ճեմարանում և Լենինականի դպրոցներում։ Գրել է «Գերմանական նոր գրականության պատմություն»–ը (1914), աշխատություններ գեղարվեստական խոսքի առանձնահատկությունների մասին, թարգմանել Գյոթեի «Ստելլա» (1902), «Իփիգենիան Տավրիդայում» (1914), Հ․ Զուդերմանի «Հոգսը» (1913) գործերը։ Ա–ի «Սասունցի Դավիթ», «Արտաշես թագավոր և Սաթենիկ» պիեսները (1921, անտիպ) բեմադրվել են հայկական թատրոններում։


ԱԼԹՈՒՆՅԱՆ Թաթուլ Տիգրանի ( 1901 – 1973), հայ սովետ, խմբավար, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ ՀՍՍՀ V–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ծնվել է հոկտեմբերի 2-ին, Ադանայում։ 1915-ին գաղթել է Երևան։ Ավարտել է Երևանի (1928) և Լենինգրադի (1934) կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռ․ Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վ․ Շպեռլինգ, Ֆ․ Նեյման) որակավորում։ 1935–36-ին վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը։ Ա․ ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937–39, 1947–49), Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը (1938–70), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966–69)։ Խմբերգային արվեստի վարպետ է։ Նրա վարած երգչախմբերի կատարմամբ ինքնատիպ մեկնաբանությամբ հնչել են Կոմիտասի «Գարուն ա», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Կարա–Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Ս․ Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային շատ ստեղծագործություններ։ Ա․ հայկական երգի–պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ս․ Մելիքյանի ու իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամ բաջի», «Քա, դե եսիմ», «Չաման յար» ևն) և գուսանական երգեր։ Անսամբլի հետ համերգներով շրջագայել է ՍՍՀՄ–ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում, ԵԱՀ–ում։ Հայկական գաղթավայրերում նպաստել է տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության աճին։ Ա–ի անունով են կոչվում Կահիրեի, Բուենոս Այրեսի, Շումենի հայկական անսամբլները։ 1934-ից Ա․ աշխատում է Երևանի կոնսերվատորիայում որպես խմբավարության դասատու (1971-ից՝ պրոֆեսոր)։ 1958-ից Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահն է։ Ա․ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1950)։ Մահացել է նոյեմբ․ 29-ին, Երևանում։

Երկ․ Հայ ժողովրդական երգեր և պարեր Թ․ Ալթունյանի մշակմամբ երգի ու պարի անսամբլի համար, հ․ 1–3, Ե․, 1954–1964։

Գրկ․ Խանջյան Հ․, Երգը կանչում է, Ե․, 1961։ Բրուտյան Մ․, Թաթուլ Ալթունյան, Ե․, 1962։ Մ․ Բրուտյան


ԱԼԹՈՒՆՅԱՆ Հովհաննես (Ալթըն Ժան, 1709–1774), հայազգի գյուղատնտես Ֆրանսիայում։ Ծնվել է Նախիջևանի գավառի ճահուկ գյուղաքաղաքում, գավառապետի ընտանիքում։ Թամազ ղուլի–խանի (Նադիր Շահ) արշավանքների ժամանակ (1726) Ալթունյան ընտանիքը, բացի Հովհաննեսից, ոչնչացվել է։ Երիտասարդ Ա․ վաճառվել է և որպես ստրուկ՝ տարվել Անատոլիա, որտեղ 14 տարի աշխատելով տորոնի դաշտերում յուրացրել է նրա մշակման եղանակը։ Անատոլիայից Ա․ փախել և ապավինել է Զմյուռնիայի ֆրանսիական հյուպատոսին՝ իր հետ ունենալով տորոնի սերմերը (թուրքական օրենքով տորոնի սերմը երկրից դուրս տանողին մահապատիժ էր սպառնում)։ Հյուպատոսի օգնությամբ Ա․ հասել է Ֆրանսիա և հաստատվել Ավինյոն քաղաքում։ Մեծ դժվարություններից հետո, 1758-ին, Ֆրանսիայի հարավում, Եվրոպայում առաջին անգամ, Վոկլյուզի դեպարտամենտում Ա–ին հաջողվել է մտցնել տորոնի մշակությունը, որը որպես ալիզարինի (ներկանյութ) հումք շահաբեր աղբյուր է դարձել տեղի բնակչության համար։ 1821-ին, ի պատիվ Ա–ի, ֆրանսիացիները հուշատախտակ են դրել դեպարտամենտի կենտրոն Ավինյոնի Կալվե թանգարանում, իսկ 1846-ին, պատշաճ գնահատելով Ա–ի վաստակը, Նոթր–Դամ դը Գոմ ժայռի վրա վոկլյուզցիները կանգնեցրել են նրա բրոնզե արձանը՝ «Տորոնը ներմուծող ժան Ալթընին երախտագետ վոկլյուզցիներից» մակագրությամբ։ Գ․ Գրձելյան


ԱԼԹՈՒՆՅԱՆ Մարտիրոս Հակոբի (1888–1958), հայ ճարտարապետ։ Ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Կրթությունն ստացել է Փարիզի Գեղարվեստի Ազգային բարձրագույն դպրոցում։ Զուգահեռաբար ուսանել է նկարչություն։ 1919-ին տեղափոխվել է Բեյրութ, աշխատել որպես ճարտարապետ և նկարիչ։ Նախագծել և կառուցել է Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1940), Երուսաղեմի Ս․ Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957) և այլ եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ։ Նա նկարել է Անթիլիասի Ա․ Գրիգոր Լուսավորիչ տաճարի «Տրդատի թագադրումը», Երուսաղեմի