Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/168

Այս էջը սրբագրված է

քավայրի պաշարները սպառվելու պատճառով ֆոսֆորիտների արդյունահանումը կրճատվել է. շահագործման է հանձնվել Ջեբել–Օնկի նոր հանքավայրը։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը 1967-ին կազմել է 1,2 մլրդ. կվտ. ժ, որից 781 մլն. կվտ. ժ արտադրել են ՋԷԿ–երը։ Մշակող արդյունաբերությունից զարգացած են սննդհամի, մետաղամշակման, տեքստիլի և կարի, նավթավերամշակման, քիմիական, կաշվի–կոշիկի, ցեմենտի արտադրության ճյուղերը։ 1972-ի մայիսի 16-ին առաջին պողպատը տվեց Էլ–Հաջարի մետալուրգիական կոմբինատը Աննաբա քաղաքում, որը կառուցվել է Լենինգրադի մետալուրգիական գործարանների նախագծման ինստ–ի մշակած նախագծով և սովետական մասնագետների մասնակցությամբ։ Կոմբինատի 1-ին հերթի կարողությունը տարեկան 410 հզ. տ է։ 1971-ի նոյեմբերին ստորագրված համաձայնությամբ ՍՍՀՄ կաջակցի 2-րդ հերթի կառուցմանը, որով կոմբինատի կարողությունը կհասնի տարեկան 1,8–2 մլն. տ։

Տրանսպորտը։ Երկաթուղին 4,2 հգ. կմ է, էլեկտրիֆիկացված՝ 240 կմ (1966)։ Գլխավոր մայրուղին՝ Ուջդայից (Մարոկկո) Գարդիմաու (Թունիս) անցնում է Հյուսիսային Ա–ի տնտեսական կարևոր կենտրոններով (Օրան, Ալժիր, Կոնստանտինա)։ Ավտոճանապարհների երկարությունը 18,2 հզ. կմ է (1966)։ 1967-ին Ա–ում կար 98 հզ. մարդատար և 80,2 հզ. բեռնատար ավտոմոբիլ։ Զարգացած է նավթամուղների (մոտ 2760 կմ) և գազամուղների (800 կմ) ցանցը։ Կարևոր նավահանգիստներն են՝ Բեջաիան, Ալժիրը, Աննաբան, Օրանը։ Արագորեն աճում է օդային տրանսպորտը։ Կան 65 օդանավակայաններ։ Միջազգային օդանավակայաններ են՝ Ալժիրը (Դար–էլ–Բեյդա), Աննաբան և Օրանը։

1962–67-ին Ա–ի և ՍՍՀՄ միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 4 անգամ և շարունակում է արագորեն աճել։ Ա. ՍՍՀՄ–ից ներմուծում է արդյունաբերական սարքավորում, տրանսպորտի միջոցներ, սննդամթերք (շաքար, բուսական յուղ են), իսկ ՍՍՀՄ է արտահանում նարինջ, գինի, խցան և այլ ապրանքներ։

Ա–ի դրամական միավորը դինարն է։ ՍՍՀՄ պետբանկի կուրսով 100 դինարը = 18 ռ. 23 կոպ. (1 հունիսի 1973)։

VIII. Առողջապահությունը

Ա–ի բնակչության կյանքի միջին տևողությունը 50 տարի է, ընդհանուր մահացությունը՝ 1000 մարդուն 9,4, երեխաներինը՝ 86,3, ծնելիությունը՝ 42,7 (1967)։ Ա. բաժանվամ է բժշկա–աշխարհագրական 3 շրջանի։ Միջերկրածովյան շրջանում տարածված են վեներական, աղիքային վարակիչ հիվանդությունները՝ հատկապես որովայնային տիֆը, տուբերկուլոզը, տրախոման։ Կան մալարիայի, միզասեռական շիստոզոմատոզի և անկիլոստոմիդոզի օջախներ։ Ատլասի լեռների շրջանին բնորոշ են Կու տենդը, էխինոկոկոզը, տենիարինխոզը, սիբիրյան խոցը։ Կան բծավոր տիֆի, անկիլոստոմիդոզի օջախներ։ Սահարայի շրջանում տարածված են աչքի, շնչառական օրգանների, վեներական, աղիքային վարակիչ հիվանդությունները, տուբերկուլոզը, հիպովիտամինոզը և դերմատոմիկոզը։ Բնակչության մոտ 60%-ը ստանում է անվճար բժշկական օգնություն։ 1966-ին երկրռւմ կար 146 պետական հիվանդանոց՝ 42,7 հզ. մահճակալով, 1421 բժիշկ, 127 ստոմատոլոգ, 186 դեղագործ, մոտ 1800 միջին և 2200-ից ավելի կրտսեր բուժաշխատողներ։ Բժշկական կադրեր են պատրաստում Ալժիրի համալսարանի բժշկադեղագործական ֆակուլտետը և Օրանի ու Կոնստանտինայի նրա մասնաճյուղերի բժշկական ֆակուլտետները։

IX. Ժողովրդական կրթությունը

Մինչև ժողովրդա–դեմոկրատական հանրապետության ստեղծումը գրագետ էր չափահաս բնակչության միայն 15–20%-ը։ 1963-ին կրթությունը դարձավ պարտադիր։ 1966–67-ի ուսումնական տարում տարրական դպրոցներում (6-ամյա) հաշվվում էր 1359 հզ. սովորող, միջնակարգում (7-ամյա լիցեյներ և 4-ամյա հանրակրթական կոլեժներ)՝ 97 հզ., պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում՝ 35 հզ., նորմալ (ուսուցչական) դպրոցներում՝ 4 հզ., բուհերում՝ 9 հզ. ուսանող։ Բուհերից են՝ Ալժիրի համալսարանը (հիմնվել է 1879-ին), նրա մասնաճյուղերը՝ Կոնստանտինայում և Օրանում, Ազգային պոլիտեխնիկական դպրոցը՝ Ալժիրում (հիմնվել է 1925-ին)։ ՍՍՀՄ–ի օգնությամբ ստեղծվել են ծանր ինդուստրիայի զանազան ճյուղերի համար մասնագետներ. պատրաստող ինստիտուտ և տեխնիկում Աննաբայում, նավթի և գազի ինստիտուտ և տեխնիկում, տեքստիլ տեխնիկում Բումերդեսում, բարձրագույն անասնաբուժական դպրոց Էլ–Խառաշում։

Ամենամեծ գրադարանը Ազգային գրադարանն է (650 հզ. կտոր գիրք)՝ Ալժիրում։ Գլխավոր թանգարաններն են՝ Ազգային թանգարանը (հիմնվել է 1930-ին), Անտիկ աշխարհի ազգային թանգարանը (հիմնվել է 1897-ին), Ազգագրական թանգարանը (հիմնվել է 1928-ին), բոլորը՝ Ալժիրում և 1954–62-ին հեղափոխության թանգարանը՝ Էլ–Բիարում։

X. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Մինչև հեղափոխությունը (1954) գիտական աշխատանքը Ա–ում կենտրոնացված էր Ալժիրի համալսարանում։ 1910-ից այդտեղ հետազոտական աշխատանք էր կատարում Պաստյորի ինստիտուտը, Կոնստանտինայամ գործում էր հնագիտական ընկերությունը (հիմնվել է 1852-ին)։ Անկախություն ձեռք բերելուց հետո Ա–ում ստեղծվեցին գիտահետազոտական ինստիտուտներ (միջուկային ֆիզիկայի, օվկիանոսագիտության, կենսաքիմիայի, ագրոնոմիական, նավթի են), աստղագիտական, աստղաֆիզիկական և օդերևութաբանական աստղադիտարան։ Բժշկագիտական խնդիրներով են զբաղվում Պիեռ Կյուրիի և Մարի Սկլոդովսկայա–Կյուրիի անվան հակաքաղցկեղային կենտրոնը, Պաստյորի, հիգիենայի, տրախոմայի և ակնաբուժության, ստոմատոլոգիայի ինստիտուտները։ Բանասիրության, հոգեբանության, սոցիոլոգիայի, աշխարհագրության գծով գիտական աշխատանքներ են կատարում Ալժիրի համալսարանը, մի շարք մասնագիտական գիտահետազոտական ինստիտուտներ։ Գիտության զարգացման և կադրերի պատրաստման գործում առաջնակարգ տեղ են գրավում Ալժիրի համալսարանը և Օրանի ու Կոնստանտինայի նրա մասնաճյուղերը։

XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

Կարևոր պարբերականներն են՝ «Էլ–Մուջահիդ» («El Moudjahid», 1965-ից) ֆրանսերեն օրաթերթը՝ ԱԺԴՀ կառավարության օրգանը, «Աշ–Շաաբ» արաբերեն օրաթերթը՝ կենտրոնական կառավարական թերթը, «Էլ–Մուջահիդ» արաբերեն