Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/179

Այս էջը սրբագրված է

սը գունավորում են կապույտ, քայքայում են գործվածքները, հատկապես՝ բրդեղենը։ Ա. ջրում լուծելիս անջատում են ջերմություն։ Լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ։

ԱԼԿԱԼՈԻԴՆԵՐ (արաբ, ալ կալի + հուն. είδος - տեսակ), ազոտ պարունակող, հիմնականում բուսական ծագում և հիմնային հատկություններ ունեցող օրգանական միացություններ։ Ա. ունեն բարդ կառուցվածք և ազոտ պարունակող հետերոցիկլային միացությունների ածանցյալներ են։ Պարզագույն Ա. ունեն մինչև 10, իսկ բարդերը՝ 50-ից ավելի ածխածնի ատոմներ։ Բացի ածխածնից, ջրածնից և ազոտից, պարունակում են թթվածին՝ հիդրօքսիլային, կարբոնիլային, եթերային, կարբօքսիլային, էսթերային խմբերում։ Մեծ մասամբ անգույն բյուրեղական նյութեր են։ Առաջին ալկալոիդը (մորֆին) ափիոնից 1806-ին անջատել է Սերտյուրները։ Ներկայումս հայտնի են 1000-ից ավելի Ա., որոնցից մոտ 700-ի կառուցվածքը պարզաբանված է, իսկ շատերը՝ սինթեզված։ Ա. գտնվում են բույսերում՝ օրգանական թթուների աղերի լուծույթների ձևով։ Ա–ի պարունակությունը բույսերում տատանվում է 0,01 – 13%-ի սահմաններում։ Ա–ով հարուստ բույսերը պատկանում են կակաչազգիների, թիթեռնածաղկավորների, գորտնուկազգիների և այլ ընտանիքների։ Սրանք տարածված են նաև Հայաստանի բոլոր շրջաններում։ Միևնույն բույսը սովորաբար պարունակում է մի քանի, երբեմն՝ 15–20 Ա.։ Այն բույսից անջատելու համար չորացրած և մանրացրած բույսը մշակում են ալկալիների նոսր լուծույթով, էքստրակտում օրգանական լուծիչով և ստացված խառնուրդից նոսր անօրգանական թթուների միջոցով ստանում Ա–ի աղերի մաքուր թթվային լուծույթ։ Ա. կենսաբանական ակտիվ նյութեր են, շատերը՝ ուժեղ թույներ։ Ատրոպինի, կոֆեինի, կոդեինի, պապավերինի, ռեզերպինի, սալսոլինի, քինինի, էֆեդրինի, անաբազինի, նիկոտինի և այլ Ա–ի աղերը լայնորեն կիրառվում են բժշկության մեջ՝ որպես դեղանյութեր և գյուղատնտեսության մեջ՝ որպես միջատասպաններ։ Վ. Մնացականյան

Նկարում` Ալկամենես։ «Աֆրոդիտեն այգիներում»։


ԱԼԿԱՄԵՆԵՍ (Άλκαμένης, մ. թ. ա. մոտ 460–մոտ 403), հույն քանդակագործ։ Աշխատել է Աթենքում։ Պաշտամունքային քանդակներում (Դիոնիսոսը և Աթենասը Հեփեստոսի խմբում) հետևել է ուսուցչին՝ Ֆիդիասին՝ ժառանգելով հագուստի և մարմնի միասնական պլաստիկ մեկնաբանման սկզբունքը, սակայն տարբերվելով նրանից կերպարի քնարական, ավելի մտերմիկ մեկնաբանումով («Աֆրոդիտեն այգիներում» նշանավոր արձանը, որի լավագույն պատճենը Լուվրում է)։ Ա–ի գործերից, հռոմեական պատճեններով, մեզ է հասել նաև Արեսի արձանը (մ. թ. ա. մոտ 440)։


ԱԼԿԱՅՈՍ (Άλκαίος, մ. թ. ա. VII–VI դդ.), հույն բանաստեղծ։ Ծնվել է Լեսբոս կղզում։ Սերվել է ազնվական տոհմից, մասնակցել դեմոսի դեմ ազնվականության մղած պայքարին։ Ա. երգել է և՛ հաղթանակի ցնծությունը, և՛ պարտության դառնությունը։ Գրել է նաև աստվածներին նվիրված հիմներ, սիրո և խրախճանքի երգեր։

Գրկ. Առաքելյան Ա. Գ., Հունական գրականության պատմություն, 3 լրց. և բարեփոխ. հրտ., Ե., 1968։


ԱԼԿԱԼԱՑՈՒՄ, օրգ. միացություններին ալիֆատիկ շարքի միավալենտ ռադիկալներ՝ ալկիլ խմբեր ( ևն) միացնելու ռեակցիա։ Ալկիլ խումբը կարող է միանալ ածխածնի, թթվածնի, ծծմբի, ազոտի և այլ ատոմների հետ։ Ա. սովորաբար ընթանում է կատալիզատորների ( ևն) առկայությամբ։ Ա. կիրառվում է ներկանյութերի, դեղանյութերի, բարձրօկւոանային վառելանյութերի (իզոօկտան ևն) արտադրության մեջ, բենզոլի հոմոլոգների (կումոլ ևն) ստացման համար ևն։

Նկարում` Ալկիոն:


ԱԼԿԻՈՆՆԵՐ (Alcedinidae), թռչունների ընտանիք՝ 88 տեսակով։ Մարմնի երկարությունը՝ 16–47 սմ, թևերի բացվածքը՝ 25–65 սմ։ Գլուխը՝ մեծ, կտուցը՝ երկար, ուղիղ, սև կամ կարմրավուն, ոտքերը՝ կարճ։ Գույնը՝ գորշ, սպիտակ, սև, փայլուն կապույտ։ Տարածված են ամբողջ երկրագնդի վրա։ Երկնագույն Ա. (Alcedo atthis) կան ՀՍՍՀ–ում։ Ապրում են գետերի, լճերի ափերին, ինչպես նաև անապատային և կիսաանապատային վայրերում։ Սնվում են մանր ձկներով, ջրային միջատներով, նույնիսկ՝ երկկենցաղներով ու սողուններով։ Ա. չունեն սուզվելու հատկություն, կտուցով որսում են ջրի մակերեսին մոտ լողացող կենդանիներին։ Չվում են ձմռանը, երբ ջրերը սառչում են։ ՀՍՍՀ–ում ապրողները նստակյաց են։


ԱԼԿՄԱՆ (Άλκμαν, մ.թ. ա. VII դ.), հույն բանաստեղծ։ Ծնվել է Լիդիայում (Փոքր Ասիա), ապրել Սպարտայում։ Հորինել է աղջիկների խմբական երգեր՝ պարթենիոններ, որտեղ դիցաբանական մոտիվներում գովերգվել են նաև խմբերգի մասնակիցները։ Ա–ի՝ աստվածներին նվիրած հիմներից պահպանվել են միայն հատվածներ։ Դրանցից մեկի հետևությամբ Գյոթեն գրել է «Անդորր է բոլոր լեռնագագաթների վրա» բանաստեղծությունը, որը հայերեն են թարգմանել Հ. Թումանյսւնը՝ Մ. Յու. Լերմոնտովի ռուսերեն թարգմանությունից և Ե. Չարենցը՝ բնագրից։

Գրկ. Առաքելյան Ա. Գ., Հունական գրականության պատմություն, 3 լրց. և բարեփոխ. հրտ., Ե., 1968։


ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, ալկոհոլագարություն, գինեմոլություն, հիվանդություն։ Առաջանում է ոգելից խմիչքների սիստեմատիկաբար օգտագործումից և բնորոշվում է դեպի այդ խմիչքներն ունեցած անզուսպ հակումով, ֆիզիկական ու հոգեկան վիճակի խանգարմամբ և այդ հիվանդությամբ տառապող անհատի ու հասարակության հարաբերությունների խախտմամբ։ Ոգելից խմիչքների օգտագործման հետևանքով օրգանիզմում առաջացած հիվանդագին փոփոխությունների համակցումն առաջին անգամ (1849) Ա. է անվանել շվեդացի բժիշկ, հասարակական գործիչ Մ. Հուսը։ Հարբեցողությունը (ոգելից խմիչքների ոչ չափավոր օգտագործումը), որպես հակահասարակական արարք, չպետք է շփոթել Ա–յան հետ։ Հարբեցողությունը հիվանդություն չէ, թեև Ա. է ծնում։ Ալկոհոլը, ներծծվելով օրգանիզմի մեջ, առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Ալկոհոլային սուր հարբեցում (սովորական), սուր թունավորում, որն արտահայտվում է կենդանի օրգանիզմի ֆունկցիաների, հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր խանգարումներով։ Ալկոհոլ ընդունելուց հետո մարդու դեմքը կարմրում է, աչքերն ստանում են յուրահատուկ փայլ, պուլսն արագանում է, մարմինը թեթևակի տաքանում և քրտնարտադրությունն ուժեղանում է։ Հարբածի տրամադրությունը բարձրանում կամ ընկնում է։ Նա շատախոսում, ծիծաղում կամ լաց է լինում, դառնում կոպիտ և սանձարձակ։ Սկսվում է գլխապտույտ, սրտխառնություն, փսխում, երբեմն նույնիսկ՝ ակամա միզարձակություն և կղում, ապա հաջորդում է մղձավանջային քունը։

Քրոնիկական Ա. հիվանդագին հակում է ալկոհոլի հանդեպ, երբ օրգանիզմն ընտելանում է ալկոհոլային խմիչքներին (անկախ քանակից) և աստիճանաբար ենթարկվում նյարդային ու հոգեկան ախտաբանական փոփոխությունների։ Ալկոհոլամոլի դեմքը փքվում, այտուցվում է, հետագայում՝ նիհարում և թորշոմում։ Հաճախ առաջանում են ստամոքսաբորբ, լյարդի ճարպային կազմափոխություն և ցիրոզ, սիրտ–անոթային համակարգի լուրջ խանգարումներ, «C» և «B» վիտամինային կոմպլեքսի նվազում, արյունահոսային բորբոքումներ հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ, բազմանյարդաբորբ, ձեռքերի, մատների, լեզվի, կոպերի և շրթունքների դող, զանազան տարազգայնություններ։ Քրոնիկական Ա–յան վերջին շրջանում օրգանիզմի դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ խիստ իջնում է, խոր փոփոխությունների են ենթարկվում ալկոհոլա–