Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/185

Այս էջը սրբագրված է

րից սաացվում են հիդրօքսոալյումինատներ՝ ևն։ Բնության մեջ տարածված են ( ևն) բաղադրության Ա. (շպինելներ, գանիտ, խրիզոբերիլ ևն)։ ՀՍՍՀ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատում ստացվում է կալիումի Ա.։ Ա. օգտագործվում են մանածագործության, թղթի և ցեմենտի արտադրության մեջ, ջրի իոնա–փոխանակային մաքրման համար ևն (տես նաև Ալյումին

ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, տեխնիկական ալյումինի և ալյումինի համաձուլվածքների պրոֆիլավոր ու թերթավոր տարրերից պատրաստվող կոնստրուկցիաներ։ Շինարարական նպատակներով սկսել են կիրառվել 1930-ական թվականներից։ Աչքի են ընկնում թեթևությամբ, երկարակեցությամբ, բարձր ամրությամբ, կոռոզիակայունությամբ, սեյսմակայունությամբ, բավարարում են շինարարության ինդուստրացման պահանջները։ Արտաքին գեղեցիկ տեսքը կառույցներին հաղորդում է ճարտարապետական արտահայտչականություն։ Օգտագործվում են շինարարական մեքենաների, տարբեր տիպի ամբարձիչների ու փոխադրական միջոցների պատրաստման համար։ Ա. կ. առանձնապես լայնորեն կիրառվում են շինարարության բնագավառում՝ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի պատող և կրող տարրերում, կամուրջներում, ռադիո–հեռուստատեսային կայմերում ու աշտարակներում, էլեկտրահաղորդման գծերի հենարաններում, գազամբարներում, հիդրոտեխնիկական և այլ հատուկ կառույցներում։ Կրող տարրեր կարող են լինել շենքերի ու կառուցվածքների հեծանները, ֆերմաները, սյուները, շրջանակները, կամարները, ինչպես և տարածական կոնստրուկցիաները (գմբեթներ, կախովի կոնստրուկցիաներ ևն)։ Ա. կ–ի կիրառության տեխնիկական նպատակահարմարությունն աճում է հեռավոր և դժվարտմատչելի վայրերում հավաքովի–քանդովի, շարժական կոնստրուկցիաների օգտագործման անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև քիմիապես ագրեսիվ միջավայրերում շահագործելիս, որտեղ նրանց ծառայության ժամկետն ավելի երկար է, քան այլ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաներինը։ Ներկայումս Ա. կ–ի զարգացման հիմնական աշխատանքները տարվում են նրանց կրող և պատող ֆունկցիաները միևնույն կոնստրուկցիայում զուգակցելու, տարածական, այդ թվում՝ մեծթռիչքանի (80–90 մ և ավելի) կոնստրուկցիաներ պատրաստելու ուղղությամբ։

Գրկ. Тарановский С. В. и Хохарин А. Х., Конструкции из алюминиевых сплавов, М., 1961; Попов С. А., Строительные конструкции из алюминиевых сплавов, М., 1963. Գ. Աբովյան


ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, գունավոր մետալուրգիայի ճյուղ, որ միավորում է մետաղական ալյումին արտադրող ձեռնարկություններ։ Ա. ա. ընդգրկում է ալյումինի հանքանյութի արդյունահանումը, կավահողի, էլեկտրոդների և անոդային զանգվածի, ֆտորական աղերի արտադրությունը, մետաղական ալյումինի ձուլումը և դրանից կիսաֆաբրիկատների ստացումը։ Գունավոր մետաղների մեջ արտադրության չափերով և սպառումով ալյումինը գրավում է առաջին տեղը։ Կարևորագույն սպառողներն են ավիացիոն, էլեկտրատեխնիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական ու մետաղամշակման և այլ ճյուղերը։ Ալյումինի հիմնական հանքանյութը բոքսիտներն են։

Ա. ա. ծավալվել է 1880-ական թթ., երբ մշակվեցին կրիոլիտա–կավահողային հալույթների էլեկտրոլիզի միջոցով ալյումինի արտադրության և բոքսիտներից կավահող ստանալու եղանակները։ Ա. ա. էներգատար արտադրություն է, ուստի նրա զարգացումը կապված է էլեկտրաէներգիայի էժան աղբյուրների առկայության հետ։

ՍՍՀՄ–ում Ա. ա–յան առաջնեկներն են Վոլխովի (1932) և Դնեպրյան (1933) գործարանները։ Կոլայի թերակղզում, Ուրալում, Աիբիրում, Անդրկովկասում գործում են Ա. ա–յան խոշորագույն ձեռնարկություններ։ 1966–70-ին ՍՍՀՄ–ում ալյումինի արտադրությունն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Հայաստանում ալյումինի արտադրության հիմքը դրվեց 1950-ին (տես «ԿԱՆԱԶ»)։ Սոցիալիստական երկըրներից ալյումինի զարգացած արդյունաբերություն ունեն Հունգարիան, ԳԴՀ–ն, Չինաստանը, Ռումինիան։ Ալյումինի զարգացած արդյունաբերություն ունեցող կապիտալիստական երկրներից (1970-ի տվյալներով) ԱՍՆ–ը արտադրել է 3609, Կանադան՝ 971, Ֆրանսիան՝ 387, Ճապոնիան՝ 733, Նորվեգիան՝ 530, ԳՖՀ–ն՝ 309 հզ. տ ալյումին։ Սկզբնական ալյումինի արտադրության 60% վերահսկում են 4 մոնոպոլիաներ՝ 3-ը ամերիկյան՝ «Ալյումինում Քոմփընի Օֆ Ամերիկա» (ԱԼՔՈԱ), «Ռեյնոլդս մեթըլզ Քոմփընի», «Քայզըր ալյումինում էնդ քեմիքըլ քորփորեյշն» և մեկը կանադական՝ «ԱԼՔԷՆ ալյումինում ԼԹԴ» (ԱԼՔԷՆ)։ Արևմտյան Եվրոպայում խոշորագույններն են՝ ֆրանսիական «Պեշինե Ս. Ա.», շվեյցարական «Ալյուսյուիս» և արևմտագերմանական «Ֆերայնիգտե ալյումինում–վերկե ԱԳ» մոնոպոլիաները։


ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուլվածքներ, որոնց հիմքը ալյումինն է։ Փոքր խտության հետ մեկտեղ ունեն բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, կոռոզիակայունություն, բարձր տեսակարար ամրություն։ Կիրառվում են ավիացիայում, տրանսպորտում, շինարարությունում, շարժական ագրեգատներում, փոխադրովի հարմարանքներում՝ մեքենաների և կոնստրուկցիաների կշռի թեթևացման նպատակով, ինչպես նաև ամանեղենի պատրաստման համար։ Ա. հ. բաժանվում են 2 խմբի՝ ձուլման և դեֆորմացվող։ Ձուլման Ա. հ. պարունակում են ևն, ունեն ձուլման լավ հատկություններ, բայց Փոքր պլաստիկություն, ամրանում են մոդիֆիկացմամբ (տես Մոդիֆիկացում մետաղների) և ջերմամշակմամբ, կիրառվում են ձևավոր ձուլման համար (տես Ձուլման արտադրություն)։ Դեֆորմացվող Ա. հ. պարունակում են ևն, ավելի ամուր են ու պլաստիկ, ամրանում են ջերմամշակմամբ։