Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/187

Այս էջը սրբագրված է

փշոտ ծառեր և թփեր են։ Տերևները պարզ են, հերթադիր, մեծ մասամբ կտրտված, տերևակիցներով։ Ծաղիկներն սպիտակ են, սակավ՝ վարդագույն, խմբված վահանիկանման և հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղները մանր են, հյութալի, կարմիր, սև։ Օգտագործվում են թարմ և չորացած։ Ա. մեղրատու է, որոշ տեսակներից ստանում են դեղանյութեր, տերևներից և արմատի կեղևից՝ դեղին և դարչնագույն ներկեր։ Ա. չորադիմացկուն և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է նաև որպես խնձորենու, տանձենու, սերկևիլենու պատվաստակալ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ ՀՍՍՀ–ում կա 11 տեսակ։

ԱԼՈՅԻՍԻՈՍ (իսկական անունը՝ Լուի Մարի Պիդու, Լօատ Louis Marie Pidou, ծն. և մահ. թթ. անհտ.), ֆրանսիացի հայերենագետ, թատերագիր, մանկավարժ։ 1664-ին Հռոմի «Պրոպագանդա» քարոզչական կազմակերպության կողմից Կղեմես Գալանոսի հետ ուղարկվել է Լվով։ Այստեղ նրանք հայերի համար հիմնել են պապական դպրանոց։ Գալանոսի մահից հետո (1666) Ա. դարձել է նրա տնօրենը։ Գրել է Հռիփսիմե կույսին նվիրված հայերեն չափածո ողբերգություն («Մարտիրոսաթիւն սրբոյն Հռիփսիմէի», հրտ. «Բազմավեպ», 1884, № 10–12, 1885, № 1–9, 1886, № 1–3), որը 1668-ին բեմադրվել է այդ դպրանոցում։ Գալանոսի հետ կազմել է «Բնաբանութիւն, այսինքն ֆիզիկա» ձեռնարկը։ Ունի լեհահայոց պատմությանը վերաբերող իտալերեն մի հիշատակարան, որը լեհերեն թարգմանությամբ 1876-ին Վարշավայում հրատարակել է Ա. Պավինսկին։ Այն լեհերենից հայերեն է թարգմանել Ս. Մալխասյանցը և 1884-ին տպագրել Կ. Եզյանցի հրատարակած «Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ» գրքում։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։


ԱԼՈՍՏԵՐԻԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ (< ալո…+ στερεός – տարածական), կենդանի օրգանիզմում նյութափոխանակության ինքնակարգավորման հիմնական ձևերից մեկը։ Նյութափոխանակության ընթացքում առաջացող միացություններն ազդում են սպիտակուցների տարածական կառուցվածքի վրա և կարգավորում նրանց գործունեությունը։ Ալոստերիկ վերածումների է ենթարկվում այն սպիտակուցների տարածական կառուցվածքը, որոնք կազմված են ալոստերիկ կարգավորիչներով միացած ենթամիավորներից։ Ալոստերիկ կարգավորիչները ֆերմենտային շղթաների գործունեության վերջնական պրոդուկտներն են, ազդում են շղթայի միայն աոաջին ռեակցիան կատալիզող սկզբնական ֆերմենտի վրա և արգելակում նրա գործունեությունը։ Այստեղից էլ Ա. կ–մանը տրվել է նաև արգելակում վերջնական պրոդուկտով անվանումը։ Նման ձևով է կարգավորվում բջիջում սպիտակուցների փոխարկման հետևանքով առաջացած նյութերի քանակական սինթեզը։ Գենետիկական ապարատի Ա. կ. հայտնաբերել են ֆրանսիացի գիտնականներ Ֆ. Ժակոբը, Ժ. Մոնոն, Ա. Լվովը (նոբելյան մրցանակ, 1965)։ Ս. Հովհաննիսյան


ԱԼՈՏՐԻՈՄՈՐՖՈՒԹՅՈՒՆ, քսենոմորֆություն (<հուն. άλλότριοςξένος – օտարոտի), մագմատիկ հալոցքից միաժամանակ բյուրեղացող միներալներից որևէ մեկի արտաքին ձևերի ենթարկվածությունը մյուսների ձևերին։ Ալոտրիոմորֆային միներալները չունեն իրենց բյուրեղային ցանցին բնորոշ գծագրություն։ Մասամբ սեփական և հարևան բյուրեղների գծագրությունն ունեցող միներալները կոչվում են հիպիդիոմորֆային։ Ա–յանը հակառակ նշանակություն ունի իդիոմորֆությունը։


ԱԼՈՏՐՈՊԻԱ (< ալո … + τρόλος – շրջադարձ, ուղղություն, հատկություն), տարաձևություն, միևնույն քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութերի ձևով գոյություն ունենալու հատկությունը։ Այդ պարզ նյութերը կոչվում են ալոտրոպային ձևափոխություններ։ Ա. պայմանավորված է նյութի մոլեկուլում տարբեր թվով ատոմներ պարունակելու ունակությամբ (օրինակ, թթվածինը՝ և օզոնը՝ ) կամ պոլիմորֆիզմով (օրինակ, ալմաստը, գրաֆիտը)։ Ալոտրոպային ձևափոխությունները տարբերվում են ֆիզիկական հատկություններով, երբեմն՝ նաև քիմիական ակտիվությամբ։ Հայտնի քիմիական տարրերի համար գտնված են ~400 ալոտրոպային ձևափոխություններ։


ԱԼՉԱՄՈՒԼՔ, հայաբնակ գյուղ Պարսկահայաստանում, Ատրպատական գավառում, Թավրիզից 20 կմ հյուսիս, Մուժումբար գետի ափին։ XX դ. սկզբին ուներ 75 տուն՝ 435 բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն այժմ էլ գոյություն ունի։


ԱԼՉՈՒՋՅԱՆ Ազատ Հակոբի (ծն. 1906), հայ սովետական քիմիկոս։ Քիմ. գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1953), Հայկական ՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է փետր. 18-ին, Ախալցխայում։ Ավարտել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստ–ը (1932), ապա աշխատել տեղի բարձր ճնշումների ԳՀԻ–ում։ 1938-ին տեղափոխվել է Երևան և մինչև 1970 անընդմեջ ղեկավարել պոլիտեխնիկական ինստ–ի ընդհանուր և անօրգ. քիմիայի ամբիոնը, այնուհետև նշանակվել պրոֆեսոր–կոնսուլտանտի պաշտոնում։ Եղել է ինստ–ի քիմիա–տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան (1943-47 և 1950-57)։ Ա. զբաղվել է հետերոգեն կատալիզի հարցերով, ուսումնասիրել պալադիումի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների կատալիտիկ ազդեցությունը հիդրման ռեակցիաների վրա։ Զբաղվել է նաև Հայկական ՍՍՀ մի քանի հանքանյութերի կոմպլեքսային վերամշակման հարցերով։

Երկ. Բարձրամոլեկուլային սինթետիկ միացություններ, Ե., 1966։


ԱԼՊԱԳՈ ՆՈՎԵԼԼՈ (Alpago Novello) Ադրիանո (ծն. 1932), իտալացի ճարտարապետ, արվեստաբան։ Ծնվել է հուլիսի 20-ին, Բելլունոյում (Իտալիա)։ Բյուգանդական արվեստի պատմություն է դասավանդում Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ուր 1968-ին հիմնել է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն։ 1964-ին գրել է «Լե Մուզե» («Le Muse») արվեստի հանրագիտարանի «Հայկական ճարտարապետություն» հոդվածը, 1969-ին թարգմանել է Բ. Ֆլեչերի «Ճարտարապետության պատմությունը համեմատական մեթոդով» գիրքը՝ ավելացնելով հայկական ճարտարապետությանը նվիրված էջեր։ Գլխավորել է 1967-ին և 1969-ին Սովետական Հայաստան, իսկ 1970-ին՝ Վասպուրական, Անի, Կիլիկիա այցելած իտալական գիտարշավախմբերը։ 1968-ին Արմեն և Հակոբ Մանուկյան եղբայրների հետ հիմնել է «Հայ ճարտարապետության վավերագրեր» («Documenti de architettura Armena») մատենաշարը։ Միլանի հայ գաղութի աջակցությամբ կազմակերպել է «Հայկական ճարտարապետությունը IV–XVIII դարերում» ցուցահանդեսը, որ Իտալիայից բացի ցուցադրվել է նաև Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, Շվեյցարիայում, Լիբանանում, Իրանում։ Ա. Ն. անցյալի արվեստը դիտում է ոչ միայն իբրև պատմական երևույթ, այլև մեկնաբանում արդի արվեստի զարգացման տեսանկյունից։

Երկ. Hakhpat, Milano, 1968 (Documenti di architettura Armena, 1); Ville della Provincia di Belluno, Milano, 1968; Grecia Bizantina, Milano, 1969; La Fortezza di Amberd sul monte Aragadz (Armenia S.S.R.), «Castellum», 1969, № 9; La basilica di Tanaat nello Zanghezur e il problema dell'arco oltrepassato nell'ambito dell'architettura protocristiana armena, «Atti del 2°. Congresso Nazionale di Archeologia cristiana» Matera, 1970; Sanahin, Milano, 1970 (Documenti di architettura Armena, 3). Ա. Զարյան


ԱԼՊԱՏՈՎ Միխայիլ Վլադիմիրովիչ (ծն. 1902), ռուս սովետական արվեստաբան։ Պրոֆեսոր (1943-ից)։ ՍՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի իսկ. անդամ (1954)։ Ծնվել է նոյեմբերի 27 (դեկտ. 10)–ին, Մոսկվայում։ Գրել է ռուսական ու արտասահմանյան արվեստին նվիրված աշխատություններ, որոնք աչքի են ընկնում ըմբռնումների յուրօրինակությամբ, գրական ոճի և գեղարվեստական վերլուծության ցայտունությամբ, փաստական հարուստ նյութով։

Երկ. Итальянское искусство эпохи Данте и Джотто, М. -Л., 1939; Всеобщая история искусств, т. 1-3, М., 1948-55; Александр Андреевич Иванов, т. 1-2 , М., 1956; Этюды по истории русского искусства, т. 1-2, М., 1967.


ԱԼՊԵՐ (<կելտ. alp – բարձր լեռ, գերմ. Alpen, ֆրանս. Alpes, իտալ. Alpi), լեռնա–