Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/198

Այս էջը սրբագրված է

ցեց Ա–ի աշտարակները և դռները, իսկ Բագրատ Դ–ի (1027–74) օրոք, 1044–1047-ին կառուցվեցին քաղաքի պարիսպները։ Ա. այնուհետև որպես վարչական կենտրոն փոխարինել է Ծունդա քաղաքին (հայերը կոչում էին Քաջա–տուն, այժմ՝ Սուլդա գյուղ)։ Հնագույն ժամանակներից Ա–ով էր անցնում Ախալցխայից Կումայրի (այժմ՝ Լենինական) ամրոցի կողքով դեպի Այրարատ տանող մայրուղին։ 1065-ին թուրք–սելջուկները ասպատակեցին Ա.։ Ա., իբրև խոշոր առևտրա–արհեստագործական կենտրոն, ծաղկում է ապրել XI–XII դդ.։ XII–XIV դդ. Ա. Ջավախքի հետ միասին Թմոգվի ամրոցում (Թմկաբերդում) նստող Ջավախքի Զաքարյանների ժառանգական կալվածքն էր։ Նրանց իշխանության օրոք քաղաքն ուներ ինքնավարություն։ 1266-ին Ախալքալաքի գավառը Ախալցխայի հետ միասին կազմել է կիսանկախ Սամցխե–Սաաթաբագոյի իշխանությունը։ 1637-ին Ա. գավառի հետ միասին գրավեցին թուրքերը և դարձրին Ախալցխայի փաշայության մի սանջակը։ 1806–1812-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ ռուսները գրավեցին Ա., սակայն Բուխարեստի հաշտության պայմանագրով նորից վերադարձրին Թուրքիային։ 1828-ի հուլիսի 23-ին ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին Ա., իսկ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով 1829-ի սեպտ. 2-ին քաղաքը շրջանի հետ միասին միացվեց Ռուսաստանին։ Պատերազմի ժամանակ Ա. ավերվել էր, իսկ բնակիչները հեռացել էին քաղաքից։ 1829–30-ին Կարինի (Էրզրումի), մասամբ՝ Արդահանի և Խնուսի գավառներից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Ա–ի շրջակայքում՝ հիմնադրելով մոտ 50 գյուղ։ 1831-ին Ախալցխայից տեղափոխված կարնեցիներն ավերված քաղաքի տեղում կառուցեցին ժամանակակից Ա.: Հայ արհեստավորները Ա–ում XIX. դ, առաջին կեսին հիմնեցին արհեստանոցներ, համքարական կազմակերպություններ։ Ա–ում եղել է մոտ 19 տեսակ արհեստ։ 1860-ին Ա. դարձավ նոր կազմված Ախալքալաքի գավառի (մինչ այդ մտնում էր Ախալցխայի գավառի մեջ) կենտրոնը և ուներ 2967 բնակիչ, 1893-ին՝ 4303 (որից 4084-ը՝ հայեր)։ Կարինից գաղթած հայերը 1856-ին կառուցեցին Ս. Խաչ եկեղեցին, որի զավթում գործում էին ծխական Ա. Մեսրոպյան արական (հիմնված 1836-ին) և Ս. Սանդխտյան իգական դպրոցները։ 1889-ին բացվեց քաղաքային ուսումնարանը։ 1913–16-ին Ա–ում լույս է տեսել «Ջավախք» շաբաթաթերթը։ Ա–ում և շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Աբուլի եկեղեցին (X դ.), Զրեսկի անապատը, Բարալեթի եկեղեցին (XI դ.), Կառնուտը և Ա–ի ամրոցը ևն։ Ա–ում է ծնվել հայ նշանավոր գրող Դ. Դեմիրճյանը։

Գրկ. տես Ախալցխա հոդվածի գրականությունը։

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍԱՐԱՎԱՆԴ (հնում՝ Ջավախքի լեռնադաշտ), գտնվում է Վրացական ՍՍՀ–ում։ Տարածվում է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ա. ս–ի շարունակությունը Ղուկասյանի սարահարթն է։ Տարածությունը՝ մոտ 700 կմ², միջին բարձրությունը՝ 1800 մ։ Ա. ս. ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանամ է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։ Կլիման ցամաքային է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3,5°C–ից 6°C հունվարին՝ մինչև –8°C (նվազագույնը՝–30°C, -35°C)։ Ձնածածկույթը մնում է 6–7 ամիս։ Տեղումները՝ 550–650 մմ։ Գլխավոր գետը Փարվանան է։ Հարուստ է լճերով՝ Փարվանա, Տաբածղուրի, Խանչալի, Սադամո, Խոզափին ևն։ Ա. ս. ծածկված է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Անտառազուրկ է, տարածված են լեռնային տափաստանները, մերձալպյան ու ալպյան մարգագետինները։ Ղ. Մուրադյան


ԱԽԱՎԱՆՔ, Ախավանաց, Ախավանս, Ահավանք, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափին, Աղթամար կղզու դիմաց։ XX դ. սկզբին ուներ 200–250 հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ և ձկնորսությամբ։ Ա. Աղթամարի վանքի նավահանգիստն էր՝ «դրսի տունը»։ Այստեղ էր գտնվում Աղթամարի կաթողիկոսների վեհարանը։ Թովմա Արծրունին Ա. հիշատակում է որպես Աղթամարի վանքի կալվածք (Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917, էջ 369)։ Ա. ուներ եկեղեցի և ուսումնարան։ Բնակչությունը տեղահան է արվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱԽԵՆ, Աախեն (գերմ. Aachen, ֆրանս. Aix-La-Chap elle), քաղաք ԳՖՀ հյուսիսային Հռենոս–Վեստֆալիա երկրում։ 176,8 հզ. բն. (1969)։ Տրանսպորտային հանգույց ԳՖՀ, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին։ Քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում է 6–7 մլն. տ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ա. առողջարան է (ծծմբաջրածնային–աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ VIII դ. վերջին IX դ. սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը։


ԱԽԵՆԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1748, կնքվել է հոկտեմբերի 18-ին, Ախենում, մի կողմից Ֆրանսիայի, մյուս կողմից Անգլիայի ու Հոլանդիայի միջև, որով ավարտվել է Ավստրիական ժառանգության համար պատերազմը։ Այնուհետև Ա. հ–յանը միացան Իսպանիան, Ավստրիան, Մոդենան, Ջենովան, Սարդինիան։ Ա. հ–յամբ Ավստրիան կորցրեց Սիլեզիան, որն անցավ Պրուսիային, և իտալական հողերի մի մասը։ Մարիա Թերեզայի ամուսին Ֆրանց Ստեֆան Լոթարինգցին ճանաչվեց «Հռոմեական Սրբազան կայսրության» կայսր։


ԱԽԹԱԼ (ալ–Ախթալ, իսկական անունը՝ Ղիյաս իբն ղաուս ալ–Թաղլիբի, մոտ 640 – մոտ 710), արաբ բանաստեղծ։ Ծագումով՝ թաղլիբների քրիստոնյա ցեղից։ Ապրել է Դամասկոսի արքունիքում, Աբդ ալ–Մալիք խալիֆայից ստացել «Օմայանների քերթող» տիտղոսը։ Գրել է ներբողներ, խրախճանքի գինեձոներ (խամրիյաթ), պոլեմիկական քերթվածներ (նակաիդ)։

Նկարում` «Ախթալա» հակատուբերկուլոզային առողջարանը:


ԱԽԹԱԼԱ, քաղաքատիպ ավան (1939-ից) Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի ձախ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հյուսիս–արևելք։ Երկաթուղային կայարան Երևան–Թբիլիսի գծի վրա։ 4430 բն. (1972), հայեր։ Ա–ի ավանային սովետին վարչա–տերիտորիալ կարգով ենթարկվում են (1971)՝ Ա–ի առողջարանին կից ավանը (հեռ. 3 կմ), Վերին Ախթալա գյուղը (հեռ. 10 կմ), Նեղոց գյուղը (հեռ. 2 կմ) և Քարկոփ ավանը (հեռ. 9 կմ)։ Կլիման չափավոր տաք է, միջլեռնային շրջանների մերձարևադարձային գոտու տափաստանային տիպի, ձմեռը՝ մեղմ, ամառը՝ զով։. Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22°C։

Ա–ում գործում են 1 միջնակարգ, 4 ութամյա, 1 բաներիտ դպրոցներ, 4 ակումբ և մշակույթի տուն, 2 գրադարան, 2 ստացիոնար կինոսարք, 5 մսուր–մանկապարտեզ։ Ունի բազմամետաղային հանքահարստացուցիչ ֆաբրիկա, երկաթբետո–