Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/203

Այս էջը սրբագրված է

երևույթների ծագման և զարգացման ներքին մեխանիզմները, որոնք բարդ պրոցեսներ են։ Ախտածին ազդակի գործունեությունը հիվանդության ծագման միայն սկզբնապատճառն է։ Ախտաբանական երևույթների զարգացումը հիմնականում պայմանավորված է օրգանիզմի ներքին առանձնահատկություններով, ընդհանուր վիճակով, ռեակտիվականությամբ, ժառանգականությամբ ևն։

Ախտածին գործոններն օրգանիզմի վրա ազդում են ռեֆլեկտոր, հումորալ և տեղական (անմիջական) ճանապարհներով։ Ռեֆլեկտորի դեպքում ախտածին գործոնը գրգռում է նյարդային վերջույթները, այնուհետև ռեֆլեկտոր ճանապարհով ծագում է պատասխան ռեակցիա, որն արտահայտվում է օրգանիզմի որևէ համակարգի (նյարդային, սիրտ–անոթային, շնչառական) ախտահարումով կամ ախտածին ազդակի գործողությունը սահմանափակող պաշտպանողական–ֆիզիոլոգիական երևույթներով։ Հումորալի ժամանակ օրգանիզմի հեղուկներում (արյուն, ավիշ) առաջացած մի շարք վնասակար նյութեր ազդում են օրգանների և հյուսվածքների վրա, պատճառ դառնում դրանց կենսագործունեության խանգարման։ Սակայն, գիտական արդի պատկերացմամբ, օրգանիզմում ախտածին գործոնների զուտ (մեկուսացված) ռեֆլեկտոր կամ զուտ հումորալ ազդեցությունը ժխտվում է և ընդունվում ազդեցության նյարդահումորալ մեխանիզմը։ Ռեֆլեկտոր ազդեցությունն առանց հումորալ կոմպոնենտի (տես Մեդիատորներ) մասնակցության անիրագործելի է։ Տեղական ազդեցության դեպքում օրգանների և հյուսվածքների ախտահարումն առաջանում է ախտածին գործոնի անմիջական ազդման տեղում։ Տեղական ախտաբանական երևույթներն ու հիվանդությունները դիտվում են որպես մեկ միասնություն։ Ախտածին ազդակն օրգանիզմ է թափանցում և տարածվում տարբեր ուղիևերով։ Որոշ ախտածին ազդակներ ունեն թափանցելու յուրահատուկ «վարակի դռներ» (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը թափանցում է ստամոքս–աղիքային համակարգով, գոնոկոկը՝ միզուղիների լորձաթաղանթով ևն)։ Տարբեր ախտածին ազդակներ օրգանիզմում կարող են առաջացնել միանման երևույթներ և հակառակը՝ նույն ազդակը, ներգործելով օրգանիզմի տարբեր մասերի վրա, կարող է առաջացնել տարբեր ախտաբանական պրոցեսներ։ Ըստ Ի. Պ. Պավլովի, ախտածին գործոնները օրգանիզմում առաջացնում են երկդիմի, հակոտնյա ռեակցիաներ՝ ախտաբանական պրոցեսներ և պաշտպանողական, ֆիզիոլոգիական ռեակցիաներ, որոնք ահազանգում են ախտածին ազդակի գործողությունը (ցավ), չեզոքացնում (իմունիտետ) ու խոչընդոտում նրա տարածմանը օրգանիզմում (բարիերային ֆունկցիա), առաջացնում ախտահարված ֆունկցիաների համալրում (կոմպենսացիա) և վնասված հյուսվածքների վերականգնում (ռեգեներացիա)։ Վերոհիշյալ օրինաչափությունների պարզաբանումը հնարավորություն է տալիս կիրառել համապատասխան միջոցներ, խթանել համալրման և վերականգնման մեխանիզմները և մարել ախտաբանական պրոցեսներն ու հիվանդությունը պահպանող պատճառ–հետևանքային կապերը։ Ս. Բադալյան

ԱԽՏԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Վարակազերծում։


ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ, սնկային, մանրէային, վիրուսային հիվանդությունների հարուցիչներից սերմերի վարակազերծում։ Կիրառվում են ախտահանման քիմիական և ջերմային եղանակներ։ Քիմիականի ժամանակ օգտագործվում են սերմերի ծլունակության և բույսերի աճի վրա բացասաբար չազդող թունաքիմիկատներ՝ սնկասպաններ։ Կատարվում է 3 ձևով՝ չոր, երբ սերմերը փոշեպատում են ախտահանիչ նյութով (գրանոզան, մերկուրան ևն), թաց, երբ սերմերը խորասուզում են ախտահանիչ լուծույթի մեջ (ֆորմալինի ջրային լուծույթ ևն), կիսաչոր, երբ սերմերը խոնավացնում են բարձր խտության ախտահանիչ լուծույթով կամ սուսպենզիայով։ Ջերմային ախտահանումը կատարվում է սերմերը տաք ջրի մեջ պահելու միջոցով։ Կիրառվում է ցորենի, գարու փոշեմրիկի դեմ։

Ախտահանումը կատարվում է ախտահանիչ մեքենաներով։ Մեքենայի խառնարանում չոր, խոնավ կամ հեղուկ թունաքիմիկատը սահմանված քանակով խառնվում է սերմերին և, յւսւրսւկ շերտով ծածկելով նրանց մակերեսը, վարակազերծում։ Ախտահանիչ մեքենաները լինում են անընդհատ և ընդհատ գործողության՝ թաց և չոր ախտահաևման համար։ Աշխատում են մեխանիկական շարժիչով կամ ձեռքով։ ՍՍՀՄ–ում մեծ կիրառություն ունեն անընդհատ գործողության շարժիչային ՊՈՒ–3 ևՊԶ–10 մեքենաները, որոնց արտադրողականությունը 3–10 տ/ժ է։ Կա նաև աերոզոլային ախտահանիչ մեքենա, որը վարակազերծումը կատարում է դիզելային վառելանյութի լուծույթի մեջ մանր դիսպերս վիճակի հասցված թունաքիմիկատներով։ Յա. Սենեքերիմյան, Ս. Սահակյան


ԱԽՏԱՆԻՇ, սիմպտոմ, հիվանդությունն արտահայտող որևէ բնորոշ նշան։ Լինում է սուբյեկտիվ՝ հիվանդի կողմից նշված (թուլություն, սրտխառնոց, ցավ), և օբյեկտիվ, որ ի հայտ է գալիս հիվանդին հետազոտելիս։ Ա–ների հայտնաբերումը և հաստատումը հիմք են ծառայում տվյալ հիվանդության ախտորոշման, բուժման մեթոդներն ընտրելու և ելքը կանխագուշակելու համար։


ԱԽՏԱՆՇԱԽՈՒՄԲ, սինդրոմ, օրգանիզմի որոշակի ախտաբանական վիճակը բնորոշող ախտանիշների միակցություն։ Ա. երբեմն ներկայացնում է հիվանդության ամբողջ պատկերը և համարվում ինքնուրույն հիվանդություն, սակայն հաճախ բնութագրում է հիվանդության ախտածնության որևէ կողմը։


ԱԽՏԱՐԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գրականության տեսակ, որը պարունակում է երդմնեցուցչական բանաձևեր և աղոթքներ, կենցաղային, հասարակական և քաղաքական երևույթների մասին հմայագրեր։ Հիմքը ժողովրդական բանահյուսությունն է։ Սկզբնավորվել է հեթանոսական շրջանում բնության չար ուժերի, գազանների և հիվանդությունների դեմ մարդու մղած պայքարի ընթացքում, զարգացել միջնադարյան Մերձավոր Արևելքի երկրներում։ Հայ մատենագրության մեջ Ա. գ. անունով հայտնի են կախարդական ու սնապաշտական կարգի և բժշկական սնոտիաբանություններ պարունակող գրվածքները։ Ախտար անունը, որ գալիս է պահլ. axtar (կենդանակերպ, համաստեղություն), պարսկ. axtar (աստղ, բախտ) բառից, ձեռագրերում հաճախ պատահում է «աղթար» ձևով։ Ախտարական «արվեստը» հիմնվում էր մարդու ֆիզիկական ու հոգեկան կյանքում և բնության մեջ ենթադրվող գերբնական ուժերի օգտագործման գաղափարի վրա՝ աներևույթ ոգիների գործունեությունը համարելով շարժիչ ուժ հասարակական ու բնական անհասկանալի երևույթների համար։ Այսպես՝ հիվանդությունը, անհաջողությունը, դժբախտությունը, աղետները վերագրվում էին դևերի չար ազդեցությանը, ինչպես և առողջությունը, հաջողությունը, բարեբախտությունը, երջանկությունը համարվում էին ոգիների բարյացակամության և շնորհի արդյունք, ըստ որում, միջոցներ էին ենթադրվում չար դևերին կապելու (չեզոքացնելու), հալածելու և բարի ոգիևերի օգնությունն ապահովելու համար։ Միջնադարյան հայ հասարակության կյանքում, ինչպես և այլ երկրներում, լայն ասպարեզ կար այս «արվեստը» կիրառողների համար, որոնց տրվում էին դյութ, թովիչ, կախարդ, մոգ, վհուկ, հմայ, ձեռնածու, աղանդավոր և այլ անուններ։ Ախտարական արվեստը սկզբում սերտորեն կապված էր աստղաբաշխության հետ, սակայն վերջինս, որպես աստղերի զննության հետ կապված «արվեստ», ունեցել է ուրույև զարգացում, այնպես որ համապատասխանաբար մշակված աստղաբաշխական գրականությունն իր բնույթով հետզհետե մեկուսացել է Ա. գ–ից։ Ախտարական «արվեստը» կապված էր նաև բժշկական արվեստի հետ՝ օգտագործելով բույսերի և հանքային արտադրությունների բուժական հատկությունները, հիվանդներին ներշնչելու մեթոդը ևն։ Միջնադարյան բժշկությունը իր հերթին օգտագործում էր ախտարական «արվեստի» միջոցները։ Ա. գ–յան նյութերը լայն հնարավորություններ են տալիս հասարակական երևույթների ուսումնասիրության համար։ Դրանց նյութերի մեջ ժողովրդի պատկերացումների հետ միասին արտահայտվում են և նրա գաղափարները, ցանկություններն ու ձգտումները՝ կյանքի բարելավման, աևհատի բարօրության մասին։ Ա. գ–յանը պատկանող հայերեն նյութերի հիմնական մասն իր ծագումով հայկական է. կան նաև հունական, ասորական և մանավանդ արաբական–մահմեդական ծագում ունեցող նյութեր։ Ախտարական գրվածքները խիստ հարուստ նյութ են պարունակում հայկական ազգագրության համար՝ հայկական հին կենցաղի և ժողովրդական հավատալիքների նկարագրություններով, հայկական բժշկության պատմության համար՝ ժողովըրդական բժշկության ավանդներով, հայկական լեզվաբանության համար՝ ախտաբանական, բուսաբանական, կենդանաբանական և այլ տերմիններով և բար–