Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/204

Այս էջը սրբագրված է

բառային բառապաշարով ու քերականության բարբառային տարրերով, հայկական անգիր դպրության համար՝ ժողովրդական բանահյուսության հետաքրքիր նմուշներով։ Հայկական Ա. գ–յան մի շարք նմուշներ իրենց երկերում վարպետորեն օգտագործել են մեր գրողները (Հ. Թումանյան, Ղ. Աղայան, Պ. Պռոշյան են)։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 424 – 67։ Հ. Անասյան

«ԱԽՏԻԱՐԱԹ», անտիպ բժշկարան, հայտնի է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի 84 ձեռագրով։ Կրում է «Ախտիարաթ կասեն գրքիս» խորագիրը։ Ընդօրինակված է 1636-ից առաջ։ Դեղաբան–բանասեր Կ. Բասմաջյանի կարծիքով այս երկը հավանաբար հայերեն թարգմանությունն է «Էխթիարաթ–ե բադի'ի» կոչված պարսկերեն բժշկարանի, որի հեղինակն է Զեյն էդ Դին Ալի Իբն էլ Հոսեյն էլ Անսարի անունով բժիշկը։

Գրկ. Քյուրտյան Հ., Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքին ձեոագրաց հավաքման բժշկարանները, «Հասկ», 1939, .№ 6։ Բասմաջյան Կ. Հ., Բժշկարան Ասարա Սեբաստացվո, «Հասկ», 1940, .№ 5։


ԱԽՏՈՐՈՇԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, դիագնոստիկա (<հուն. διαγνωστικός – ճանաչման ընդունակ), բժշկագիտության ճյուղ, որն ուսումնասիրում է հիվանդի հետազոտման մեթոդները, հիվանդության ախտանիշները և դրանց ճանաչման ձևերն ու եղանակները։ Ա. բաղկացած է 3 հիմնական բաժիններից՝ 1. հիվանդի անամնեզ և հետազոտման տեխնիկա, 2. հիվանդության ախտանիշների ուսումնասիրություն և կլինիկական մշակում (սւխտանշագիտություն), 3. բժշկական կամ կլինիկական տրամաբանություն։

Հիվանդության ախտորոշումը կատարվում է անամնեզի և օբյեկտիվ քննության (զննում, բախում, շոշափում, ունկնդրում) տվյալների հիման վրա։ Նյարդային համակարգի և զգայարանների քննության ժամանակ գործադրում են ռեֆլեքսների հետազոտման հատուկ մեթոդներ, որոշվում է զգայության տարբեր տեսակների սրությունը, չափվում մարմնի ջերմությունն ու արյան ճնշումը, հայելիներով (քթի, աչքի, ականջի, հեշտոցի) կամ օպտիկական գործիքներով (օֆթալմոսկոպ, գաստրոսկոպ, բրոնխոսկոպ, ցիստոսկոպ, զոնդ, ռադիոակտիվ իզոտոպներ) ուսումնասիրվում են խորանիստ օրգանները։ Մեծ կիրառություն ունեն արյան, օրգանիզմի մյուս հեղուկների և արտաթորանքների միկրոսկոպիական, ֆիզիկական ու քիմիական հետազոտությունները, տարբեր հյուսվածքների հյուսվածաբանական ու մանրէաբանական քննությունները, ինչպես նաև ռենտգենախտորոշումը, էլեկտրակարդիոգրաֆիան, սֆիգմագրաֆիան (պուլսագրությունը) և էլեկտրաէնցեֆալոգրաֆիան։ Ստացված տվյալների վրա են խարսխվում բժշկի կլինիկական տրամաբանությունը, ախտորոշումը։ Դրանք օգնում են պարզեւու օրգանիզմի դիմադրողականության աստիճանը, տառապանքի հնարավոր ելքն ու բուժման մեթոդները։ Բարդ դեպքերում կատարվում է տարբերական ախտորոշում՝ նկատվող երևույթների և որոշակի հիվանդությունների համանման ախտանիշների միջև անցկացվող անալոգիայով։

Գրկ. Հովհաննիսյան Լ. Ա., Ներքին հիվանդությունների պրոպեդետիկա, Ե., 1964։


ԱԽՏՈՐՈՇՈՒՄ, դիագնոզ (<հուն. διάγνωσις – ճանաչում), հիվանդության բնույթի և էության մասին բժշկական համառոտ եզրակացություն։ Ախտորոշում են հիվանդին համակողմանի հետազոտելով և ախտորոշագիտության միջոցներն ու հնարավորություններն օգտագործելով։


«ԱԽՐԱՊԱՏԻՆ» (արաբ․ ակրաբադին - դեղաբանություն), հայ հին գրականության մեջ այս անունով են կոչվել թարգմանական կամ ինքնագիր դեղաբանական և դեղագործական գրվածքները։ XII դ. Մխիթար Հերացին օգտագործել է արաբական ակրաբադին ձևը, բայց հետագա դարերում, միջին հայերենի ազդեցությամբ ձևափոխվելով, դարձել է ախրապատին։ «Ա.»–ներ ունեն հայ բժիշկներ Ամիրդովլաթ Ամասիացին, Գալուստ Ամասիացին և ուրիշներ։ Բժշկական ձեռագրերում կան նաև «Ա.» խորագրով կամ անխորագիր դեղաբանական բազմաթիվ անանուն երկեր, որոնք ընդհանրապես ուրույն հեղինակություններ են, իսկ երբեմն նաև տարբեր աղբյուրներից խմբագրված երկեր (Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 412, Թբիլիսիի Կ. Կեկելիձեի անվ. ձեռագրերի ինստ., հայ. ձեռ. № 210 ևն)։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, էջ 468–76։


ԱԽՈՒԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, շրջկենտրոնից 13 կմ արևմուտք։ 853 բն. (1970), հայեր։ Ա–ի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, բուժկայան, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք։


ԱԽՈՒՆԲԱԲԱԵՎ Յուլդաշ (1885-1943), Ուզբեկական ՍՍՀ պետական գործիչ։ Ծնվել է հուլիսի 1(13)–ին։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ 1916-ին դեհկանների խռովությանը մասնակցելու համար ձերբակալվել է։ 1919–20-ին եղել է Չքավորների և բատրակների միության Մարգելանի վարչության նախագահ։ Մասնակցել է բասմաչների հակահեղափոխական խռովության ճնշմանը։ 1925–37-ին Ուզբեկական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահն էր, 1938–43-ին՝ Ուզբեկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահը։ Մահացել է ւիետր. 28-ին։


ԱԽՈՒՆԴՈՎ Ասադուլա Ջավադ օղլի (1873–1927), ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ՍՄԿԿ անդամ 1901-ից։ Եղել է «Հումմեթ» կազմակերպության հիմնադիրներից։ 1907-ից խմբագրել է բոլշևիկյան «Յոլդաշ» թերթը։ 1909– 17-ին Բաքվի բոլշևիկյան կազմակերպության հանձնարարությամբ հեղափոխական աշխատանք է տարել Իրանում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադառնալով Բաքու՝ մասնակցել է «Հումմեթ»–ի գործունեությանը։ Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է արտաքին առևտրի բնագավառում։


ԱԽՈՒՆԴՈՎ Միրզա Ֆաթալի (1812–1878), ադրբեջանցի գրող, հասարակական գործիչ, լուսավորիչ, փիլիսոփա, ադրբեջանական ռեալիստական գրականության հիմնադիր։ Ծնվել է հունիսի 30 (հուլիսի 12)–ին, Նուխիում (Շաքի), սովորել տեղի հոգևոր դպրոցում, ապա ավարտել ռուսական ուսումնարանը։ Տիրապետել է նաև արաբերենին, պարսկերենին։ 1834–61-ին արևելյան լեզուների թարգմանչի պաշտոնով աշխատել է Թիֆլիսում՝ Կովկասի փոխարքայի գրասենյակում։ Միաժամանակ ադրբեջաներեն է դասավանդել Թիֆլիսի հայկական գավառական դպրոցում (1837), ուր տեսուչ էր Խ. Աբովյանը, ապա պարսկերեն՝ Ներսիսյան դպրոցում (1852)։ Ծանոթ է եղել Գ. Սունդուկյանի, Ս. Ներսիսյանցի հետ։ Եղել է Երևանում (1857–1858), շփվել տեղի հայ առաջավոր մարդկանց հետ։

Ա–ի առաջին նշանակալից ստեղծագործությունը Ա. Ս. Պուշկինի մահվան առթիվ գրած «Արևելյան պոեմ»–ն էր (1837)։ Նա ստեղծել է առաջին դրամատիկական գործերը ադրբեջանական գրականության մեջ։ «Ալքիմիկոս մոլլա Իբրահիմ–Խալիլը» (1850), «Բուսաբան մուսյո ժորդանը և հայտնի կախարդ դերվիշ Սասթալիշահը» (1850), «Լենքորանի խանության վեզիրը» (1850), «Ավազակին հաղթած արջը» (1851) կատակերգություններում մերկացրել է նախապաշարմունքը, հետամնացությունը, բռնակալությունը։ Նշանակալից է «Ժլատի արկածները կամ Հաջի Կարա» (1852) պիեսը, որտեղ ներկայացված են հայ ազնիվ և աշխատասեր գյուղացիներ Առաքելն ու Մկրտիչը։ Նրա «Խաբված աստղեր» (1857) վիպակն ադրբեջանական արձակի բարձրարժեք երկերից է։ Նրա լուսավորչական սկզբունքը դրսևորվել է արաբական այբուբենի փոփոխման համար մղած պայքարում։ Այս հարցում նրան աջակցել է իրանական լուսավորիչ, հայազգի Միրզա Մելքում խանը։ Իր փիլիսոփայական նամակներում («Հնդկական արքայազն Քեմալ–ուդ–Դովլեի երեք նամակը պարսկական արքայազն Ջալալ–ուդ–Դովլեին…», 1864–65) Ա. քննադատել է իդեալիզմն ու կրոնական ֆանատիզմը, պաշտպանել մատերիալիստական հայեցողությունը։ Նա ժխտել է աշխարհն աստծո արարչագործություն լինելու տեսակետը, վերապահումներով ընդունել տիեզերքի նյութականությունը, նրա ամբողջական, եզակի, կատարյալ և համապարփակ էությունը («Պատասխան անգլիական փիլիսոփա Յումին», հրտ. 1938)։ Ա–ի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ադրբեջանական հասարակական մտքի զարգացման