Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/205

Այս էջը սրբագրված է

վրա։ Մահացել է փետր. 26 (մարտի 10)–ին Թիֆլիսում:

Երկ. Խաբված աստղեր, Ե., 1928։ Հաջի Կարա, Ե., 1929։ Արևելյան պոեմ, Ե., 1962։ Эсарлeри, 1. 1–5, Бакы, 1958–62.

Գրկ. Թարվերդիեվա Բ., Աբովյանը և Ախունդովը, Ե., 1958։ Արիֆ Մ., Ադրբեջանական ժողովրդի գրականությունը, Ե., 1961, էջ 38–43։ Рафили М., Ахундов, 1959.

ԱԽՈՒՆԴՈՎ Ռուհուլլա Ալի օղլի (1897–1938), ադրբեջանական հասարակական–քաղաքական գործիչ, հրապարակախոս, գիտնական։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է հունվարի 1(13)–ին։ 1919-ի օգոստոսին Ա. նշանակվել է Ադրբեջանի կոմկուսի օրգան «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1924–30-ին եղել է Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար, լուսավորության ժողկոմ։ 1930-ին ընտրվել է ՀսւմԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար։ Ա. աոաջիններից է, որ Մարքսի, Էնգելսի և Լենինի երկերը թարգմանել է ադրբեջաներեն։


ԱԽՈՒՆԴՈՎ Սուլեյման Սանի (1875–1939), ադրբեջանցի գրող, ադրբեջանական սովետական թատերագրության հիմնադիր։ Ծնվել է սեպտեմբերի 21 (հոկտ. 3)–ին, Շուշիում։ Առաջին պիեսում («Շահամոլը», 1899) ծաղրել է ունևորների ժլատությունը։ Գրել է պատմվածքներ («Ազատության աստղը», 1905, «Փիր», 1905 են), կազմել դասագրքեր։ Ա–ի թատերագրությունը կատարելության է հասել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո («Բազեի բույնը», 1921, «խավարից դեպի լույս», 1921 ևն)։ ժողովուրդների բարեկամության թեմայով գրած ստեղծագործություններից հայտնի են «Սատանա» (1922) պիեսը և «Ֆաթման ու Արշակը» պատմվածքը, որտեղ նկարագրել է Շուշվա արյունոտ դեպքերը (1920), հայ և ադրբեջանցի գյուղացիներ Գասպարի ու Կասումի ընտանիքների մտերմությունը։ Մահացել է մարտի 29-ին, Բաքվում։

Գրկ. Երեվանլի Ա., Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ, Ե., 1955։ Сечилмиш əсəрəри, Бакы, 1968; Yмид чырагы, Бакы, 1972. Вəлиханов Н., Сyлеjман Сани Ахундов, Бакы, 1968.


ԱԽՈՒՆԴՈՎ (մինչև 1939՝ Դադաղըշլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Մարմարիկ գետի ձախ ափին, Թեժ սարի հարավային ստորոտին, շրջկենտրոնից 23 կմ հյուսիս–արևմուտք։ 811 բն. (1970), հայեր, ադրբեջանցիներ։ Ա. մտնում է Հանքավանի կաթնա–անասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։


ԱԽՈՒՐԻԱՆԻ, բնակավայր ուրարտական Եթիունի «երկրում», Կարսից արևմուտք՝ Սարիղամիշի մոտակայքում։ Հիշատակվում է Արգիշտի Առաջինի՝ Սարիղամիշի մոտ գտնված սեպագիր արձանագրությունում՝ մ. թ. ա. 786-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ նա հաջողությամբ ետ է շպրտում Եթիունի ներխուժած ցեղային միություններին։ Ա–ից է ծագում Ախուրյան գետի անունը։


ԱԽՈՒՐԻԿ (մինչև 1945՝ Ղարաքիլիսա թուրքի), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ 1137 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունը զբաղվում է ցորենի, գարու, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, տեղամասային հիվանդանոց, դեղատուն, մանկապարտեզ, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք։ Ա. հիմնադրել են 1920–1921-ին Մուշից, Սասունից, Կարսից գաղթած հայերը։


ԱԽՈՒՐՅԱՆ (ն. Արևմտյան Արփաչայ), գետ, Արաքսի ձախ վտակը։ Վերին հոսանքը՝ ՀՍՍՀ–ում, միջին և ստորին հոսանքներում՝ սահմանային գետ ՍՍՀՄ և Թուրքիայի միջև։ Երկարությունը՝ 186 կմ, ավազանը՝ 9700 կմ²։ Սկիզբ է առնում Արփի լճից, 2023 մ բարձրությունից։ Հոսում է նախ դեպի արևելք, ապա հարավ, խորանում լավային զանգվածներով կազմված ձորի մեջ և Բագարան գյուղի մոտ խառնվում Արաքսին։ Լեռնային գետ է, 1070 մ ընդհանուր և 5,8 մ միջին անկումով։ Խոշոր վտակներից են՝ աջից Կարախանը, Կարսագետը (որը հնում Ախուրյան էր կոչվում Արփաչայի ստորին հոսանքի հետ միասին՝ մինչև Արաքսին միախառնվելը), Չարլուն և Տեկորը, ձախից՝ Քառանգուն։ Սնումը՝ ձնա–անձրևային, հորդացումը՝ գարնանը։ Ռեժիմն անկայուն է։ Միջին տարեկան ծախսը 26,9 մ/վ, տարեկան հոսքը՝ 847,4 մլն. մ³ (Հայկաձոր)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման (Շիրակի ջրանցք) և էներգետիկական նպատակներով (Լենինականի ՀԷԿ)։ Միջին ու ստորին հոսանքներում Ա. հոսում է խոր ձորերով և դժվարացնում ջրի լրիվ օգտագործումը։ Նախագծված ջրամբարի կառուցումը (Ախուրյանի ջրամբար) հնարավորություն կտա միջին հոսանքի շրջանում ոռոգելու անջրդի որոշ տարածություններ։ Ա–ի ափերի մոտ են կառուցվել պատմական Մարմաշենը, Երվանդակերտը, Երազգավորսը, Անին, Մրենը, Բագարանը և այլ բնակավայրեր։ Ա–ի վրա երբեմնի միակամար կամուրջներից երկուսի հետքերը պահպանվել են (Անի քաղաքի և ներքին Ջրափի գյուղի մոտ։) Ղ. Մուրադյան

Նկարում` Ախուրյան գետի կիրճը։ Նկարում` Ախուրյան։ Արհեստագործական ուսումնարանի ակումբը։


ԱԽՈՒՐՅԱՆ (մինչև 1945՝ Դուզքենդ), գյուղ, Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը, Լենինական քաղաքից 4 կմ արևելք։ 3954 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ, նաև շաքարի ճակնդեղի, բանջարեղենի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ա. ունի միջնակարգ, ութամյա և երաժշտական դպրոցներ, արհեստագործական ուսումնարան, հիվանդանոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, կինոթատրոն, կապի տուն, գրադարան, կենցաղսպասարկման կոմբինատ։ Ա. հիմնադրել են Կարսի շրջանի տարբեր գյուղերից 1828–29-ին գաղթած հայերը։


«ԱԽՈՒՐՅԱՆ», հասարակական–գրական օրաթերթ։ Հրատարակվել է 1907–15-ին, Ալեքսանդրապոլում (Լենինական)։ Խմբագիր–հրատարակիչն էր Կ. Ափինյանը։ «Ա.» եղել է Ալեքսանդրապոլի առաջին պարբերականը։ Լուսաբանել է Շիրակի հասարակական–տնտեսական և մշակութային կյանքը։ Արժեքավոր են Անի քաղաքի պեղումներին նվիրված գիտական նյութերը։ «Ա.»–ի էջերում հանդես են եկել Թ. Թորամանյանը, Ա. Տիգրանյանը և ուրիշներ։


ԱԽՈՒՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1945՝ Դուզքենդի շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արևմուտքում։ Կազմվել է 1937-ի դեկտ. 31-ին։ Տարածությունը 576 կմ² է։ Ա. շ–ի արևմտյան սահմանը համընկնում է այդ մասում Թուրքիայի հետ ՍՍՀՄ պետական սահմանին։ Վարչական կենտրոնը՝ Ախուրյան գյուղ։

Բնական պայմանները։ Գրավում է Շիրակի դաշտի կենտրոնական մասը՝ օղակելով Լենինական քաղաքը։ Միջին բարձրությունը 1500–1600 մ է։ Հյուսիսային մասով ձգվում է Շիրակի լեռնաշղթան (Եզնասար լ., 2250 մ)։ Արևելքից եզրավորված է Փամբակի լեռնաշղթայի արևմտյան լանջերով։ Մակերևույթը հարթ է, քիչ մասնատված։ Ծածկված է 300–350 մ հզորության լճագետային և հրաբխային նյութերի շերտերով։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով, ցուրտ ձմեռներով և կայուն ձնածածկույթով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 7°C է, հունվարինը՝ -8°C (բացարձակ նվազագույնը՝ -35°C), հուլիսինը՝ 18°C (առավելագույնը՝ 30°–ից 34°C)։ Անսառնամանիք օրերի թիվը 120–160 է։ Տարեկան տեղումները 480 մմ է, առավելագույնը՝ մայիսին (98 մմ)։ Ամռանը տիրապետող են լեռնային քամիները, ձմռանը՝ անհողմ եղանակը։ Հաճախակի են երաշտները։