Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/207

Այս էջը սրբագրված է

մեծ մասն օգտվում է Ղուկասյանի շրջանի աղբյուրներից անցկացված ջրատարներից։

Առողջապահությունը։ Ա. շ. ունի շրջանային հիվանդանոց, որը գտնվում է Լենինական քաղաքում, իսկ 3 բնակավայր (Ախուրյան, Ազատան, Ախուրիկ) ունեն տեղամասային հիվանդանոցներ (155 մահճակալով)։ Գրեթե բոլոր բնակավայրերում ստեղծվել են բուժկայաններ։ Շրջանում կա 160 բուժաշխատող, որից 35 բժիշկ են (1972)։

Մշակույթը։ 1914/15 ուս. տարում Ա. շ–ում գործել է 6 պետական և 12 ծխական դպրոց (1340 աշակերտ), 1972/73 ուս. տարում՝ 34 դպրոց, որից 19 միջնակարգ, 12 ութամյա, 3 տարրական (10020 աշակերտ, 624 ուսուցիչ, 342-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Շրջկենտրոնում գործում է գյուղ–մեխանիզացիայի պրոֆեսիոնսւլ–տեխնիկական ուսումնարան։ Ա. շ–ում աշխատում է բարձրագույն կրթությամբ 650 մասնագետ (այդ թվում՝ 170 գյուղատնտես, անասնաբույժ, անասնաբույծ, 53 ինժեներ են)։ Շրջանի 19 գյուղերի մսուր–մանկապարտեզներում ընդգրկված է մոտ 885 երեխա։ Բոլոր բնակավայրերում ստեղծվել են մասսայական գրադարաններ (190 հզ. կտոր գրքային ընդհանուր ֆոնդով)։ 12 գյուղերում կա կինո։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ Լույս է տեսնում «Շիրակ» շրջանային թերթը։

Ախուրյանի շրջանի բնակավայրերը

Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ախուրյան գյուղ 673 3954
Այգաբաց գյուղ 183 771
Ազատան գյուղ 717 3587
Ախուրիկ գյուղ 213 1137
Առափի գյուղ 308 1510
Արևիկ գյուղ 291 3954
Բայանդուր (ներառյալ
Բայանդուր
երկաթուղային
կայարանին
կից ավանը)
գյուղ 119 596
Բենիամին գյուղ 113 531
Գետք գյուղ 99 476
Երազգավորս գյուղ 205 174
Լեռնուտ գյուղ 47 3954
Կամո գյուղ 228 1373
Կապս գյուղ 100 539
Կառնուտ գյուղ 139 719
Կարմրաքար գյուղ 37 131
Կրաշեն գյուղ 56 242
Հայկավան գյուղ 296 1368
Հացիկ (ներառյալ
Մայիսյան
երկաթուղային
կայարանին
կից ավանը)
գյուղ 188 851
Հովիտ գյուղ 110 513
Հովունի գյուղ 88 439
Ղարիբջանյան
(ներառյալ
Ախուրյան
երկաթուղային
կայարանին
կից ավանը)
գյուղ 139 1290
Մայիսյան գյուղ 227 1008
Մարմաշեն գյուղ 287 1402
Մեծ Սարիար գյուղ 100 425
Մուսայելյան գյուղ 285 1599
Շիրակ գյուղ 168 877
Ոսկեհասկ գյուղ 393 2299
Ջաջուռ գյուղ 178 836
Ջաջուռ
երկաթուղային
կայարանին
կից ավան
ավան 78 423
Ջրառատ գյուղ 237 1201
Վահրամաբերդ գյուղ 143 730
Փոքրաշեն գյուղ 53 223
Քեթի գյուղ 176 868

Պատկերազարդումը տես աղ. VIII, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։

Ռ. Հովեսյան, Թ. Հակոբյան

ԱԾԱԿԱՆ, խոսքի մաս, որն արտահայտում է առարկայի կայուն (կամ հարաբերականորեն կայուն) հատկանիշ (որպիսություն, հարաբերություն են)։ Ա–ները բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ որակական և հարաբերական։ Որակական Ա–ներն անմիջականորեն են նշում առարկայի հատկանիշը, առանց այն մի այլ առարկայի հետ հարաբերության մեջ դնելու (գեղեցիկ շենք, աշխատասեր մարդ)։ Հարաբերական Ա–ներն արտահայտում են այնպիսի հատկանիշ, որ առարկան ունենում է մի այլ առարկայի նկատմամբ առկա կապով (փայտե սեղան, ընկերական սեր, եղբայրական օգնություն, ջրային բույս)։ Ոմանք վերջիններից առանձնացնում են նան հատկացական ենթատեսակը (մայրական, հայրական)։ Սակավ բացառությամբ որակական Ա–ներն ունեն համեմատության աստիճաններ։ Մի շարք լեզուներում Ա–ները հանդես են գալիս հոլովի, թվի, սեռի քերականական կարգերով և գոյականների հետ համաձայնում են հոլովով, թվով, սեռով։ Կան լեզուներ, որոնցում Ա–ները զարկ են կամ զրկվել են քերականական այդպիսի կարգերից։ Ա–ները գրաբարում գոյականների հետ ետադաս գործածվելիս հոլովվել են (նախադաս կարող էին հոլովվել միավանկ, սակավ դեպքերում էլ՝ որոշ բազմավանկ Ա–ներ)։ Ժամանակակից հայերենում Ա–ները կարող են հոլովվել միայն փոխանվանական հոլովմամբ (մեծը, մեծի, մեծին…)։ Ա–ները նախադասության մեջ լինում են որոշիչ (բարձր սար), ստորոգելիական վերադիր (սարը բարձր է), պարագա (նա բարձր է խոսում)։ Գոյականաբար գործածվելիս նրանք կատարում են գոյականին հատուկ շարահյուսական պաշտոններ։

Գրկ. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի…, հ. 1, Ե., 1952։ Օհանյան Հ., Ածական անունը ժամանակակից հայերենում, Ե., 1962։ Ա. Աբրահամյան


ԱԾԱՆՑ, բառակազմական երկրորդական ձևույթ, որ դրվելով արմատի կամ բառի վրա՝ կազմում է նոր բառ (զյուղ + ական = գյուղական, ծաղիկ + անոց = ծաղկանոց, ան + գիր = անգիր)։ Որոշ ածանցներ բառիմաստին երանգ են տալիս (տատ + իկ = տատիկ, տաք + ուկ=տաքուկ)։ Լինում են նաև քերականական ածանցներ, որոնք քերականական իմաստներ են մուծում բառի մեջ (հարգել–հարգվել, ցանկալ–ցանկանալ)։ Ըստ տեղադրման լինում են՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ։ Հայերենը գրեթե զուրկ է միջածանցներից։ Կան լեզուներ (օր. թյուրքական, ուգրո–ֆիննական են), որոնք միայն վերջածանցներ ունեն։ Նախածանցները դրվում են արմատից առաջ (մակ + դիր, արտ + ա + կարգ, գեր + արագ ևն), վերջածանցները՝ արմատից հետո (հող + ային, մայր + ական, աշխատ + ավոր + ություն են), իսկ միջածանցները՝ արմատի մեջ (հմմտ. լատ. vici և vinco - հաղթում եմ)։ Որոշ մասնագետներ միջածանց են համարում առհասարակ բառի մեջ (ոչ անպայմանորեն արմատի մեջ) եղած ածանցները։ Իրենց քանակով ու գործածությամբ հայերենում գերիշխում են վերջածանցները, պակաս թիվ են կազմում նախածանցները, որոնք էլ ավելի քիչ են եղել նախագրային ու մեսրոպյան շրջանում։ Մի շարք նախածանցներ ստեղծել են հունաբան դպրոցի ներկայացուցիչները։ Այդ նախածանցների զգալի մասը գործածվում է ժամանակակից հայերենում (գեր, մակ, արտ, ենթ, տրամ ևն)։ Բառակազմական դերով ու գործունեությամբ բոլոր Ա–ները հավասարազոր չեն. կան առավել տարածված ու կենսունակ, սակավ կենսունակ, ինչպես նաև այնպիսի ածանցներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց դերն ու նշանակությունը, հասնում մեռած կամ քարացած վիճակի։

Գրկ. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։ Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951։ Սևակ Գ., ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955։ Էլոյան Ս., Ածանցները ժամանակակից հայերենում, Ե., 1963։


ԱԾԱՆՑՅԱԼ (մաթ.), տես Դիֆերենցիալ հաշիվ։


ԱԾԻԿ, հայկական ազգային քաղցրահամ ուտելիք։ XIX դ. և XX դ. սկզբին տարածված էր Սասունում, Կարինում, Մուշում, Հարքում, Արցախում, Շիրակում, Ջավախքում և այլուր։ Այժմ էլ մասամբ գործածում են Վայոց ձորում, Շիրակում, Ապարանում, Կամոյի շրջանում։ Պատրաստում են ծլած ցորենից։ Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10–15 օր 7 ամեն օր խոնավացնում։ Երբ ցորենի ծիլերը հասնում են 12–15 սմ բարձրության, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում և եփում մինչև կարմրավուն դառնալը։ Ցորենի մեջ եղած օսլան հիդրոլիզվում է օլիգոշաքարների, օրինակ՝ մալտոզի (ածկաշաքար), որով և պայմանավորված է Ա–ի քաղցր համը։


ԱԾԻԿԻ ԾԻԼԵՐ, գարեջրի արտադրության մնացուկ։ Օգտագործվում է որպես կեր։ Պարունակում է 12,2% ջուր, 22,9% պրոտեին, 2,3% ճարպ, 11,7% թաղանթանյութ, 43,8% անազոտ էքստրակտային նյութեր, 7,1% մոխիր։ Մեկ կգ համարժեք է 0,67 կերային միավորի՝ 185 գ մարսելի պրոտեինի պարունակությամբ։ Կթու կովերին տալիս են օրական մինչև 3 կգ, հորթերին՝ 0,2–0,3 կգ, բտվող խոզերին՝ 1 կգ, ոչխարներին՝ 0,25 կգ՝ խառնելով ուրիշ խտացրած կերերի։ Ա. ծ. պետք է թրջել