խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հարսանիքը», 1903 ևն) և բանվոր․ շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։
ԱԲԵԼՅԱՆ Հարություն Տիգրանի (1849–1921), հայ քիմիկոս։ Ծնվել է ապրիլի 13(25)-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջան)։ Սովորել է Ներսիսյան դպրոցում և որպես առաջավոր շրջանավարտ 1865-ին ուղարկվել Եվրոպա՝ ուսումը շարունակելու։ Հայդելբերգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բունզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։ 1872-ին ավարտել է Ցյուրիխի համալսարանը՝ ներկայացնելով դոկտոր․ դիսերտացիայի թեզերը։ Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877–84), համալսարանի պրոֆեսոր (1884–1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր ածխաջրածինների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական քիմիայով։ Հետազոտել է նավթի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Ա֊ի «Առաջնորդ որակական անալիզի» գերմաներեն լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ 1896-ին գիտական նպատակներով եկել է Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպ. թերթերում։ Ա. եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։ Մահացել է հոկտ. 11֊ին, Ցյուրիխում։
ԱԲԵԼՅԱՆ Հովհաննես Հարությունի (1865–1936), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1925)։ Ծնվել է հոկտեմբերի 23 (նոյեմբ. 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուս․ ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882-ին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուս․ խմբում՝ որպես բեմահարդար, նաև դերասան՝ դրամատիկ․ և օպերետային ներկայացումներում։ 1886-ին Ա. ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պ. Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887–91-ին խաղացել հայկ. և ռուս․ ներկայացումներում։ 1891-ից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895֊ին Ա. հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»֊ը։ 1901–05-ին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905֊ից՝ նաև ռեժիսոր)։ 1908-ին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան֊Արմենյան թատերախումբը։ 1912-ին Ա. մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913-ին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917֊ին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920-ի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921–25-ին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմ. խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Տորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1925-ին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Ա. վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվ.)։ 1926-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927–28-ին աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» ևն)։
Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ Ա. եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։
Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Ա. կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) ևն։ Ա֊ի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուս․ և եվրոպ. դրամատուրգների գործերը։ Նրա կերտած դերերից են՝ Օսիպը (Գոգոլի «Ռևիզոր», 1898), ժադովը, ավելի ուշ՝ Յուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1892, «Անմեղ մեղավորներ», 1898, «Անտառ», 1903), Օթար բեկը (Սումբատով-Յուժինի «Դավաճանություն», 1905), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», 1893), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893), Շտոկմանը (Իբսենի «Ժողովրդի թշնամին», 1895), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896, «Անսանձի սանձահարումը», 1897, «Լիր արքա», 1911)։ Սովետական դրամատուրգների ստեղծած կերպարներից անձնավորել է՝ Աթա Քիշի (Ջաբարլիի «Սևիլ», 1929), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1930), Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», 1931), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1934), Խոջա Մուբարեք (Ջանանի «Շահնամե», 1935) ևն։ Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։
Ա. ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Գունիայի, Ն. Գաբունիա֊Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի֊Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիևի, Ա. Շարիֆզադեի հետ Ա֊ի բարեկամությունը նպաստել է վրաց․ ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ֊վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբ. թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»֊ն (1904)։ 1913-ին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահը Ա֊ին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932-ին Ա֊ին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Կիրովականի դրամատիկական թատրոնը և Երևանի փողոցներից մեկը կրում են Ա֊ի անունը։ Մահացել է հուլիսի 1֊ին, Երևանում։
Գրկ․ Մարդանյան Ֆ., Հովհաննես Աբելյան, Թ., 1907։ Ավետյան Գ., Քառասուն