Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/214

Այս էջը սրբագրված է

բելու անվ. ֆիզիոլոգիայի, ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի, փորձարարական կենսաբանության գիտահետազոտական ինստ–ները, Սևանի հիդրոկենսաբանական կայանը։ Հասարակական գիտությունների բաժանմունք՝ պատմության, տնտեսագիտության, Հ. Աճառյանի անվ. լեզվի, Մ. Աբեղյանի անվ. գրականության, հնագիտության և ազգագրության, արվեստի, փիլիսոփայության և իրավունքի, արևելագիտության գիտահետազոտական ինստ–ները։

ՀՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր գործող հիմնարկներն են. գիտական կոորդինացիայի խորհուրդը, գիտական կադրերի պատրաստման խորհուրդը, նոր տեխնիկայի գիտական պրոբլեմների խորհուրդը, տնտեսագիտական խորհուրդը, բնագիտության և տեխնիկայի պատմության խորհուրդը, կուլտուրական հուշարձանների պահպանման գիտա–մեթոդական խորհուրդը, գրադարանային խորհուրդը, միջազգային կապերի հանձնաժողովը, բնության պահպանության խորհուրդը, մեքենագիտության խորհուրդը, խմբագրական–հրատարակչական խորհուրդը, Հայկական սովետական հանրագիտարանի հատուկ գիտական խմբագրությունը, հասարակական գիտությունների ինֆորմացիայի բաժինը, հիմնակազմ գրադարանը, հրատարակչությունը, հայկական աշխարհագրական ընկերությունը, ֆիզիոլոգների հայկական ընկերությունը, բուսաբանների հայկական ընկերությունը, կենսաքիմիկոսների հայկական ընկերությունը, գենետիկների և սերմնաբույծների հայկական ընկերությունը։

ՀՍՍՀ ԳԱ կազմակերպմամբ Հայաստանում գիտության զարգացման պատմության մեջ սկսվեց նոր փուլ։ ԳԱ համախմբեց հանրապետության գիտական ուժերը՝ ւուծելու ժողովրդական տնտեսության և գիտության զարգացման կարևորագույն խնդիրները: Ստեղծվեցին Հայաստանի համար բոլորովին նոր գիտահետազոտական հիմնարկներ, ձևավորվեցին տեսական ու գործնական կարևոր նշանակություն ունեցող գիտական նոր ուղղություններ։ Զարգացում ստացան աստղային ֆիզիկան, աստղագիտությունը, ռադիո–աստղագիտությունը, տարրական մասնիկների ֆիզիկան, տեսական ֆիզիկան, միջուկային ֆիզիկան, ռադիոֆիզիկան, մաթեմատիկան, պինդ մարմնի ֆիզիկան, հաշվիչ տեխնիկան, մեխանիկան, կիբեռնետիկան, էլեկտրոնային ավտոմատիկան, կիսահաղորդչային էլեկտրոնիկան, հիդրոդինամիկան, կենսաքիմիան, օրգանական քիմիան, նուրբ օրգանական քիմիան, անօրգանական քիմիան, մանրէաբանական սինթեզը, երկրաբանությունը, կենսաբանությունը և ուրիշ ճյուղեր։ Համաշխարհային ճանաչում են գտել Բյուրականի Լենինի շքանշանակիր աստղադիտարանի ուսումնասիրությունները և հայտնագործությունները։ Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի գլխավորությամբ այդ աստղադիտարանը դարձել է աստղագիտական հետազոտությունների կենտրոն, որտեղ կատարվող հետազոտություններն առաջատար տեղ են գրավում ժամանակակից գիտության մեջ։ Մշակվել է աստղասփյուռների տեսությունը, արտակարգ կարևոր գիտական արդյունքներ են ձեռք բերվել աստղերի և աստղային համակարգերի ծագման ու զարգացման, աստղային լույսի բևեռացման, անկայուն աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, բաց աստղակույտերի հետազոտման ասպարեզներում։ Կարևոր ևվաճում է աստղերի ռադիոֆիզիկական ուսումնասիրության մեթոդների և դրանց համար անհրաժեշտ սարքավորումների ստեղծման գործի արմատավորումը, որ նախապես սկսվել է Բյուրականի աստղադիտարանում, ապա ծավալվել Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։

Մաթեմատիկայի բնագավառում կատարվող հետազոտությունները վերաբերում են հետևյալ ուղղություններին, մոտավորությունների տեսություն, ֆունկցիաների ընդհանուր տեսության հարցեր, ինտեգրալ ձևավախությունևեր և ֆունկցիաները ներկայացնելը կոմպլեքս փոփոխականի տիրույթներում, իրական փոփոխականի ֆունկցիաների տեսություն, ֆունկցիոնալ անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ, հաշվողական մաթեմատիկա և կիբեռնետիկա։ Մաթեմատիկական գիտության համար սկզբունքային նշանակություն ունեցող այս ուղղությունների զարգացման ասպարեզում կարևոր արդյունքներ են ձեռք բերվել։ Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում գիտահետազոտական լուրջ աշխատանքներ են կատարվել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մշակման և պատրաստման ուղղությամբ։ Այդ աշխատանքների հիման վրա պատրաստվել է «Նաիրի–3» հաշվիչ մեքենան, որի ստեղծման համար մի խումբ գիտնականներ և ինժեներներ արժանացել են ՍՍՀՄ պետական մրցանակի (1971)։

Գիտական մեծ նշանակություն ունեն տիեզերական ճառագայթների ուսումնասիրության ասպարեզում հայ գիտնականների ստացած արդյունքները։ Այդ աշխատանքը Հայաստանում ծավալվել է դեռևս Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ֆիզիկական գիտության հետագա զարգացմանը մեծապես խթանեց 6 մլրդ. էվ հզորությամբ՝ ԱԱՀՄ–ում խոշորագույն էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի կառուցումը Երևանում։ Միջուկային ֆիզիկայի պրոբլեմների հետ մեկտեղ ծավալվել են էլեկտրամագնիսական փոխազդեցությունների ֆիզիկայի, քվանտային էլեկտրոնիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի և ֆիզիկական գիտության մի շարք այլ ճյուղերի գծով տարվող հետազոտությունները։ Դրանց արդյունքների հիման վրա Հայաստանում զարգացել է ժամանակակից արդյունաբերության այնպիսի առաջատար ճյուղ, ինչպիսին քվանտային գեներատորների (լագեր) արտադրությունն է։ Հայ մեխանիկների հետազոտությունների գիտական արդյունքները լայնորեն օգտագործվում են սողքի տեսության և առաձգականության տեսության մի շարք խնդիրներ լուծելիս։

Քիմիական գիտության զարգացման բուռն թափը պայմանավորված է հանրապետությունում քիմիական հզոր արդյունաբերության առկայությամբ: Քիմիկոսները կարևոր արդյունքներ են ձեռք բերել նուրբ օրգանական սինթեզի, ամոնիակային միացությունների քիմիայի, պոլիմերների քիմիայի, քիմիական ֆիզիկայի, անօրգանական քիմիայի և քիմիական գիտության այլ բնագավառների պրոբլեմները ուսումնասիրելու ասպարեզում։ Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում համադրվել են ֆիզիոլո–