Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/220

Այս էջը սրբագրված է

և բնակավայրերի հատակագծման, Բնակարանային ճարտարապետության, Հասարակական և արդյունաբերական կառույցների ճարտարապետության, Շինարարական տեխնիկայի, Կոլտնտեսային և գյուղական շինարարության ճարտարապետության), ճարտարապետության թանգարան, գրադարան, լաբորատորիա, արվեստանոցներ, բաժանմունք՝ Լենինգրադում։ 1956-ին այն վերակազմվել է ՍՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի՝ ընդգրկելով նաև ՈՒՍՍՀ ճարտարապետության ակադեմիան (1945–56)։ Գոյատևել է մինչև 1964։ Ունեցել է 18 գիտահետազոտական ինստիտուտ, գիտխորհուրդներ, ճարտարապետության թանգարան, գիտավերականգնման կենտրոնական արվեստանոցներ, Լենինգրադի, Ուրալի, Արևմտյան Սիբիրի, Ղազախստանի բաժանմունքներ։ 1963-ին ակադեմիան ունեցել է 2 պատվավոր անդամ, 67 իսկական անդամ, 105 թղթակից–անդամ։ 1964-ին ակադեմիան վերացվեց, և նրա բազայի վրա ստեղծվեցին ճարտարապետական գիտական ինստիտուտներ։ ՍՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի (1956-ից ՍՍՀՍ շինարարության և ճարտարապետության ակադեմիա) անդամներ են ընտրվել Կ. Ս. Հալաբյանը (1939–59, վիցե–պրեզիդենտ՝ 1949–53), Հ. Ս. Մարգարյանը (1956–63, թղթակից–անդամ 1950-ից), Ս. Ա. Սաֆարյանը (1950–56, թղթակից–անդամ 1940-ից, 1956–63՝ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից–անդամ)։ Թղթակից–անդամներ են ընտրվել Գ. Գ. Աղաբաբյանը (1957), Գ. Բ. Քոչարը (1958)։

ԱԿԱԴԵՄԻԶՄ (ֆրանս. académisme) կերպարվեստում, XVI–XIX դարերի գեղարվեստի ակադեմիաներում ստեղծված ուղղությունդ որ դոգմատիկորեն հետևում էր դասական արվեստի արտաքին ձևերին: Ա. նպաստել է գեղարվեստական կրթության համակարգմանը, բայց դասական ավանդույթները մեխանիկորեն վերածելով «հավերժական» կանոնների։ ժամանակակից կյանքը համարելով «բարձր» արվեստին անարժան նյութ՝ Ա. վախարենն առաջադրել է գեղեցիկի՝ ժամանակից դուրս և ապազգային նորմեր, իդեալականացված կերպարներ, անտիկ դիցաբանությունից, Աստվածաշնչից, հին պատմությունից առնված սյուժեներ՝ ընդգծելով գույնի, գծանկարի ու ձևի վերացականությունը, կոմպոզիցիայի, կերպարների, ժեստերի ու պոզաների թատերականությունը։ Լինելով պաշտոնական, պետական ուղղություն, Ա. իր իդեալիստական գեղագիտությունը գործադրել է ընդդեմ ազգային առաջավոր արվեստի։

Ա. սկզբնավորվել է Իտալիայում, XVI դ․ վերջին։ Բոլոնիայի դպրոցը և XVII–XVIII դդ. ֆրանսիական Ա. (Շ. Լեբրեն և ուրիշներ) եվրոպական ու ամերիկյան բազմաթիվ ակադեմիաների համար ծառայել են որպես տիպար։ XIX դ. Ա., հենվելով կլասիցիզմի ամլացած ավանդույթների վրա, պայքարել է ռոմանտիկների, ռեալիստների և նատուրալիստների դեմ, սակայն, ինքն էլ ընդօրինակելով նրանց մեթոդները, վերասերվել է սալոնային արվեստի։ XIX դ. վերջին և XX դ. Ա. իր գոյությունը մասամբ պահպանել է մի քանի երկրներում՝ գլխավորապես նեոկլասիցիզմի թարմացված ձևերով։

«Ա.» տերմինը հասկացվում է նաև լայն առումով՝ որպես ամեն մի կանոնացում, անցյալի արվեստի իդեալների ու սկզբունքների վերածում անխախտելի նորմի։


ԱԿԱԴԵՄԻԿՈՍ, գիտական կոչում։ ՍՍՀՄ–ում կրում են ՍՍՀՄ ԳԱ–ի, միութենական հանրապետությունների ԳԱ–ների և մի քանի ճյուղային ակադեմիաների իսկական անդամները։ Միութենական և մի քանի ճյուղային ակադեմիաների իսկական անդամներին ընդունված է անվանել համապատասխան ակադեմիայի ակադեմիկոս (օրինակ՝ Հայկական ՍՍՀ ԳԱ–ի ակադեմիկոս, ՍՍՀՄ մանկավարժական ԳԱ–ի ակադեմիկոս)։ Ա. են ընտրվում տվյալ ակադեմիայի Ընդհանուր ժողովումդ Ակադեմիայի իսկական և թղթակից–անդամ առաջադրելու իրավունք վերապահվում է գիտական հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և առանձին գիտական աշխատողների։ ՍՍՀՄ ԳԱ–ում գոյություն ունեն՝ պատվավոր ակադեմիկոս, արտասահմանյան անդամ, միութենական ԳԱ–ներում՝ պատվավոր անդամ կոչումները։ Հայկական ՍՍՀ ԳԱ–ի կազմում կան (1971) 43 ակադեմիկոս, 47 թղթակից–անդամ, 4 պատվավոր և 2 արտասահմանյան անդամ։


«ԱԿԱՀԱՏԱ» («Կարմիր դրոշ»), օրաթերթ, ճապոնիայի կոմկուսի կենտրոնական օրգան։ 1928-ի փետրվարից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը հրատարակվել է գաղտնի «Սեկկի» անվամբ։ Վերստին սկսել է հրատարակվել Տոկիոյում, 1945-ի հոկտ. 20-ից։ Դեկտ. 5-ից կոչվել է «Ա.»։ 1950–52-ին «Ա.» փակվել է ամերիկյան օկուպացիոն իշխանությունների հրամանով։ 1959-ից հրատարակվում է նաև կիրակնօրյա համար՝ ավելի բան մեկ միլիոն տպաքանակով։


ԱԿԱՆ, 1. պայթուցիկ լիցքով սարք։ Գործողության մեջ է դրվում շփման, ճնշման, ձայնային ալիքների, մագնիսական ուժի շնորհիվ։ Նախատեսված է հարվածային ալիքով ու իր մասերի կինետիկ էներգիայով շինությունների, տեխնիկայի, կենդանի ուժի ոչնչացման համար։ Կան ավտոմատ Ա–ներ, որոնք գործում են իրենց վրա անմիջական ներգործության կամ տրված ժամանակամիջոցն անցնելուց հետո, և կառավարվող Ա–ներ։ Ըստ իրենց նշանակության ու կառուցվածքի, Ա–ները լինում են ծովային և ցամաքային։ 2. Ականանետից կրակելու արկ։ Գոյություն ունեն բեկորային, ծխային, բեկորաֆուգասային և ֆուգասային Ա–ներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում կիրառվում էին նաև ռեակտիվ գործողության Ա–ներ։


ԱԿԱՆԱ, Ականակերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծկվենք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ափին։ Հիշատակվում է X–XVII դդ. աղբյուրներում՝ նախ որպես Ներքին Խաչենի իշխան Հասան–Ջալալի հայրենի բնակավայր, հետագայում (XIII դ. վերջից)՝ որպես Վերին Խաչենի կամ Ծարի իշխանների սեփականություն։ Այս պատճառով էլ ենթադրաբար պետք է տեղադրել Խաչենի իշխանության այդ երկու ճյուղերի տիրույթների սահմանում, այժմյան Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մոտ, Թարթառի ափին։ Ավերվել է Կովկասյան լեռնականների (XVI դ. երկրորդ կես) և թուրքերի ու պարսիկների պարբերական ասպատակությունների (XVI–XVII դդ.) հետևանքով։


ԱԿԱՆԱԴԻՐ ՆԱՎ, հատուկ նշանակության ռազմանավ։ Ջրատարողությունը՝ մինչև 8000 տ։ Ա. ն–երը լինում են ականային (վերջրյա, ստորջրյա) և ցանցային։ Ականային Ա. ն–երը նախատեսված են նավերի և սուզանավերի դեմ ականային շրջափակոցներ, իսկ ցանցային Ա. ն–երը՝ սուզանավերի դեմ ցանցային շրջափակոցներ տեղադրելու համար։


ԱԿԱՆԱԽՈԻՅԶ, մետաղե իրանով ականներ հայտնաբերող էլեկտրասարք։ Կազմված է փնտրող շրջանակից, էլեկտրական տատանումների գեներատորից, ձայնային կամ տեսողական ինդիկատորից և էլեկտրական հոսանքի աղբյուրից։ Երբ փնտրող շրջանակը հանդիպում է ականին, փոխվում են նրա էլեկտրական կոնտուրի պարամետրերը և, համապատասխանաբար. ձայնի ուժը լսափողերում կամ տեսողական ինդիկատորի սլաքի դիրքը։


ԱԿԱՆԱԿԻՐ, հակառակորդի նավերին տորպեդային հարված հասցնելու համար նախատեսված ռազմանավ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործում էին երեք կարգի Ա–ննր՝ լիդերներ (առավել խոշոր և հզոր նավերը), էսկադրային Ա–ներ և բուն Ա–ներ (ամենափոքր նավերը)։ ժամանակակից նավատորմները ունեն միայն էսկադրային Ա–ներ (տես Ականակիր Էսկադրային), որոնց կազմի մեջ են մտել նաև լիդերները։ Փոքր Ա–ները կորցրել են իրենց նշանակությունը, որովհետև նրանց առաջադրանքները հաջողությամբ կատարում են տորպեդային կատերները։


ԱԿԱՆԱԿԻՐ ԷՍԿԱԴՐԱՅԻՆ, ռազմանավի տեսակ, նախկինում գործադրվում էր հակառակորդի նավերին տորպեդա–հրետանային հարված հասցնելու,, հետախուզության, ռազմական ու տրանսպորտային նավերի պաշտպանության համար։ Հրթիռային զենքի արմատավորումով գոյություն ունեցող էսկադրային ականակիրները վերազինվում են սուզանավերի դեմ