Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/222

Այս էջը սրբագրված է

բոքումների բուժումը դեղորայքային է, չարորակինը՝ վիրահատական։

Գրկ. Շուքուրյան Կ. Հ., Միջին ականջի թարախային քրոնիկական բորբոքումներ, «Առողջապահություն», 1957, № 4։ Вольфкoви М. И., Хронический гнойный средний отит, М., 1967. Կ. Շուքուրյան

ԱԿԱՆՋԱԾՈՐԱՆՔ, թարախահոսք ականջից։ Առաջանում է միջին ականջի սուր և երկարատև թարախային բորբոքումներից՝ միջին ականջի թմբկաթաղանթի վնասման (պերֆորացիա) հետևանքով։ Ժամանակին չբուժելն առաջ է բերում քրոնիկական թարախային բորբոքում։ Նման դեպքում ականջի ցավերը դադարում են, սակայն շարունակվում է թարախահոսքը, որից թուլանում է լսողությունը։ Միաժամանակ միջին ականջի ոսկրիկները և քունքոսկրի պատը ենթարկվում են ոսկրափուտի։ Բուժումը դեղորայքային է, ծանր դեպքերում՝ վիրահատական։


ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, լսողության կամ հավասարակշռության ապարատների ծայրային մասերի հիվանդություններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի։ Ականջի բնածին հիվանդություններ են՝ ականջախեցու այլաձևությունները, արտաքին լսողական անցուղքւ և թմբկախորշի բացակայությունը (որոնք թուլացնում են լսողությունը), ներքին ականջի ոչ ճիշտ ձևավորվածությունը (որ առաջացնում է խլություն)։ Պատճառներն են՝ բնածին սիֆիլիսը, ժառանգական նախատրամադրվածությունը, պտղի ներարգանդային կյանքի անբարենպաստ պայմանները ևն։ Ականջի ձեռքբերովի հիվանդությունները (արտաքին, միջին և ներքին ականջի, տես Ականջաբորբ), ըստ կլինիկական ընթացքի, լինում են սուր, ենթասուր և քրոնիկական։ Յուրահատուկ ընթացք ունի ականջի սկլերոզը։ Ձեռքբերովի հիվանդությունների պատճառներն են՝ վնասվածքները, ինքնաթունավորումները, մրսածությունը, ականջի գերլարվածությունը (երկարատև աղմուկի հետևանքով)։ Ա. հ. մեծ մասամբ վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կարմրուկ, հարականջաբորբ, դիֆթերիա) բարդություններ են։ Հիմնական ախտանիշներն են՝ լսողության մասնակի կամ լրիվ կորուստը, ականջում ցավի և խշշոցի զգացումը, ինչպես նաև գլխապտույտները և հավասարակշռության խանգարումները (հիմնականում՝ հավասարակշռության ապարատի ախտահարման դեպքում)։ Ա. հ. հաճախ առաջացնում են խլություն, խուլ–համրության, իսկ թարախային հիվանդությունները կարող են պատճառ դառնալ ուղեղի թաղանթների բորբոքման, թարախակույտի առաջացման և արյան վարակման։ Բուժումը՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող դեղորայքներ, կլիմայաբուժություն, ֆիզիոթերապիա, երբեմն՝ վիրապատություն։ Հ. Հովհաննիսյան


ԱԿԱՆՋԻ ՍԿԼԵՐՈԶ, ներքին ականջի ոսկրային պատյանի տարաճական պրոցեսներով ընթացող հիվանդություն։ Կոչվում է նաև սպունգիոզ (պատյանը վերածվում է սպունգանման նյութի)։ Լսողական ոսկրիկ ասպանդակի հիմքը ձվաձև պատուհանի շրջանում Ա. ս–ի դեպքում անշարժանում է։ Հիվանդության պատճառները չեն հայտնաբերված։ Ախտանիշներն են՝ ականջներում խշշոց, լսողության թուլացում (օդային հաղորդականությունը ոսկրայինի համեմատությամբ պակասում է)։ Բուժում են վիրահատությամբ։


ԱԿԱՆՋՄՏՈՒԿՆԵՐ, մաշկաթևեր (Dermaptera), միջատների կարգ։ Կերպարանափոխվում են ոչ լրիվ։ Մարմինը տափակ է, երկարությունը՝ 3,5–50 մմ փորը՝ աքցանաձև հավելումով։ Ունեն կարճ մաշկային վերնաթևեր, որոնց տակ երբեմն գտնվում են թաղանթաթևեր։ Բազմանում են տարեկան 1 անգամ՝ դնելով մինչև 80 ձու։ Վարում են գիշերային կյանք։ Խոնավասեր են, ամենակեր։ Տարածված են տաք երկրներում։ Հայտնի է Ա–ի մոտ 1000 տեսակ (ՀՍՍՀ–ում 4-ը՝ առափնյա, բանջարանոցային, սովորական և երկբծանի)։ Որոշ տեսակներ վնասում են գյուղատնտեսական բույսերը։

ԱԿԱՆՑ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիսում, Արճեշ քաղաքի մոտ, բլրաշատ հարթավայրում։ XV դ. երկրորդ կեսին Ա–ում ընդօրինակվել է երկու ավետարան։ Հին Արճեշ քաղաքը Վանա լճի տակն անցնելուց հետո Ա. բավական մեծացել ու ընդարձակվել է՝ դառնալով Արճեշի գավառի կենտրոնը։ Ա. ուներ իր նավահանգիստը, որով կապվում էր Վանա լճի մյուս նավահանգիստների (Վանի, Դատվանի, Արծկեի և Խլաթի) հետ, ներմուծում և արտածում էր տարբեր մթերքներ։ XX դ. սկզբին Ա–ում կար 1000 տուն բնակիչ, որից 250-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ՝ ձկնորսությամբ։ Ա. ուներ երկու ուսումնարան (արական և իգական), եկեղեցիներ (Ս. Թադեոս, Ս. Գևորգ), գրադարան–ընթերցարան։ Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածն ապաստանել է Արևելյան Հայաստանում։ Թ. Հակոբյան

ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏ, Ակներ վանք, Կիլիկիայի (XII–XIV դդ.) գլխավոր վանքերից մեկը։ Գտնվում էր Կիլիկյան Տավրոսի հարավային լանջին, Սսից մոտ 40 կմ հյուսիս–արևմուտք, Ակներ գյուղի շրջակայքում։ Գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն էր։ Եղել է նաև Կիլիկիայի հայկական պետության դիվանագիտական և հոգևոր գործերի խորհրդարան։ Ա. ա–ի մասին վկայություններ են թողել Սամվել Անեցին (XII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Վահրամ Րաբունին (XIII դ.), Հեթում Պատմիչը (XIV դ.), Դավիթ Բաղիշեցին (XVII դ.)։ Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը 1198– 1203-ին։ Համակառույցի կազմում հիշատակվում են երեք եկեղեցիներ՝ Ս. Աստվածածին, Ս. Առաքելոց, Ս. Հակոբ։ Ունեցել է օժանդակ շենքեր և հարուստ գրադարան։

Նկարում` «Մկրտություն»։ Նմուշ 1287-ին Ականց անապատում ընդօրինակված և ծաղկված ավետարանի մանրանկարներից։ Վերագրվում է Թորոս Ռոսլինին։

Նկարում` Ականց անապատի գրչության դպրոցի ձեռագրի նմուշ։

Ա. ա. համահայկական հռչակ է վայելել գրչության արվեստով։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215-ից է, ամենաուշը՝ 1342-ից։ Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, Մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններ կան ժամանակի դեպքերի, պատմական անձերի մասին։ Գրչության բարձր արվեստով նշանավոր են՝ Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի, Վարդանի, Ներսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը։ Առանձնանում է գրիչ Գրիգոր Ակներցին, որ 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միխայել Ասորու «Ժամանակագրութիւն»–ը, գրել է նաև «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը։

Ա. ա. եղել է XIII դ. Կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքաեղբայր րաբունապետի մանրանկարչական «դպրոցը», ուր մշակվել է գրքի գեղարվեստական ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝