Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/224

Այս էջը սրբագրված է

1919–51-ին Ա. աշխատել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Լենինգրադում։

Գրկ. Արզումանյան Ա., Էջեր մի կյանքից, «ՍԱ», 1969, № 6։ Գ. Տիգրանյան

ԱԿԻՆ, ժողովրդական բանսւստեղծ–երգահան և երգիչ՝ ղազախների, կիրգիզների և մի շարք այլ ժողովուրդների մոտ։ Երգում է իր և ուրիշների երգերը՝ դոմբրայի նվագակցությամբ։


ԱԿԻՆՅԱՆ Ներսես (Գաբրիել) Հակոբի (1883–1963), հայ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901-ից), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954)։ Ծնվել է սեպտ. 10-ին, Արդվինում։ 1895-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում, ապա հետևել Վիեննայի համալսարանի հունա–հռոմեական ու բյուզանդական մշակույթի պատմության և հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին։ 1909–63-ին միաբանության մատենադարանապետն էր։ 1903-ից աշխատակցել է «Հանդես ամսօրյա»–ին, իսկ 1909–63-ին եղել նրա խմբագիրը։ Հանդեսի շուրջն է համախմբել նշանավոր գիտնականների ե մեծապես նպաստել հայագիտության զարգացմանը Եվրոպայում։ Ա. աշխատակցել է նաև գերմաներեն, անգլերեն գիտական հանդեսների և հայկական բազմաթիվ պարբերականների։ Ունի մոտ 500 մենագրություն, հոդված, գրախոսական, որոնք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները։ Կազմել և հրատարակել է հայկական ձեռագրերի հավաքածուներից մի քանիսի ցուցակները։ 1924–28-ին ուսումնասիրել է Էջմիածնի մատենադարանի (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) ձեռագրերի մի մասը։ Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ է կարդացել հայ գրավոր մշակույթի մասին։ Մահացել է հոկտեմբերի 28-ին, Վիեննայում։

Մեծ է Ա–ի երախտիքը հայկական սկզբնաղբյուրների հետազոտության և հրապարակման գործում։ Պատմագիտական կարևոր աշխատություններ է գրել հայ–վրացական հարաբերությունների մասին. «Հայ–վրացական հարաբերությունք Դ–Է դարուց մեջ» (1907), «Կյուրիոն կաթողիկոս վրաց» (1910)։ Արժեքավոր են «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա» (1920), «Հայ Բսւգրատունիներու տոհմածառը» (1930), «Մովսես Գ Տաթևացի հայոց կաթողիկոսն և իր ժամանակը» (1936), «Քրիստոնեության մուտքը Հայաստան և Վրաստան» (1949), «Բաղեշի դպրոցը» (1951) գործերը։ Ա. հետազոտել է միջնադարյան բանաստեղծների (Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Գրիգորիս Աղթամարցի, Սիմեոն Ապարանցի, Նաղաշ Հովնաթան, Հակոբ Կեսարացի, Մինաս Ստեփանոս, Հակոբ, Ղազար, Թաթոս Թոխաթեցիներ, Թորոս Մշեցի) կյանքն ու ստեղծագործությունը, հրատարակել նրանց երկերը։ Ա–ի շատ անտիպ գործեր պահվում են Վիեննայի Մխիթարյան մատենադարանում։ Ա–ի ուսումնասիրությունները լույս են տեսել մեծ մասամբ «Հանդես ամսօրյա»–ում, ապա արտատպվել «Ազգային մատենադարան» մատենաշարի հատորներում։ Ա–ի աշխատություններին պետք է վերաբերվել լուրջ վերապահությամբ, քանի որ դրանցում տեղ են գտել պատմագիտական սխալներ, հակասական ենթադրություններ։ Այսպես, Ա. գտնում է, որ Մ. Խորենացու «Հայոց պատմություն»–ը գրվել է VIII դ. պատմագիր Ղևոնդի կողմից («Մատենագրական հետազոտություններ», հ. Գ, 1930), իսկ Եղիշեի պատմությունը որպես V դ. կեսերի ազատագրական շարժումը պատկերող աղբյուր, համարում է կեղծիք, որն իբր վեր է հանել միայն 572–590-ի Կարմիր Վարդանի գլխավորությամբ հայերի մղած պատերազմները («Եղիշե վարդապետ և յուր պատմություն հայոց պատերազմին», հ. Ա, 1932, հ. Բ, 1936)։

Երկ. Մատենագրական հետազոտություններ, հ. 1–5, Վնն., 1922–53։ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարոնի. կյանքն ու գրական վաստակը հանդերձ ազգաբանությամբ Պահլավունյաց և Լամբրոնի Տեթումյանց, Վնտ., 1956։ Եվսեբեա եպիսկոպոսի Եմեսացվո ճառք, «ՀԱ», 1956–59։ Դավիթ Հարքացի Անհաղթ փիլիսոփա, կյանքն ու գործերը, Վնտ., 1959։ Տաղասացներ ե տաղեր, Վնտ., 1968։

Գրկ. Հրանտ Արմեն, Իտրենացի, Եղիշե և հ. Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951։ Ինգլիզյան Վ., Հ. Ներսես վրդ. Ակինյան–հայ բանասերը, Վնն., 1954։ Գ. Աբգարյան


ԱԿ–ԿՈՅՈՒՆԼՈՒՆԵՐ (հայկ. աղբյուրներում Աղ–Օղլու, թուրք. սպիտակախոյեր, «ակ»–«սպիտակ» և «կոյուն»–«ոչխար» բառերից), թուրքմեն–օղուզների քոչվոր ցեղախումբ, որ հաստատվել էր Տիգրիսի վերին հոսանքում, XIV–XV դարերում։ Ցեղախմբի տիրող ազգատոհմը Բայանդուրի հարստությունն էր, որը իշխանություն էր հաստատել Հայաստանի Ամիդ քաղաքից մինչև Սեբաստիա ընկած ընդարձակ տարածքի վրա։ Երկարատև պայքարում Ա–ի առաջնորդ Ուզուն–Հասանը հաղթեց (1467) Կարա–Կոյունլուներին և իշխանությունը տարածեց Հայաստանի, Ատրպատականի, Իրանի և Իրաքի վրա՝ կենտրոն ունենալով Թավրիզը։ Նրա գահակալության վերջին տարիներին և հաջորդների ժամանակ հպատակ ժողովուրդների կեղեքումը մեծ չափերի հասավ։ 1473-ին Ուզուն–Հասանը պարտություն կրեց օսմանյան թուրքերից և կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ուզուն–Հասանին հաջորդեց որդին՝ Յաղուբ–բեկը, որի օրոք (1478–90) իշխանությունը փաստորեն անցավ քոչվոր ցեղերի զորեղ առաջնորդներին, որոնք պատերազմներ մղեցին Վրաստանի (1484) և Ղզլբաշ ցեղերի դեմ (1488)։ Նրա ժամանակ ծանրացավ հատկապես հարկային լուծը և ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Նրա մահից հետո երկրում ծայր առան գահակալական արյունահեղ պատերազմներ, որոնք տևեցին մինչև Ա–ի վերջնական պարտությունը։ 1502-ին Սեֆեյան շահ Իսմայիլ I գրավեց Ա–Կ–ի տիրապետությանը ենթարկված երկրամասերը։

Գրկ. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, մաս 2, Ե., 1958։


ԱԿՄԵԻԶՄ (ֆրանս. acmeisme, <հուն. άκμή - որևէ երևույթի բարձրագույն աստիճանը, բարգավաճող վիճակ), մոդեռնիստական հոսանք XX դարի սկզբի ռուսական պոեզիայում։ Ա–ի ներկայացուցիչներն էին՝ Ն. Գումիլյովը, Ա. Գորոդեցկին, Ա. Ախմատովան, Օ. Մանդելշտամը, Մ. Զենկևիչը և ուրիշներ։ Խմբավորվելով «Ապոլլոն» (1909–17) հանդեսի շուրջը՝ նրանք քարոզում էին «վերադարձ» դեպի նյութական աշխարհը, հակադրվում սիմվոլիզմին։ Սակայն իրականում ակմեիստները պաշտպանում էին «արվեստն արվեստի համար» սկզբունքը:


ԱԿՄՈԼԻՆՍԿ, Ղազախական ՍՍՀ Ցելինոգրադ քաղաքի նախկին (մինչև 1961) անվանումը։


ԱԿՆ (թուրք․ Էգին, ապա՝ Քեմալիե), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին։ Անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում։ Ա. գտնվում է Տավրոսյան և Անտիտավրոսյան լշ–ների միջև, ծառազարդ հովտում, բարձր, ավելի քան 1000 մ։ Ա. հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները 1022-ին. սկզբում կոչվել է Մարընտունիկ։ Ա. անունը հավանաբար ծագել է քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվանումից։ XI դ. Արծրունիներն Ա–ում կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի Նարեկա վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Ս. Նշան վանքը (Վասպուրակսւնի Վարագա Ս. Նշան վանքի անունով)։ 1300–21-ին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ա. Հակոբ եկեղեցով։ Ա–ում եղել է նաև Անի անունով բերդ։ XVI դ. սկզբին Ա. գրավեցին թուրքերը։ 1880-ին Ա. ուներ շուրջ 10 հզ. բնակիչ, որից մոտ 5500՝ հայեր։ Տները քարաշեն