Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/226

Այս էջը սրբագրված է

Ա. անջատվել է վիրաբուժությունից XIX դ. սկզբին և դարձել բժշկագիտության ինքնուրույն ճյուղ։ Ա–յան ծագման վաղ շրջանում հիմնականում մշակվում էին աչքի արտաքին հիվանդությունների և վիրահատման տեխնիկայի հարցերը։ 1851-ին Հ. Հելմհոլցի ստեղծած ակնադիտակը (օֆթալմոսկոպ) հնարավորություն տվեց ուսումնասիրել նաև աչքի խորանիստ մասերը (ակնահատակ, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ) և հայտնաբերել որոշ ընդհանուր հիվանդությունների պատճառով առաջացած ախտաբանական փոփոխությունները։ XX դ. 50-ական թթ. Ա–յան պրակտիկայում կիրառվեցին կենսամիկրոսկոպիան, ռենտգենախտորոշումը, էլեկտրաախտորոշումը, ինչպես նան վիրահատական բուժման մի շարք եղանակներ (եղջերաթաղանթի պատվաստում, ցանցաթաղանթի շերտակցում)։ Հայաստանում Ա–յան զարգացումն սկսվել է սովետական կարգերի հաստատումից հետո։ 1925-ին բժիշկ Հ. Կանայանի գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնը և կլինիկան։ Հայաստանում Ա–յան զարգացման ասպարեզում նշանակալի ծառայություններ է մատուցել Բ. Մելիք–Մուսյանը։ Ս. Մալայան

ԱԿՆԱԳԱՐԻԿ, ակնակլունձ, տիկնակլունձ, կոպի եզրի ճարպային գեղձի թարախային սուր բորբոքում։ Սկսվում է կոպի ցավով, մաշկի կարմրությամբ և այտուցով։ 3–4 օր անց օջախի գագաթին առաջանում է դեղնավուն գլխիկ, որից, բացվելուց հետո թարախ և մեռուկացած զանգված է արտազատվում։ Ա. կարող է ունենալ քրոնիկական ընթացք։ Բուժումը ախտահանիչ կաթիլներ, անտիբիոտիկ քսուքներ, չոր տաքություն, գերբարձր հաճախականության հոսանք, աուտոհեմոթերապիա։


ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, դեկորատիվ–կիրառական արվեստի տեսակ, թանկագին և կիսաթանկագին քարերով գեղարվեստական, կենցաղային և այլ իրերի զարդարում։ Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում Հին Արևելքի երկրներում օգտագործվել են փորագիր թանկագին քարեր որպես կնիք–մատանիներ (տես Գեմմա, Կնքագիտություն, Գլիպտիկա)։ Մ. թ. ա. VII–VI դդ. Ա. զարգացել է Հունաստանում, որտեղ հայտնաբերվել էին թանկագին քարերի նոր տեսակներ (զմրուխտ, հասպիս, ամեթիստ ևն)։ Միջին դդ. Ա. մուտք է գործել Եվրոպա։

Հայաստանում դեռևս մ. թ. ա. III հազարամյակում կիսաթանկագին քարերից (սարդիոն, լեռնային բյուրեղաքար, ագատ, սուտակ ևն) պատրաստում էին ուլունքներ (Շենգավիթ)։ Թանկագին քարերով իրերի զարդարումը՝ ընդելուզումը, հայտնի էր մ. թ. ա. II հազարամյակից (ավելի ուշ շրջանի լավագույն օրինակներից են Տիգրան Բ–ի և Արտավազդ Բ–ի դրամների վրա պատկերված թագերը)։ Հայկ. Ա–յան բազմաթիվ նմուշներ գտնվել են Լճաշենի, Արմավիրի, Գառնիի, Դվինի պեղումներից։ Ա–յան մասին հիշատակում են մի շարք պատմիչներ, մասնավորապես՝ Ագաթանգեղոսը, Անանիա Շիրակացին, Ուխտանեսը։ Եկեղեցական և կենցաղային բազմաթիվ իրեր (խաչեր, բուրվառներ, անոթներ ևն) զարդարում էին թանկագին քարերով։ Հայ թագավորը իշխաններին և պալատական ծառայողներին թանկագին քարերից կազմված պատիվ (գլխակապ) էր շնորհում (հայտնի է Բագարատ թագադիր ասպետի երեք շարք ադամանդներից կազմված պատիվը)։ Հայ ալքիմիական աշխատություններում նշված է արեհստական եղանակով թանկագին քարերի ստացման ե մշակման կերպերի մասին։ Նույնը հիշատակում է նան ուշ միջնադարի պատմիչ Առաքել Դավրիմեցին։ Հայ ֆեոդալները և բարձրաստիճան հոգևորականներն օգտագործում էին ակնակուռ կնիք–մատանիներ (գտնվել են Դվինի պեղումներից, որոնց մի մասը վերաբերում է հին շրջանին)։ Անգլիացի գոհարագետ Է. Բրաունը և հայ ազգագրագետ Հ. Քյուրտյանը հիշատակում են XVII դ. հա, ակնագործներ Եփրեմ Սադիին, Տեր Սարգսին և այլոց, որոնց հայտնի էին թանկագին քարեր հղկելու և մշակելու բազմաթիվ գաղտնիքներ։ XVII–XIX դդ. առանձնապես աչքի են ընկել Նոր Ջուղայի ակնագործները, որոնց աշխատանքի նմուշներից է ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին 1660-ին ընծայած «Ալմաստե գահը» (Մոսկվա, Զինապալատ)։ XIX-XX դդ.Հայաստանում հայտնի էին Վանի, Կ.Պոլսի, Կարսի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Շուշիի և այլ քաղաքների տնայնագործ վարպետ ակնագործները։

Սովետական կարգերի հաստատումից հետո ՍՍՀՍ–ում կազմակերպվեցին ոսկերչական արտելներ, որոնց միավորումից ստեղծվեցին գործարաններ: ՀՍՍՀ–ում կազմակերպվել է Երևանի ոսկերչական գործարանը: Ժամանակակից հայ վարպետները օգտագործելով անցյալի հարուստ ավանդույթները, ստեղծում են քեղարվեստական արժեք ունեցող ինքնատիպ զարդեր: Հայ ոսկերչության և ականաքործության բազմաթիվ նմուշներ առաքվում են արտասահմանյան մի շարք երկրներ (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Դանիա ևն): Ժամանակակից հայ անվանի ակնագործ վարպետներից են Կ. Մեսրոպյանը, Թ. Ալավերդյանը, Հ. Թերզյանը, Ս. Քյուրքչյանը, Գ. Մանուկյանը, Հ. Դեմիրճյանը, Ա. Զարդարյանը և ուրիշներ: Տես նաև Ոսկերչություն։

Գրկ. Ինճիճյան Ղ., Հնախոսութիւն աշխարհագրական Հայասատեայց աշխարհի, հ. 1, Վնտ., 1835, էջ 191-94։ Թեոդիկ, Թանկագին քարեր, Ամենուն տարեցույցը, 2-րդ տարի, ԿՊ, 1908, էջ 126-27։ Աբրահամյան Ա. Գ., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե., 1944, էջ 152-54։ Քյուրտյան Հ., Գոհարներու պատմությունը հայոց մոտ (առանց թ. և վ., արտատպություն «Հայրենիք» ամսագրից)։