Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/228

Այս էջը սրբագրված է

228 ԱԿՆՈՑԱՎՈՐ

գործածել են տակավին XIV դ.։ Կիպրոսի Կանաչուտ վանքի Հովհաննես գրիչը 1317-ին հիշատակում է «աչքապակու» մասին։ Ս. Մալայան

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՕՁ (Naja naja), տես Կոբրաներ։


ԱԿՈԲ (Ակոբ Կազմող, ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող, նկարող։ Ստեղծագործել է Գեղարքունիքում (1540–75-ին)։ Ա–ի գործերից պահպանվել են Մարտունու և Վարդենիսի շրջանների գյուղերում. 2 խաչքար Վաղաշենում՝ Ս. Աստվածածին եկեղեցու մոտ (մեկը՝ թվագրված ՋԶԹ = 1540), 6 խաչքար Ն. Գետաշենում (Կոթ)՝ Կոթա Ս. Աստվածածին կիսավեր եկեղեցու գերեզմանատանը (մեկը՝ թվագրված ՋՂԱ = 1542, երկուսը՝ Աստվածածնի՝ մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած պատկերով և մարդու դիմաքանդակով), 2 խաչքար Երանոսում՝ Ս. Աստվածածին եկեղեցու բակում (բարձր. 2,25 մ, թվագրված ՌԻԴ = 1575, Աստվածածնի պատկերով է, մանուկ Հիսուսին աջ ծնկանը դրած և դիմաքանդակով), 1 խաչքար և տապանաքար Գեղհովիտում՝ Ս. Գևորգ եկեղեցու բակում, 1 տապանաքար Մեծ Մազրայում (թվագրված ՋՂ = 1541)։ Դրանց մի մասը կրում է Ակոբ Կազմող, երբեմն՝ Ակոբ Նկարող կամ Ակոբ ստորագրությունները։ Նրա խաչքարերի քիվերը նեղ են, ճակատներն ու շրջանակները՝ լայն, կենտր. խաչը տեղավորված է սուրանկյուն խորաններում, սրբապատկերներն ու դիմաքանդակներն արտահայտիչ են, ոգեշունչ, կրում են իրականության կնիքը։ Ի տարբերություն իր ժամանակի հայ վարպետների, որոնց մեծ մասը նախընտրել է մանր գծերը, Ա. հետևել է քանդակազարդման վաղեմի ավանդույթներին.օգտագործել է խոշոր գծերով բուսական ու երկրաչափական զարդամոտիվներ, հասել մոնումենտալ հնչեղության։ Տապանաքարերի վրա պատկերել է և կենցաղային, և այլաբանական դինամիկ քանդակներ (վիշապը տրորող թամբած ձի, խաչը ձախ ձեռին թագակիր հեծյալ, որ նիզակահարում է վիշապին, ծալապատիկ նստած և ծնկած կանայք, երկփողանի սրինգ, պնակ, գաթա, գավ ևն)։ Ա–ի արվեստը նշանակալից ազդեցություն է թողել ժամանակի քարգործության վրա։

Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 152–54։

Ակոբ (Ակոբ Կազմող)։ 1. Խաչքար: 1575։ Երանոս գյուղ (ՀՍՍՀ Մարտունու շրջան)։ 2. Տապանաքար։ 1541։ Մեծ Մազրա գյուղ (ՀՍՍՀ Վարդենիսի շրջան)։


ԱԿՈԲ (Ակոբ Նկարող, ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. քանդակազարդող հայ վարպետ։ Նրա ստեղծագործությունները (1526–49) պահպանվել են Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 4 տապանաքար գտնվում է գերեզմանատանը, մի նշանավոր տոհմի գերդաստանի ննջեցյալների վրա (որոնցից Փիրնտարը, իր կենդանության օրոք, վերաշինել է ավերված գյուղը)։ Տապանաքարերին Ա. քանդակել է որսի և ուրախության տեսարաններ, մեկը թվագրել է ՋՀԵ (1526), իսկ Փիրնտարինը՝ ՋՂԸ (1549) և ստորագրել Ակոբ։ Աչքի են ընկնում ճոխ ու նուրբ քանդակներով նրա երկու խաչքարերը, որոնցից մեկը Ս. Աստվածածին եկեղեցու մոտ է, ստորագրված՝ Ակոբ Նկարող, թվագրված՝ ՋՂԸ (1549), մյուսն ագուցված է Ս. Ստեփանոս եկեղեցու պատի մեջ (թվագրված՝ ՋՂԸ)։

Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 150–51։


ԱԿՈԲՈՎ Ակոբ Մինասի (ծն. 1905), հայ քանդակագործ, մեդալագործ։ ԱՄՆ–ի Գեղարվեստի Ազգային ակադեմիայի անդամ (1969)։ Ծնվել է մայիսի 15-ին, Սլիվենում (Բուլղարիա)։ Քանդակագործական առաջին փորձերը կատարել է արձանագործ Մասիս Ֆարաքճյանի մոտ, ապա ուսանել Կիևի Արվեստների ինստ–ում։ 1929-ին մեկնել է ԱՄՆ, ուսումը շարունակել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում (1929–30) և Գեղարվեստից ազգային ակադեմիայում (1930–34)։ Ա. դասական ռեալիզմի հետևորդ է։ Աչքի ընկնող գործերից են ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935), գեներալ Սթոնուոլ Ջեքսոնի հուշարձանը (1940), Ջոն Քենեդիին (1964), Ռոյ Հովսւրդին (1967), Նոր Օռլեան քաղաքի 250-ամյակին (1968), Ալեքսանդր Համիլտոնին, Եվանջելյան Բութին (1969) ե Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները։ Ա. արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոնշանների։ Վ. Հարությունյան

Ա. Մ. Ակոբով։ «Կոմիտաս վարդապետ» հուշամեդալը։


ԱԿՈԼՈՒԹՈՍ Անդրեաս Վրատիսլավ (Acoluthus Andreas, 1654–1704), գերմանացի հայագետ, արևելագետ, Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Ծնվել Է մարտի 6-ին։ Գերմանացի առաջին գիտնականն Է, որ զբաղվել Է հայերենով։ Հայ քահանա Հակոբ Գրիգորենցի միջոցով ձեռք բերելով Ամստերդամում 1666-ին լույս տեսած հայերեն Աստվածաշունչը՝ 1680-ին հրատարակել Է «Մարգարէութիւն Աբդիու» հատվածը։ Առաջին սյունակում տվել է հատվածի ընթերցվածը լատինական տառերով, երկրորդում՝ բնագիրը, երրորդում՝ լատ. թարգմանությունը։ Կատարել է նաև քերականական–լեզվական, վերլուծություններ, բացատրել բնագրի բոլոր բառերը, ներկայացրել հայերեն այբուբենը, արտասանությունը, թվական արժեքը ևն։ Ա. հարակցություն և նմանություն է տեսել հայերենի ու եգիպտերենի միջև, սխալմամբ կարծել, թե հայերենն առաջացել է եգիպտերենից։ Մահացել է սեպտ. 9-ին։

Երկ, Աբդիաս հայերեն, id est։ Obaidas Armenus, quo cum analysi vocum Armenicarum Grammaticâ, et Collatione Versionis Armenicae cum fontibus, aliisque, maximam partem Orientalibus. Versionibus, exhibetur, primum in Germania specimen Characterum Armenicorum, in Celeberrimâ Academiâ Lipsiensi procuratorum â M. Andrea Acolutho, Vratislav. Siles, Anno Epochae Armenorum MCXXIX [1129]. Messianae MDCXXC [1680], Lipsiae, Typis Justini Brandl.

Գրկ. Զարբհանալյան Գ., Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յԱրեմուտս (ԺԴ–ԺԹ դար), Վնտ., 1895, էջ 43–45։ Կոստանյանց Կ., հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում, Թ., 1910, էջ ՏԱ–ՏԲ։ Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ 1, Ե., 1958, էջ 110–111։ Ա. Մարգարյան


ԱԿՈՄՈԴԱՑԻԱ ԱՉՔԻ (<լատ. accomodatio – հարմարունակություն), աչքի՝ տարբեր հեռավորությունների վրա առարկաները պարզ տեսնելու ունակությունը։ Ակոմոդացիան կատարվում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխվելու հատկության շնորհիվ, որի հետևանքով փոխվում է աչքի օպտիկական համակարգի բեկող ուժը։


ԱԿՈՆԿԱԳՈՒԱ (Aconcagua), լեռնագագաթ Անդերում, Արգենտինայում, Չիլիի սահ–