Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/234

Այս էջը սրբագրված է

ճշգրտության, մարմնի՝ հավանական դիրքերում տարածության մեջ կողմնորոշվելու կատարելագործմանը են։ Ա. լայնորեն կիրառվում է որպես հատուկ օժանդակ միջոց մյուս մարզաձևերում։ 1964-ից ամեն տարի անց են կացվում աշխարհի առաջնություններ (ՍՍՀՄ–ը չի մասնակցում)։ Երևանում գործում է գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոց (1970-ից)։

3. Կրկեսային արվեստի ժանր։ Ակրոբատիկ արվեստը հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում, Բյուզանդիայում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանում մեծապես կիրառվել է Նավասարդյան խաղերի ժամանակ, նրա տարրերը տեղ են գտել լարախաղացների, ծաղրածուների, կատակագուսանների արվեստում, պարարվեստում, «Արամյան թատրոնի» ներկայացումներում, ժողովրդական խաղերում։ Միջին դդ. Ա–ի տարրերով հարուստ են եղել սկոմորոխների (Ռուսաստանում), ժոնգլյորների (Ֆրանսիայում) ելույթները։

XVIII դ. վերջերին Ա. մուտք գործեց կրկես։ Գոյություն ունեն՝ ուժային Ա. (գլխավորապես՝ ուժային հնարքներ, ձեռքերի և գլխի վրա ուրիշներին պահելը, ուժային ավասարակշռումները), ուժայինակրոբատիկ ցատկեր (կատարում են ակրոբատ–ցատկորդները հատակի վրա. առավել տարածված են ֆլիկ–ֆլյակը, մահաթռիչքը՝ սալտո–մորտալեն, գլուխկոնծին), ուսային Ա. (մասնակցում են 3-ից ոչ պակաս ակրոբատներ, որոնցից մեկը կատարում է մահաթռիչք՝ սալտո–մորտալե, և այլ ցատկեր մեկի ուսից մյուսինը՝ երբեմն օգտագործելով տարբեր ոստնակներ), իկարյան խաղեր (ակրոբատները, որպես ոստնակ օգտագործելով հատուկ հարմարանքների վրա պառկած ընկերների ոտքերը, տարբեր հնարքներով ցատկում են մեկից մյուսը) և Ա. ձիերով (ակրոբատիկ վարժությունների կատարում՝ տարբեր քայլքով ընթացող ձիերի վրա)։ Ժամանակակից կրկեսում Ա–ի տարրերը կիրառվում են համարյա բոլոր ժանրերում, օգտագործվում են նաև պարարվեստում, թատերական ներկայացումներում, էստրադայում։ Փ. Բոյախչյան

Նկար 1. Ֆլիկ–ֆլյակի կատարման սխեմա: Նկար 2. Իկարյան խաղեր։ Նկար 3. Սալտո–մորտալե՝ տեղից դեպի ետ։

ԱԿՐՈԼԵԻՆ (<լատ. acer – սուր, կծու + oleum – յուղ), պրոպենալ, ակրիլալդեհիդ, , ալիֆատիկ շարքի չհագեցած ալդեհիդ։ Անգույն, սուր հոտով, արցունքաբեր հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ –87,7° C, եռմանը՝ 52,5° C, խտությունը՝ 841,0 կգ/մ³։ Լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում։ Օդում հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ակրիլաթթու և պոլիմերվում՝ առաջացնելով ապակենման զանգված (դիսակրիլ)։ Մտնում է միացման և դիենային սինթեզի ռեակցիաների մեջ։ Արդ–յան մեջ ստացվում է պրոպիլենը օքսիդացնելով։ Ա. օգտագործվում է գլիցերինի և մի շարք կարևոր օրգանական միացությունների (մեթիոնին ևն) սինթեզի համար։


ԱԿՐՈՄԵԳԱԼԻԱ «հուն. ἂκρου – վերջավորություն + μέγας – մեծ), հիվանդություն՝ կապված հիպոֆիզի առաջային բլթի գործունեության խանգարման հետ։ Պատճառներն են՝ հիպոֆիզի ուռուցքը և գերաճը, երբ արտադրվում է չափից ավելի աճման հորմոն։ Ա–ով հիվանդանում են 20–40 տարեկան հասակում։ Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար և տևում տարիներ։ Սկզբնական ախտանիշներն են՝ գլխացավ, գլխապտայտ, սրտխառնություն, Փսխումներ, հոգնածություն։ Հետագայում ծայրանդամները (հատկապես ձեռքերի և ոտքերի թաթերը), դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքները հաստանում են, ոսկրերի համաչափ աճը խախտվում, տեսողությունը խանգարվում է։ Տղամարդկանց մոտ հաճախ հայտնվում է սեռական անկարություն, կանանց մոտ՝ դաշտանի ընդհատում։ Բուժումը վիրաբուժական և ճառագայթային։

Նկարում` Աթենքի Ակրոպոլիսը մ. թ. ա. V դ. 2-րդ կեսին։ Գրաֆիկական վերակազմություն։


ԱԿՐՈՊՈԼԻՍ (άκρόπολις < հուն, ἂκρος – վերին + πόλις - քաղաք), հին հունական քաղաքների բարձրադիր և ամրացված մասը (տես նաև Միջնաբերդ)։ Սովորաբար Ա–ում են կառուցվել տվյալ քաղաքը հովանավորող աստվածների տաճարները։ Ճարտարապետական ու քանդակագործական բարձրարվեստ հուշարձաններով առավել հռչակված է Աթենքի Ա.։


ԱԿՐՈՍՏԻՔՈՍ (հուն. άκροστιχίς – եզրային տող), բանաստեղծության տեսակ, որի տողերի առաջին կամ երկրորդ տառերը՝ վերևից ներքև կարդալիս իմաստ են արտահայտում։ Սկզբնավորվել է հին հուն, պոեզիայում, ծաղկել ալեքսանդրյան շրջանում, ապա՝ Վերածնության դարաշրջանում։ Մեզ հասած հայերեն Ա–ի ամենահին նմուշը թողել է Դավթակ Քերթողը (VII դ.)։ Հայ սովետական բանաստեղօներից Ա–ներ գրել է Ե. Չարենցը։


ԱԿՐՈՏԵՐ (<հուն. άκρωτήριον), տես Ճակտոնազարդ։


ԱԿՑԵՊՏ, տես Հոժարագիր։


ԱԿՑԻԴԵՆՑԻԱ (<լատ. accidenta. – դիպված, պատահականություն), փիլիսոփայական հասկացություն, որն արտահայտում է իրերի պատահական, փոփոխական, ոչ էական, անցողիկ հատկանիշները։ Սովորաբար հակադրվել է սուբստանցիային՝ իրերի չփոփոխվող էությանը։ Ա. հաս–