Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/236

Այս էջը սրբագրված է

տորիսւյում պահպանվել են Պողոս–Պետրոս մատուռը (ուշ միջնադար) և կիկլոպյան մի ամրոց։ Ա–ի մոտ են գտնվում Քառասունակն աղբյուրները։ Վ. Հարությունյան


ԱԿՈՒՆՔ (մինչև 1946՝ Գյոզլու), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արագած լեռան լանջին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ 675 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Ա–ի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան բերդի ավերակներ, խաչքարեր։ 1829-ին Ա–ում բնակություն են հաստատել Խոյի, Մուշի և Կարսի շրջաններից գաղթած հայեր։ Ն. Այվազյան


ԱԿՈՒՍՏԻԿԱ (հուն. ἀκουστιχἠ – լսելի, լսվող), տես Ձայնագիտություն։


ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՌՅՈՒՆՈՍԿԵ (1892-1927), ճապոնացի գրող։ Ծնվել է մարտի 1-ին, Տոկիոյում։ Աշակերտել է Նացումե Սոսեքիին։ Գրական ասպարեզ է մտել «Ռասյոմոն» (1915), «Քիթ» (1916) նովելներով։ «Դժոխքի տանջանքները» (1918), «Մի ապուշի կյանքը» (1927) և այլ գործերում դրսևորվել են Ա–ի հակապատերազմական տրամադրությունները։ 1935-ին Ճապոնիայում սահմանվել է նրա անվ. գրական մրցանակ։ Ինքնասպան է եղել հուլիսի 24-ին։

Երկ. Թավուտում [պատմվածքներ], Ե., 1964։


ԱՀԱԳԳԱՐ, լեռնազանգված Սահարայի կենտրոնական մասում (Ալժիր)։ Բարձր, մինչև 3003 մ (Թահաթ լ.)։ Կազմված է մինչքեմբրյան բյուրեղային թերթաքարերից։ Ա–ում հայտնաբերվել են պլատինի, ալմաստի, նիկելի և պղնձի հարուստ հանքավայրեր։


ԱՀԱԳՉԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արագած լեռան հարավ–արևմտյան լանջին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևելք։ 694 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է տոհմային ոչխարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Ա–ի շրջակայքում կան կիկլոպյան բերդի և միջնադարյան եկեղեցու ավերակներ։ 1920-ին Ա–ում վերաբնակվել են Սասունից և Տարոնից գաղթած հայեր։


ԱՀԱՍՖԵՐՈՒՍ (լատ. Ahasverus), միջնադարում ծագած ավանդությունների հերոս, որն իբր Գողգոթա բարձրացող Քրիստոսին թույլ չի տվել իր մոտ նստել հանգստանալ, և դրա համար աստված պատժել է նրան՝ հավիտյան քայլելու մինչև աշխարհի վերջը։ Ա–ի ավանդության հայկական առաջին տարբերակն արձանագրված է Մատթեոս Փարիզեցու հիշատակարանում, ուր վերարտադրված է 1228-ին Անգլիա այցելած մի հայ եպիսկոպոսի պատմածը։ Մեղքերի համար անմահության դատապարտվելու թեման տարածված է եղել միջնադարյան, ինչպես և XIX դ. ռոմանտիկ գրականության մեջ։ Հատկապես մեծ ժողովրդականություն է վայելել է Սյուի «Թափառական հրեա» վեպը։


ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի (1866–1948), հայ գրող, դաշնակցական կուսակցության ղեկավար գործիչ։ Ծնվել է հունվարի 4-ին, Սուրմալուի գավառի Իգդիր–Մավա գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1901-ին ավարտել է Լոզանի համալսարանի պատմա–փիլիսոփայական ֆակուլտետը, այնուհետև Փարիզում հետևել Սորբոնի համալսարանի գրական դասնթացներին։ 1903-ից աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի։ 1907–09-ին վարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը։ 1909-ին ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից։ Բանտից ազատվել է 1911-ին և անցել արտասահման։

Ա. գրական գործունեությունն սկսել է 1887-ին։ «Պատկերներ վերջին տարիների տաճկահայոց կյանքից» (1900), «Արցունքի հովիտ» (1902), «Լռություն» (1904) և «Սև թռչուն» (1910) գործերում տուրք է տվել սիմվոլիզմին։ Ա–ի ռեալիստական երկերից են «Իմ բանտը» (1911) և «Պարտվածներ» (1912) պատմվածաշարերը, «Իտալիայում» (1903) և «Շվեյցարական գյուղը» (1913) ուղեգրությունները, «Իմ գիրքը» (հ. 1–2, 1927–31) վեպը ևն։ Ա. ազգային պատվիրակության կազմում, Հայկական հարցի վերաբերյալ՝ Հաագայի խաղաղության II կոնգրեսին ներկայացրել է խնդրագիր, որը մերժվել է։ 1917-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ Գլխավորել է այդ հանրապետության պատվիրակությունները Կ. Պոլսի բանակցություններում (1918-ի հունիս–նոյեմբեր) և Փարիզի խաղաղության կոնֆերանսում (1919–20)։ Ա. ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել է Լոնդոնի (1921) և Լոգանի (1922–23) կոնֆերանսներին՝ պաշտպանելով դաշնակցության արևմտյան պրոիմպերիալիստական կողմնորոշումը հայկական հարցում։ Ա. մինչև վերջ էլ մնացել է հակասովետիզմի դիրքերում։ Մահացել է մարտի 20-ին, Փարիզում։


ԱՀԱՐՈՆՅԱՆ Գերսամ Փանոսի (ծն. 1916), հայ հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում, ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։ Նյու Ցորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (1969)։ Ծնվել է նոյեմբ. 9-ին, Մարաշում։ Ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը (1937), ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-ից «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխ. խմբագիրն է։ Ա. «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից է։ Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան մեծ եղեռնի. 1915–1965» գիրքը (1965)։ Հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդում Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվ. հայագիտական ուսմանց հիմնարկությունում։ Ա. Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից է։


ԱՀԱՐՈՆՅԱՆ Գրիգոր Պետրոսի (ծն. 1896), հայ սովետ, քանդակագործ, ՀՍՍՀ ժող. նկարիչ (1967)։ Ծնվել է փետր. 24 (մարտի 7)–ին, Թիֆլիսում։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1915–17), ապա` Սոֆիայի (Բուլղարիա) Գեղարվեստի ակադեմիայում (1921–24)։ 1927–28-ին աշխատել է Հ. Գյուրջյանի՝ Փարիզի արվեստանոցում։ 1931–46-ին ապրել և ստեղծագործել է Բուլղարիայում։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Ա–ի ուշագրավ գործերից են՝ «Ինքնադիմաքանդակ» (մարմար, 1927), «Նեգրուհի» (բրոնզ, 1928) (երկուսն էլ՝ ՀՊՊ–ում), «Բանվոր Ա. Փեշտմալջյան» (բրոնզ, 1956) դիմաքանդակները, «Հակոբ Մեղապարտ» (գիպս, 1960, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան) արձանը, Պ. Յավորովի (բրոնզ, 1932, Սոֆիա, բազալտ, 1966, Երևան), Ա. Չեխովի (բրոնզ, 1955, Երևան), Ա. Մյասնիկյանի (բրոնզ, 1957, Երևան) հուշարձանները ևն։ 1947-ից դասախոսում է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ում (1967-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է ԲԺՀ Կիրիլ և Մեֆոդի 1-ին կարգի շքանշանով (1966)։


ԱՀԱՐՈՆՅԱՆ Ռուբեն Միքայելի (ծն. 1947), հայ ջութակահար։ Ծնվել է մայիսի 24-ին, Ռիգայում։ 1971-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Յու. Ի. Յանկելևիչի դասարանը)։ Անդրկովկասյան (Թբիլիսի, 1965, 1-ին մրցանակ), Համամիութենական (Մոսկվա, 1965, 2-րդ մրցանակ), միջազգային՝ Չայկովսկու անվ. (Մոսկվա, 1966, 6-րդ մրցանակ), Էնեսկուի անվ. (Բուխարեստ, 1970, 2-րդ մրցանակ) և Մոնրեալի (1972, երկու 1-ին մրցանակ, որոնցից մեկը՝ կանադական ժամանակակից ստեղծագործության լավագույն կատարման համար) մրցույթների դափնեկիր է։


ԱՀԱՐՈՆՈՎ Աշոտ Մովսեսի (1895-1962), հայ սովետական բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտ. դ–ր, պրոֆեսոր (1940)։ Ծնվել է նոյեմբերի 4-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929–35-ին աշխատել է Երևանի բժշկական ինստ–ում։